Լինել
Ռյու դը յավալում գտնվող նրա արվեստանոցում և տեսնել կենտրոնում դրված ջրով կիսալի վաննան, որի եզրին մեղմ իջնում է կնոջ հոտով լի սրբիչը… Դեգան աշխատում է իր նոր կտավի վրա դանդաղորեն, անվերջանալի բծախնդրությամբ, վրձինը գրեթե չի ցնցվում… Նա երբեք չի շտապում նկարել և երբեք չի ավարտում նկարը… Արվեստանոցում փակ են բնական լույսը թափանցող հնարավոր բոլոր ճանապարհները. նա աշխատում է արհեստական լուսավորության ներքո` չվստահելով արևի շողերին և առհասարակ բնությանը… Նա վստահում է միայն իր ուսուցիչներին` հիմնավորելով արվեստում ընդօրինակման իր ողջ փիլիսոփայությունը, որտեղ բացակայում է սեփական ոճը գտնելու նպատակը… Ի՞նչ է Դեգայի համար ընդօրինակումը, եթե ոչ մեծագույն նկարիչների էսթետիկան հասկանալու անհագ կիրք… «Դեգան չունի ոճ. Դեգան հենց ինքը ոճ է…», ասում է Գոգենը…
Նա հենց այնպես չի տեսնում բնական գույներ և գծեր, դրանք երևում են այն ժամանակ, երբ նա թափանցում է Վերոնեզեի և Էնգրի ներաշխարհ, որտեղ գիծն այլևս գիծ չէ, և գույնը այլևս գույն չէ. դրանք արդեն տեսողական և հոգեբանական ընկալումներից դուրս մտածողություններ են…
Լինել
Դեգա և կիսատ թողնել իրավաբանությունը, փողոցով քայլել հոր հետ և թքած ունենալ կարծիքների վրա` մերթընդմերթ ուղղելով կլոր շրջանակներով ու կապույտ ապակիներով ակնոցը, սրամտել` ազնվական մատները թխթխկացնելով սև ցիլինդրի գլխին, չունենալ անձնական կյանք և թափառել գիշերային բարդելներով, հեշտությամբ կորել ամբոխի մեջ, բայց միշտ մնալ մենակ, տարվել ձիարշավորդներով, պարուհիներով և մերկ ու հարդարվող կանանց կերպարներով… Դեգան գիտի Դեգային…Դեգան չունի հուզականության ու սենտիմենտային դրսևորումներ. նրա նկարների ողջ զգացմունքայնությունը դրա բացակայության մեջ է… Դեգան տարված է գույնի, գծի, մտքի ու ֆորմայի շարժումով… Նրա պարուհիները երբեք չեն քարանում շարժման մեջ, քանի որ գտնում են իրենց հենց շարժման սրտում` որսալով հաջորդ շարժման կռահումը… Դեգայի շարժումը չունի անցյալ ու ապագա, այն պատկանում է միմիայն ներկային, իսկ գույները արտահայտում են յուրաքանչյուր շարժման անկրկնելիությունը…
Լինել
Դեգա և պատկերել լոգանք ընդունող ու սրբիչով մարմինը չորացնող կնոջ հմայքը… Արդյոք կարո՞ղ է քնքշությունից զուրկ և տգեղ կինը հմայիչ լինել… բայց Դեգան գիտի Դեգային. նրան բացարձակապես չի հետաքրքրում կնոջ դիմագծերի գեղեցիկ արտահայտչականությունը, նրան հուզում է կնոջ ձեռքում բռնած սրբիչի շարժումը, որ սահում է մարմնի վրայով, փաղաքշում մաշկը. ձեռքի շարժումից թեթև դղրդում են կրծքերը, ալիքները իջնում են ցած դեպի որովայնը, շոյում աճուկների նուրբ նեղուցները…
Դու արդեն լսում ես մաշկի տակ վազող արյան հոսքի ձայնը… Դեգան չի դիպչում կնոջը. նա կանգնած է մի փոքր հեռավորության վրա և հարդարում է նրա շագանակագույն վարսերը… Դեգան գիտի, որ կնոջը միայն հպվելով չեն սիրում…
Լինել
Դեգա և կյանքի վերջում նմանվել ճերմակած, կույր Հոմերոսին` քանդակելով մոմե և կավե պարուհիներ և հետո սեպտեմբերյան մի օր մահանալ` չմոռանալով Ֆորենին թելադրել սեփական դամբանաճառը` «Նա այնքան շատ էր սիրում նկարել»…
Լինե՛լ Դեգա…
Մնա՛լ Դեգա…