width=
Ճամպրուկ
ճամպրունկներն արդեն հավաքված են, մնում է հեռանալը,
դռան բացումը դաժան արարողություն է,
միջանցքում սպասվող էներգիայի
ալիքի հարված,
գլխատված կայարաններում
թափառող դեմքերը,
որոնք չափազանց գեղեցիկ դիմագծեր ունեն
ու վերև բարձրացող ինքնաթիռները,
որոնք չգիտես ինչու չփակեցին իրենց թևերը,
չփակեցին և վերջ:

մարդկային վնասը համընդհանուր լարումն է`
հեռացող ճամպրուկների
մեծացող ոտնահետքերը
ու ափի մեջ չամփոփված ճակատագիրը…

կարճ ու կիսագանգուր մազերով տունը
կսգա հեռացումը,
ոտքը կորցրած տիկնիկը
կհայտնվի աղբանոցում
ու կկաղա որբացած փողոցի մերկության մեջ,
հանկարծ սառույցին կհայտնվի
հրաշագործ ծերուկը
ու շարունակ կկրկնի,որ իր հետ
նկարվելը փողով է,
հահահա, փողով…

բոլոր դարակներում ատրճանակներ կան,
հաջորդականության 5-րդ անդամը մեկուսացավ՝
չիմանալով, որ տան դեղին պարիսպը
ընդամենը մետաքսյա զգեստի մի մասն էր …

13 տարեկանում ես որոշել էի թթվածին արտադրող սարք ստեղծել
իմ և հորս մոլորակի համար,
սկսեցի անգիր սովորել բոլոր
հնարավոր բանաձևերը,
բայց ոչինչ չստացվեց…
ես ստիպված էի ծիծաղել ինձ խելագար կարծող կնոջ աչքերի մեջ,
որովհետև նա գիտեր, որ հաջորդականության 5-րդ անդամը
արդեն վաղուց պատրաստել էր իր ճամպրուկները…

ՑուգՑվանգ
Ծեր մարդը խղճաց ինձ,
ես ընդամենը 17 տարեկան եմ…

Մերկացած բառեր,
չափահասության չտանող փորձանոթ,
գալարվող ամբոխ, որ օգտագործվեց,
մեկ բեմում,
իսկ հետո վերջին վագոնում գարեջուր խմեց
(բոլորն էլ մեռնելուց առաջ հարբում են)
երևի ես նրանցից մեկը չեմ`
դեռ բարձրանալ է պետք այս
անվերջանալի սանդուղքով…

Ծեր մարդու դողացող դեմքից հետո
ես սկսել եմ ուրվականների վրայով
թռչել սովորել,
սկզբում սպանեցի տանիքների վրա թափառող կատուներին,
հետո հիվանդ կնոջը մահճակալի տեղը
ցույց տվեցի`
չշտապելու պատճառով մոռացա
մանրը դեղատանը
ու մի լավ ծիծաղացի սև ժապավեններով փաթաթված էակի վրա,

ես անկանոն շարժում եմ շրթունքներս.
լացելը թուլության նշան է,
ես «ուժեղ մարդե երևալու հիվանդությամբ եմ տառապում,
ու Ծեր մարդը երևի նկատեց, որ տանիքը մի հետաքրքիր օր ծակվել է,
ու ջրի կաթկթոցը բորբոսի է հասցրել հատակը,

Տագնապի ահռելի զանգվածից ես սկսել եմ խնամել հոգիս
հաջորդ տարի` աշնանը, ես կարգավորված մարդ կլինեմ,
ինչ-որ դատարկ պատասխանատվության զգացում կա,
որից ազատվել երևի պետք չէ,
այլ դեպքում ինձ անընդհատ կուղեկցի Ծեր մարդու ստվերը…

Կնոջ մահը
Մեկը բարձրացրեց դրոշակը,
մյուսը ծոցատետրի մեջ գրառումներ արեց,
3-րդը՝ մանրուքներ որոնեց պսակները հաշվելու համար,
ու բացակայեցին միայն շամպայնի շշերը.
սա հենց խաղի վերջն է՝ կարճահասակ իրականություն…

սպիտակ մաշկով կինը քայլում էր գերազմանի վրայով
ու դեղին հիավանդությունից նա կորցրեց
իր աչքերը
ու արդեն անհնարին է գտնել նրա տեսիլը
սև սավաններով ծածկված հայելիների մեջ
եվ միթե բանականությունը
երբեք չի հաղթում…

սա գերազանցեց լույսի արագությունը,
վերելքի համար դեռ չլրացված
բարակ թղթեր կան
ու ես չգիտեմ,այդ փետուրները
պատաստ էին թռիչքի
ու այս ամայի տարածության մեջ դեռ որքան դագաղներ կարելի է շարել…

գրողը տանի,այս ամենը չափից
դուրս ծանր է,
գլխուղեղիս մեջ ջարդված
ապակիներ են լցված
ու կրծքավանդակումս ահավոր
ցավ եմ զգում,
ինձ թվում է՝ օրը հազար անգամ նստում եմ էլեկտրական աթոռին
ու ողջ եմ մնում, որովհետև
այդպես եմ խոստացել,
իմ օրգանիզմը հաստատ չի մեռնի
հոսանքի մեծ չափաբաժնից,
որովհետև ես ամեն օր սպիներ եմ
բացում երակներումս…
ու անտանելի է ապրել
բացականեր դնելով…

գեղեցիկ ու չկնճռոտված ձեռքերով կինը
սեղմվում է ջրհեղեղի մեջ,
նա կացարան գտավ հարավի քամուց պաշտպանվելու համար
ու մարգարեներից, որոնք միայն գեղեցիկ մտքեր ունեին չապրված կյանքի մասին.
տեսնես Եդեմում օվկիանոս կա՞…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն