Տեղատարափ անձրևի կաթիլները թեթևաշարժ մի հարվածով տապալում են կիսավեր բնակավայրերը բացահայտող պատահական կայծերը: Անխնա թրջում են օտարականի դիմագծերը և այնուհետ` տղամարդու մասին հիշողությունը: Մտքերս հավաքելով և հասցնելով նոր գաղափարի խոնավ մակերևույթին, այն է՝ գտնել ապաստարան՝ ծանր քայլերով հասնում եմ քարանձավին ու կանգ առնում մուտքի մոտ:
Մոգը նստել էր խարույկի առջև, երբեմն-երբեմն կախարդական հնչյուններ էր արձակում կրակը բորբոքելու համար: Նրա երկար զգեստի փեշերը քսվում էին գետնին, ու երբ կրակի շուրջը խենթ պար էր բռնում՝ թևերը տարածած աջ և ձախ, հագուստի երկար ծոփքերը ճոճվում էին օդում:
— Սսսսսսս, նրանք այստեղ են,- մոգը մատնացույց է անում ճամպրուկը: Մի ցատկով նստում է ճամպրուկի վրա, որպեսզի ոչ ոք չտիրանա նրան:
Մոգի խելացնոր շարժումներից վարդապետը կծկվում է սքեմի մեջ, անքուն ու ջլատված ուժերով նստում քարայրի մի անկյունում: Մոգը ձեռքի մի շարժումով հրավիրում է վարդապետին մոտենալ կրակին: Նա խարույկից վառում է երկար ծխամորճը, ծխի մի քանի քուլա փչում օդ ու փոխանցում վարդապետին, վարդապետը առանց ծխելու՝ ինձ, ես` մոգին: Երկար թվացող այս նորահայտ բարեկամության պտտվող շրջանը խաթարվեց անձրևի շշյունի փոխարեն հրացանի ընկնող փամփուշտների, այնուհետև պայթող արկերի ձայնից: Քառասուն ու մի փոքր ավելի տևած պատերազմը հիշեցրեց իր մասին: Շուտափույթ ծագած այն հարցին` պատերազմի որերոդ օրն է, պատասխանեց մոգը՝ կարելի է որոշել զոհերի թվով, ու ձայնեց՝ գնդապե՛տ, ո˚ղջ ես:
— Այո՛,- արձագանքեցին քարայրի պատերը:
— Ուրեմն՝ պատերազմի յոթերորդ օրն է, հաջորդ առավոտ նա կզոհվի:
Խրամատը լքած զինվորները ծիծաղում էին մահվան աչքերի մեջ: Նռնակի պայթյունից հետո մարտիկների ծվեն-ծվեն մարմինները հայտնվում էին օդում՝ որպես խիզախների ընտրած մարտիրոսության ուղի: Տանկը ճզմում էր շղթայի տակ ընկած ամեն ինչ, մոտենում էր քարանձավին, երբ մոգն ասաց` ես գիտեմ թշնամու լեզուն: Արդեն քանի տարի է՝ կանանց վաճառում եմ նրանցից ականավորներին: Կմոտենամ հրամանատարին, իմ մատուցած ծառայությունների դիմաց կխնդրեմ խնայել կյանքս: Հենց նրանք են ամենագեղեցիկ կանանց տարել հարեմ, որովհետև ավելի լավ է ապրել հարեմում, քան քարանձավում ու տաքանալ կրակի շուրջ: Հավանաբար կզարմանաս` ինչպե˚ս կարողացա: Մոգությամբ: Կախարդում էի ծնողներին, որոնք հիմնական դրդիչ ուժն էին: Ինքնաթիռի վայրէջքից հետո խլում էի անձնագրերը ու նետում սիրո ճիրանների գիրկը: Սերը վերաճում է ազատության բացարձակ կորստի: Քեզ սիրում է մեկը, հետո մյուսը, սիրում են բազմաթիվ տղամարդիկ: Ճչում ես, սիրուց կորցնում ես գիտակցությունդ, ասես ներքին օրգաններդ առանց ցավազրկման վիրահատում են, որպեսզի հանեն վաճառքի:
Մոգը մի թռիչքով ցատկեց ճամպրուկի վրայից ու հասավ քարանձավի ելքին: Մեծ խոռոչը տարանջատում էր արհավիրքը իրականությունից, անցյալը` ներկայից: Վարդապետը չտեսավ, ձեռքերով փակել էր դեմքը. չեմ տեսնում, ուրեմն` չկա: Ես կանչեցի մոգին՝ դու մոռացար ճամպրուկդ: Թշֆշոնամի հրամանատարը մոգին կապեց տանկից և հաղթական քրքիջով քարշ տվեց իր բանակը:
Պատերազմն ավարտվեց:
Բացեցի մոգի ճամպրուկը, կարծում էի՝ կախարդական իրեր կհայտնաբերեմ. պաշտպանիչ թալիսմաններ, դյութանքի օծանելիքներ, ես և վարդապետն ակնկալում էինք բացատրական գրություն, որով կարող էինք տնօրինել մոգի գույքը և մնալ անվնաս: Փնտրում էինք տան հասցեն, որպեսզի ծնողներին հայտնենք ցավալի լուրը, սակայն ճամպրուկում միայն կանանց լուսանկարներն էին: Մոգը հավաքում էր լուսանկարներն՝ իբրև կործանված ճակատագրերի հաղթության նշան: Վարդապետը երկար թերթելուց հետո շարական մրմնջաց: Ձայնի մաքուր նոտաներն անցան քարայրի ճեղքերի միջով, թարմությամբ բուրող հեռուներով, անցան անտառները, և գուցե ելևէջը հասավ լեռնագագաթ:
Վարդապետը հուզմունքից դողում էր` ես տեսնում եմ լեռը. բարձրացիր գագաթը և հայտնիր ինձ` ինչպես են մարդիկ ապրում լեռներից այն կողմ:
Սեփական տեսիլքից պայծառացած դիմագծերը ճակատի խոր կնճիռներում ստվեր դարձան, իջնելով՝ բերանի անկյունները ընդգծեցին փոքր-ինչ ձգված կոր շրթունքները: Վարդապետն անհանգստացած բռնեց ձեռքս՝ որպես մի պարմանուհու, որին ուղղորդում է ձյունաճերմակ ցնորք լեռը: Լեռան ստորոտում թուլություն զգաց, գլուխը ծուլորեն դրեց ժայռից պոկված քարին ու փակեց աչքերը: Վարդապետը կրկին երգ էր մրմնջում: Ես վերցրի մոգի ճամպրուկը և սկսեցի բարձրանալ լեռն ի վեր: Անհնար է կանխորոշել` տղամարդու մասին հուշե՞րն են ծանրացել, թե՞ լուսապսակներով լի ճամպրուկն է ծանր հետք թողնում դեպի վեր ձգտման անփոփոխ ցանկության վրա: Չէ՞ որ ես տղամարդուն հանդիպել էի նախքան պատերազմը: Ինձ երջանկության իրագործումն առավել հավանական էր թվում, քան մարտական գործողությունների վերսկսումը: Առաջին արկերը պայթեցրին մոտակա փոստի շենքը, հեռագրերը լռեցին, և ես այլևս ոչ մի տեղեկություն չստացա նրանից:
Հեռագիր 1
Պատերազմ է: Սերը հնարավոր է, եթե արթուն է կորցնելու վախը և կամքը:
Հեռագիր 2
Կան բազում զոհվածներ և գերիներ: Մոգն այլևս մեզ հետ չէ:
Հեռագիր 3
Բարձրացիր լեռն ի վեր:
Ես կառչում էի քարերից, կոտրում խնամքով երկարացրած եղունգներս, արդյունքում՝ արյան բծեր էին հայտնվում մատներիս. վճարում էի բարձունք հասնելու գինը: Հենարանս վստահում էի ժայռաբեկորներին, որ սայթաքում էին ցած, գլխապտույտ առաջացնելու չափ հուշում ստորոտի մասին: Բարձունքում նկատեցի արյան հետքերով պլաստմասե արձաններ: Հավանաբար կաթնասուններ էին զոհաբերվել նրանց: Ուզում էի ճամպրուկը նետել մի կողմ և սպանված ամուսնու կողքին բաց կրծքով կերակրող մոր հետ արտասվել հավասար արցունքներով:
Ձայնում եմ վարդապետին, որ կուռքեր եմ տեսնում, մարդիկ պաշտում են աստվածներին: Ի պատասխան հնչում է` դեռ վաղ է հանգիստ առնել, դու լեռան գագաթին չես:
Միայն արևով ներծծված օրվա կեսօրին, 789-րդ դեղնաշագանակագույն քարակտորին կանգնած, աղոտ երևաց լեռնագագաթը: Թվում էր` տղամարդը ապառաժից էր պոկվել. բիբերի մեջ թշնամու խոցված տանկի արհավիրքն էր: Նրա մազերը թաց էին, ասես ոչ թե քրտինք էր, այլ առատ անձրևի կաթիլներ, որ պիտի սնուցեր ուժ տվող երկրի հողը: Չորուկ մոլախոտերով ծածկված հողը ճաքճքել էր մաշկի պես ու լցվել եղունգների տակ: Տղամարդը խնամքի կարիք ուներ, նա հողմահարված անուրջի պես հայտնվել էր կարծեցյալ աշխարհում, ուր պատերազմի վախճանից հետո ավարտվում է ուխտի ելած կնոջ ճանապարհը: Առանց գուրգուրանքի բառեր թռան կոկորդից` բա՛ց թող ճամպրուկը, քո ուժերը չեն բավականացնի հասցնել գագաթ: Բացի՛ր, ու քամին ողջ թեթևությամբ կթռցնի նրանց խենթ ուղղությամբ:
Ժամանակի տառապանքներին չհանձնված հոգիները սիրո մոգական շնչով միավորվում են երկփեղկված սարի գագաթին: Նրանք նայում են վեր. երկնքում շղթաներ կազմած՝ պտտվում են վաճառված կանանց լուսանկարները, որ աստիճանաբար լուսապսակներ են կազմում և վարդապետական օրհնությամբ հայտնվում գլխավերևում: Դեռ չծնված վայելքի պես կնոջ և տղամարդու շուրթերին զգուշորեն գծապատկերվում է անթաքույց մի ժպիտ:
Մարտ 2022 թ.