Վայրկենաչափ

Ես սիրում եմ ժամսլաքի ա՛յն ցատկերը,
Երբ շուրթիցս լռության խուլ գոչ է գալիս,
Երբ շանթում են հնգաթևի ալիքները,
Կոսմիկական հյուլեի պես
կուչ եմ գալիս…
Ցնորվում եմ հասկանալու
չափ ծեր բարդուն,
Իմաստնանում մարդու լեզուն
Չըմբռնելու աստիճանի,
Երբ հայում եմ ինձ վերևից,
Կիսվելիս ու բոլորվելիս,
Բոլորի մեջ մոլորվելիս,
Բոլորի հետ մրուրվելիս,
Բարուրվելիս,
Բարուրելիս,
Մարելիս ու մարմարվելիս,
Իմ տեսակին անմնացորդ խառնվելիս,
Իմ տեսակից անհետևանք խռովելիս,
Ժպիտներս արտասուքով լվանալիս,
Հեծկլտոցով ծիծաղելիս,
Ներկան հնով հնարելիս,
Գալիքի հետ խաղ անելիս…
Ես սիրում եմ…
Ես սիրում եմ ա՛յն ցատկերը ժամսլաքի,
Որոնք, իբրև արհեստավարժ
Խենթանալու կարողության պարգևատրում,
Սրտիս զարկից հետ են մնում,
Մինչև անգամ դոփում տեղում…
Ես սիրու՛մ եմ ժամսլաքի այդ ցատկերը:

Ապաշխարանք

Ահա քանիերորդ անգամ
Ես խորհեցի, վերհանեցի,
Գալարներում իմ ուղեղի վերծանեցի
Այն ամենը, ինչ դիպավ ինձ,
Այն ամենը, ինչ չհասավ,
Եվ ամենը, ինչ կհասներ,
Թե գրպանս ծանր լիներ,
Այն ամենը, ինչ ինձ պետք չէր,
Եվ ամենը, ինչից պետք էր
Հեռու փախչել աներկբայել
Մինչ այն պահը, երբ մութն անհագ
Կսուզեր ինձ խորքն անհատակ,
Ուր ամեն մի խղճուկ ռամիկ
Կուլ է տալիս արտաշունչն իր,
Երբ ընչեղի քսակը լայն
Բաց է տեսնում թեկուզ վայրկյան:

Ու ամենքից, ամենից զատ
Ես պիտի լամ, պիտի ողբամ,
Երբ սրա մեջ կսայթաքի
Իմ անմեղ ու անբիծ տղան…
Երբ իր մաքուր ճերմակ ծունկը
Անարժանին կծնրադրի,
Եվ իր անթագ թանկ գլուխը
Դատարկամիտ թագավորին կխոնարհի…
Երբ տուն կգա նա գլխիկոր,
Իր մտքերում թավալգլոր,
Եվ անթեղված կրակներից
Վեր կհանի ակնածանքներ բոցահրաշ,
Ու թանձրախիտ առաստաղից
Հայացք կուղղի առ աստղն իր…
Կկարծի, թե վառ-լուսոտված լայն ճակատին
Մաղվեց ճերմակ աստղափոշին,
Այն պահին, երբ բեռնատարը մեծ ընչեղի
Ծանր ու մեծ մեր տան կողքով կգլորվի,
Ու ծափ կտան պատերը բյուր վարձկանների:

Թե ես այնժամ իմ մեղսագործ,
Դողացող ու մերկ ափերով
Գոյությունը իր մատնեցի
Ամենակուլ, ժանտ աշխարհին,
Այժմ ցավով պիտի սրբեմ,
պիտի կոծկեմ ո՛չ աստղից,
այլ առաստաղի՜ց թափված փոշին՝
Իբրև աղոթք մտացածին
բարձրյալներին,
Իբրև իմ հին մեղանչելուն
աղեկտու՜ր ապաշխարանք…

Աստղածարավ

Ես մի փոքրիկ կեսակնթարթ
Հսկայական մոլորակի
Կարող դարձա կուլ տալ մի պահ
Աստղաձուլված սրտով ագահ
Ապա հոգով երբեմնի խիստ աստվածավախ
Եվ այժմյա ուղեղով գեր-աստղածարավ
Ո՜ղջ չիմացյա՛լ մի տիեզերք…
Ակնթարթն այդ տևեց
Միայն… աչքիս մի թարթ.
Ու ես նորից վայրկենական
Մի դիպված եմ,
Նորից փոքրիկ կեսակնթարթ
Այս հազիվհազ նշմարելի,
Հսկայական մոլեկուլի:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն