ты самый сильный удар, который я когда-либо пропускал и хочу ещё получить 
Константин Сперанский
դ.-ին
այս ամենը երևի չի դառնա բանաստեղծություն,
որովհետև դու չափազանց քիչ էիր
ես չիմացա՝ ուր ենք գնում,
բայց տեսա, թե ուր հասանք մենք.
քրիստոնյաներ
բուդդիստներ
մահմեդականներ
աթեիստներ
այլոք
և
դու՝ հունական դիցաբանություն,
ասում ես՝ մայրս էլ է հավատացյալ,
բայց ծնվեցի ես՝
բերելու սկիզբը իմ
և վերջը քո
չես լսում,
սպասում ես քո ժամանակին՝
ասելու բաներ,
որոնք գիտես.
օրինակ՝
եղավ պատերազմ
հետո չեղավ ոչինչ
ոչնչից հետո եկավ նոր կրոն
կամ
նոր հավատ,
որտեղ սիրո դրսևորումները
սահմանվեցին վերքերին դիպչելու ցանկությամբ,
իսկ պատիժ սահմանվեց
այդ վերքերը տեսնելն
և
երբեք
երբեք
երբեք
դրանց չդիպչելը
հեղափոխություն
ձևակերպումները
բազմազան են,
բայց ես ընտրում եմ էս մեկը.
օգոստոսի 28-ին,
գյումրիի ամենասովորական փողոցներից մեկի վրա՝
սրտիս ինչ-որ անհայտ հատվածում
հեղափոխություն եղավ
չփակվեց ոչ մի փողոց
չներխուժեցին կառավարության շենք
չեղան զոհեր
եղավ ամենասովորական բանը ու
ես
ուզեցի գնալ
խնդրում եմ, հասկացիր
իմ վերադարձը
ակնկալում ա արդարացում
խնդրում եմ
ազատիր ինձ
քեզ փրկելու գաղափարից
և մի եղիր նա,
ում սպասելիս կնայեմ դռանը,
երբ դու նստած կլինես իմ թիկունքի ետևում՝
պատրաստ խոցելու
չասած բառերով
չարած բաներով
մի խոսքով
այն ամենով
ինչը չի լինում
և փոխարենը
արի գնանք տեսնելու
աշխարհը,
բայց դարձյալ վերադառնանք
սկզբին
այն երեկոյին,
որի ավարտին
մայրամուտը չարվեց
բայց մոխիրը նրա
դեռ կա
ինչ-որ մի տեղ
որտեղ մենք վերադարձ չունենք
ոչ այդ վայրը
ոչ այդ երեկոն
ոչ մենք
իրական չէինք
իրական է միայն հիման
և մենք՝
ջարդված խճանկարի անհամատեղելի
բեկորների պես
փորձում ենք իրար մեջ մտնել
և մեր անհամատեղելիության
դատարկությունները լցնել
պարզ ու անշտապ հարցերով
որոնք ևս մի քայլ են դեպի
այլ դատարկություններ
էս իմ ու քո երևանը չի
գիշերվա հազարին
երբ տուն եմ գնում,
տաքսիստի մոտ արդարանում եմ.
ինքը սովորական մարդ ա,
որ չի հասկանա,
որ Ռուբենը՝ Հախվերդյան
ինձ խաբել ա,
ու
ես իմ երազի որոնման մեջ եմ էս քաղաքում,
էս հաստատ իմ ու իրա քաղաքը չի,
որտեղ իմ փնտրածը
գրողի տարած սերն ա,
իսկ իրանը՝ մինիմալից բարձր փող տվող ուղևորը,
որ էդ 100-200 դրամները չի վերցնում,
որ փախնի տուն,
որտեղից վաղը էլի փախնելու ա՝
չեղած բան որոնելու համար
էս նաև իմ ու քո քաղաքը չի.
դու քոնը գտել ես,
իսկ
ես արդեն կորցնում եմ
էս քո քաղաքն ա,
որտեղ կարիք չկա,
որ շունը տիրոջը ճանաչի
էստեղ բոլորը անտեր են
էս քաղաքը անտերներինն ա,
էս քաղաքը փոքրություն սիրողներինն ա,
մի քիչ էլ նրանցն ա,
ում էս փոքր քաղաքը
թույլ ա տալիս իրանց իրական
չափերից մի քիչ մեծ զգալ
տար ինձ դեպի ինձ
ես հասկանում եմ
անդունդի եզրին կանգնած
մարդուն
ես հասկանում եմ՝
այդ մարդուն նայող
ու նրան փրկել չուզող ինձ
տար ինձ դեպի ինձ.
ես հեռացել եմ իմ եսից՝
ուղիղ իմ և քո
միջև եղած հեռավորության չափով
ընկերս
իր մասին խոսում է
1-ին դեմքով,
իսկ հին ես-ը՝ հիշում
3-րդ դեմքից
ես էլ ինձ հիմա 3-րդ դեմքով ասում եմ
ես քեզ անպայման գտնելու եմ
տալու եմ պարտվածի ամենապարզ հարցը.
գոնե քո ներսում
պատերազմը ավարտվե՞ց
քանի՞ անգամ զոհվեցիր
քանի՞ անգամ չկենդանացար
քանի՞ գերեզման ունեցար
և վերջ ի վերջո
քանի՞ դիրք հանձնեցիր քո սրտից
***
գնալով անհնար են դառնում մեր
հանդիպումները
գետնախորշում,
որտեղ աղմուկ է, և
միակ լցվող բանը բաժակներն են,
որոնք
ևս
ջարդվում են
հանկարծակի
և խախտում են աղմուկի մեջ եղած
փոքր լռությունները,
որի ընթացքում ես հարցնում եմ՝
ոնց ես
ինչ ես
բայց պատասխան չեմ ստանում,
չէ՞ որ գենտախորշում
միակ լցվող բանը բաժակներն են
որոնք
միշտ
միշտ
միշտ
ջարդվում են իմ ակնկալիքների պես՝
արագ և հանկարծակի
ինչպես չատել
այս աղմուկը
այս ամբոխը
որի մեջ դու
նախընտրում ես
մենակ լինել
ինչպես չատել այդ գետնախորշը,
և չվերադառնալ այնտեղ՝
հույս ունենալով
տեսնել քեզ փողոցով
քայլելիս
ժպտալիս
ինչ-որ անփույթ բան անելիս
ու
հավատալ
հավատալ
հավատալ
որ պատերազմն
ավարտվել է
գոնե քո ներսում
գոնե քո ներսում
***
ես կտրում եմ մազերս,
որ ապացուցեմ քեզ
հեշտ է հրաժարվել սիրելի բաներից 
և
համոզվում, որ
պարտության օրերը սպիտակ են
դրանից առաջ հաղթանակները՝
թափանցիկ, աննշան
խոսքից առաջ բոլոր
հաղթնակները՝արհեստական
համարձակություն է պետք ասել խոսքը
և
ավելի մեծ
համարձակություն է
պետք
սպասմանը չտրվելու

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն