***
ես փնտրեցի քո աշունը, Լուս
մերկ ոտքերիդ տակ թավալվող
տերևների չորությունը խոնավ
ու մազերիդ կիսագանգուր
քամու հոսքը իմ մեջ ու իմ շուրջը
Լուս
դու կին էիր
ամսեամիս դանդաղ արյունահոսող
հպարտ ու մեղկ
ու համբուրեցիր այտս քո թաց այտով
ու առավոտ եղավ ու տանիք
ու ամսեամիս տխուր ու ամսեամիս դանդաղ
դանդաղ նետվեցինք մենք դեպի
աստվածային կապույտ
ու անմարդաբնակ մի օվկիանոս
և մթություն եղավ
և խավար
և կույրի պես էինք
ու հեռացանք
հեռացանք ինքներս մեզնից
Լուս
դու կին էիր
իմ պես
խոնավ ու մեղկ
մերկ ոտքերիդ տակ կիսաչոր տերևներ
ու մազերիդ մեջ կիսագանգուր հոսք քամու
ես փնտրեցի քեզ ու տեսա ինձ որպես
շարունակ քեզնից փախչող տերև
Լուս
դու քեզնից անհայտ
ու ինձնից անհայտ մի օր
հեռացար
ու եղավ ու չեղավ աշուն
ու եղավ ու չեղավ աշուն
ու եղավ ու չեղավ աշուն
ու մի անհայտ աշնան անհայտ մի օր
դու եկար
խունացած աչքերիդ մեջ
կիսաշնան կիսահետք կար
ու քամու թույլ հևոց
ճաքճքած և չոր շուրթերիդ
Լուս
ես քեզնից անհայտ մի օր լքեցի ինձ
ու դու գտար ինձ քո մեջ
***
Մենք կխոսենք ագռավներից,
որ ամեն առավոտ կռռոցով արթնացնում են մեզ,
մենք կխոսենք կիսատ թողած գրքերից
կամ չենք խոսի գրքերից,
մենք կխոսենք քո մանկությունից, դու կհարցնես,
իմից ես մի կերպ կփոխեմ թեման,
մենք կխոսենք մեր ալարկոտությունից,
դու թևերդ կտարածես օդում ու կգրկես ինձ,
մենք երկար ժամանակ չենք խոսի,
հետո ես կբողոքեմ իմ տան խավարասերներից,
դու ինձ կառաջարկես նրանց վերացնելու
լավագույն տարբերակը,
հետո դու կպատմես քո նախկին ընկերուհու մասին,
ես այդ պահին կհիշեմ, որ սիգարետս վերջացել ա,
դե դու էլ թարսի պես չես ծխում,
հետո դու ինձ կգրկես, ես քեզ կատեմ, կատեմ
ու կհաբուրեմ այտդ, հետո շուրթերդ,
հետո մենք երկար ժամանակ
չենք խոսի ու ես կմտածեմ
շուրթերիդ, լեզվիդ ու նախկին ընկերուհուդ մասին
ու էլ չեմ ատի քեզ,
որովհետև գնալուս ժամանակն ա:
***
երբ դու դու էիր
դու դու չէիր
բայց երբ դու դու դարձար
արդեն ես ես չէի
***
Օրվա անցուդարձը անցնում էր
կապույտ օղակների միջով
մի աչք հետևում էր ինձ հեռվից
***
Կատուս հենց այնպես չի մլավում
կատուս երբեք հենց այնպես չի մլավում.
գնացի խանութ
այսինքն մոտս փող չկար, բայց գնացի
ձեռս տարա գրպանս,
գիտեի, որ մոտս փող չկա,
բայց տարա…
արա, լավ հա,
էս ինչ ապուշ պատմություն եմ պատմում
-փս փս փս փիսո, փիսո, փս փս փս,
փսի փսի փս.
աչքիս էս եզը էլի հարևանի
շան կաթն ա գնացել խմում.
մտածեցի ես ու գնացի Մանուշից
պարտքով փող վերցնելու
***
Գժոտ աշուն էր,
տերևները թռնում էին աջ ու ձախ,
Հպվում խոնավ գետնին,
Լցվում իրար վրա,
խշշում…
Ներսումս կուտակված ուրախության ճիչ կար,
հավաքարարները չլինեին
ձայնս անգամ աստվածները կլսեին…
օհ, հզոր աստվածներ,
մարդիկ հավաքում են աշունը,
քանի շուտ ա տրորեմ տերևները,
քանի չեն հավաքել տրորեմ,
քանի շուտ ա տրորեմ,
մի 5 րոպե էլ գոնե
ոտաբոբիկ տրորեմ: