Մանե Գրիգորյանը 2014 թվականի գրականության բնագավառում Նախագահի Երիտասարդական մրցանակի դափնեկիրն է:

«Գրեթերթը» սրտանց շնորհավորում է Մանեին ու զրուցում աշխարհի, գրականության անցուդարձից:

— Մանե, երբևէ մտածե՞լ ես, որ որևէ մրցանակի բացակայություն կստիպի քեզ հրաժարվել բանաստեղծությունից:
— Բանաստեղծություն գրելը ինձ համար կլանող գործընթաց է, գուցե հիպնոսանում եմ, չգիտեմ, որովհետև մինչև ինքս ինձ համար 100 տոկոսանոց արդյունքի չեմ հասնում, չեմ դադարում գործս մշակել. էնքան եմ կարդում, մինչև ականջիս մաքուր երաժշտություն հնչի: Ու ոչ մի մրցանակի բացակայություն ինձ չի ստիպի, որ հրաժարվեմ դրանից: Ոնց որ երեխային. ինչքան ուզում ես ասա՝ այդ ավազե ամրոցը, որ սարքում ես, գլուխդ գուցե չշոյեն, և ուրիշ մեծ տղաներն ու աղջիկները գուցե բավականաչափ չզգան, ու ջարդեն ամրոցը, միևնույն է, նա դա կանի, որովհետև սիրում է դա անել: Իսկ եթե արածին նուրբ աչքով, առանց ցավեցնելու, հասկանալով նայեն, իրեն շոյված կզգա: Ես էլ էդպես:

— Եթե գրական մրցանակաբաշխություններ կազմակերպելու լինեիր, որո՞նք կլինեին կանոնները և ի՞նչ մրցանակը:
— Գերմանիայում մի գրական մրցանակաբաշխության էի մասնակցել: Մուտքը փողով էր, գերմանացիների համար 5 եվրոն զուտ խորհրդանշական գումար է իրենց վաստակածի համեմատ, բայց ամեն դեպքում, դա խթան է, որպեսզի զարգանա գրականությունը ու գրողին գնահատելու, հարգելու մշակույթը: Գրական սրճարանում էր տեղի ունեցել մրցանակաբաշխությունը, սրճարանում տեղ չկար, սովորության համաձայն 10 րոպե ուշ տեղա հասա և անկյունում հազիվ մի աթոռ հարմարեցրին: Մրցույթի մասնակիցները կարդում են, իսկ մենք պետք է բալեր տանք: Հաղթողը չէր փակելու իր պատվիրածի հաշիվը: Գերմանացիների պարզասրտությունը ինձ ի սրտե ուրախացնում է: Քվեարկության թերթիկի ետևում մի երկու հոգի ինչ-որ բան էին խզմզել, վարողը բարձր գնահատեց նման ստեղծագործ քայլը և բոլորս ծափահարեցինք: Ուզում եմ Հայաստանում այդպիսի անկաշկանդ մթնոլորտում մրցանակաբաշխություններ, ընթերցումներ անցկացվեն:

— Ի՞նչ կարիք կա գրելու: Ինչո՞ւ ես գրում:
— Երևակայող մարդու տեսակ կա, ում եղածը չի բավարարում: Գրելն էլ այդ խաղն ու տարերքն է… Զգում ես, որ իրականությունը էսթետիկորեն մեկնաբանելու կարիք ունես: Իսկ շատ դեպքերում թվում է, որ կյանքն եմ փորձում այնպես ապրել, որ հիշելիս բանաստեղծության, պատմվածքի, ֆիլմի պես լինի: Ու մեկ-մեկ որոշ պահերի էնպես կշարժեմ ձեռքս, կամ էնպիսի բան կասեմ, որ կուզեի դա աներ նա, ում մասին կգրեի: Ժամանակի հետ պարզապես կդառնամ իրականությունը գրառող. կարծես, թե բանաստեղծությունս, արձակս գրվելուց շատ առաջ եմ գրել:

— Ի՞նչ ես փնտրում գերմանիաներում: Ի՞նչ կա Հայաստանից դուրս:
— Տարածություն կա: Էստեղ նստում եմ մի տեղ նստարանին ու չորս կողմից՝ մեքենաներ, շենքեր, սրճարաններ, իսկ Գերմանիան իր տարածությունը նման բաներով չի փոքրացրել: Համբուրգը ընդհանրապես հեծանվային քաղաք է: Չհաշված, որ անջուր երկիր ենք, իսկ ջրի անսահամնությունը մոռացնել է տալիս տարածության մասին, և մարդ ուզում է անվերջ երազի: Մեր պես անջուր երկրները եղած տարածությունը, ամեն մետր հողը պետք է փայփայեն, իսկ մենք ի՞նչ ենք անում: Շնչելու տեղ չի մնացել, մարդը խեղճանում է: Դրա համար էլ մռայլ ենք: Դրա համար էլ քիչ ենք երազում: Մի ոտնաչափ հող է մնալու վերջում, որ խելագարվենք: Հյուսիսային պողոտան ընդհանրապես մարդուն կուլ տալու համար է, նեղուց է լրիվ, ուր նստում ես՝ դիմացդ քար է: Մենք սիրուն տեսարանի, էսթետիկայի պակաս ունենք: Չգիտեմ, էնքան տխուր եմ, որ կարող եմ հա խոսել: Մի գերմանացու հետ էի գնացքում ծանոթացել, ասում եմ՝ գրքեր կարդո՞ւմ ես, ասում է՝ ժամանակ չունեմ, իմ կարդացած գրքերը իմ գնացած երկրներն են: Մեր կարդացածի կեսն էլ չեն կարդացել, ու ցավալի է ինձ համար, որ իրենք ունեն այդ հնարավորությունը ճամփորդելու, իսկ մենք մեր պատյանի մեջ փակվել ու կարդում ենք. մենք կրիաներ ենք՝ մեր տունը մեր հետ շալակել ենք, բայց գնալու տեղ չունենք. էս քարային շրջապտույտը ինձ հուսահատեցնում է. մեզ անտառ ու ջուր է պետք:

— Ի՞նչ ես կարծում, արդյոք գրականությանը պե՞տք է հասարակական հնչեղություն ունեցող հարցերին անդրադառնա, գրողները կարծիքներ հայտնեն՝ որպես գրող, խնդիրներ լուծեն:
— Մեզ համար դեռ շուտ է խնդիրների կարճաժամկետության մասին խոսելու համար, մեր խնդիրները իրար լրացնող օղակներ են: Գրողը հետամուտ պետք է լինի իր զգացածին, իր սրտին, սրտի իրադարաձություններին, անարդարություններին, պատասխան արձագանքին. այդ սրտխփոցներին պետք է հետամուտ լինի գրողը:

— Ի՞նչ ես անելու մրցանակի գումարը:
— Համբուրգի համալսարանում եմ ուզում սովորել, հեծանիվով դասի գնալ, եթե ամուսնանամ սիրածս տղայի հետ, երեկոյան կգնամ տուն ու երևի ամենաանհեթեթ բաներից կխոսեմ, կընթրենք, կսիրենք իրար, կփաթաթվենք, կմիացնենք մի ֆիլմ, որ նայենք՝ չիմանալով, որ դա ընդամենը ֆոն է մեր երջանկության համար, դա մեզ պետք է, որ մի քանի կադրից հետո երեխայի պես անուշ քնենք: Եթե ամուսնանամ, փողը իրեն կտամ, որ ուզածը անի, եթե չէ, կծախսեմ ուսումնական նպատակով:

Հարցազրույցը՝ «Գրեթերթի»

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն