Լենգսթոն Հյուզ. ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, և դրամատուրգ:
Հյուզը համարվում է Հարլեմյան Վերածննդի դարաշրջանի մշակութային շարժման առաջատար և ազդեցիկ գրող, ինչպես նաև՝ «ջազային պոեզիան» հայտնագործողը:
Նա խոշորամարմին կին էր` երկար ժապավեններով մեծ քսակը շեղակի գցած ուսերին, որի մեջ մուրճից ու մեխից բացի ամեն ինչ կար: Մենակ քայլում էր գիշերով` մոտ ժամը տասնմեկին, երբ մի տղա վազեց հետևից և փորձեց խլել քսակը: Տղան, հետևից քաշելով, միանգամից պոկեց քսակի ժապավենը: Բայց փոխարենը գողացվածը ամբողջությամբ վերցնելու, ինչպես ինքն էր հուսով, ծանրությունից կորցրեց հավասարակշռությունը և մեջքի վրա ընկավ մայթին` ոտքերը բարձրացրած վերև. խոշորամարմին կինն ուղղակի շրջվեց և ոտքով հարվածեց կապույտ ջինսով հետույքին: Այնուհետև կռացավ, բռնեց տղայի շապիկից և թափահարեց այնքան, մինչև ատամները կափկափեցին:
Ապա ասաց.
— Վերցրո՛ւ դրամապանակս և բե՛ր այստեղ:
Շարունակելով բռնած պահել` տղային մոտեցրեց գետնին` հնարավորություն տալով կռանալ և վերցնել քսակը: Հետո ասաց.
— Հիմա դու չե՞ս ամաչում քեզանից:
Տղան, որի շապիկից ամուր բռնած էր դեռ, ասաց` այո՛:
— Ինչի՞ համար էիր խլում:
— Ես չէի ուզում:
— Ստում ես,- ասաց կինը:
Այդ ժամանակ երկու-երեք մարդ կանգ առան՝ նայելու, ու անցան, իսկ ոմանք մնացին կանգնած:
— Եթե քեզ բաց թողնեմ, կփախչե՞ս,- հարցրեց կինը:
— Ը՜մմ, այո՛:
— Այդ դեպքում չեմ թողնի,- ասաց կինը և շարունակեց բռնած պահել:
— Ներեցե՛ք, տիկի՛ն, ես շատ եմ զղջում, ներեցե՛ք,- շշնջաց տղան:
— Հըմ, հը՜մ, դեմքդ էլ կեղտոտ է: Իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ լվանալ դեմքդ քո փոխարեն: Տանը ոչ ոք չունե՞ս, որ քեզ հուշի դեմքդ լվանալու մասին:
— Ը՜մմ, ո՛չ,- ասաց տղան:
— Այդ դեպքում այս երեկո կլվանաս,- ասաց կինը` քաշելով վախեցած տղային իր հետևից:
Նա տասնչորս-տասնհինգ տարեկանի տեսք ուներ, սպորտային կոշիկներով ու կապույտ ջինսով նման էր փխրուն ու վայրի ուռենու:
— Դու կլինես իմ տղան: Ես կսովորեցնեմ քեզ տարբերել ճիշտը սխալից: Իսկ ամենաքիչը, որ կարող եմ հիմա անել քեզ համար, դեմքդ լվանալն է: Քաղցա՞ծ ես:
— Ո՜չ,- երկարացնելով ասաց տղան,- ես միայն ցանկանում եմ, որ ինձ բաց թողնեք:
— Ես քեզ ձանձրացրի՞ մինչև այս անկյուն հասնելը:
— Ո՛չ:
— Բայց դու ինքդ ես գործ բռնել ինձ հետ,- ասաց կինը:- Եթե կարծում ես` այս շփումը երկար չի տևելու, խորհուրդ կտամ մեկ անգամ ևս մտածել: Իսկ եթե մտափոխվես, պարո՛ն, հիշի՛ր տիկին Լուելլա Բատես Վաշինգտոն Ջոնսին:
Տղայի դեմքն անմիջապես պատվեց քրտինքով ու սկսեց ձգվել: Տիկին Ջոնսը կանգնեց, պտտեցրեց նրան իր առջև և վզից բռնած` շարունակեց քաշքշել նրան փողոցով: Երբ հասան դռան մոտ, տղային տարավ միջանցք, ապա` տան հետնամասում գտնվող մեծ, խոհանոցանման կահավորված սենյակ: Վառեց լույսն ու դուռը թողեց բաց: Մեծ տան մեջ լսվում էին մյուս սենյակների կենվորների ծիծաղն ու խոսակցությունը: Ոմանք դուռը էլի բաց էին թողել, այնպես որ տղան գիտեր, որ իրենք մենակ չեն այնտեղ: Սենյակի մեջտեղում էլ կինը դեռ բաց չէր թողնում նրա վիզը:
— Ի՞նչ է քո անունը:
— Ռոջեր,- պատասխանեց տղան:
— Հիմա, Ռոջե՛ր, գնա՛ և լվա՛ դեմքդ,- ասաց կինը, որից հետո վերջապես ազատ թողեց տղային: Ռոջերը նայեց դռանը, ապա` կնոջը, նորից նայեց դռանը և գնաց լոգարան:
— Թող ջուրը հոսի այնքան, մինչև տաքանա,- ասաց կինը:- Այստեղ մաքուր սրբիչ կա:
— Դուք ինձ տանելու եք բա՞նտ,- կռանալով լվացարանի վրա` հարցրեց տղան:
— Ո՛չ, այդ դեմքով քեզ ոչ մի տեղ էլ չեմ տանի,- ասաց կինը: — Ես փորձում էի շուտ տուն հասնել, որ մի բան պատրաստեմ ուտելու համար, իսկ դու խլում ես դրամապանակս: Երևի դու չես էլ ընթրի, քանի որ ուշ է արդեն: Այնպես չէ՞:
— Տանը ինձ ոչ ոք չի սպասում:
— Այդ դեպքում միասին կուտենք,- ասաց կինը:- Ես հավատացած եմ` դու քաղցած ես կամ էիր, դրա համար էլ փորձում էիր խլել դրամապանակս:
— Ես կապույտ զամշից կոշիկ էի ուզում,- ասաց տղան:
— Լավ, ինչ-որ զամշից կոշիկի համար կարիք չկար խլելու իմ դրամապանակը,- ասաց տիկին Լուելլա Բատես Վաշինգտոն Ջոնսը:- Դու կարող էիր խնդրել ինձանից:
— Տիկի՛ն:
Ջուրը հոսում էր տղայի դեմքի վրայով, նա նայեց տիկնոջը, ապա երկար լռություն տիրեց, շա՜տ երկար լռություն, որից հետո տղան սրբեց դեմքը, չիմանալով ինչ անել` նորից սրբեց ու շուռ եկավ` մտածելով, թե ինչ պիտի անի հետո: Դուռը բաց էր: Նա կարող էր այդտեղից թռչել միջանցք և փախչել, փախչել, փախչել, փախչե՜լ:
Քիչ անց կինը, որ նստած էր մահճակալի վրա, ասաց.
— Ես էլ եմ երիտասարդ եղել և ցանկացել եմ բաներ, որ չէի կարող ունենալ:
Նորից լռություն: Տղան զարմացավ, հետո մռայլվեց:
— Հըմ-հը՜մ, մտածում էիր` կասեմ` բայց, այնպես չէ՞: Դու մտածում էիր` ես կասեմ` «բայց ես չէի խլում ուրիշի դրմապանակը»: Բայց ես դա չէի ասելու:- Դադար, լռություն:- Ես էլ եմ արել բաներ, որոնց մասին ո՛չ քեզ եմ պատմելու, տղա՛ս, ո՛չ էլ` Աստծուն, եթե, իհարկե, նա չգիտի արդեն դրանց մասին: Այնպես որ, նստի՛ր մի քիչ, մինչև ուտելու մի բան կպատրաստեմ մեզ համար: Ի դեպ, կարող ես սանրել մազերդ, այդպես ավելի ներկայանալի տեսք կունենաս:
Սենյակի մյուս անկյունում` վարագույրի հետևում, գազօջախ ու սառնարան կար: Տիկին Ջոնսը անցավ վարագույրի մյուս կողմը: Նա չէր հետևում տղային` տեսնելու` նա պատրաստվո՞ւմ է փախչել, թե՞ ոչ, ոչ էլ քսակին էր նայում, որ դրված էր մահճակալին: Իսկ տղան հոգ էր տարել այդ մասին և նստել սենյակի հեռու մի անկյունում այնպես, որ ցանկութան դեպքում կինը կարողանար աչքի պոչով նայել իրեն: Նա ուզում էր, որ տիկինը վստահի իրեն, և չէր ուզում իրեն սխալ հասկանա հիմա:
— Ձեզ որևէ բան հարկավոր չէ՞ խանութից՝ կաթ կամ մեկ այլ բան,- հարցրեց տղան:
— Չհավատաս, որ պետք լինի,- ասաց կինը,- բացառությամբ եթե քեզ համար չես ուզում թարմ կաթ: Ես պատրաստվում եմ պաստերիզացված կաթով կակաո պատրաստել:
— Ընտի՜ր է,- ասաց տղան:
Սառնարանում եղած լիմական լոբին և խոզապուխտը տաքացրեց, կակաո պատրաստեց և սեղանը գցեց: Նա չհարցրեց տղային, թե որտեղ է նա ապրում, նրա ազգականներից, կամ որևէ այլ բան, որ կարող էր շփոթեցնել տղային: Փոխարենը, մինչ ընթրում էին, նա պատմեց իր աշխատանքի՝ հյուրանոցի գեղեցկության սրահի մասին, որը բաց էր մնում շատ երկար, ինչ գործ էր անում այնտեղ, և ինչպես էին ամենատարբեր կանայք գալիս ու գնում` շիկահերներ, կարմրահերներ և իսպանուհիներ: Հետո կտրեց իր տորթի կեսը ու տվեց տղային:
— Այս մի կտո՛րն էլ կեր, տղա՛ս,- ասաց նա:
Երբ կերել, վերջացրել էին, ասաց.
— Իսկ հիմա վերցրո՛ւ այս տասը դոլարը և գնի՛ր այդ կապույտ զամշե կոշիկները: Իսկ հաջորդ անգամ չսխալվես սողոսկել իմ կամ մեկ ուրիշի դրամապանակի մեջ, որովհետև նման դիվային ձևով ձեռք բերված կոշիկները կցավեցնեն ոտքերդ: Հիմա կարող եմ հանգիստ լինել: Բայց ուզում եմ, տղա՛ս, որ այստեղից դուրս գալուց հետո էլ քեզ խելոք պահես:
Տղային միջանցքով ուղեկցեց մինչև դռան մոտ և բացեց այն:
— Բարի գիշեր: Խելոք կմնաս,- փողոցին նայելով` ասաց նա:
Տղան ցանկանում էր «Շնորհակալություն, տիկին»-ից բացի էլի ինչ-որ բան ասել տիկնոջը, բայց երբ թեքվեց անկյունը, հետ նայեց դռան մոտ կանգնած խոշորամարմին կնոջը, որպեսզի ասի այդ խոսքերը, չկարողացավ: Նա հազիվ հասցրեց արտաբերել «Շնորհակալություն» բառը, մինչ նա կփակեր դուռը: Եվ այլևս երբեք չտեսավ տիկնոջը:
Թարգմանությունը անգլերենից` Գոհար Ղասայանի