Մարտի 15-ին ֆեյսբուքում գրեցի. «Վա՜խ, ինչ լավ ժամանակներ են մի տասը կգ կավ առնելու ու օրերով դուռը ներսից փակելու համար…»: Գնեցի կավը, գրկած տուն բերեցի ու մարտի 15-ից ամեն օր պատրաստվում եմ խոսել կավի հետ, չեմ գտնում նրան մոտենալու, համոզելու, խոսելու լեզուն, չեմ գտնում և վերջ: Մի անգամ փորձեցի, պատրաստեցի գործիքները, քաթանե կտորները փռեցի ու սկսեցի հունցել: Ոչինչ չստացվեց, կավն ինձ մոտ չէր թողնում: Ներսս վախ կար: Կավը վախից փախչում է:
Ինձ թվում էր՝ հրաշալի ժամանակներ են ստեղծագործելու, փակվելու, գրելու, մտածելու, ստեղծելու համար: «Վա՜խ, ինչ լավ ժամանակներ են»,- գրեցի, ու բառի մոգությունը եկավ փաթաթվեց պարանոցիս… Տատիս ասած՝ ձեռս կոտրվեր՝ չգրեի, որովհետև անծանոթ այն իրականությունը, որ սպասում էր ու եկավ, տխրության, մենակության, կորցնելու վա՛խն էր: Արդեն ամիսներով խաղում ենք վախ-իրականություն խաղը:
Աչք փակել-բացելու նման դարսված մեր օրերը, արագընթաց գնացքից էլ արագ գնացող կյանքը, որ կազմակերպել էինք մեզ համար, մի հազ ու փռշտոցով մութ թունելների մեջ դանդաղեց, դանդաղեց ու հիմա անիվները քարշ տալով՝ գնում է մթության միջով: Ի՞նչ էր պետք մեզ պահելու անձնական տարածքը, գնալու ինքնակրթության, ապրելու համերաշխ, հրաժարվելու ավելորդ վազքից, հոգ տանելու միմյանց մասին, խնայելու մեծերին և, վերջապես, ավելի սիրելու համար: Կանգ առնել էր պետք, շուրջը նայել, խորը շնչել էր պետք ու ժպտալ… բայց կանգ առնել չէինք կարողանում, օրը շուտ էր մթնում: Մեզ ընդամենը վախենալ էր պետք: Մահվան վախը, որ զգույշ, աշխարհի ծերից եկավ ու սկսեց քթիդ տակ խուտուտ տալ: Հետո էդ ձնագնդի նման ահագնացող վախը անակնալի բերեց բոլորին:
Վախին սանձազերծելու միջոցներ են պետք, վախը չպետք է հաղթի:
Արվե՜ստը… Գրողը տանի, ոնց էինք մոռացել… Պարզվեց՝ պետք է արվեստը, պետք է բեմ բարձրացնել, էկրան բարձրացնել, դրանով կռիվ տալ վախի դեմ: Այո՜, մեզ պետք էր բոլոր օնլայն հարթակներում արվեստներ կազմակերպել, փլվել բազմոցի մեջ ու արվեստին խնդրել, որ օգնի սրտիդ տակ հավաքված ծանրությունից ազատվել՝ ուղիղ եթերով համերգներ լսել, գրքեր կարդալ, օնլայն թանգարաններում թափառել:
Չի օգնում: Հոգնեցինք արվեստից:
Վերադառնալ ֆեյսբուք, վերադառնալ բախտակիցներիդ մոտ, վերև-ներքև անել լրահոսը, ըհը, կարծես գտել են՝ քաղաքականությունը փրկում է, հեքիաթի նման է, կխրվես, կմոռանաս՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, է՛լ Ձախորդ Փանոս ու Կիկոսի մահ… Մենակության և անհաջողության, չստացված հեքիաթի, տարիներով ճիտին պարտք սարքած կեցություն… Ապրել մուկն ու կատվի խաղ-իրականությունում, երգել քաղաքական տարբեր բայց նույն կլկլացնող երգերը: Չէ, հոգնացնող է: Չի օգնում:
Իջնել Հրազդանի ձոր, քայլել, թթվածինը լցնել թոքերիդ ամենախորքերը, ասում են՝ նորահայտ պոզերով վիրուսն այդտեղ է բույն դնում: Պետք է մինչև գոտկատեղը կախվել կամուրջից, վարարած գետը լցնել մեջդ, խնդրել, որ հոսի քո մեջ, խնդրել, որ մաքրի վախի ծանրությունը. մի պահ կթվա, թե գետը լսում է, ահա, ուր որ է անցնելու է, մոտենում է, վարարած, ջղայնացած, վճռական գալիս է, մոտ է, ահա, հասնում է…. բայց գետն անցնում է միջովդ, դու ուրվական ես, չի տեսնում քեզ, դու վազքի մեջ մոռացել էիր գետի մասին, մոռացել էիր իր հոտը, իր քրքջոցը, քանի անգամ է ուզել խաղա հետդ, ժամանակ չես ունեցել, չես բոբիկացել, չես մտել, գրկել, փաթաթվել… իսկ գետը փայլուն հիշողություն ունի:
Իհարկե չի օգնի:
Անձրևից հետո անվախ փռված խխունջի թաց կնճիռների կողքին ծնկել, գուցե օգնի՞…
Իսկ կարող ա հացն օգնի՞… Տարեկանի ալյուր, ջրի հետ խառնած մածուն, քունջութ ու կտավատ, փքվում, սիրունանում, դուրս է գալիս, բույրը գալարվում, գալիս փաթաթվում է պարանոցիդ, բայց կուլ չի գնում… Հազար տարի չես տեսել հարազատներիդ: Վախն եկավ, էլի…
Իջնում ես թափառելու, դիմակդ քաշում ես մինչև աչքերիդ տակ, թարթիչներդ գնում-գալիս կախվում են վրան, սկսում ես խաղը դիմակի հետ: Շնչում ես, փորձում ես թթվածին հավաքել, լցնում ես թշերդ, հետո փչում, ուռցնում ես դիմակդ: Խաղդ դուր է գալիս: Նայում ես բակի տաղավարում իրար գլխի լցված երեխեքին, փազլի կտորների հետևից հրճվում են: Մի տատիկ նստել երեխեքի մեջտեղում, երազկոտ, երկինք հառած աչքերով չարաճճի ժպտում է: Կարծես գտել է իր՝ բարեհաջող ցվրվելու ճանապարհը: Բայց դու սթափվում ես, այսինքն՝ քեզ սթափեցնում է շտապօգնության մեքենայի չարագույժ ազդանշանը, դեղին ցելոֆանապատ վարորդն ու ուժասպառ բժիշկը: Գնում են վախը հաղթած երազկոտ տատիկների հետևից:
Գտա՜, վախը հաղթելու ճանապարհը գտա:
Վազքով վերադառնում եմ տուն: Կավը համբերատար սպասում է իմ տան պատուհանագոգին:
Թաց կավի վրայից հանում եմ բոլոր ցելոֆանները, որ հազար տակ փաթաթել էի՝ չչորանա, բացում եմ ծորակը, ու ջրի տակ հունցում եմ կավը, ջրի տակ լավագույնն է, միայն այդպես կարող ես հաղթել: Բացի՛ր կավի վրա ջրի ծորակը: