միջտարածություն

սահուն անցնում եմ կյանքին

հին փողոցներով
նախկին ճշմարտություններով
սիրով` աշխարհից անկախ
աշխարհում, որ դեռ կախված է սիրուց
բռնած երջանկության ձեռքը
քայլում եմ
տարածությունն անվերջանում է
ինձանից դուրս

վազում եմ
հին փողոցներով
սև շենքերի միջով
պատերի կողքով`
կիսաքանդ
առանց փնտրելու
ակնկալիքով, որ կգտնեմ

փախչում եմ
հին փողոցներից՝
սեղմած երջանկությունն ափիս մեջ

գնում եմ դեպի ներս

տարածություն չկա

կանգնում եմ

ես ավելին ունեմ ասելու

վարդի բույրը և աստղի լույսը
մահից հինգ պակաս
կատարելության են հասնում

անկատար եմ ես

անսահման է երևակայությունը
երբ զգայարանները փորձում են բացատրել առանց բառերի երբ գաղտնիքն այդքան մոտ է և ուղեղի գալարների մեջ որդեր են սողում
օձի նմանությամբ, բայց իմաստնությունից զուրկ
ու ամեն շրջադարձին արգելակում են`
մխրճվելով ներս

անիմաստ է վախը
անբացատրելի է սուտը
և հորինված դևերը թևեր են առնում
քեզանից դուրս

այնտեղ
ուր քեզ պետք չէ մարդը
մարդիկ են պետք`
կատարյալ լինելու հիվանդությամբ

և ամբոխի ծափերի միջով քայլող քո ես-ը
կծկում է մարմնիդ մեջ ապրող միակին

խեղդվում է երջանկությունն ափիդ մեջ

նոր փողոցներ են պետք

անհամատեղելի դոնոր`
մարդկային բոլոր կարգերի համար
ենթակա ընթացքին

քեզ թևեր են պետք

այնտեղ, ուր թողեցիր հավատդ
վերադարձ չկա
չկա վերադարձ միայն այդտե՜ղ
որովհետև վայրն ու ժամը չէ
որ քեզ բաժանեցին քեզնից
ոչ էլ որդերը, որ հետո եկան

քոնը չէ այլևս այն
ինչ սեղմել ես ափիդ մեջ
և ուրեմն այլևս ոչ ոքինն էլ չէ

շարունակիր քայլել
մինչ ոտքերդ էլ կպոկվեն քեզնից

շարունակիր գրել
որովհետև միայն այդտեղ է
որ կարող ես գտնել այն
ինչ չես փնտրում`
բառերի մեջ
քո մատների տակ
բայց ոչ քո մասին

պարզ ճշմարտություններ են պետք
որ այնքան ունեիր
երբ դեռ փոքր էիր մարմնով…

որքան մեծ ես եղել
որքան մեծ են եղել բոլորը.
դատարկ կտավներ
որ լցվում են գույներով մեծ վրձինների

երեխան հնարավորություն էր աշխարհի համար

իսկ դու փակուղում ես
ու չես հասկանում
աշխարհի՞, թե՞ քո գույները քեզ դարձրեցին անհնարություն
ինչո՞ւ կտավն աղտոտվեց
մի՞թե ոչ ոք սպիտակ վրձնով չի փակելու քաոսը
և արդյոք իմաստ ունի՞ նկարել հակառակ կողմում`
սեփական գույնով անաշխարհիկ

հաճախ իմաստը հայտնվում է ինչ-որ բան
անելուց հետո
թեև անելուց առաջ արդեն կար այն
ինչ եղավ
բայց ոչ քեզ համար

բավական է

պարզ բառեր են պետք
չվերլուծվող
չմեկնաբանվող
չգիտակցված բառեր

միայն այդպես հասկանալի կդառնան
բոլոր բարդ բառերն
ու նախադասություններն անվերջակետ

երաժշտության համար նոտաներ են պետք

մնում է գտնել առաջին նոտան

հասնել սկիզբ

բայց ինչպե՞ս
երբ ամեն նոտայից միլիոնավոր
երաժշտություններ են սկսվում

նվագում է Րախմանինովն
ու ծանոթ դիմագծեր է ուրվագծում գիշերը

խաղում է ջազը մաշկիս տակ
և գույները պտտվում են անկանգ

ափս մեկնում եմ գունապտույտին
և մատներով որսում կապույտը
մուգ, գրեթե մոխրագույն

պատրանքներն այս

գիշերը հոտ ունի, քամի
ու աստղերի մեջ հին գիշերներից մնացած հավատ

գիշերը գիտի ինձ, ինչպես չգիտեմ ես

ինձ գիշերներ են պետք

միայն խավարի մեջ ես ուղղորդվում դեպի լույսը
իսկ լույսի մեջ` խավար

անբացատրելի մարդ
անբացատրելի աշխարհ

մուգ, սև շենքեր
ու քայլեր, որ տանում են դեպի լույսը

բայց կհասնի՞ այն քեզ
երբ այդքան որդեր են անխնա լցվում ներս

աշխարհն այնքան փոքր է
երբ փախչում ես
և այնքան մեծ
երբ ինչ-որ բան ես փնտրում

կհասնի՞ լույսը քեզ
երբ մի ափիդ մեջ կյանքն ես սեղմում
իսկ մյուսում`
սերը

և սեղմվում ես երկուսի միջև

միաժամանակ

միջտիեզերական ու միջբջջային տարածություններում

փողոցներում
շենքերի մեջ
մուգ, սև, կիսաքանդ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն