Դու ներս մտար առանց դուռը թակելու,
անբռնազբոս ու անկաշկանդ։
Ես քննող-զննող հայացքով քեզ խեթ նայեցի,
բայց դու ժպտացիր ու համբուրեցիր։
Անսովոր էր,
ես վարանեցի,
դու վստահ էիր,
ու ես վստահեցի։
Փականները բոլոր
հատիկ-հատիկ բաց արի։
Իմ ճոճաթոռին նստած` դու քո տանն էիր։
Ես սովոր էի քո
չպարտադրող ներկայությանը,
քո ժպիտին, վստահ խոսքին, ամուր ուսին։
Մի առավոտ բազկաթոռը դատարկ ճոճվեց
ու իր հետ ճոճեց իրականության
իմ պատկերացումը։
Ու այն սահմանը, որ պետք է բաժաներ
քեզնից առաջն ու հետոն,
ես այդպես էլ գծել ի զորու չեղա։
***
Սահմաններն իմն էին,
բայց դու աշխարհին էիր տիրում
ու սահմաններ չէիր ճանաչում։
Օրենքներն իմն էին,
բայց դու տիեզերքի լեզվով էիր խոսում
ու օրենքները քեզ էիր ենթարկում։
Իմն էին վախերն ու կասկածները,
բայց դու կրակի հետ խաղալ գիտեիր,
հրե ահերը ընտելացնել գիտեիր։
Իմն էին խոհերն ու երազները,
բայց դու միտքն ուղղորդել գիտեիր
ու արթմնի անրջով կյանքը լցնել գիտեիր։
***
Մինչև լուսաբաց դեռ երեք ժամ կա։
Ու ժամանակ կա
տակնուվրա անելու մտքերը։
Գիշերվա մթից ոգևորված թե վախեցած,
անհանգիստ այս կողմ,
այն կողմ վազող մտքերը,
որոնց թևքից բռնել ես ուզում,
մի լավ տնտղել,
թափ տալ փոշուց ու փշերից,
հարմար պահոց գտնել ու այնտեղ կողպել։
Մինչև լուսաբաց դեռ երեք ժամ կա։
Ու ժամանակ կա հետ ու
առաջ գնալու հիշողության գնացքով,
դուրս վազելու անցյալի կայարաններում
ու կառամատույցում փնտրելու
հանգիստը, որ չգիտես, թե ուր կորավ,
վստահությունը, որ
խաբվելուց թունավորվեց,
խաղաղությունը, որ գողացան մեզնից,
հավատը, որ կեղեքվեց ու սովալլուկ եղավ,
արդարությունը,
որ փշալարերի վրա արնաքամ եղավ։
Մինչև լուսաբաց դեռ երեք ժամ կա։
Ու ժամանակ կա երազներին տրվելու,
ու լուսաբացից հետո միայն գիտակցելու՝
երեք ժամը կյանքն էր,
որ մտքերից ու հուշերից փախել,
ինքնախաբեության
քաղցր քնին էր հանձնվել։
***
Բա՛ց, տխրության կապոցը բաց
ու մի հուշ վերցրու երեկոյան
թեյի հետ ճաշակելու։
Դառը շոկոլադով պատիր այդ հուշը,
որ սիրով համտեսես,
բայց քաղցրություն տալու փոխարեն
այն քիմքդ այրի։
Բա՛ց, տխրության կապոցը բաց,
թերթի էջերը, գտիր այն մեկը,
որին դիպչելիս սիրտդ կայրվի։
Վերցրու, նորից կարդա,
հոգ չէ, որ անգիր գիտես տողերը,
կարդա, մինչև որ միտքդ այնքան շիկանա, որ մոխրանա։
Բա՛ց, տխրության կապոցը բաց,
հուշերի տարեգրությունը կարգի բեր,
հպվիր, որ շոշափելիքդ մինչև սիրտ հասցնի
դառնությունը, ցավը, վիշտը,
ու սիրտդ կուչ գա,
որ սիրտ կոչվելու իրավունք ունենա։
Ու փակիր, փակիր կապոցը,
տեղը դիր, մինչև կրկին ուժ հավաքես,
որ թույլ լինելու շքեղությունից
օգտվես նորից։
***
Լուսնի վրա չարքեր չկան։
Գուցե փախչե՞նք մենք լուսին։
Այնտեղ հնչյուններից նավակ հավաքենք
ու նավարկենք այն գետով,
որ անուրջների արտասուքով է լցված։
Այնտեղ լույսերից գործենք մեքենա
ու անցնենք ճամփեքով,
որ ցավի ժպիտով են հյուսված։
Այնտեղ բույրերից գծենք մի մեծ գորգ,
նստենք ու ճախրենք երկնքով,
որտեղ իղձերը ամպեր են դարձել։
Այնտեղ համբույրներից մեզ տուն կառուցենք
ու պատերին նկարներ կախենք՝
որպես զգուշացում,
որպես հիշեցում,
որ երբ մութ է,
արտացոլանքն իրականությունից
ուժգին է փայլում։
Լուսնի վրա չարքեր չկան։
Արի փախչենք մենք լուսին։