Հատված պատերազմից


Շունն ուտում է իր կերը, խաղում մի քիչ ու գոհ է։ Նայում եմ, ուզում բալկոնից նետել։ Էնպես բութի է հայացքը։ Տեսնում է՝ լացում եմ, լսում է՝ պատերազմ է, ու ձանձրացած գնում ուրիշ սենյակ։ Ինքը մեղավոր չէ։ Մարդու խնդիրն իրեն ի՞նչ։ Հանուն հողի մեռնելն իրեն ի՞նչ։ Հողի հետ նրա կապը չիշիկ անելով ու փորել-խաղալով է։
Լրահոսում մահացածների ցանկն է։ Առանց նախապատրաստման։ Բաց դրված են։ Դու ես ու համարակալված անուն ազգանունները, որոնք կարդալուցդ սպանվում են։ Սկզբում կենդանացնում եմ՝ էջերը փնտրելով, նկարներին պատմություններ վերագրելով, ու վերջում խոստովանում՝ չկան։ Մահացան։ Զոհվեցին։ Երեկ փոստ էին արել, էսօր փաստում են՝ չկան։
Ոչինչ չի ստացվում։ Բառերը գլխապատառ փախչում են մատներիս տակից, չեն ուզում մասնակիցը լինել որևէ մահվան, որևէ տխուր պատմության։ Ասում են՝ մեզ հետ գործ չունես, գնա ոնց ուզում ես՝ զգացածդ հաղորդիր, անգլերենով ասա, ռուսերենով ասա, ոտք ու ձեռքով բացատրիր, նկարներով ցույց տուր, լինկեր ուղարկիր, լաց եղիր, բայց մենք քո տխուր պարբերության մեջ գործ չունենք։
Հայրս առաջնագծում է։ Ամեն օր, որ զանգում է, մտածում եմ՝ ձկան է գնացել, գնացել է Կուբաթլու՝ կառալյոկ բերելու, գնացել է թզի, պոպոքի։ Գնացել է հաց ուտելու։ Կարճ եմ կապում, որովհետև չնայած չհավատալուս՝ ամեն օր լրահոսն ինձ պարտադիր հիշեցնում է՝ երկար չխոսել, հարցեր չտալ առաջնագծում կռվողներին։ Անջատիր, պապ, անջատիր։ Հայրս ուզում է երկար կապել։ Մտածում է՝ չի գա։ Մտածում է՝ մի բառ ավելի ապրի։ Ինձ բան չի ասում, ասմունքում է։ Ես սրտատրոփ հարցեր եմ տալիս, ինքը Շիրազ ասմունքում։
— Հա՜, պապ ջան, ո՞նց եք…
— Ելնում ենք մենք քարերն ի վեր,
Ելնում ենք մենք սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր…
— Իսկ իրավիճա՞կը։
— Մեզ ելնելու քարեր կան դեռ,
Մեզ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…
Գրառում եմ կատարում ֆեյսբուքում, ու հայրս հավաքում է հազարավոր լայքեր, նրան շնորհակալություն են հայտնում, սրտիկում, կիսվում իրենց էջերում։
Պատերազմը չի կիսվում։ Կիսվում են բառերը։ Պատերազմի հաշվին կառուցված։ Կիսվում են մարդիկ։ Ոգևորվում են մարդիկ, իսկ զինվորներն անվերջ կրում անկիսելի ծանրություն։
Բոլորով նույն կեղտի մեջ ենք։ Կողքից գործ եմ վերցրել՝ փող աշխատեմ, ցրվեմ, խոսնակները, որոնց պատմածների շուրջ պիտի կառուցեմ սցենարը, մեկնել են ճակատ։
Խոսնակները գնացին, բառերը գնացին, հիշողությունս գնում է, ընկերներս գնում են։ Գալիս են, գալիս են խմբերով, հարյուրներով, հազարներով ու անթիվ, գալիս է մահը, էնպես սովորական թափառում է փողոցներով, համակարգչի ու հեռախոսազանգերի միջով անցնում էնպես վստահ ու իմիջայլոց՝ որպես շարունակություն, որպես ապացույց մի բանի, որի մասին լսում են միշտ, տեսնում՝ երբեմն։ Հիմա նա միշտ է, հիմա նա երբեմն չի։ Մահը գալիս է որպես վերադարձ։
Ինձ մի քիչ Նալչաջյանն է օգնում։ Գուգլում եմ Ալբերտ, բերում է Հովհաննիսյան։ 19-ամյա զինվորը, որի նկարով աշխարհն իմացավ Ղարաբաղյան պատերազմի մասին, որի նկարը նույնիսկ այդ ստորները տարան իրենց լրատվականներ՝ իբրև ադրբեջանցի, ինչպես տանում են Եռաբլուրի գերեզմանները, լացող ծնողներին։ Աշխարհն իմացավ ու լռեց։ Խլացավ։ Համրացավ։ Ալբերտի հայրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակայնորեն խնդրում է քիչ տարածել որդու նկարը ու քիչ գրել նրա մասին. իրենք քանի օր է՝ հետը չեն խոսել։
Խնդրում եմ՝ գոնե նկարի տղան, որով այս մի քանի օրում հպարտացանք, հավատացինք, պնդացանք, գոնե նա էսօր տուն զանգի ու խաբի՝ լավ եմ։ Գոնե նա։ Երեկոյան հերթական քառասուն հոգանոց ցուցակը։ Հատ-հատ կարդալով անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը՝ ծանոթների ենք փնտրում այնպիսի համակվածությամբ, ասես անպայմանորեն մեկին կգտնենք, ու էդ ցուցակում նրան տեսնելը հանդիպելու պես կլինի. կխոսենք, կհիշենք մեր՝ իրար հետ ապրածը, իր մասին մի բան լսած լինելը։ Ցուցակները պարտաճանաչորեն տալիս են մեր բաժին զինվորին։ Տալիս են՝ կորցնում ենք։ Տալիս են՝ մահանում ենք։ Ականջներումս երգն է պտտվում՝ քույր իմ, նազելի, նայիր քո դիմաց, վիրավոր ավեր, ուր սիրտս եմ բացել, ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը առ և գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացել….
Քնի՜ր, Ալբերտ, քնիր, եղբա՜յրս… ցուցակում քո անունը կար։

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն