Խմբագրությունը խառն էր: Ժամանակն այնքան սուղ էր, որ Վազգենն ու Արտակը աշխատանքի էին եկել ոչ թե տասնմեկին, այլ տասին:
-Գրչի վարպետնե՞ր,- ասաց ավելի շուտ ժամանած կատակասեր ու սրճամոլ էջադրող Արմեն Գլոյանը,- տեքստերս ու՞ր են: Թե՞ պիտի չորրորդ դասարանիս շարադրությունը էջադրեմ:
-Վայ, բան, Գլոյան, մեզ ե՞ս սպասում,- սրտնեղած հարցրեց Վազգենը:
-Չէ, մեզի հետ պրոբլեմ բարեբախտաբար չունեմ,- պատասխանեց էջադրողը,- բայց ամբողջական երջանկության համար պիտի կես ժամից երկու էջադրում հանձնեմ, իսկ դուք երկուսդ դեռ հոդվածները չեք տվել: Հետևություն` դուք խոչընդոտում եք իմ երջանկության կայացմանը:
-Թող մի հատ ուշքի գանք էլի,- բաճկոնը կախիչին հարմարեցնելով ասաց Արտակը,- համ էլ ես ջազ-ֆեստի նյութը երկու օր առաջ հանձնել եմ:
-Ապեր, ջազ-ֆեստը ես արդեն ունեմ, իսկ եթե կես ժամից չունենամ Էլ Ջերոյին, ստիպված կլինեմ ունենալ քեզ:
-Արտ, բան, իսկ էդ անտերը, դեդլայնը երբ ա՞,- հարցրեց Վազգենը:
-Երեկ էր:
-Բա ի՞նչ անենք,- Վազգենը մտահոգ դեմքով կպցրեց սիգարետը,- Երևի մի հատ սրճենք, հը՞: Գլոյան, խմել ե՞ս, քեզ էլ դնե՞մ:
-Ինձ դնելու մասին չերազես, լավագույն դեպքում` իմ համար սուրճ կարող ես պատրաստել: Հա, ու սեր չլինի:
Գործն ըստ սովորության ուշացնող երկու լրագրողներն ու իրենց պատճառով էջադրումն ուշացնող էջադրողը նստեցին խմբագրության` երկու մետրը երկուսի վրա տարածք ունցող խոհանոցի սեղանի շուրջ սրճելու և ծխելու (մեծարգո կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշը կարող էր ստանալ` վնասակար սովորություններ քարոզող իր հանրահայտ ֆիլմի 12-րդ նովելը խմբագրության խոհանոցում տեսախցիկ տեղադրելու պարզ ճանապարհով):

***
Երկու րոպեից 250-դրամանոց սև հեղուկի բույրը խոհանոց բերեց ֆոտոխմբագիր Հայկազին, որը շատ էր սիրում ճամփորդել և ժամանակին կատարել բոլոր հանձնարարությունները:
-Ահա, սրճում ենք,- բազմանշանակ ժպիտը դեմքին արտաբերեց Հայկազը,- իսկ դեդլայնը, ոնց տեսնում եմ, ոչի մեկի չի հետաքրքրում, հա՞:
-Հերիք դուրս տաս,- պատասխանեց Գլոյանը թեյի բաժակում տեղ գտած սուրճից կում անելով,- դու ասա` Էմմայի համար Շեքսպիրի աղջկա հայ ախպոր նկարները ճարել ե՞ս:
-Հե-հե, ես իմ գործը միշտ ժամանակին եմ վերջացնում, որ շաբաթ-կիրակի հանգիստ սրտով գնամ արշավի,- առավելություն զգալով պատասխանեց Հայկազը, ապա հայացքը նետեց սրճեփին,- ինձ չեք թողել, չէ՞:
-Ի՞նչ Շեքսպիր,- զարմացավ Արտակը,- Շեքսպիրին է՞լ հայ հանեցինք:
-Էմմային չգիտե՞ս, բան, Արտ,- ասաց Վազգենը,- նենց բաներ կհայթայթի, որ ուղղակի սուս:
Խոհանոցում երևաց Էմման, որը բոլոր դարաշրջանների և մասնագիտությունների տեր մարդկանց մութ անցյալում հայոց հետք փնտրելու և հաջողությամբ հայտնաբերելու բացառիկ տաղանդ ուներ:
-Երեխեք, բարի լույս:
-Բարին չգիտեմ, բայց` հա, լույս,- արձագանքեց Գլոյանը:
-Գիտե՞ք` ինչ հետաքրքիր բան եմ ճարել,- ոգևորված ասաց Էմման:
-Ռուսաստանում գտել են Իվան Գրոզնիի գիշերային գարշոկը, որի վրա մեսրոպատառ հայերենով գրած ա «Հովհաննես Վախենալու»,- ենթադրեց Գլոյանը:
-Էհ, ի՞նչ ես ձեռ առնում,- նեղացավ Էմման,- լուրջ բան եմ ասում: Անգլիայում, ինչ-որ լորդի դղյակում հայտնաբերել են Դա Վինչիի անհայտ ձեռագրեր…
-Դե որ Դա Վինչին հայ էր` վաղուց հայտնի էր,- միջամտեց Հայկազը:
-Չէ, լսեք, էնքան հետաքրքիր ա,- փայլող աչքերով շարունակեց Էմման,- մի խոսքով, Լեոնարդոն էդ ձեռագրերում պատմում ա, որ Ֆրանսիայում ապրելու ժամանակ շատ մոտ ա եղել մի քահանայի հետ: Քահանան, բնականաբար` հայ, պատմել ա, որ Լուարայի եկեղեցիներից մեկի ստորգետնյա սենյակներում…
Լեոնարդոյի մեծ գաղտնիքը չհասցրեց բացվել ամսագրի ապշած աշխատակիցներին, որովհետև ամեն ինչից դժգոհ քայլվածքով ներս մտավ Նարինեն, ում ամենամեծ սերը կուբիզմի շրջանի Պիկասոն էր, միակ դուստրը և «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը:
-Ես էս հայ նկարիչներից արդեն զզվել եմ,- սկսեց բողոքել նա,- բարև ձեզ: Հատկապես Ավետիսյան Լյովիկը: Ինչ-որ անիմաստ նկարիչ ա, իրան դրել ա կուբիզմի շրջանի Պիկասոյի տեղը: Երեկ գիշերը աղջկաս հետ նստած “Однажды в Америке”-ն եմ նայում, մեկ էլ սա սկսեց զանգել… ինձ ո՞վ կոֆե կդնի…  Վազգեն ջան, կեփե՞ս… Հինգ րոպեն մեկ զանգում էր, ասում էր` իմ մասին ձեր ամսագրում գրեք: «Ես սրա հետ եմ խմել, նրա հետ եմ քնել…»: Ուրիշ նկարիչ չի մնացել Հայաստանում, պիտի Մինասի հետ խմած ինչ-որ ապուշի մասին գրենք: Ու˜ֆֆ…
-Էս դեբիլ երկրում էլ ո՞վ ա մնացել, որ մի հատ էլ նկարիչ լինի,- արձագանքեց Ռուբենը, որը շատ էր սիրում բողոքել:
-Ռու՞բ, էս դու՞ երբ եկար` չտեսանք,- զարմացավ Հայկազը:
-Առավոտվանից ստեղ եմ` էն հիմար գովազդային նյութն եմ գրում: Կոմպս սպանեց թողեց, ինտերնետը սատկած ա, ու ընդհանրապես էս երկրում ամեն ինչ սխալ ա:
-Է՞մ, ի՞նչ կա չկա,- տեղավորվելով սեղանի մոտ ասաց Նարինեն:
-Հեչ, սովորական,- պատասխանեց Էմման,- Հա, գիտե՞ս ինչ հետաքրքիր թեմա եմ ճարել հաջորդ համարի համար:
-Ի՞նչ,- հետաքրքրվեց Նարինեն կպցնելով ծխախոտը,- Շեքսպիրի պատմությունը էնքան լավն էր:
-Մյուսը ուղղակի ցնցող կլինի,- Էմմայի աչքերը նորից փայլեցին,- ուրեմն, Դա Վինչին` Ֆրանսիայում ապրելու ժամանակ…
Էմման կրկին չհասցրեց պատմել գործընկերներին իր շլացուցիչ հայտնագործության մասին, քանի որ ներս վազեց ռեսեփշնիստուհի Կարինան և հայտնեց, որ գլխավոր խմբագիր Աիդան արդեն եկել է և սպասում է բոլորին իր գրասենյակում:
-Հայ ժողովուրդ, գնացինք կլիզմվելու,- նավսեց Գլոյանը:

***
Ազատամիտ Ամստերդամի և թույլ ծխախոտի սիրահար գլխավոր խմբագրի աշխատասենյակում հավաքվել էր ամսագրի ողջ անձնակազմը, ընդհուպ հավաքարարուհին, որը հաշվում էր սուրճ ցանկացողների բարձրացրած ձեռքերը:
-Էսպես ուրեմն,- սկսեց Աիդան, երբ հավաքարարուհին դուրս եկավ սենյակից,- հարգելի անբաններ: Ես հասկանում եմ, որ բոլորս հոգնել ենք, որ բոլորս երազում ենք եթե ոչ Ծաղկաձորում, ապա գոնե Ամստերդամում հանգստանալ, մի փոքր շունչ քաշել: Բայց ի՞նչ վիճակում է ընթացիկ համարը, որը երեկ պետք է ուղարկվեր տպարան:
Գլխավոր խմբագիրը հայացքը ուղղեց դեպի Ղարաբաղում կռված Վազգենը, որը սիրում էր խմել նախկին հրամանատարների հետ և սիրունատես աղջիկներին ինտիմ միջավայրում պատմել իր ռազմական անցյալի մասին:
-Աիդ, դե, բան, էսօր բոլորով առավոտ շուտ եկել ենք, միացյալ ուժերով ավարտում ենք գործը: Ինձ համարյա բան չի մնացել, երկու նախադասություն ու վերջ:
-Գիտեմ ես ձեր «առավոտ շուտը», կոֆեմաններ,- ասաց Աիդան, ապա, տեսնելով ներս մտնող Անիին, ավելացրեց,- ըհը, մի քրտնաջան աշխատող էլ ներկայացավ:
-Վայ, էս ինձ ե՞ք սպասում,- զվարթ հարցրեց Անին, որը շատ էր սիրում իր հայրենի Սիսիանը և բոհեմային մարդկանց հետ շփումը,- իսկ ես հենց նոռ Ռոբի հետ էի խոսում Սահակյանց, էնքան ծիծաղելի բաներ պատմեց, ուշքս գնաց: Հետո էլ Ռուբոն միացավ Հախվերդյան…
Այդ պահին գրասենյակի դուռը բացվեց, բայց մինչդեռ բոլորը անհամբեր սպասում էին հավաքարարուհուն` սրճով բարձված սկուտեղով, ներս մտավ` կյանքում ամենից շատ ջազը, թանկարժեք ծխամորճը և ցածր աշխատավարձով աշխատակիցներին գնահատող ամսագրի տնօրեն պարոն Ալեքսանդր Հակոբյանը:
-Բարև ձեզ, բարև ձեզ,- ինչպես միշտ սիրալիր ժպիտը դեմքին և ծխամորճը ձեռքին ասաց նա, ներս հրավիրելով ինչ-որ տիկնոջ,- համեցեք: Սա մեր գլխավոր խմբագիրն է` տիկին Աիդան, մնացածը` գրող և նկարազարդող եղբայրությունը: Հարգելի բարեկամներ, սա մադամ Էլլա Գյուլբուդաղյանն է` մեր հյուրը Ֆրանսիայից: Դե, էլ չենք խանգարում, մաղթում եմ բոլորիդ ուրախ աշխատանքային օր, առայժմ:
Դուռը փակվեց, տնօրենն ու հյուրը հեռացան սենյակից, իսկ հավաքվածների դեմքերից հեռացան բարձր հյուրերին դիմավորելու համար` տարիներով մշակված ժպիտները, և փոխարինվեցին սրճի ու քնի կարիք զգացող հոգնած դեմքերով:
-Էս Հակոբյանը ոնց որ գազանանոցի էքսկուրսավար լինի, մենք էլ կապիկներ, որ հենց դպրոցականը գալիս ա մեր վանդակի մոտ պիտի ապուշի պես թռվռանք, ու˜ֆֆ…
-Նար ջան, չգիտե՞ս, էս երկրում ուրիշ ձև չի լինում,- պահը չկորցրեց Ռուբենը,- պիտի ամեն ձև հետև խաղացնես, որ փող պոկես:
-Դե լավ, դիմացեք, ամեն մի հյուրը Հոլանդիայից կամ Բարբադոսից կամ Բլթաստանից պոտենցիալ գովազդատու է, ժանրի կանոններն են,- փորձեց մխիթարել գլխավոր խմբագիրն ու դիմեց թողարկող խմբագիր Դանիելին,- հարգելի թողարկող խմբագիր Դանիել, վերադառնանք մեր դեդլայնին: Է՞լ ինչ նյութեր կան համարի ցանկում, որ մինչև հիմա պատրաստ չեն:
-Սպասում ենք Վազգենի «Գորիսին», Արտակի «Էլ Ջերոյին» ու «Ծովից Ծով Բանկի» գովազդային նյութին, որը Ռուբոն քիչ հետո կհանձնի: Մնացածը պատրաստ է:
-Ինչ բա՞նկ,- հարցրեց Գլոյանը,- «Ծովից ծո՞վ»:
-Ահա,- ասաց Ռուբենը,- տերը Տիգրան Մեծի ֆանատ ա:
-Ինձ ուղղակի հետաքրքիր ա,- ասաց էջադրողը,- թե դրանց հապավումը ոնց ա հնչում` «ԾըԾ Բա՞նկ»…
-Զարմանալի է,- զարմացավ Աիդան մտքում վերլուծելով Դանիելից` երեք անավարտ հոդվածների մասին ստացված լուրը,- սովորաբար դեդլայնից հետո ամսագրի կեսը դեռ մնում է, իսկ էս անգամ` համարյա բան չի մնացել… Դե լավ, ուրեմն, եթե ուրիշ հարցեր չկան, եկեք կազմակերպված անցնենք գործի: Վայ, մի րոպե, մի բան էլ կար` շատ շտապ… Էլի մոռացա…
-Միգուցե աշխատավարձե՞րն են բարձրացնում,- ռիսկի դիմեց Վազգենը:
-Հա, հենց էսօր,- արձագանքեց Աիդան,- որպես մրցանակ` նյութերը ճիշտ ժամանակին հանձնելու համար… Հա, հիշեցի: Արտակ, կես ժամից հարցազրույց ունես: Ինչ-որ ամպի չափ կարևոր երգիչ է եկել մեր օլիգարխներից մեկի ծննդյան օրվա կապակցությամբ, մեզ հնարավորություն են տվել հետը շփվել:
-Ե՞րբ,- ապշեց Արտակը,- կես ժամի՞ց: Ո՞նց կհասցնեմ… Գոնե կարող ե՞ք անունն ասել, որ մի երկու հարց պատրաստեմ…
-Այ անունը մոռացել եմ,- մտահոգված հայտնեց Աիդան,- բայց շատ հայտնի մարդ էր: Բիձա-ռոքերներից մեկն էր, վայ… «Իգլզից» էր, եթե չեմ սխալվում:
-Ը-հը, ինչքան հոտած խումբ կա կբերեն,- ենթադրեց Ռուբենը,- «Իգլզն» ով ա է՞, քառասուն տարվա մեջ մի երգ են գրել, ով գիտի նվագելն էլ մոռացել են:
-Իրոք,- համաձայնեց Արտակը,- փոխանակ Մաքքարթնիին հրավիրեն…
-Հա-հա, ճիշտ ես,- վեր թռավ Աիդան,- Կես ժամից Մարիոթում Մաքքարթնիի հետ պիտի հանդիպես, «Բիթլզից»: Իսկ ես ի՞նչ ասեցի, չասեցի՞ «Բիթլզ»:
-Ի՞նչ,- իր հերթին տեղից վեր թռավ Արտակը,- Փոլ Մաքքարթնի՞ն: Ջոն-Փոլ-Ջորջ-Ռինգոյի Փոլի՞:
-Չէ, Արտակ, Պողոս-Պետրոս-Մարտիրոսի Համազասպի,- վրա բերեց գլխավոր խմբագիրը:
-Հաստա՞տ,- ապուշ կտրեց Ռուբենը,- էդ ինչքա՞ն փող են տվել, որ խաբել բերել են Հայաստան…
Նա չհասցրեց խոսքը վերջացնել, իսկ Արտակը, որի խելքն իրենը չէր հրեական անունով մի լավ սասունցի աղջկա, գարեջրի ու լիվերպուլյան քառյակի համար, արդեն սլանում էր դեպի իր գրասեղանը, որտեղ համակարգչի կողքին անգործ գցած էր ձայնագրիչը, ինչից հետո հրդեհից փրկվող մարդու պես դուրս վազեց խմբագրության շենքից:
Սրճով բարձած սկուտեղը ձեռքին գլխավոր խմբագրի սենյակ մտավ հավաքարարուհին:
-Արտակը գնա՞ց,- զարմացավ նա,- ուրեմն մի բաժակն ավելնորդ էր:
-Աղավնի ջան, սուրճը ավելնորդ չի լինում,- ասաց Գլոյանը վերցնելով մեկի փոխարեն երկու բաժակ:
-Աիդ,- հերթական անգամ ոգևորվեց Էմման,- քանի ժամանակ կա` պատմեմ: Լեոնարդոյի մասին մի ցնցող նյութ եմ ճարել…
-Հիմա չէ էլի,- խնդրեց գլխավոր խմբագիրը,- մի հատ էս համարը բարով-խերով հանձնենք, թե չէ ինչ էլ ասես` գլուխս չի մտնի: Ի միջի այլոց` Շեքսպիրի նյութը շատ հետաքրքիր էր:
-Էս համարը բարով-ինչով հանձե՞նք,- մեջ ընկավ Գլոյանը,- ամեն անգամ դրանով ենք հանձնում, զարմանալի չի, որ էս օրին ենք:

***
Վազգենը կիսաուշագնաց տեղադրված էր խոհանոցում` սուրճի վեցերորդ բաժակի հարևանությամբ: Նրա սառած աչքերի մեջ կարելի էր կարդալ բազմաթիվ ամոթ բառեր: Եվս մի քանի րոպե հետո նա փակեց աչքերը և վերջնականապես անջատվեց: Թեպետ նրա թվացյալ հանգիստը երկար չտևեց: Մի քանի րոպե հետո նա բացեց աչքերը, զգալով, որ ինչ-որ մեկը իրեն հրում է: Ինչ-որ մեկը ամսագրում փորձնական շրջան անցնող երիտասարդ ու հեռանկարային ուսանողուհի Անահիտն էր: Անահիտը ու¬րախ ու անհոգ աչքերով նայում էր ֆուտբոլի գնդակի պես չլված Վազգենին (նույնիսկ ավելին` ռազմական անցյալով լրագրողը նման էր «Կենդանի դիակների գիշերը» ֆիլմի հերոսի):
-Վազգ, քնած չե՞ս,- հարցրեց Անահիտը:
-Լավ հարց էր,- նկատեց Վազգենը,- չէ, քնած չեմ:
-Գիտե՞ս, մի քիչ առաջ Աիդայի հետ խոսեցի` շատ չէ, մի քանի րոպե, ասեց, որ մյուս ամսվանից ինձ կվերցնեն հաստիքային աշխատանքի, պատկերացնում ե՞ս: Ես էդպես էլ գիտեի, այո: Որովհետև մյուս ամիսը` ապրիլն ա, իսկ ապրիլին միշտ ամեն ինչ շատ բարի ա ու լուսավոր,- մի պահ ուսանողուհի Անահիտը, որը շատ էր սիրում գարունը և խոսել, մռայլվեց,- վայ, բա դասե՞րս ինչ անեմ: Վազգեն, ի՞նչ ես կարծում, համալսարանից ռադ չեն անի՞, եթե էստեղ մշտական գործի ընդունվեմ: Էհ… Դե լավ, թքած: Եթե շատ համը հանեն, կթողնեմ ու դուրս կգամ էդ ապուշ համալսարանից, այ քեզ բան: Վերջի վերջո, գործնական փորձը ամսագրում շատ ավելի կարևոր ա, քան ինչ-որ քնձռոտ դիպլոմը, չէ՞:
-Անահիտ, դու երբևիցե հոգնու՞մ ես,- միայն արտաբերեց Վազգենը:
-Չէ, ես կատվի պես անսպառ էներգիա ունեմ,- էլ ավելի ոգևորվեց Անահիտը,- ինձ գիտե՞ս ինչքան են ձեռ առնում: Մեր կուրսում մի ընկեր ունեի, ավելի ճիշտ` ընկեր չէ, ուղղակի ծանոթ տղա էր, ապուշի մեկը դուրս եկավ: Հա, ուրեմն, մի օր էնքան գլուխը կերա, էսպես պրպտուն հայացքով նայեց ինձ ու ասեց. «Անահիտ, քո օրգանիզմի հիման վրա կարելի էր հավերժական շարժիչ կառուցել»:
-Ես պատրաստ եմ ստորագրությունս դնել էդ խոսքերի տակ:
-Արտակը,- բացականչեց Անահիտը,- Արտակ, գիտե՞ս, մի ամսից ես կլինեմ ձեզանից մեկը:
-Սիստեմատիկ բռնաբարումների ենթարկվելու մեջ ուրախանալու որևէ առիթ չեմ տեսնում: Էնպես որ հրաժարվի, քանի դեռ մեզանից մեկը չես,- համարժեք ռեակցիա տվեց Արտակը` առաջացնելով Անահիտի նույքան համարժեք ծիծաղը:
-Արտ, հը՞, ո՞նցն էր,- աշխուժացավ Վազգենը, հիշելով, որ Արտակը պետք է հանդիպեր, օ˜ Աստված, Փոլ Մաքքարթնիին,- գլխին լուսապսակ կա՞ր:
-Հեսա կասեի ում գլխին ինչ կար,- Անահիտի ու Վազգենի հարևանությամբ սեղանի մոտ տեղավորվելով պատասխանեց Արտակը, գրպանից մի սիգարետ հանեց ու կպցնելուց հետո շարունակեց,- այ, ինչի եմ ես հատկապես սիրում մեր գլխավոր խմբագրին` երբեք չես կռահի, թե որ երկիրը, կամ ում անունը, կամ որ խումբը ում ինչի հետ կշփոթի: Էսպես, խորհրդավոր ինտրիգան միշտ կա:
-Մաքքարթնիի փոխարեն Միկ Ջագերն է՞ր,- փորձեց կռահել Վազգենը:
Լսելով այս անունները, բանից անտեղյակ Անահիտը հիացած ճչաց:
-Պատմում եմ: Մի ինչ-որ անիմաստ ամերիկահայ երգիչ, անունը չեմ էլ հիշում, եսիմ ոնց ծանոթացել ա Մաքքարթնիի աղջկա հետ, մի անգամ հետը թեյ են խմել և այլն: Էս աղջիկը լավություն ա արել, հարմարացրել ա, որ տղան սողոսկի ինչ-որ փակ երեկույթի, որտեղ հեռվից տեսել ա Մաքքարթնիին: Էդքանը իրան հերիք էր, որ գար Երևան ու պատմեր, որ Փոլ Մաքքարթնին խոստացել ա իրան շատ շուտով դուետով երգ ձայնագրել: Մեր գլխավոր խմբագիրն էլ, հավանաբար, հեռախոսազրույցի մեջ լսելով «Փոլե» և «Մաք¬քարթնի» բառերը էլ ուրիշ բան չի ընկալել:
-Հա, ողբերգական պատմություն էր,- համաձայնեց Վազգենը:
Զրույցն ընդհատվեց արտ-տնօրեն Արմանի աղաղակով.
-Արա ես էս ինտերնետի մամա˜ն:
-Ա՞ր, ի՞նչ եղավ,- խոհանոցից դիզայներների սենյակ հարցրեց Վազգենը:
-Կես ժամ ա չենք կարողանում ուղարկել, վերևներից էլ արդեն զանգել են` ասում են «ու՞ր ա»,- ջղայնացած պատասխանեց եվրոպական քաղաքակրթությունը պաշտող արտ-տնօրենը,- արա բա ես որ մնայի Իտալիայում, էսքան ներվ կկորցնեի՞… հա, հազիվ, գնաց, ես դրա…
-Ոնց որ ծննդաբերություն լինի,- նկատեց Արտակը:
-Հա, Արմանին կեսարյան արեցին,- խորացավ Վազգենը:
-Վե˜րջ, ուղղարկվե˜ց,- կրկին լսվեց արտ-տնօրենի աղաղակը,- ժողովուրդ, կարանք ռադներս քաշենք տներով:
Հինգ րոպե հետո խմբագրությունը դատարկվել էր (ինչպես և քաղաքի փողոցները): Ռեսեփ-շնիստուհի Կարինան, որն իր ազատ ժամանակը միշտ նվիրում էր Չառլի Չապլինի ֆիլմերին, արդեն դուրս էր գալիս, երբ զարմանքով հայտնաբերեց խոհանոցում առանց շտապելու, քթի տակ սուլելով սուրճ եփող Գլոյանին:
-Գլոյա՞ն, տուն գնալու մտադրություն չունե՞ս,- զարմացավ Կարինան:
-Չէ, գրազ եմ կրվել:
-Ի՞նչ գրազ:
-Մի երկու տարի առաջ ներվերս էնքան դուրս եկան դեդլայնի օրը, որ որոշեցի` եթե կարողանանք նման պայմաններում մինչև հիսուներորդ համարը ձգել` ես էդ օրը տուն չեմ գնա: Զարմանալի է, բայց հաջողվեց: Սուրճ կխմե՞ս:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն