Երևանի առաջին ընկալումս որպես աշխարհագրական վայր, որպես քաղաք և ոչ որպես բնակարան, տուն, բակ, եղավ մի օր, երբ հայրս իր հետ տարավ կայարան, տատիկս գնացքով գալիս էր՝ պիտի դիմավորեինք: Ու կայարանի շենքի վրա «ԵՐԵՎԱՆ» բառը առաջին անգամ արձանագրեց ուղեղիս մեջ այդ անունով տեղանքի գոյությունը: Ես հինգ տարեկան էի: Պիտի հիմնավոր մեծամտությամբ ասեմ, որ ես այդ ժամանակ կարդում էի հայերեն և ռուսերեն: Այդ օրվանից «Ե»-ն հենց այդ տառատեսակով ինձ համար առաջին հերթին Երևանն էր:
Երևանի հանդեպ մանկության տարիներին անտարբեր էի: Ինձ համար կարևորը ծնողներս էին, տատիկս, որ պարբերաբար գալիս էր մեզ պահելու, մեր բակը Կոմիտաս չեմ հիշում որ հասցեում: Ես այնտեղ ապրել եմ երեք տարի, հետո տեղափոխվել ենք Պարոնյան-Լեո խաչմերուկ, որտեղ Ռաֆայել Իսրայելյան փողոց կար, որն անտես էր քաղաքացիների աչքից, մինչև Փարաջանովի տուն-թանգարանի բացվելը, տաքսի սերվիսների առաջանալը: Կոմիտասի մեր հինգ հարկանի շենքի հետևում քիմիական ինչ-որ ինստիտուտի, թե լաբորատորիայի շենք էր կարմիր քարից, իսկ բակը՝ լրիվ ծաղկի, ծառի, թփի մեջ կորած շատ մեծ տարածություն էր: Հավանաբար քիմիական ինստիտուտի համար էին ստեղծված այդ եդեմական պայմանները, բայց օգտվում էինք մենք՝ բակի երեխաներս: Դա իրականում մեր բակը չէր, այլ մեր «շենքի հետևը»: Լաբորատորիայի պահակը ղարաբաղցի Հակոբ դային էր: Մեզ համ տիրություն էր անում, որ մի աղետ չբերենք մեր գլխին, համ՝ իբր խիստ էր: Մենք իրեն սիրում էինք:
Բացի ծառերից, ծաղիկներից ու նեղ արահետներից, այդ տարածքում երկու լողավազան կար: Պատկերացնո՞ւմ եք, Կոմիտասի պողոտայի վրա, մեծ տարածքում՝ երկու բացօթյա լողավազան: Ու երբ ամռանը ջրով լցնում էին՝ մեկում տղաներն էին լողանում, մյուսում՝ աղջիկները: Սա վաղ մանկության Երևանն էր: Կոմիտասից գնացել եմ դպրոց՝ առաջին ու երկրորդ դասարան: Յոթ համարի տրամվայը, առավոտ շուտ, մանավանդ երբ ձյուն էր, կիսամութ քաղաքի մեջ իր ներսի վառվող լույսերով շատ ոչ սովորական հիշողություն է: Ինչքան էլ ձյուն լիներ՝ երկաթգծի վրա ձյուն չէր լինում ու ներսից լուսավորված յոթ համարի տրամվայը արտոնյալի նման սահուն իջնում էր Բաղրամյանով, հետո թեքվում ձախ՝ Լենինի պողոտայով, Լենինի պողոտայի մեջտեղում, դեպի Մատենադարան, բարձրություն կար, որտեղ մարդիկ սպասում էին տրամվայի, կամ իջնում տրամվայից: Երբ մի երեսուն տարի անց գնացի մեր հին բակը, զարմացա, որ կամիր տուֆից շենքը առանձնապես կամիր չէ, դե լողավազանները, բնականաբար չկային, տեղում « Տաշիր» պիցցա էր արդեն: Ես երբեմն հատուկ գնում եմ մեր բակ, երբ, օրինակ, շատ կարոտում եմ մեզ՝ անցյալում. միշտ զբաղված տատիկիս, անհավանական ջահել ու սիրուն մայրիկիս, բեժ անձրևանոցով երեսուներեք տարեկան հորս, փայտե ձողերով մանկական մահճակալի մեջ քնած եղբորս:

Հետո մանկությունս շարունակվեց Պարոնյան-Լեո խաչմերուկում, որտեղ անցավ պատանեկությունս, երիտասարդությանս մի մասը: Այստեղ մեծացա ու սկսեցի ճանաչել մարդկանց: Յոթ տարի դպրոց գնացել եմ Փակ շուկայի դիմացի կանգառից՝ 17, 24, 51 համարի ավտոբուսներով, որոնք միշտ լիքն էին ու ես խեղդվում էի: Հետո հայտնաբերեցի առաջին համարի տրոլեյբուսը, որը թեքվում էր Մոսկովյանով ու հասնում Պուշկինի դպրոցի մոտ, փառահեղ բան էր, փողոց անցնել պետք չէր, նույն մայթով իջնում էի Կրուպսկայայի դպրոց: Իսկ հետո, հինգ տարի, համալսարան՝ Մարքսի փողոցից, յոթ համար տրոլեյբուսով: Դա մի տրոլեյբուս էր, որի ուղևորները համարյա բոլորն իրար գիտեին դեմքով: Մենք գիտեինք ով որ կանգառում է նստելու, իսկ իջնելը՝ բոլորս համարյա միասին էինք իջնում՝ համալսարանի կանգառում, Չարենցի փողոցի վրա: Մի մասը գնում էր «Հայնախագիծ» ինստիտուտ, մյուսները՝ համալսարանի տարբեր ֆակուլտետներ: Կոնսերվատորիայի մոտ իջնում էին երաժիշտները, իրենց ծանր գործիքներով: Այդ տրոլեյբուսով Մարքսի փողոցից մեզ հետ գալիս էր նաև բանասիրականի պարետը:

Ինչով է տարբեր Երևանը
Ես ապրել եմ սովետական Երևանում, անկախության պայքարի Երևանում, իննսունականների ծանր Երևանում, հետոյի Երևանում՝ մինչև հիմա: Ամենալավ Երևանն այն էր, երբ ամեն ինչ առջևում էր:
Եթե հնարավոր լիներ ինչ-որ բան վերադարձնել հնից, անպայման կվերադարձնեի ծնողներիս ջահելությունը, իմ պատանեկությունը, Երևանի քանդված բոլոր շենքերը, տրամվայը, Գետառը՝ բանասիրականի մոտով անցնող, ու պատերազմում զոհված բոլոր ընկերներիս: Չէի վերադարձնի ռուսական դպրոցները, խորհրդային պրոպագանդան, կատաղած ուսուցիչներին, որոնք փորձում էին ենթարկել դժվար ենթարկվող հետաքրքիր աշակերտներին:

Երևանցիների տեսակ
Ես չգիտեմ որն է երևանցու տեսակը: Երևանում այնքան տարբեր մարդիկ էին ապրում՝ ազատ մտածող նկարիչներ, երաժիշտներ, ֆիզիկոսներ, բանասերներ, օրինապահ ու գրագետ ինժեներներ, ավանդապաշտ ու սահմանափակ հայ ընտանիքներ, սովետական ագիտացիայով սնված միջին քաղաքացիներ՝ օրինապահ ու օրենքը շրջանցող ճարպիկ հաշվապահներ, պահեստապետեր, ցեխավիկներ, դիսիդենտներ, այլ քաղաքներից Երևան եկած ինտելիգենտ կամ քաղքենի մարդիկ, հին ու նոր երևանցիներ. ո՞նց կարելի է տեսակ բնութագրել այս բազմազանության մեջ:
Եթե հնարավոր լիներ անհնար երկու բան, մեկը հաստատ այն կլիներ, որ տասը օր ապրեի ութսունականների վերջի Երևանում:

Երևանի մատնահետքը
Ինձ համար Երևանի ամեն քանդվող շենք անձնական ողբերգություն էր: Բայց Լեզվի ինստիտուտի շենքը քանդելուց հետո պարտվեցի ու անտարբեր դարձա ավերումի հանդեպ, ու մի տեսակ ավարտվեց հին քաղաքը: Հիմա ես ապրում եմ ուրիշ Երևանում, որը հարազատ է զավակներիս, ու եթե իրենց հարազատ է, ուրեմն նաև ինձ է հարազատ, բայց հինը չի հաստատ: Ես վստահ եմ, որ Երևանը կծաղկի որպես քաղաք, բայց երբեք չի ունենա հին քաղաքի պատկառանքը, որովհետև մեր հինը ավերեցինք, շատ սառնասրտորեն արեցինք մի բան, որն անկարելի էր անել մշակութաբանության կոնտեքստում: Մենք միշտ մնալու ենք ջահել քաղաք, դրա և լավ, և վատ իմաստներով: Ես այսօր չեմ կարող ասել, թե երևանցի եմ, որովհետև իմ Երևանը, որտեղ ես ինձ երևանցի եմ զգացել՝ չկա: Չկան մարդիկ, մեծ մասը գնացել են, մանկապարտեզս, որն իմ առաջին սոցիալական միջավայրն էր՝ քանդված է, ծնողներիս հիմնարկները քանդված են, դպրոցիս անունն այլ է, թեև՝ ավելի հաճելի անուն է, մանկական սրճարանս քանդված է, կինոթատրոններս չկան, արտելները, որտեղ մայրս շոր էր կարել տալիս՝ չկան, վարսավիրանոցները չկան, խանութները չկան, «Մանկական աշխարհ» խանութը չկա, այգիներս ու կարուսելներս չկան: Ես շատ ուշադիր եմ քաղաքի ամեն քառակուսու նկատմամբ, այնպես, ինչպես տանտիրուհին կարող է բացվող պահարանի ճռռոցից ասել, թե որ դուռն էր, կամ ով ինչ է փնտրում և որ դարակում: Օրինակ, ես վաղուց նկատել եմ, որ դպրոցիս այն պատուհանը, որն առաջ մեր ռազմագիտության դասարանն էր ու ճաղապատ, որովհետև այդ հատվածում մեր Կալաշնիկովն էր պահվում՝ հիմա միշտ բաց է ու քամոտ օրերին քամին պատուհանը տանում, բերում է: Չեմ կարողանում հասկանալ, ինչու է այդ պատուհանը միշտ բաց: Բազմաթիվ քանդված բաների շարքում մեկ էլ ամենաշատը ցավում եմ Սայաթ-Նովա փողոցի Բայրոն թեքվող հատվածից սկսած՝ մինչև պողոտա, մայթի սալաքարերը, որոնք հանվեցին Լինսի հիմնադրամով վերանորոգման ժամանակ: Դրանք շատ մեծ քարեր էին, սև ու անձրևից հետո շատ լավ գույն էին ունենում՝ թավշյա մոխրագույն: Ես այդ քարերով երևի տասներեք տարի ամեն օր անցել եմ: Երևանն ինձ համար «ափսոս քաղաք» է: Ափսոսը ամենաճիշտ բառն է Երևանի համար: Սիրուն կանայք են լինում, որ վախեցած իրենց բնական դեմքի մի քանի կնճիռից, բերանի անկյունում հայտնված ծալքից, բոտոքս են անում ու դառնում ուռած թշերով անդեմ, խնամված կին՝ անհասկանալի տարիքի ու բնավորության: Երևի շատ տխուր ստացվեց, բայց մեկ է, քանի ես կամ, ինձ համար կա իմ սիրած Երևանը բոլոր մանրամասներով, որովհետև ես լավ դիտողականություն ունեի ու լավ հիշողություն ունեմ, ասում են, նաև լավ եմ պատմում, կպատմեմ երկար ու բոլորին՝ իմ սիրած Երևանի մասին: Էդ էլ հո չե՞ն քանդելու:

Հարցազրույցը՝ «Գրեթերթի»

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն