Կսպանե՛մ քեզ, ջարդուփշու՛ր կանեմ, ինչպես նուրբ ապակու:
Ծաղրում ես անթաքույց. դու աշխարհի թմրանյու՞թն ես…
Քո հմայքով, սեքսուալությամբ գերազանցեցիր մեր ամենասիրելի մարդուն, ու դա դեռ քիչ է՝
խլեցիր իմ Սերը, իմ հանդեպ ուշադրությունը:
Քո հրաշագործ մարմինն արդեն գրկում են ամենքը. դու բոլորի մոտ ես, էլիտար հմայիչ պոռնիկի շուքով…
Հայացքը քեզնից չեն կտրում ֆիլմ դիտելիս, երաժշտություն ունկնդրելիս, խոհանոցում, անգամ մեքենան վարելիս, ռինգ մտնելուց առաջ, ներկայացմանը՝ կուլիսներում,
քաղաքապետարանի նիստերին, գերեզմանոցում, սիրահարների այգում,
դասերին, քնելուց առաջ, փողոցում, դատավարության ընթացքում, խրամատում, ատամնաբուժարանում, հարսնահանդեսին, մեկ-մեկ էլ՝ խոստովանահոր հետ խոսելիս…
Քո առաջընթացը հետընթաց դարձավ, ասես անհմուտ կախարդանք… Ինչու՞…
Ա՛խ, դու՛, դյութի՛չ խառնակիչ. ավերում ես նաև ընկերների հարաբերություններ, մեկին սարքում անորոշության ռադիո, քեզ գրկողին՝ ժամանակ չունեցող.
նա, ով բռնել է քո կոնքերը, ընկերոջ հարցերին պատասխանում է մտացրիվ, ասես կալանավոր-գերի, իսկ քեզ չգրկածը՝ քեզ խանդողը, մենախոսում է, ասես ռոբոտի առաջ: Եվ հրատապ հարցերը, որոնք միայն ընկերներինն են, մնում-բորբոքվում են լռության ընդերքում…
Օրինակները՝ հազար, թանկագի՛նս.
10 տարի միմյանց չտեսած մտերիմներ. ա՛խ, ի՛նչ կարոտ, երջանկության արցունք…
38 րոպե հետո, ուղիղ 38 րոպե հետո, հո՛պ, անդիմադրելի հմայքիդ են հպատակվում ու հաց ծամելով, գլուխները վրադ իջեցրած, «զրուցում» են միմյանց հետ:
Հետո բառերն աստիճանաբար սակավանում են. ասես կծոտելով համբուրում ես այդ մտերիմների շուրթերը՝ չթողնելով խոսեն,
Ապա սենյակում իջնում է քո հայտնի լռությունը. մարդ և՛ կա, և՛ չկա…
Ա՛խ, հմայքի մոգ,
քո մասին ավելի շատ են մտածում, քան ամենադժբախտ-միայնակ մարդու…
Թե մի պահ չաշխատես, մարդկությունը խելագարվածի պես, ասես թմրանյութից կախյալ,
այս ու այն կողմ կվազի, որ րոպե առաջ քեզ էլի ուշքի բերի:
Չունեմ հնարավորություններդ գերժամանակակից,
Ես մարդ եմ՝ թերի արժանիքներով զարդարված,
Մարդ, որ դժբախտության պահին քեզ հետ ՄԵՆԱԿ է, ի՛մ գերժամանակակից…
Դու ծիծաղելով-աննկատ գլորում ես մարդկությանը դեպ դրախտային դժոխք,
որտեղ մահե կյանքն ավելի կյանք է թվում,
քան իրականը՝ թեկուզ քաղաքականախեղդ…
«Մրցեցիր» սիրո հետ, դարձար սիրո առևտրի կենտրոն համացանցում, ա՛յ դու սիրո սակարկիչ-կավատ…
Քո միջոցով պետք է առաջնաքայլեինք «կատարելացվող» աշխարհի հետևից, սովորեինք անկորուստ վազել ժամանակ չունեցող ժամանակի մեջ, ինչպես քչերը, բայց դու գայթակղում ես մեզ, քարշ տալիս անդունդի եզր ու պատրաստվում հրելու հաճույքին…
Է՛յ, մա՛րդ, չլսեցի՞ր, ռումբ պայթեց կողքիդ, հո չվախեցա՞ր. լավ է՝ անտարբեր մնացիր,
դե տարված էիր ՆՐԱՆՈՎ…
Շենքեր են փլուզվում, հոգիներ կործանվում,
երազանքներ մոխրանում, բայց քո պետքը չէ, որովհետև դու գրկել ես նրա սիրունիկ մարմինը…
Մարդուն զրկեցիր մարդուց, ուրեմն քո միջոցներով մարդուն վերադարձրու՛ մարդը…
Վիշտ ամոքել սովորիր. երևի մի օր դա էլ կկարողանաս…
Ու վերջնականապես բռիդ մեջ կճզմես երկիր-գլոբուսը՝ որպես
անթագակիր «աստված», որպես «տեր»՝ քո համայն ստրուկ մարդկության, օ՛, ԱՅՖՈ՛Ն…
Օ՛, բջջային հեռախոս. մի՞թե դու հավերժելու ես բարգավաճելով…
Մարդանալու ճանապարհին մարդուն խլեցիր մեզնից, գո՛ղ,
ինչպես քո ալտեր էգո համակարգիչը…
Խռովե՞լ, թե՞ հաշտվել քեզ հետ, միևնույնն է՝ դու անթագակիր արքա ես:
Բայց ձեռնոց եմ նետում քեզ…
Թեկուզ 7.000 տարի էլ անցնի, մեկ է, Սարոյանի ամերիկացի մեծն Ապուշի նման
հավատում եմ. ե՛ս կհաղթեմ քեզ, ե՛ս, որ մարդուն սիրում եմ
կենդանի շփման մեջ՝ իր հույզերով, աչքերի մեջ նայելով,
օ՛, մարդառոբոտացման աստված Այֆոն…
2018 թ.