հիշում եմ
դադարը
ձայնը
ճիչը
դադարը
էլի
դադարը

հիշում եմ նրանց
ովքեր եկան
հափշտակեցին
ովքեր տարան
ովքեր չվերադարձան
հիշում եմ հպումը
սակայն ովքե՞ր էին նրանք
արդեն կարևոր չէ
հիշում եմ՝
ասացի

դե, մի անգամ ենք ապրում,-
և հերթական անգամ չարեցի ոչինչ

հենց այսպես էլ ձախողվում ե
ն հեղափոխությունները բոլոր
հենց այսպես էլ ձախողեցինք մենք

***

փնտրեցի
չգտա
նրանց, ովքեր ոչ մեկ են
և նրանց ունեցածը ոչ մի բանն է

փոխարենը
գտա
կորցրի նրանց,
ովքեր ունեն իրենց
և ժամանակ

նրանք հավատացրին՝
բոլորը վերադառնում են
բոլորը վերադառնում են,- կրկնեցի
բայց վերադառնում են
մի քանիսի մեջ ամբողջացած
ասում եմ՝ ատում եմ կիսատությունը,
առավել ատում եմ կիսելը
բայց և լիությունից շնչահեղձ եմ լինում
մեծանում է դաշտը
պահանջի
սիրո
կրքի
ատելության

և գնալով փոքրանում է տարածքը
գնալու,
մանավանդ երբ վերադարձդ
դեպի ներս է
դեպի քեզ է
դեպի նրանց է,
որոնց ունեցածը ոչ մի բանն է
և նրանք էլ ոչ մեկ են

***

ես այստեղ եմ
լավ,
բա
որտե՞ղ ես դու։
Քրիստոսի
թե՞ Մուհամեդի դրախտում
Բուդդայի մեդիտացիաներում
թե՞ հեթանոսների կրակարանների մեջ

առհասարակ,
որտե՞ղ են փնտրում
մեռնողներին.
մեռածների հետ հեշտ է

գնացիր
համբուրեցիր սառը շիրմաքարը
և ահա,
հաղթեցիր մեռածներին
բայց չէ՞ որ
կյանքին պարտվեցիր

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն