Քայլում էինք երկար‚ մութ փողոցով‚ որը միացնում էր քաղաքի երկու հիմնական ճանապարհները: Երկինքն ամբողջովին դատարկ էր: Մեզ ճանապարհ ցույց տվող ոչ մի աստղ չկար‚ փոխարենը մեր քայլելու ընթացքը դանդաղեցնող լիքը քարեր ու փոսեր կային: Ճանապարհն իր մթությամբ ու լռությամբ նման էր թունելի‚ բայց վերջում լույս չկար: Տների խիտ դասավորությունը փակել էր լույսը:
Միշտ էլ վախեցել եմ մթից…
Դեռ փոքր էի‚ երբ ծնողներիս սենյակի պատուհանից նկատեցի մեր բակում մթության մեջ խարխափող մի գողի: Բոլորը քնած էին: Հայրս գնացել էր արտագնա աշխատանքի‚ ինչպես գյուղի տղամարդկանց հիմնական մասը: Ես‚ առիթից օգտվելով‚ ամեն գիշեր մորիցս թաքուն մտնում էի ծնողներիս սենյակ‚ որը հորս՝ խոպան գնալուց հետո դարձել էր միայն մորս սենյակը: Հետո համոզվում էի‚ որ մայրս քնած է ու ժամերով նստում համակարգչի առաջ: Իսկ գողը‚ առիթից օգտվելով‚ որ տանը միայն թույլ սեռի ներկայացուցիչներ են‚ որոշել էր հորս ուղարկած երկու կոպեկը տանել‚ որը հայրս ուղարկել էր այն ժամանակ‚ երբ մայրս հերթական անգամ կռվում էր նրա տուն վերադառնալու համար (ինչպես միշտ):
Դրսից քայլերի ձայն էր գալիս: Դողալով մոտեցա պատուհանին: (Միշտ էլ վախեցել եմ մթության մեջ տեսածիցս): Ա՜յ քեզ անհաջողակ: Ո՞վ է գողության գնում դասական կոշիկներով կամ բաց գլխով: Կտկտոցը մոտենում էր մեր դռանը‚ իսկ ես դեռ քարացած էի: Սպասում էի‚ թե երբ կգա ու կհանի իմ՝ իրեն նայող աչքերն ու կկտրի լեզուս‚ որ հավերժ լռեմ:
Վազելով գնացի սենյակ, գրկեցի ինձանից տասնմեկ տարով փոքր եղբորս ու սպասեցի, թե երբ բաց գլխով անփորձ գողի քայլերի կտկտոցը կխլանա դռան չխկոցով ու մեր խոհանոցի գորգի հյուրընկալությամբ: Նույն գորգը օրվա մեջ մի քանի անգամ ընդունում՝ բաց էր թողնում ինձ համար եղբայր դարձած գողին:
— Ա՜ն… խի՞ ես կանգնել էդտեղ:
— Աստղերին եմ նայում,- հազիվ կարողացա հորինել ու խաբել, որ չվախենա:
— Ա՜ն, իսկ դրսից ձայներ լսե՞լ ես:
Մի քանի րոպե առաջ մեռնելու մանրամասն պլանը հօդս ցնդեց: Կա՛մ մեր հյուրասենյակի սեղանին իմ դին միակը չի լինի, կա՛մ էլ անհաջողակը կհիշի մեր տանն անցկացրած երեկոներն ու հետ կկանգնի իր մտածածից:
Էլ մենակ չէի… պարտավոր չէի ուժեղ լինել: Լաց եղա: Մութը միշտ ինձ վախեցրել է, հիմա՝ առավել ևս:
Շարունակում էինք քայլել թունել հիշեցնող ճանապարհով: Քույրս խոսում էր արագ- արագ, առանց շունչ քաշելու: Նյարդերս վախից ու նրա ձայնից ավելի էին լարվել: Անընդհատ շրջվում էի, թեև լավ գիտեի, որ մթությունը դատարկ է, և եթե ինչ- որ բան լիներ էլ, միևնույն է՝ չէր երևա:
Վերջին անգամ, երբ շրջվեցի, մթության սևի մեջ ավելի մուգ սևով ընդգծված մարդկային կերպարանք նկատեցի: Միանգամից վեր թռա, գոռացի: Հակառակ գոռոցներիս՝ ստվերն ավելի էր մոտենում, իսկ քույրս ծիծաղում էր: Մթության մեջ մեզ մոտեցողը ամենևին էլ դասական կոշիկներով գող չէր:
— «Այս անգամ մենք իրոք դիակ ենք»,- մտածեցի ես սարսափով ու սկսեցի փրկվելու ծրագիր մշակել: Չհասցրի ավարտել… Դեռ նոր էի սկսել:-
«Վա՜յ, գրո՛ղը տանի»,- բղավեցի ես, երբ ձախ ձեռքս հայտնվեց նրա կոպիտ, բայց տաք ձեռքում, իսկ բերանս փակեց աջ ձեռքով:
Քրոջս ծիծաղը վրաս ազդում էր…
Կծեցի ձեռքը, բերանս ազատեցի նրա ափից ու ամբողջ շնչով գոռացի.
— Օգնե՜ք… աաաաա՜…
Աջ ձեռքս ազատեցի նրա ձեռքից, ամբողջ ուժով հարվածեցի որովայնին ու խցանի նման դուրս թռա նրա քամող գրկից (դասական լատինամերիկյան սերիալներից եմ սովորել պաշտպանվել): Նա իր ամբողջ ուժերով փորձում էր իր գործն անել, որից մինչև մարմնի վերջին բջիջը հաճույք կստանար: Հետո կկտրեր լեզուս, որ հավերժ լռեի, աչքերս հանելու կարիք չէր լինի. մթության մեջ դեմքը չէր երևում: Ու այս ամենից ինձ ամենաշատը հունից հանում էր քրոջս ծիծաղը մթության մեջ:
Չէ՛, ես դեռ մանկուց չափազանց շատ սերիալներ եմ նայել ու կարող էի պաշտպանվել:
Սկսեցի վազել, նա՝ հետևիցս: Մթության մեջ բան չէր երևում, ոչ ոք չկար: Վախենում էի… իսկ եթե դեմքը տեսնեի՞. ավելի շատ կվախենայի:
Վերջապես սկսեցի վազելուց բացի նաև մտածել:
— «Եթե բռնի, ես դիակ եմ, ու ոչ թե պարզապես դիակ, այլ մոլագարի հիվանդ երևակայությանը բավարարած, ուժասպառ դիակ: Իսկ եթե սպանե՞մ… Չէ՛, չէ՛, ես դիակներից վախենում եմ, մթության մեջ մեռնողի շնչառությունից՝ առավել ևս»:
Մտածելը դանդաղեցրեց վազքս. երբ աչքերս բացեցի, արդեն թունելի լույսը երևում էր: Հա՛, ես էլ առաջվանը չէի: Դարձել էի ավելի թեթև ու թերի: Երջանիկ էի, որ վերջապես լույսը երևաց, միայն տները չկային: Սակայն դեռ լույսի մեջ չմտած՝ նորից լսեցի քրոջս հիստերիկ ծիծաղը, որն ինչպես միշտ ինձ հունից հանեց: Սաստող հայացքով հետ շրջվեցի, որ մթության մեջ գտնեմ քրոջս աչքերը: Բայց էլի՝ թունել հիշեցնող քարքարոտ փողոցը ու լույսը փակող տները, էլի վախից արագացած շնչառությունս ու արագ- արագ խոսող քույրս: Վախս կրկնապատկվեց. էլի սևի մեջ ավելի սևով ընդգծված մարդկային կերպարանքը.
— Վա՜յ, գրո՛ղը տանի,- սարսափած ուշքի եկա ես:
— Չէ՛, չէ՛, գո՛ղը տանի…
Էլի մութը լցվեց քրոջս ծիծաղով: