Աչքերը կապույտ են

Այդ օրը մութը շուտ էր ընկել: Սովորականի պես հեռուստացույց էինք դիտում, երբ դրսի դուռը ինչ-որ մեկը ոտքով խփեց: Բացեցի: Ներս մտավ: Ճակատը սառը քրտինք էր պատել: Եղբայրս խնդրեց քրտինքը սրբել, ջուր տալ: Հետո ասաց. «Ձախ թևս կոտրվել է»:
Ձախ թևս ծանրացավ. այնպիսի զգացողություն ունեցա, կարծես ուզում էր ինձնից պոկվել: Ուսս չդիմացավ ծանրությանը, ու ընկա գետին: Ինչ-որ աղմուկ լսեցի. հայրս ու մայրս վիճում էին, թե որ հիվանդանոցը տանեն եղբորս: Վերջապես երեքով դուրս եկան` այդպես էլ չորոշելով ուր գնալ: Երկար ժամանակ մնացի գետնին ընկած: Շոշափեցի գետինը, փորձելով գտնել ինձ, ու վերջիվերջո գտա: Ձախ թևս ուզում էր ճեղքել հատակը ու ընկնել առաջին հարկ: Հետո կճեղքեր առաջին հարկի հատակը ու կհանդիպեր ասֆալտին. համոզված եմ ասֆալտն էլ կկարողանար ճեղքել:
Ես կռահում էի ձեռքիս ցանկությունը: Սողացի հատակի վրայով` ետևիցս քարշ տալով ձեռքս: Հասա ննջասենյակ: Բացեցի պահարանը ու վերցրեցի դագաղը: Մի ժամանակ մազակալներս էի պահում դրա մեջ: Վերցրեցի ու գնացի: Գնացի կատարելու ձեռքիս ցանկությունը:
Մայրս ճանաչելով ինձ, թողել էր եղբորս հիվանդանոցում ու ասել. «Գնում եմ Լիլիթի մոտ»: Եկել էր տուն ու դուռը գտնելով բաց` վերադարձել էր հիվանդանոց: Նա գիտեր թե որտեղ էի:
Մութ էր, ու ոչ ոք ինձ չնկատեց: Մթության մեջ նշմարվում էին միայն աջ ձեռքով գրկած կանաչ դագաղն ու նույն գույնի մազերս: Գնացի, գնացի ու բոբիկ ոտքերս խրվեցին փափուկ հողի մեջ. հասել էի:
Հողը կանչում էր ձեռքիս:
Աջ ձեռքով փորեցի հողը մինչև լուսաբաց: Հետո ձախ ձեռքս դրեցի դագաղի մեջ: Մի կերպ փորած հողը լցրեցի տեղը ու ձեռքս վերջապես հայտնվեց հողի տակ: Քնեցի բայց ոչ մենակ, կողքիս հանգուցյալ պապս էր:
Արթնացա երանության զգացումով: Այլևս չէի զգում ձեռքիս ծանրությունը: Նույնիսկ մատներս էի շարժում, տկտկացնում պատերին: Զվարճալի զբաղմունք էր դարձել ճանճերին բռնելը, որոնք անընդհատ պտտվում էին հողաթմբիս շուրջը: Ու մի անգամ էլ բռնեցի… բայց չկերա:
Ցերեկները այնքան էլ տխուր չէին անցնում, այսպես թե այնպես ինչ-որ մեկը մահանում էր ու ես ակամա ներկա էի գտնվում սրա-նրա թաղմանը: Կամ էլ նայում էի պապիս շիրմաքարին ու թվարկում, թե ինչ է արել. ծառ է տնկել, տուն է կառուցել: Գիշերները թախծում էի: Պարապությունը լցվում էր աջ ափիս մեջ` թողնելով միայն շնչել գերեզմանոցը ծածկող ծաղիկների բույրը: Ծաղիկները գիշերն ավելի անկեղծորեն էին բուրում:
Եկան բարեկամներս: Մի-մի բաժակ օղի խմեցին, հաց կերան. մնացածն էլ թողեցին ինձ: Ծաղիկները դրեցին հողաթմբիս վրա ու հեռացան:
Առավոտյան արևը ծակծկեց կոպերս: Արթնացա: Անչափ քաղցած էի: Նայեցի շուրջս: Ուտելիքը վերջացել էր: Այնքան կուզեի այն չարաճճի ճանճերից մեկը հայտնվեր: Կբռնեի և չէր հասցնի վերջին ցանկությունը հայտնել, երբ նրան կուտեի:
Հեռվում հայտնվեց մուրացիկը: Շրջում էր գերեզմանոցում ու հերթով նայում շիրմաքարերին: Ուտելիք էր փնտրում: Իմ հերթն էլ հասավ: Ոչինչ չգտնելով` հիասթափվեց:
Շշնջացի. «Քաղցած եմ»: Մուրացիկը շրջվեց. երևում է զարմացած էր:
-Ես մահացածներին ուտելիք չեմ տալիս.նրանցն եմ ուտում,-ասաց նա:
Հաջորդ օրն ինձ այցելեց փոստատարը: Մորիցս ծանրոց էր բերել: Երկար նայեց վրաս ու հեռացավ: Աջ ձեռքով սկսեցի բացել: Թզի մուրաբա, դեղձի չիր, լավաշ, տաբատներ, վերնաշապիկներ: Ծանրոցի վրա հասցեի փոխարեն գրված էր. «Քիչ է մնացել»:
Ժպտացի: Մայրս նույն համառ լավատեսն է մնացել:
Կերա մուրաբայի հատիկները, դեղձի չիրը: Տաբատս էլ կփոխեի իմն ամբողջովին ցեխոտվել էր, եթե կողքիս չլիներ պապիս շիրմաքարը: Նրանից միշտ էլ ամաչել եմ: Անձրև եկավ: Թրջեց վերնաշապիկները, տաբատները, լավաշը, մուրաբան, չիրն ու ինձ  բացի ձախ ձեռքիցս: Էլի ինձ ու պապիս շիրմաքարը: Անձրևը երկար տևեց: Կարծես երկինքը լաց էր լինում վրաս: Բայց չէ որ ես չէի մահացել: Երևում է երկինքն ինձ լավ չի ճանաչում: Հեռվից կամա՜ց-կամա՜ց գալիս էր մայրս: Ոտքից գլուխ թրջվել էր: Սովորականի պես հանգիստ էր: Ոչինչ չէր հուշում թե լաց է եղել: Այո, մայրս գիտեր, որ ես մահանալու սովորություն չունեմ:
Նույն հանգիստ տոնով էլ ասաց.
-Գնացինք:
Ես ցույց տվեցի հողաթումբը:Երկուսով փորեցինք…փորեցինք…
Հետո մայրս երկար ժամանակ ցանկանում էր ազատվել եղունգների տակ հավաքված հողից, բայց այդպես էլ վերջնական հաղթանակի չհասավ:
Ձախ ձեռքս հանեցինք հողի տակից: Շարժեցի: Ցավն ամբողջովին անցել էր: Նայեցի կանաչ դագաղին: Դա մի սովորական տուփ էր: Գրկեցի տուփս ու երկուսով գնացինք տուն:
Հայրս ինչպես միշտ հեռուստացույց էր դիտում: Երբ տեսավ ինձ, ժպտաց: Մայրս արագորեն գնաց լոգարան` լվացքը լողակելու: Եղբայրս հյուրասենյակում էր: Շրջվեց ու ասաց.«Բարև»: Երկար նայեցի նրան: Եղբորս աչքերը կապույտ են, ծովի կապույտ: Կապույտը սկսեց տարածվել հյուրասենյակում, ու ես դուռը ետևիցս փակեցի` չվախենալով խեղդվել: Լողացի կապույտի միջով ու շոշափեցի նրա բիբերը:
Սենյակումս ամեն ինչ մնացել էր նույնը: Նույնիսկ պահարանիս դուռն էր բաց մնացել: Ուզում էի տուփս դեն նետել պատուհանից… թիկունքում լսեցի մեկի հանդարտ շնչառությունը: Շրջվեցի:
-Եղբորդ տեսողությունը գնալով վատանում է, պետք է բժշկի տանենք,- ասաց մայրս ու փակեց պահարանի դուռը:
Մայրս հենց այնպես ասաց, ուղղակի, մեկի հետ սիրտը կիսելու համար: Մի պահ լռություն տիրեց: Մայրս հավաքում էր սենյակը, ես` նայում պատուհանից դուրս:
Հետո կանաչ դագաղը դրեցի մահճակալիս տակ: Երևում է դեռ ինձ պետք էր գալու այս անգամ արդեն աչքերիս համար:

 

Հատված օրագրից

Երեկ կիրակի էր` հանգստյան վերջին օրը: Սովորաբար ամեն կիրակի ես լողանում եմ. նախապատրաստվում աշխատանքային առաջին օրվան:
Ավագ քույրս ինձ ուղեկցեց լոգարան, ծածկեց դուռը ու չզլացավ հանել հագուստներս: Այնտեղ ինձ արդեն սպասում էր կարմիր տաշտը, որի մեջ լողում էին հայրիկ-մայրիկ բադիկները իրենց ճուտիկի հետ: Մինչ քույրս տաք ու սառը ջրերը իրար էր խառնում ես մերկ կանգնել էի սալահատակին սպասելով…
Իմ մասնագիտությունը սպասելն է:
Նախապատրաստական աշխատանքները վերջացնելուց հետո ասաց.
-Դե՛, արի՛:
Մտա տաշտի մեջ` մի կողմ հրելով բադիկներին: Քույրս վերցրեց շամպույնի հսկայական շիշը ու մոտ կեսը լցրեց գլխիս: Ի՜նչ փրփուր ստացվեց: Փրփուրը բարձրացավ, բարձրացավ այնքան, որ քույրս խորհուրդ տվեց դրանով նաև բադիկներին լողացնել:
-Ես և Գևորգը այնքան երջանիկ ենք, որ մեզ հետ ես: Դու այստեղ կմնաս այնքան մինչև մենք երեխա ունենանք:
Ես ցանկանում էի ճչալ.«Ախր բոլորը, բոլորը բացի քեզնից, նույնիսկ Գևորգը, գիտեն,որ երեխա չես կարող ունենալ»: Բայց լռեցի: Լռելը նույնպես իմ մասնագիտությունն է:
Հանկարծ լսվեց զանգի ձայնը: Քույրս կիսավախվորած ձայնով շշնջաց. «Գևորգն եկավ»: Նա հապշտապ հարդարեց մազերը ու վերջին անգամ իրեն նայելով հայելու մեջ` նետվեց դեպի դուռը:
Մնացի օճառաջրի մեջ նստած: Հետո մի կերպ գլուխս հենեցի տաշտի բռնակին` հայացքս ուղղելով առաստաղին:
Մի անգամ մի մարմնավաճառ հայտարարել էր, որ երիտասարդության տարիներին`աշխատանքի ժամանակ նայում էր առաստաղին`փորձելով գտնել այն կետը որտեղ կարող էր թաքնվել:
Քույրս վերադարձավ: Նրա երեսունչորսամյա դեմքին առաջին անգամ նկատեցի կնճիռների նախանշաններ:
Քույրս սկսել էր ծերանալ:
Անփութորեն տաք ջուրը լցրեց գլխիս` կարծես թե ինչ-որ բան էր պատահել նրա ու Գևորգի միջև:
-Վառվեցի՜:
Քույրս մայրաբար ժպտաց. երևի մտածեց հերթական չարաճճիությունս է: Հետո ներս մտավ Գևորգը. ձեռքերը լվանալու:
Ես ամոթից գլուխս մտցրեցի օճառաջրի մեջ` նմանակելով ջայլամների հայտնի սովորությունը:
Գևորգը մի ձեռքը պահեց ծորակի տակ, մյուսով գրկեց քրոջս ու համբուրեց,հետո մյուս ձեռքը պահեց ծորակի տակ և արդեն մաքուր ձեռքով գրկելով քրոջս նորից համբուրեց: Ես գլուխս հանել էի օդ շնչելու ու հասցրի նկատել, որ ամեն ինչ կարգին է. նրանք չեն վիճել: Այդ արարողությունը ինձ հիշեցրեց լավաշի թխման հերթափուլերից մեկը, բայց դա էական չէ:
-Դու այդպես ձուկ էլ կբռնես,-հիսունամյա մարդուն հարիր կերպով կատակեց Գևորգը:
Քույրս մի փոքր բարկացած ականջս քաշեց: Ստիպված գլուխս բարձրացրեցի:
-Տես,-ցույց տալով որովայնիս խալը ասաց քույրս,-երեխայի խալը մեծացել է: Պետք է բժշկի տանենք:
Գևորգը գլուխը դրականորեն շարժեց ու ասաց.«Սոված եմ»: Երկար ժամանակ մնաց անշարժ կանգնած: Խոնավ աչքերը հառել էր վրաս ու երբեմն-երբեմն թարթում էր: Քույրս ուզում էր գնալ խոհանոց…
-Այպես երեխան կմրսի,-հայացքը չկտրելով ինձնից ասաց Գևորգը:
Ավտոմատ լվացքի մեքենայից քույրս հանեց վերմակը ու գցեց վրաս:
-Հիմա կգանք:
Երկուսով դուրս գնացին:
Վերմակը ներծծվեց օճառաջրով: Բրդի ծանրությունից շնչահեղձ եղա: Մարմինս սկսեց ծակծկել: Կանգնեցի տաշտի մեջ ու նայեցի հայելուն: Գոլորշիով պատված հայելին հազիվ էր արտացոլում պատկերս: Մատով ճեղքելով գոլոշիները գրեցի իմ ամենասիրելի տողերը.
«Սկոպաս. քանդակագործ. որն առաջինը ներմուծեց տառապանքի մոտիվը»:
Քույրս վերադարձավ: Փաթաթեց ինձ վարդագույն սրբիչով: Օգնեց հագնել հագուստս ու ուղեկցեց ննջասենյակ: Մի կերպ մահճակալիս վրայից վերցրեցի Սագանի «Բարև Թախիծը», հագա գլխարկս ու մտա անկողին:
Չկարողացա քնել: Շուտով հայտնվեց քույրս: Տեսնելով ինձ արթուն` տարավ իր սենյակ:
-Պառկի՛ր իմ ու Գևորգի մեջտեղում, այդպես մահճակալից չես ընկնի:
Առավոտյան արևը չէր կարող ստիպել ինձ մոռանալ մասնագիտությունս: Փշաքաղվել էի, նույնիսկ աչքերիս բիբերն էին փշաքաղվել, որովհետև ես տասնութ տարեկան եմ:
Իսկ քույրս չմոռացավ հիշեցնել ինձ սանրել մազերս, լվանալ ատամներս ու մեղրաջուր խմել: Երեքով տնից դուրս եկանք: Գևորգն ու քույրս, թռցնելով փոսաջրերի վրայով, տարան ինձ համալսարան`այսպես ասած մասնագիտություն ստանալու:
Չնայած դա ինձ հարկավոր չէ, չէ որ ես հրաշալիորեն կարողանում եմ սպասել, լռել ու փշաքաղվել:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն