Անգիտակից մտքերս
ձևավորում էին
երազներ,
որոնք
արտահայտում էին
իմ հույզերը,
զգացմունքները,
վախերն ու
տագնապները,
սերն ու կարոտը։
Ես տեսնում էի
ստեղծագործական,
սյուրռեալիստական
և, ամենատպավորիչը,
աստվածային երազներ։
Ամեն գիշեր 100-120 րոպե
ես փորձում էի սինթեզել
անգիտակից
մնացորդային մտքերիս
էքսցենտրիկ մտապատկերները։
Արագ աչքի շարժման (REM)
քնի փուլում
նեյրոհաղորդիչների
նեյրոադրենալինի,
սերոտոնինի և հիստամինի
արտադրումն ամբողջովին
սահմանափակվում էր։
Ես չէի գիտակցում,
որ երազում եմ,
քանի որ գլխուղեղիս կեղևի
ֆրոնտալ հատվածը,
որը պատասխանատու է
տրամաբանության
և պլանավորման համար,
ցուցաբերում էր
նվազ ակտիվություն
երազ տեսնելիս։
Ես ցանկանում էի
երազներս դարձնել
գիտակցված հոգեթերապիա։
Մտավոր վերամիավորման
գործընթացն օգնում էր
ուղեղիս ինֆորմացիոն ցանցում
ճկունություն դրսևորող
օպտիմալ ինֆորմացիա պահպանելուն։
Գիտակցված
երազատեսության ընթացքում
փորձարկում էի ինձ
տարբեր իրավիճակներում,
որոնք տեղի չէին ունենում
իրական կյանքում,
գտնում էի ելքեր և լուծումներ,
օգտագործում էի
այդ տեղեկատվությունը
սեփական անձի
ինքնակատարելագործման համար։
Համապատասխան
տրամադրվածությունս
հնարավորություն էր տալիս
հոգեթերապևտիկ հայեցակետի…
Գիտակցված
երազատեսության ընթացքում
կառավարում եմ սյուժեն՝
վախերս ու տագնապներս
վերափոխելով փորձառության՝
կյանքի իրադարձություններում։
Նախագծում եմ երազներս այնպես,
որ գտնվեմ իմ ցանկացած վայրում,
սերն արտահայտեմ
հոգու և մարմնի
կապակցված գիտակցության միջոցով՝
կարոտի տարբեր դրսևորումներով։
Ախտազերծում և համակարգում եմ
գիտակցությունս՝
մտքերի, հույզերի և զգացմունքների
լաբիրինթոսում։
Այժմ տեսնում եմ
հոգեթերապևտիկ և հիգիենիկ երազներ,
որոնց վերաիմաստավորումն
իրականանում է
կյանքի սինթետիկ մտապատկերներում։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն