Առաջին հեքիաթը, որ հիշում ես,
երբ պատմել են կամ կարդացել ես…
Գուցե զարմանալի բան ասեմ, բայց այդ առաջին հեքիաթը երևի թե երբեք էլ չկարողանամ վերարտադրել, թեպետ մտքումս հնչում է: Հենց ուզում եմ պատմել, բառեր չեմ գտնում: Կարմիր շոր կա էդ հեքիաթում, մի տղա, որի հագին այդ կարմիր շորն է, բազմամարդ տեսարաններ, պայթյուն ու շատ առարկայական ծափի ձայն, որովհետև մայրս, որ ինձ ու եղբորս քնելուց առաջ միշտ պատմում էր այդ հեքիաթը,- մեր պահանջով իհարկե,- էդ պայթյունը ծափով էր վերարտադրում: Ու գմփոց բառն եմ հիշում այդ հեքիաթից: Մտածում եմ` երևի չեմ կարողանում վերարտադրել, որովհետև մայրս էնքան պատկերավոր էր պատմում, որ թվում է` ոչ թե լսել եմ, այլ` տեսել: Մանավանդ որ` հեքիաթն ավարտվում էր վերմակը մեր գլխին քաշելով` իբր արդեն քնեք, ու էդ վերմակի մթությունը մի քանի վայրկյան ոնց որ ինձ էդ հեքիաթ տեղափոխեր: Մեկ էլ շատ է տպավորվել հորաքրոջս տղայի` Արմանի, որն ինձնից մի տարի փոքր էր, մի հեքիաթը: Այդ հեքիաթը լսելու համար անընդհատ ուզում էինք, որ նա մեր տանը գիշերի: Արմանը շատ լավ պատմող էր, մինչև հիմա էլ լավ պատմող է: Բայց նրա հեքիաթից էլ գրեթե բան չեմ հիշում. հերոսի անունը` Ծիլիմոն, և ռազբոյնիկներին, որ Ծիլիմոնի թշնամիներն էին: Էդ ժամանակ չէի էլ հասկանում՝ ռազբոյնիկ ինչ է նշանակում, Արմանն էլ երևի չգիտեր, պատմել էին` լսել էր, բայց դե հեքիաթի ընթացքից հասկանում էինք, որ էդքան էլ դրական իմաստ չունի էդ բառը:
Առաջին կարդացած հեքիաթը նաև իմ առաջին կարդացած գիրքն է` Ղազարոս Աղայանի «Ասլան բալան»: Ճիշտն ասած` տարիների հեռվից գիրքն ինքնին ու գրքի նկարները ավելի պարզ եմ հիշում, քան հեքիաթի բովանդակությունը: Մեծ տարիքում վերընթերցել եմ, իհարկե, բայց էն տպավորությունն էր, որ կարծես նույն հեքիաթը չէ:
Հեքիաթ, որ պատմել ես երեխաներիդ
Ես ընդհանրապես վատ եմ պատմում, եթե ընթացքում չեմ հորինում: Այդ պատճառով երեխաներիս գրեթե երբեք հեքիաթ չեմ պատմել, որովհետև էն, ինչ պետք է պատմեի, իրենք արդեն լսել էին մայրիկից կամ տատիկից, և հորինել չէի կարող` անհարմար կլիներ, գուցե` ամոթանք էլ տային: Փոխարենը միշտ պատմություններ եմ հորինում, որտեղ հերոսն իրենք են: Դրանցից մեկը արդեն 8 տարի Հաննային եմ ամեն օր պատմում, մյուսը` արդեն 4 տարի` Ալեքսանդրին: Պատմություններ էլ չեն` խաղ են երևի: Հաննայի մասնակցությամբ պատմությունն, օրինակ, էս տեսքն ունի: Սկսվում է իրեն իմ հարցով` «Գիտե՞ս էրեկ ինչ եղավ»: Ինքը էն ամենասկզբում հետաքրքրությամբ, հիմա արդեն հարգելով խաղի կանոնները` հարցնում է` «Ի՛նչ եղավ»: Ես էլ ասում եմ` «Քայլում էի փողոցով (կամ պարտեզում, այգում, չգիտեմ` սարերում), մեկ էլ տեսա մի շատ գեղեցիկ փիսիկ: Հարցրեցի` ո՞վ է նա, ասացին` քո փիսիկ Հաննան ա: Ոչ-ոչ-ոչ-ոչ,- ասացի,- դա իմ փիսիկ Հաննան չի: Եթե իմ Հաննան լիներ, կգար ինձ պաչիկ կաներ»: Ու էս պատմության տրամաբանական ավարտն էլ` Հաննայի պաչիկն է: Ալեքսանդրի դեպքում` բառացի նույն պատմությունն է նույն ավարտով, այն տարբերությամբ, որ ոչ թե փիսիկ եմ տեսնում, այլ` շունիկ: Այ, էսպիսի ձանձրալի հեքիաթ պատմող եմ:
Առաջին գաղտնիքը կամ լուրջ
խոսակցությունը, որ եղել է Հաննայի հետ
Անկեղծ ասած` չեմ հիշում, թեպետ լուրջ, այսպես ասած` մեծավարի զրույցներ և՛ Հաննայի հետ եմ ունենում, և՛ Ալեքսանդրի: Բայց հաստատ մայրիկից որևէ գաղտնիք ունեցած կլինենք:
Առաջին մանկական տպավորությունը,
որ հիշում ես, ամենավաղը, որ մտածում ես՝
կյանքդ էդտեղից է սկսել
Ես սարսափելի լավ հիշողություն ունեմ: Բաներ եմ հիշում, որ երբ մերոնց պատմում եմ, ասում են` դու ոնց ես հիշում, էդ ժամանակ հազիվ երկու տարեկան լինեիր կամ էդքան չկայիր: Ու երևի էդ պատճառով է, որ մանկական ամեն մի տպավորություն թվում է ամենավաղը, որովհետև ստույգ տարիքդ չես հիշում: Ու քանի որ ստույգ տարիքդ չես հիշում, ուրեմն` մանկական յուրաքանչյուր տպավորությունից էլ սկսվում է կյանքը: Երևի:
Երջանկության զգացողությունը,
որն առաջինն ես հիշում,
որը հնարավոր է հեքիաթի պես ես հիշում
Ես ու եղբայրս բակում խաղում էինք, քույրս էլ նոր էր ծնվել: Մեկ էլ տեսանք՝ գյուղի ճանապարհով դեպի մեր տուն մի բարձրահասակ, զինվորական շորերով ու բեղերով մարդ է գալիս: Մեկ էլ տեսանք՝ թևերը բացվեցին ու քայլերն արագացան, համարյա սկսեց վազել: Ակամա ընդառաջ վազեցինք, մարդը ծնկի իջավ ու փաթաթվեց մեզ, ու մենք էլ՝ իրեն: Եղբորս` պապա՛, պապա՛ կանչը մինչև հիմա ականջներումս է: Մեր հայրն էր, որ վեց ամսով ծառայության էր մեկնել Ղազախստան ու հիմա վերադարձել էր: Հիմա, երբ հիշում եմ մանկությունս, հորս` այդ վեց ամսվա բացակայությունը հիշողությունս չի ամրագրել: Առանց նրա իմ մանկությունը ոչ մի օր չունի: Չգիտեմ` ոնց է էդպես ստացվել, որ բացակա է եղել, ու չեմ գիտակցել:
Հարցազրույցը՝ «Գրեթերթի»
[/fusion_text][/fusion_builder_column][/fusion_builder_row][/fusion_builder_container]