Ես սիրում եմ տղամարդուն` խաչափայտի մոտ ոտքը ոտքին գցած, թախծելիս: Բարձրորակ կաղնուց պատրաստված խաչը նա տանում էր դեպի այն սարը, ուր թաղված էր մեղքի խորհրդանիշը` Ադամի գլուխը: «Նա իսկական հրաշագործ է»,- ասում էին նրա տասներկու ընկերները հերթական հաջող գործարքից հետո:
Նրանք ամենուր մեզ հետ էին: Դեռ նախաճաշը չվերջացրած` լսվում էր Հովհաննեսի ձայնը. «Իմ ուսուցի՛չ»,- դիմում էր նրան այդ տասնինը չբոլորած երիտասարդը: Դաղձի թեյը կիսատ թողնելով` նա հապշտապ հեռանում էր ու ասում. «Մինչ երեկո»` կրկին մերժելով հագնել նոր գնած վերնաշապիկը:
Իմ հարևանուհին ինձ հաճախ էր հրավիրում սուրճ խմելու և երբեմն անկեղծանալով` բողոքում ամուսնու անանուն զանգերից ու գիշերային թափառումներից: Իսկ ես հավատում էի իմ կողակցին, քանի որ նրա ամբողջ աշխատանքը կապված էր ընկերական այն լայն շրջապատի հետ, որ ձեռք էր բերվել տարիների ընթացքում:
Երկուսով ապրում էինք նրա ընկերներից մեկի` Հ-ի տանը: Չնայած նա լռակյաց էր ու հազվադեպ էր իր մասին խոսում, բայց ես գիտեի, որ փողը մի բան արժե նրա համար, ու երբեմն զարմանում էի բնակարանի դիմաց վարձ չպահանջելու հանգամանքից: Սա ևս ապացուցում էր այն անսահման սերը, որ տածում էին նրա հանդեպ մեզ ամենուր շրջապատող ու հյուրընկալող տղամարդիկ, կանայք, մանուկներն ու հիվանդ թոշակառուները: Նրան նվիրաբերվում էին ամենաանկեղծ ժպիտներն ու ամենագեղեցիկ ասեղնագործ սփռոցին դրված տարատեսակ արևադարձային քաղցրահամ մրգերը: Այսպիսի սիրով շրջապատված` միշտ հիշում էի, թե ինչպես մի անգամ նա ասաց.«Ես չեմ սիրում քո մարմինը, ես սիրում եմ քո հոգին»:
Այժմ նա զբաղված է անապատականների հարցերով և մի քանի օրով տնից բացակայելու է: Հաշվի առնելով ճանապարհի դժվարությունները և տրանսպորտի բացակայությունը, ինձ առաջարկեց մնալ տանը և զբաղվել պարտեզի բարեկարգմամբ:
Առավոտյան` երբ նոր տնկիներ էի ավելացնում, հարևանուհիս պատշգամբում արևածաղիկ չրթելով, ամենայն մանրամասնությամբ պատմեց իր և ամուսնու նախորդ օրվա կատաղի վեճի մասին: Նույնիսկ մի պահ զարմացավ, որ ոչինչ չեմ լսել: Կինը հատկապես ափսոսում էր կոտրված չինական ծաղկամանը, որ նվեր էր ստացել հեռավոր ազգականից: Հետո, ցույց տալով ոտքիս կապտուկը, հպանցիկ հարցրեց. Երեկ ընկել եմ, թե ոչ, ու շարունակեց պնդել, որ այլևս չի դիմանում ամուսնու կոպտություններին:
Հաջորդ երեք գիշերներն անցան միևնույն աղմուկով` միահյուսված կնոջ մեղմիկ լացով և դրսի դռան ուժգին չխկոցով, երբ ամուսինը հեռացավ տանից:
Արթնացա ծանր մարմնացավով ու նորանոր կապտուկներով: Վստահ էի` քնած ժամանակ ինչ-որ բան էր կատարվում հետս, սակայն դա լուսնոտություն չէր: Նույնիսկ ամենադժվարին պահերին չեմ կորցրել սթափ դատելու ունակությունս և ,առհասարակ, ես նման հիվանդություն չունեի:
Հովհաննեսի անսպասելի զանգից տեղեկացա, որ անապատականների հետ առկա խնդիրները կարգավորվել են, և շուտով միասին հյուրնկալելու են ինձ: Հովհաննեսն ուրախ ձայնով պատմեց այն բոլոր իրադարձությունների և հրաշքների մասին, որ տեղի էին ունեցել` անթաքույց հիացմունքով խոսելով նրա հմտությունների, շնորքի ու բարեսրտության մասին: Բոլորն էլ շատ քաղցած էին. Վերջին օրերին միայն մանանայով էին սնվել: Մեծ ախորժակով համտեսեցին տապակած մանդակն ու սպանախը` ափսեի մեջ ոչինչ չթողնելով, միայն հավի մսից ոչ ոք չօգտվեց:
Այս ճամփորդությունից հետո ես կորցրի նրա հավատն իմ հանդեպ: Նա տեսել էր մարմնիս կապտուկները, և կասկածը սողոսկել էր միտքը: Ես ոչինչ չգիտեի, որովհետև խորը քնելու սովորություն ունեի, չէի կարող զղջալ կամ հաստատել արածներս:
Անապատից հուշանվեր չէր բերել ինձ, իսկ նոր գնած հագուստները նվիրաբերել էր բնակիչներին: Ինչպես նա ասաց, խանութների ցանցը դեռ չէր հասել այնտեղ ու մարդիկ կիսամերկ էին գոյատևում: Աշխատանքի բերումով նա հաճախ էր ճամփորդում, քանի որ նրա յուրաքանչյուր քայլը շղթայաբար կապակցված էր մյուսին: Անապատի խնդիրների կարգավորումը ենթադրում էր ավելի մասսայական և խոշոր գործարքներ: Հ-ի այցելությունները պարբերական բնույթ էին ստացել: Միասին երկար զրույցներ էինք ունենում, չնայած նա միշտ լռակյաց է թվացել ինձ: Խաղում էինք դոմինո կամ սեղանի թենիս: Ամեն անգամ ներս հրավիրելիս կրկնում էի միևնույն արտահայտությունը. «Զգա քեզ ինչպես քո տանը»:
-Ես իմ տանն եմ,- պատասխանում էր Հ-ն:
Բնակարանի խունացած պատերը ու բազմոց-բազկաթոռի մաշված պաստառները անհրաժեշտություն էին ստեղծում անհապաղ գնալ տոնավաճառ, չնայած նա ի սկզբանե ասաց, որ իրեն քաթանե փաթաթանն էլ բավական է, բայց այնուամենայնիվ տեղի տվեց:
Տարատեսակ ձևի, չափի ու գույնի տնտեսական ապրանքները, թերթով հով անող կանայք, հրմշտոցը ու սակարկվող գները ստեղծեցին շուկայի իրական պատկերը: Հագուստի խայտաբղետ լաբիրինթոսում չկողմնորոշվելով` գնում էինք այն ուղղությամբ, որտեղից փչում էր սառը օդը: Տաբատներ վաճառող կինը մոտեցավ և ուժգին քաշեց նրա հագուստից:
— Տե՛ր իմ,- բացականչեց նա:
Մի ակնթարթում մեզ շրջապատեց կանանց մի ամբողջ բազմություն: Որպես ողբի նշան` վաճառողուհին պատառոտեց հագուստները` բացահայտելով սեռային պատկանելությունը:
— Որդիս ձիահով է տառապում, բժշկի՛ր նրան,- ծնկի իջնելով` ամբողջ մարմնով գրկեց նրա ոտքերը:
Հուզված կանանց ափսոսանքի ու մեղադրանքի բացականչությունների ներքո գտա տոնավաճառի ելքը` ճեղքելով ամբոխը, հայտնվեցինք գետնանցումում: Նույնիսկ այստեղ ակնհայտ էր , որքան են մարդիկ զգում նրա կարիքը. Ակորդեոն նվագող մուրացկաններ ու սև ածխամատիտով պատերին գրված մակագրություններ` «Մի՛ սպանիր ինձ , Տե՛ր»:
— Ես պետք եմ նրանց,- ասաց նա `օրհնություն տալով ու խաչակնքելով յուրաքանչյուր մակագրությունը:
Գետնանցումի մյուս կողմում` բարձր բլրի վրա, Լուսավորչի տաճարն էր: Երեկոյան սպասավորները վառում են ջահերը ու լուսավորում դեպի աղթքի տունը տանող ցածր աստիճանները: Քիչ հեռվում մանկական կարուսելներն են ու սրճարանները: Այստեղ մարդիկ ծխում են ու գարեջուր խմում: Մութն ընկնելուն պես միանում են գույնզգույն լույսերը` ծիածանի նման լուսավորելով երկինքը, թռչող կարապները և այլ մոլորակից ժամանած ափսեները:
Չնայած կոկորդումս զգում էի կոկա-կոլայի սոդայով լի պղպջակների ու կակաոյով պաղպաղակի մոտալուտ համը` ստիպված էի կանգ առնել: Նա չէր կարող անտարբեր մնալ գլխարկի մեջ փող մուրացողների ու հարբած թափառաշրջիկների հանդեպ: Նրանցից մեկը հաշմանդամի սայլակին գամված` արևից ու քամուց կոպտացած դեմքը հառել էր դեպի երկինք ու չորացած շուրթերով ինչ-որ բան էր մրմնջում:
— Վե՛ր կաց ու քայլիր,- դիմեց նա թափառաշրջիկին: Այնքան բարձր ու հրամայական հնչեց, որ շուրջբոլորը քարացան: Ապշահար տղամարդը վախից դողաց ու սևեռուն նայեց մեզ: Նա չէր հասկանում, թե ինչու պետք է վեր կենա և գնա այդտեղից: Մտածեց երևի ոստիկաններ ենք ու մաքրում ենք հասարակական վայրը անբարեհույս տարրերից, ինչպես վերջերս կատարված հայտնի դեպքը, երբ սարկավագը հայհոյանքներով ու աքացիներով դուրս էր արել մուրացկանին եկեղեցուց:
Մենք կրկին անհարմար իրավիճակում էինք հայտնվել, սակայն հուրախություն ինձ, սայլակով տղամարդը ակնթարթային արագությամբ թողեց սայլակը:
— Էս ո՞վքեր են…,- ասաց ու վազելով հեռացավ, պարբերաբար ետ նայելով, համոզվելու համար, որ նրան չենք հետապնդում, որովհետև սա այն երկիրն է, ուր սեփական սայլակին գամված լինելն արգելվում է:
Տղամարդու` նման վերաբերմունքից հուզված, նա շրջվեց ու հեռացավ`դանդաղ, հանդիսավոր քայլերով բարձրանալով դեպի Լուսավորչի տաճարը: Լուսանկարիչը ֆոտոխցիկով մի քանի անգամ լուսանկարեց նրան ` խնդրելով տարբեր դիրքեր ընդունել, որպեսզի ավելի ազդեցիկ նկարներ ստանա: Հատկապես ուզում էր ֆիքսել այն կարևոր կապը, որն առկա է հավատացյալի և եկեղեցու միջև:
Ես չհետևեցի նրան, երեխաների ուրախ աղմուկի ներքո մտա սրճարան պաղպաղակ ուտելու: Անշտապ, գդալով խաղալով ճաշակեցի սառը պաղպաղկը նավակների, ձիերի ու փուչիկ վաճառող ծաղրածուների ներկայությամբ:
Այսքան իրար հաջորդած փորձություններից հետո նա ուժասպառ էր եղել: Տաշտով լի տաք ջուրը դրեցի նրա առջև, որ լվանամ ոտքերը, որոնք ցեխից մաքրվելով, ցույց տվեցին առաջին քերծվածքները: Նա մեղմորեն ժպտաց, նույնիսկ մի ծույլ շարժումով փորձեց արգելել: Կռանալով, իմ մինչև կոնքերս հասնող ժանգագույն մազերով, չորացրեցի նրա խոնավ ոտքերը:
Ոստիկանության հետ առաջին բախումից հետո նրանց հանդիպումներն անցան ընդհատակ` քննարկվող խնդիրներին վերաբերող փաստաթղթերը կոդավորելու համար: Ավելի հաճախ երեկոյան էր տեղի ունենում. երբ մութն ընկնում էր ու վարագուրում շուրջբոլորը, հատկապես քաղաքի արվարձաններում, որտեղ ֆինանսական սուղ միջոցների պատճառով գիշերային լույսեր չէին տեղադրել: Ես մինչ այժմ վախենում եմ մթությունից: Սևը խանգարում է կարդալ մարդկանց մտքերը, շարժվող օբյեկտների մոտալուտ և ամենահեռավոր հատման կետը, անշունչ առարկաների տենդը: Ես լարում էի լսողությունս ու փորձում լսել գաղտնի մոտեցող ոտնաձայները, հրաբխի ժայթքումը, նոր պատերազմի բռնկման լուրը, մոլորակների բախման թնդյունը: Լռություն էր:
Ամեն ինչ պատրաստ էր նրա գալստյան համար` մաքուր անկողինը տարատեսակ խորտիկներն ու ելակով պատրաստված թարմ թխվածքը: Այս անգամ ես հակաբեղմնավորիչներ չէի ընդունել ու երբ դուստր ունենամ, ի պատիվ նրա կանվանեմ Քրիստինե, բայց թույլ չեմ տա, որ կարճ կանչեն Քիսո կամ առավել ևս` Փիսո, քանզի կատուն աստծո թաշկինակն է :
Կեսգիշերին միջանցքի վառ թողած լույսը ծակծկում էր աչքերս: Մի քանի անգամ զանգել էի Հովհաննեսի բջջայինին, համարն անհասանելի էր: Կապտուկների ցավից ու վախից քրտնած, հարևանների` նոր թափով բռնկված կռիվը ունկնդրելով, սպասում էի նրա վերադարձին: Կիսաբաց աչքերով հազիվ կարողացա կարդալ Հ-ի ուղղարկած հաղորդագրությունը:
Մենք ընթրիքի ենք: Ուշ կվերադառնանք: Պառկի՛ր քնելու:
Ուրեմն նա գիտեր այդ խորհրդավոր ընթրիքի մասին, գիտեր որ սպասում եմ, ննջարանում եմ, գիշերանոցով, ու չեմ խմել հակաբեղմնավորիչներ…
Քնեցի: Ինչ-որ մեկը հատված առ հատված ճզմում էր մարմինս: Զգում էի գործիքի, բայց ինչպես հետագայում պարզվեց` կճղակի հետևողական ճնշումը: Ծածկոցը արագ մի կողմ գցեցի: Մեր հարևան խոզն էր: Խոնավ դնչով հոտոտում էր որովայնիս նոր կապտուկը: Նա որսաց արթուն հայացքս ու խռխռալով փախավ պարտեզ: Երկրից արտագաղթող տղամարդիկ, արդեն երրորդ անգամ վիժող կանայք, ես ու խոզը ապրում ենք միևնույն ժամանակում, կողք-կողքի ու ճանաչում ենք միմյանց: Ես բռնում եմ խոզի ականջներից ու կտրում գլուխը: ես մեղք գործեցի: Մարմինը թփերի մեջ թաքցնելուց հետո վերադարձա սենյակ: Պարտեզում Հ-ի կերպարանքը անհետացավ խավարի մեջ. միթե այսքան ժամանակ նա այնտեղ էր…
Հորդառատ անձրև տեղաց ու սնեց պարտեզում աճող բուսականությունը, մաքրեց բոլոր ոտնահետքերը ու հողաթափերիս վրա չորացած արյան բծերը: Անձրևից հետո անհետացել էր նույնիսկ խոզի դին: Ինձ ավելի ու ավելի հավանական թվաց, որ խոզ չեմ սպանել ու չեմ տեսել Հ-ի կերպարանքը:
Ընթրիքի ժամանակ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Որքան հասկացա, վիճաբանել էր գործընկերներից մեկի հետ: Իրական պատճառն այդպես էլ անհայտ մնաց, հատկապես, որ նա ևս չէր ցանկանում մանրամասնել դեպքի մութ կողմերը:
Միայն համբուրեց ճակատս ու տխուր ձայնով ասաց իր ութերորդ աֆորիզմը` « Մի՛ սպանիր» կամ նման մի բան և փակվելով լոգարանում` երկար աղոթեց:
Մոտավորապես ժամը իննին ոստիկանները պահանջեցին անմիջապես բացել դուռը և հանձնվել, հակառակ դեպքում, դուռը ջարդելուց կետո, կսկսեն կրակել, սկզբում նախազգուշական` փորին,այնուհետև` գլխին: Առանց ինձ ուշադրություն դարձնելու կամ բացատրություն տալու, ձերբակալեցին նրան երկրի օրենքը խախտելու համար: Իսկ երկրի գերագույն օրենքն ասում էր` այսուհետ բռնաբարության և սպանության համար սպասվում է մահապատիժ: Հավելվածում նշված էին այն բոլոր հինգ-վեց անունները, որոնք վերջին երկու տասնամյակում անհանգստացրել են մեզ և անդադար հնչել մեր ականջներում ու մեր շուրթերից, ում բազում անեծքներ են հղել ու ապօրինաբար ցանկացել նրանց մահը` օրենքով կխաչվեն:
Ձերբակալության լուրը շուտով տարածվեց ամենուր: Նրա գործընկերները մեծ ցավ ապրեցին, հատկապես Հովհաննեսը, ով իմ առջև ծնկի եկավ ու ձեռքերով ծածկելով երեսը` լաց եղավ:
Նրանցից յուրաքանչյուրն իր խորին ցավակցությունը հայտնեց` խոստանալով անել հնարավորն ու նույնիսկ անհնարը, ազատելու նրան, քանի որ դա ժամանակի ամենամեծ անարդարությունն էր և խոսում էր իրավական համակարգի ոչ լիարժեք լինելու մասին: Խաչելու էին այնպիսի մարդու, ով օգնում էր մուրացկաններին և բուժում հաշմանդամներին: Ի վերջո պարզ դարձավ, որ նրան մեղադրում են խոզի սպանության մեջ: Կան վկաներ, ասել էր քննիչը, և բավականին հավաստի փաստեր: Նույնիսկ գտել են սպանված մարմինը. Հանցագործը անխղճաբար կտրել էր զոհի գլուխը: Վերջին անգամ ոստիկանները նրան ձեռնաշղթաներով բերեցին տուն,և քննիչը պահանջեց ցույց տալ հանցագործության վայրը ու նկարագրել դեռևս մութ մնացած կողմերը: Այսպես` մինչ օրս չէր հայտնաբերվել սպանության գործիքը, ինչը խճճում էր գործընթացը, քանի որ ամեն դեպքում ցանկալի էր ձեռքի տակ ունենալ այդ փաստը ևս, ուր տպված էին իրական հանցագործի մատնահետքերը:
-Դե՛, խոսի՛ր, շա՛ն լակոտ,- բարկացած դիմեց նրան քննիչը:
— Ես մարդու որդին եմ,- պատասխանեց նա:
— Ուզում ես ասել` անմե՞ղ ես:
— Դու ասացիր:
Քննիչն իմ գոյությանն ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում: Նրա խորին համոզմամբ հանցագործությունը տղամարդկանց մենաշնորհն է, իսկ կանայք ընդամենը դավաճանում են ու վերջիվերջո ընկնում փողոց: Նա նույնիսկ չլսեց խզված ձայնով իմ խոստովանությունը`ընկած միջանցքի թախտին: Հետո նրա փափուկ ու տաք զանգվածն իջավ ծնկներիս:
-Ի՞նչ ես դու անելու նրա խաչելությունից հետո,- հարցրեց քննիչը` խաղալով մազերիս հետ:- Ես միշտ պատրաստ եմ ընդունելու քեզ:
Նա չնայեց աչքերիս մեջ, որ որսար բիբի էպիկենտրոնը ու տեսներ… դրանք հանցագործի աչքեր են:
Մահապատժի օրը մեծ բազմություն էր հավաքվել: Եկել էին տեսնելու` որքան հզոր է երկրի օրենքը և ինչ է սպասվում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն խախտել այն: Ամբոխի առաջին շարքում նրա ընկերներն էին, միայն Հ-ն էր բացակայում. ոչ ոք տեղեկություն չուներ նրանից:
Մեղադրյալը տանում էր իր խաչը դեպի այն սարը, ուր թաղված էր մեղքի և հանցանքի խորհրդանիշը` խոզի գլուխը: Երբ հսկայական մետաղական խաչը բարձրացրին, գլխավերևում ճոճվեց հատուկ գոտիներով ամրացված նրա թաց մարմինը: Ամենաորոշիչ պահին խաչից փնջերով դուրս եկող լարերը, տարածված տարբեր ուղղություններով, մարդկային մտքի ճկունության ու տաղանդի շնորհիվ միացվեցին Էլեկտրական հոսանքին: Նա մի քանի անգամ թպրտաց, բայց չմեռավ: Լսվեց խոզերի արդարացի խռխռոցը. շուրջս այնքա~ն խոզ կար: Հովհաննեսն երիտսարդությամբ լի ձեռքերով ամուր գրկել էր ինձ ու միասին լաց էինք լինում: Արցունքները պեպենոտ այտերիս վրայով գլորվում էին ցած:
Ոստիկաններից մեկը սպունգով ջուր տվեց նրան, իսկ մյուսը որոշեց դադարեցնել տանջանքները և հեշտ մահ պարգևել: Նա ատրճանակով նշան բռնեց սրտին, բայց կոպիտ սխալ թույլ տվեց ու ծակեց կողը: Խաչյալը օգնում էր աղքատներին, բուժում հիվանդներին, ուտում բուսական սնունդ: Նա խաչվեց մեր մեղքերի համար ու իմ մեղքով: նրա մահից հետո խոզի հարազատները վրեժ էին լուծելու ինձնից, քնննիչը հետապնդելու էր, իսկ տանը սպասում էր մատնիչը: Ես Հ-ի բջջայինից հաղորդագրություն էի ստացել:« Նա միակն էր, ու ես սիրում էի: Այժմ անտանելի միայնակ եմ ու հարուստ: Քեզ սպասում եմ մեր բնակարանում:»
Երբ նա հոգին ավանդում էր, ուժգին փոթորիկ բարձրացավ ու օդ թռցրեց ամբոխի գլխարկը: Երկինքը մթագնեց` ստանալով մուգ կապույտի և մոխրագույնի համադրություն: Ոստիկանների թույլտվությամբ կոմպոզիցիայի աջ անկյունում կանգնած Հովհաննեսը աստիճանի օգնությամբ իջեցրեց արյունաքամ մարմինը: Բոլոր կողմերից շքեղ, ոսկեզօծ շրջանակով սահմանափակված` լույսը հորդում էր ներքև` ողողելով վերքերը և միայն դեմքը թողնելով ստվերում: Ես պառկեցրի նրան իմ ոսկրոտ ծնկներին, ձեռնափերս բարձրացրի վեր` օրանտի դիրքով, ի ցույց դիտողին ու երկնքին, որ կարդան ճակատագիրս:
Ես ողբացի հերոսի մահը` ուրանալով նորից ու նորից: