Լռության ճռճռոցները
Եվ ողջ օրը նորից բազմակետ դարձավ
Ու չգրված տող…
Աստված իմ ներսում բառեր է թքել,
Բայց կուլ չեն գնում…
Լռությունս է ծամում
Լքված իմ դատարկության
բոլոր բառերը…
Իմ ապրած բոլոր օրերը
լռությունն են լոկ,
մնացյալը բառ է…
***
Մի տխուր երգ,
այն մասին, որ….
Երգը գրելիս
տխուր չեն լինում,
այլ միայն տխրած,
որ ասկոֆենից
չի բուժվում բնավ
երկնքից գլխիդ
ընկած խնձորի
հարվածի ցավը…
Ու որ անձրևը
հենց նոր փայլեցրած
հատակիդ վրա
ցեխաջուր է լոկ…
Ու կարոտը, որ
կապույտ ես կարծել
դու մինչև այժմ,
գիշերագույն է…
իսկ հրաժեշտից
առավել ցավոտ
լինում է մեկ-մեկ
և հանդիպումը…
ու տխուր է շատ
գիշերվա կեսին
գրել այս երգը
տխրության մասին….
***
Շարունակվում է սերը
տատ ու պապիս հարսանիքի հին նկարից` սև ու սպիտակ,
և Տերյանի գրքերի մեջ մորս պահած ծաղկաթերթից
մինչ նորաձև Iphon-4-ից ինձ ուղարկված sms-ում:
***
Երբ արդեն անկարող եմ
կանգնեցնել
անձրևի հարահոս ընթացքը,
միայն պատուհանից այս կողմ մնացած
փոքրիկ սենյակն է դառնում ապաստան,
որտեղ տաք է դեռ,
քանզի միակ անխլելին տաք պատրանքն է` չպատռվող:
***
Մի օր մի գրող
աչքերիս մասին ասաց`
մանկական,
Տեր իմ, թույլ չտաս`
նրանք մեծանան…
***
Ամենուր «որս» է ինտերնետային,
Որտեղ այլաձև այս մկնիկներով
Փորձում են «որսալ» նոր փիսիկների:
***
Այդ ինչի՞ց է, որ
Մտքի հորինած աշխարհը մի օր
Ավերվում է խեղճ մեր սրտի վրա:
***
Հըմ,
խոսիր,
գոռա,
Ոռնա,
Տրաքվիր…
Լռիր ու..
լսիր,
Թե ոնց են նվվում,
Ինչ են նվագում
Ոտնաձայների
Ու սրտիդ միջև
Ձգված,
ձըգ-ձըգ-ված
Նյարդաթելերը`
Նման մատներիդ,
Որ կծկվել են
Արնոտելու չափ..
Դրանց վրայից
թոթափիր իսկույն
քնքշանքի փոշին
ու թքիր գետնին
մեջդ մնացած
քնքշությունները`
շաղ տալով խուզած
մազերդ վրան…
Ու շպրտիր
Կոշիկներդ
Դեպի անցյալ,
Ու
շպրտիր երազներդ,
Ցավդ,
Գութդ…
Ազատիր ներսդ
Ա-ծա-կան-նե-րից,
Հար-ցա-կան-նե-րից,
որ կեռ գլխիկով
հուշում են անում…
ու
ա-զատ-վիր
հուշումներց…
***
Քրոջս
Արի գրկեմ, Մարըս,
Արի քեզ տաք գրկեմ,
Փոքրիկ թաթիկներովդ
Իմ աչքերը փակիր
Ու աշխարհը փակիր,
Որ չտեսնեմ, չզգամ…
Մարըս, այսօր պատմիր
Բոլոր հեքիաթները
Բարի, բարի, բարի
Փերիների մասին:
Պատմիր ու բլբլա,
Որ հավատամ ես էլ,
Թե չեն մեծանալու
Փոքրիկ իշխանները,
Ու որ չեն լքելու
Իրենց միակ վարդին,
Որ աշխարհի բոլոր
Ճանապարհներին էլ
Կա ետդարձի ուղի…
Արի գրկեմ, Մարըս,
Արի քեզ տաք գրկեմ…