Ամեն ինչ սկսվեց մետրոյի միջադեպից: Ուղևորներից մեկը վագոնից դուրս չէր գալիս, վերջին կայարան էր հասել ու հրաժարվում էր լքել գնացքը: Բացատրության փոխարեն` ձեռքերի ու ծառայության մասին էր խոսում: Մարդիկ դա ընկալեցին որպես ըմբոստության կոչ ու դուրս եկան փողոց:

հատված լրատվական
հաղորդումից

Գևը զորացրվում ա, ասում ա` կկարոտի, պետք ա պինդ մնալ ու ամեն ինչ լավ կլինի: Թևքերին ու գրպանների վրա սպիտակ ենթաօձիքներ ա կարել, սիրուն ա: Բացովի անտենայով, ծիրանագույն գրպանի ռադիո ունեմ` մեկնում եմ իրան: Հիշատակ: Ճիշտ ա` շատ ալիքներ չի բռնում:

Ծնողներս թույլատրել են միայնակ երթևեկել: Ազատությանը դժվարությամբ եմ ընտելանում: Համարներ չեմ կարողանում հիշել. հարյուր քսանը շփոթում եմ հարյուր քսաներեքի հետ, քսանչորսը` քառասուներկուսի: Մի քանի օր անց` հերթական ուշացումից հետ, հայրս տետրիս մեջտեղի թերթը կպոկի, վրան կգրի տուն տանող համարներն ու երթուղիները, հետո մորս կպատվիրի կարել թերթը բաճկոնիս ծոցագրպանի տեղում:

Ինձ արգելված ա մետրոյից օգտվել: Մայրս վախենում ա, որ փողքս կմնա երկաթե ատամների արանքում ու շարժասանդուղքը մսաղացի նման կծամի փոքր մարմինս: Հակառակ մորս հորդորներին` տուն եմ վերադառնում «Երիտասարդական» կայարանից` խնայելով վաթսուն դրամ նախատեսված հարյուրից:

Հարյուր երեսուներեք զինվորի անուն, ազգանուն, հայրանուն` ըստ այբ­բենական կարգի: Անվանականչը երկար տևեց, իմ անունը կարդացին ամենավերջում, որովհետև չեն հասցրել ցուցակի մեջ ավելացնել: Շրջվում եմ կողքի վրա, բռնվում մահճակալի երկաթե շրջանակից ու գլուխս ներքև եմ կախում: Լազերի լույսի նման դողացող կարմիր կետ ա երևում` Գևի ծխախոտն ա: Քունը չի տանում, որովհետև ցերեկը քնել ա: Պատմում ա ամերիկացիների մասին, ովքեր առաջինն են մտել ճամբար: Սպիտակ մաշկով, մաքուր ածիլված կզակներով տղաներ են, հագներին` սիրուն մոխրագույն հագուստներ, որոնց վրա անթիվ գրպաններ ու հեծանակներ կան, ոտքներին սինթետիկ գուլպաներ են ու հաստ ներբաններով փայլուն զինվորական ճտքակոշիկներ: Քիչ անց նրանք կգտնեն վիթխարի ակոսների մեջ լցրած մարմինների շիլան ու կորոշեն գնդակահարել գերի հանձնված զինվորներին:

Վերջին կայարանում գնացքը չկանգնեց, նույնիսկ չփորձեց արգելակել: Մուգ կանաչ ու կապույտ համազգեստներով մարդիկ էին կուտակվել կառամատույցի եզրին, երբ գնացքը մտավ կայարան, սկսեցին հարվածել ապակիներին ու դռներին, ինչ-որ բան էին գոռում, բայց ընթացքի աղմուկը բոլոր հնչյունները հավասարեցնում էր: Չհենվե՛լ: Գնացքը մի քանի ժամ մնաց դեպոյում` անտեղյակության ու խավարի մեջ: Երրորդ ժամի ավարտին ուղևորների մի մասը ոտքով վերադարձավ կայարան, մի քանիսն էլ մնացին կնոջ հետ, ում հարկավոր էր պատգարակներով տեղափոխել: Անհայտ մեկը նռնակ էր նետել «Շենգավիթ» կայարանի ուղեգծերին, ոստիկանները նրան փնտրում էին ամենուր` վախենալով, որ հանցագործը կվճռի պատանդ վերցնել գնացքի ուղևորներից մեկին:

Մեկն անց քսան` նշանակում ա ճաշին դեռ երկու ժամ կա: Դաշտային հավաքներում ենք` վրանում, որ կապել ենք գիշերները կարծրացող մերկ հողի վա: Գևը կռանալով ներս ա մտնում, ձեռքում ալյումինե աման կա, որից տաք գոլորշի ա բարձրանում, ուռած գրպանում` կոշտացած կեղևով սևահաց: Ամանը դնում ա անմիջապես կողքիս, մի քանի վայրկյան ձեռքերը պահում ա ամանի վերևում, հետո գրպանի հացը դնում ա ամանի ծակ եզրի մոտ: Ասում են` երկրի հարավում զորամաս կա, որտեղ ընդամենը քսան զինվոր ա ծառայում, հրամանատարը ավագ ա` սպաներ չկան, իսկ ճանապարհներն այնքան վատն են, որ ստուգումների համար ոչ ոք այդ կողմ չի թեքվում: Պատմում են, որ ճաշի ժամանակ սեղաններին ամաններով շաքար են դնում` ինչքան կուզես լցրու թեյիդ մեջ, իսկ բորշի ու խաշած ցորենի փոխարեն մատուցում են սպաս ու սպագետի: Այնտեղ բոլորն իրենց առանձին սենյակներն ունեն, երբեք ոչ ոքի պատվի չեն առել ու ծառայության ընթացքում սապոգ հագած չկան: Ամենակարևորը` զորամասին կից մանկատուն կա, որտեղից տասնվեց- տասնյոթ տարեկան աղջիկներ են գալիս, մտնում զինվորների ծոցը, առավոտյան էլ նախաճաշ են սարքում, երևի` լոլիկով ձվածեղ կամ նման բան: Փողով կամ ծանոթով այդտեղ հայտնվելն անհնար ա, որովհետև զորամասի մասին ոչ ոք չգիտի, նույնիսկ պաշտպանության նախարարությունում չեն լսել:

Տոների ընթացքում գնացքի բոլոր պատուհանների դիմաց գերհարթ էկրաններ ամրացրեցին` նախատեսված գովազդային հոլովակների շուրջօրյա ցուցադրման համար: Դրանք մետաղական շրջանակների մեջ են, կոճակներ չունեն, կառավարվում են ղեկամասից: Նստատեղեր` նախատեսված հաշմանդամ մարդկանց, ծերերի ու երեխաներով ուղևորների համար: Վաղը «Գործարանային»-ից «Սասունցի Դավիթ» ընկած հատվածում գովազդի փոխարեն` պոռնոֆիլմեր կհեռարձակվեն: Ուղևորները կսկսեն փնտրել անջատելու կոճակը, կփորձեն էկրանն առանձնացնել մետաղական շրջանակից, մյուսները մեքենավարի դուռը կծեծեն, կհենվեն վագոնի դռներին ու ամենավերջում մեկի մտքով կանցնի քաշել արգելալծակը:

Ծակոցներ եմ զգում ոտնաթաթերիս տակ, երևի կրունկիս մեխերը, կաթնատամների նման, տակացուներս ծակել, դուրս են եկել, կամ էլ արյունը ետ ա հոսել: Անկողինը ոտքերի մասում ծալել եմ, որպեսզի կոշիկներս ծածկոցի փոխարեն մետաղական ցանցին դնեմ: Գևի բաճկոնին զորանոցի մանրահատակին քսած կերոսինի հոտն ա կպել, երբ օրերը տաքանան, ծխարանի խողովակներին կփռեմ: Արթուն եմ, բայց աչքերս չեմ բացում, ձեռքերս ոտքերիս արանքում եմ սեղմել: Հայրս բանակից տուն ա եկել, կռացել ա վրաս ու թուշս պաչում ա:

Հայացքս բարձրացնում եմ` կինը, որ ձախ ձեռքում մեծ, կարմիր տոպրակ ունի, ձևացնում ա, որ ստուգում էր գնումները: Ինչ-որ բան ա մոռացել ցանցասայլակի անկյունում կամ դրամարկղի շարժական մասի վրա: Ֆոտո արա: Կինը շրջվում ա, տոպրակը մի ձեռքից տեղափոխում ա մյուսը, մոտենում ա դռներին ու դուրս ա գալիս:

Դուրըս գալիս ես: Ծխարանը խողովակներից ու դրանց վրա դրված կարմրավուն թիթեղներից կազմված կառույց ա զորանոցի մուտքի մոտ: Նոր զորամասի սահմանները չգիտեմ, բայց համոզված եմ` ծխարանը երևում ա ամեն կողմից: Մետաղական սյուների կենտրոնում բետոնի մեջ թաղված գլան կա` մեջը ծխախոտի մնացորդներ ու ճմրթված պլաստմասե շշեր: Ինձ են նայում` նոր զինվորական համազգեստիս ու կավի նման ճաքճքած մատներիս: Ստամոքսս վախից ցավում ա: Դուրըս գալիս ես: Գլուխս բարձրացնում եմ` Գևը կանգնել ա առջևումս` խոշոր ափի վրա ծխախոտ ա: ԱԲն: Չեմ ծխում, բայց վերցնում եմ:

Սկզբում իմն ա կպցնում, հետո` իրանը: Տարիներ առաջ էր, պաշտպանության նախարարը հանկարծակի այցելեց զորամաս, երևի մոլորվել էր էս կողմերում ու որպեսզի գիշերը ճանապարհին չանցկացնի, որոշել էր առաջին պատահած զորամասում գիշերել: Ինչպես ընդունված ա` զինվորները շարք կազմեցին ու միաձայն ողջունեցին մոլորված նախարարին, նա էլ բարի մարդ էր, մոտեցավ ու բոլորին ձեռքով բարևեց: Հետո կանգնեց զինվորներից մեկի առաջ ու հայրաբար հարցրեց. «Հ.Բ. ի՞նչ ա նշանակում, Տղա՛ս»: «Հասնենք Բաքու՛, պրն. Նախարա՛ր»` գրեթե գոռաց զինվորը: Չափ չկար նախարարի ուրախությանը, հրամայեց սեղան գցել, վրան` ամենաընտիր ուտեստները` հարիսա, տոլմա` թփով ու կաղամբով, խաշլամա, հավի խորոված, ավելուկով աղցան, խոզապուխտ, զեյթուն, օղի, մածուն, տնական խավիար, հումուս, լավաշ, ծիրանի ու ելակի ջեմ, պոպոքի մուրաբա, էկլեր, ամեն տեսակ թխվածքներ ու կոնֆետներ ու ամեն ինչը այնքան շատ էր, որ զինվորները մի ամիս քեֆ արեցին: Որոշեց բարի նախարարը զորացրել զինվորին ու պսակել իր մինուճար աղջկա հետ:

Հետզհետե մատներիս ճաքերը տարածվում են: Սանմասի բժշկուհին ասում ա, որ վտանգավոր չի, որ ծառայության վերջում կանցնի, լուծողական հաբեր ա տալիս` չեմ վերցնում:

Դռների մոտ նստած պատանին ծնկների արանքում կիթառի պատյան էր սեղմել: Երբ պետք ա տեղից բարձրանար, գործիքը դիպավ կողքի տղային, ում ձեռքում բջջային կար: Հեռախոսը շխկոցով ցած ընկավ ու մասերի բաժանվեց: Բջջայինի տերը ապտակեց, հետո բռունքներով սկսեց հարվածել ու դադարեց, երբ զգաց, որ դեմքի փոխարեն հարվածում ա վագոնի հատակին: Երբ երիտասարդը գնացքից դուրս եկավ, դիմացս նստած կինը փոքր քայլերով մոտեցավ պատանուն, մարմնի տակից դուրս բերեց հեռախոսի կտորներն ու գրպանը տարավ:

Տարվա վերջին ամիսն ա: Հրամայված ա` սպասել տարբերանշանով ուղղաթիռի, որը հենց մեր գլխի վերևով կանցնի: Մենք պետք ա ամենաբարձր խրամատի թեք լանջին մարդաչափ տառերով զորամասի համարը գրենք: Երկու օր շարունակ բահերով քերծել ենք արմատներով ու քարերով հագեցած հողը, երրորդ օրվա կեսին Գևը զորամասի տարածքից դուրս եկավ, երբ վերադարձավ, գրպաններում կլորավուն, խոշոր քարեր էին: Յուրաքանչյուր թվանշանի համար ստիպված ենք մի քանի անգամ իջնել ձորը, որտեղ գարնանը Գևի համազգեստն ու կիսատ մարմինը կգտնեն: Քարերը կիսով չափ խրում ենք հողի մեջ, հետո ներկում սպիտակ, յուրաքանչյուր երրորդը` կարմիր: Գևը բահը բարձրացնում ու ամբողջ ուժով հարվածում ա քարերին, հետո ես դրանք ներկում եմ մաշված, կրաջրի մեջ թաթախված ավելով:

Նստարանի վրա` ճիշտ կենտրոնում, ինչ-որ մեկը ծիրանագույն թաշկինակ ա թողել` ասեղնագործած եզրերով, նման նրանց, որ ծնողները երեխաների գույնզգույն վերարկուների գրպաններն են խոթում: Նստարանին ոչ ոք չի նստում, նկատում են ձեռքի մեջ տրորված կտորը ու սառը ձողերից կախվելով քայլում են վագոնի հետնամաս: Օրվա ավարտին մեքենավարն ու վերջին կայարանի հսկիչ-ուղեկցորդը երկար կկանգնեն անօգնական թաշկինակի վերևում, հետո հսկիչը մետաղական ցուցանշանով այն կհրի, կգցի վագոնի հատակին: Ծիրանագույն թաշկինակը վագոնի կեղտոտ հատակին տխուր տեսք կունենա:

Շոշափում եմ` ներսում ինչ-որ բան կա: Եղունգներով քանդում եմ գրպանիս մեծ-մեծ կարերը ու ներսից պլաստմասե ծիրանագույն ռադիո ա դուրս գալիս:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն