Տարօրինակ է: Այն իր մեջ տեղավորում է սարսափելի մեծ չափսերի հասնող արկղեր, անհամեմատ մեծ թվի հասնող հագուստ, էլ ի՜նչ ասես, որ չես գտնի նրա մեջ: Ընդգրկում է նաև կոշիկներ ու պայուսակներ, ավելորդություններ մի գլուխ: Նայում ու ապշում եմ, մի՞թե դա հնարավոր է: Նա ի՞նչ է` ռեզինից է ու հեքիաթայի՞ն: Ձգվում ու ձգվում է, ու էլի դեռ տեղ է ունենում լայնանալու: Թերահավատորեն եմ մոտենում, աչքիս տեսածին չեմ հավատում, գնում եմ մոտիկ, շոշափում եմ, բայց ինչու՞մ համոզվելու համար` ինքս էլ չեմ հասկանում, մի՞թե նրանում, որ այն փայտից է և ոչ ռեզինից, թե՞ որ արթուն եմ, այլ ոչ թե` քնած: Ծիծաղում եք: Ես էլ եմ ծիծաղում: Բայց փայտից է ու ես էլ քնած չեմ, ու ո՛չ էլ լուսնորդ եմ: Այժմյան այն ստից «լամինատ» կոչեցյալներից չէ պատրաստված, չէ,՛ այլ իսկական փայտից է, պոպոքի փայտից` ամուր, անուշ շագանակագույն, մոտ հիսուն տարեկան: Բացում եմ պահարանի դռներն ու մի պատնեշ… ուղիղ դիմացս է ծլում, չգիտես որտեղից, բաղկացած վերը թվարկած բոլոր ապրանքներից: Կարծում եմ, որ սա արդեն վերջն է խեղճի ընդունելու կարողության: Սխալվում եմ ուղեղիս սակավաթիվ ծալքերի պատճառով: Ով գնում գալիս է, բացում է ու նորից որևէ իր դնում այնտեղ: Ու զարմանալին այն է, որ խցկելով չեն դնում, այլ` բացում են ու հագիստ տեղավորում: Այսինքն տեղավորվում է: Այն սրտաբաց իր մեջ է առնում նորն ու հինը, առաջարկվածը` ենթադրելով, որ այն անհրաժեշտ է ուրեմն: Ու անգամ կիսաբաց չեն մնում դռները, ընդհակառակը` ամուր ու պինդ փակվուն են` իրենց պարտականությունը լիովին ճշգրտորեն կատարելով: Մոտենում եմ պահարանին, ձեռքիս ափը սահեցնում եմ հարթ մակերեսի վրայով, հոտ եմ քաշում` քթածակերս լայն բացելով, որ յուրաքանչյուր օտար ու մոտիկ ծիլ նկատեմ: Այտս եմ դնում նրա այտին` փորձելով սփոփել, սիրտ տալ, որ չնեղվի, միայն գրկելու հնարավությունն է սահմանափակ, ձեռքերս չգիտեմ ինչպես նրա ուսերին կամ գոնե մեջքին հասցնել: Բայց անում եմ, դա՛ էլ եմ անում, կարողանում եմ, գտնում եմ ճար, գրկում եմ վերևից, բարձրանում եմ նրա «գլխին» ու լայնքով գրկախառնվում: Հանգստացա, մարմինս հանգստցավ, գիտե՞ք այդպես լինում է, երբ մորդ ես գրկում, ու երբ այլևս վախենալու կամ մտածելու, անհանգստանալու պատճառ չի լինում, քանի որ մորդ ես գրկել: Այ այդպես էլ ես եմ զգում ինձ: Ուզում եմ տաքացնել նրան, սառել է մարդկանց անսիրտ ու «ապրանքային» (կարող ենք նաև ասել իրային) վերաբերմունքից: Այդպես պառկած երևի երկար եմ մնում ու անգամ հասցնում եմ քնել ու երազ տեսնել, քանի որ երբ վեր կացա` ներքևում զայրացած աչքերի հանդիպեցի: Էլ չթողեցի հարցերով ինձ խեղդամահ անել` ինքս հարձակվեցի` կշտամբելով ու հայհոյելով այսպիսի անտարբերության ու բարձիթողի սյուժեի համար: Կարծես, թե վախեցան, հետ քաշվեցին, սսկվեցին: Այդ պահին մի երիտասարդ աղջիկ, կլինի մոտ տասնութ, թե քսան տարեկան, կամ էլ հնարավոր է շատ ավելի փոքր կամ մեծ, ո՞վ գիտի, ցայտուն, գրավիչ հագնված` մոտենում է պահարանին, բացում ու մի մեծ պայուսակ այնտեղ դնելով` հանգիստ փակում ու կողքիններին էլ չնկատելով` հեռանում: Հավանաբար ուսանող է` ձեռքին էլի մի մեծ պայուսակ է, գրքեր ու տետրեր: Գեղեցիկ ոտքեր ունի` ուղիղ, ոչ շատ նիհար(ախր մակարոն ոտքերի ինչը շոյես), բայց նաև ոչ էլ տգեղ գեր, հաճելի` կարճ ասած, ընդգծված կոնքեր ու աչքի ընկնող կրծքեր, վերջինս կարևոր հանգամանք է շատ, բաց գույնի աչքեր, կոկրետ չեմ կարող ասել հիմա ինչ գույնի` բաց շագանակագույն, թե՞ կանաչավուն, դեմքն ընդհանուր վերցրած կլոր է, ու ինքն էլ է համապատասխան նորմաների մեջ գիրուկ է, ո՛չ, անտանելի չաղ չի, չաղլիկ է, բայց` շատ նույնիսկ լավիկը, ցանկալի կլորիկ: Կարելի է հետքրքրվել նրա տվյալներով: Վերադառնանք հավաքված մարդկանց: Սսկվեցին: Անգերազանցելի ցայտնոտի մեջ եմ: Սիրտս տրոփտրոփում է, ձեռքերիս ափերից արդեն քրտնքի կաթիլներ են կաթում, նեղվում եմ, բերանս չորացավ, անգամ մի կաթիլ թուք չի մնացել ատամներիս արանքում կամ ծակ ատամիս խորքում, որ կուլ տամ: Իսկ նրանք դնում ու դնում են, բարձում ու բարձում են: Խե՜ղճ պահարան: Հին էլ չի գոնե, գիտե՞ք: Թարմ, երիտասարդ, այսինքն քսան տարեկան չէ, բայց դե վաթսուն էլ չի, մեջտեղում է, սակայն հրաշալի պահպանված: Դե արդեն ասել եմ հիսուն կամ մի երկու տարի աջ կամ ձախ: Վրան չկա անգամ մի խազ, մի մաշված ու հնացած տեղ: Սկսեցին դես ու դեն հրելով գեր մարմինս` նոր ու անծանոթ, ծանոթ ու հին մարդկանց դեմքեր հայտնվել ու անհայտանալ պահարանի շուրջը: Բերեցին ինչ-որ ապարատ, որն ընդամենը մի երկաթյա ձող է` վրան ամրացված թափանցիկ, ուղղանկյունաձև տոպրակ` մեջը կարծես թե ջուր: Գլուխ չհանեցի, ո՛չ ապարատից, ո՛չ ամրացված տոպրակից ու ոչ էլ պարունակությունից: Սակայն հետաքրքրության ու չգիտես ինչ հանգամանքներից ելնելով, մտածմունքներիս ապահովության համար, մոտեցա առեղծվածային նորությանն ու շոշափեցի: Սառն է երկաթյա ձողը, ինձ թվաց, թե ձեռք եմ տալիս մահացած մարդու, որի մատներում այլևս արյունը տաք չի լինում, տոպրակն էլ է սառը` միայն մի դրական հատկանիշով ավելի նախորդից, որ փափուկ է, բացի սառը լինելը: Նորից գլուխ չհանեցի: Հայտնվեց մի տարեց կին` ամբողջովին ճերմակ հագուստով ու ինքն էլ արդեն վաղուց ճերմակած` հոնքերից բռնած, ու սկսեց պահարանի դռանը կպցնել սև փոքրիկ ռեզին, որին էլ ամրացրեց այդ փափուկ տոպրակից դուրս եկող ճիվաղ, ռեզինե խողովակը: Սնուցում է: Դրա միջով ջուրն արագ սլանալով գնում մտնում է պահարանի երակները: Ծանրացավ օդը, եղանակը, մարդիկ, ու նաև ես: Քիչ-քիչ դատարկվեց սենյակը: Գնում են մարդիկ, հոգնել են երևի: Պահարանից նրանք չհանեցին ո՛չ մի իր, ո՛չ մի պայուսակ, հագուստ կամ կոշիկ: Ոչ մեկին ոչինչ պետք չի էլ: Չթեթևացավ իմ խեղճ պահարանը: Չի էլ բողոքում իր ծանրությունից ու ցավից: Ուզում է լռել, չխոսալ, դառնալ երկկենցաղ, որ հարկ եղած պահին սուզվի, մոլորվի ջրի տակ:
Հանկարծ սկսեցին պահարանի դռները բացվել ու փակվել: Ասես խեղդվելուց լինի: Լոնքեր անելով հասա պատուհաններին ու բացեցի բոլորը: Չօգնեց: «Խեղդվու՜մ է». գոռացի ու վազեցի… Դատարկում եմ: Հանում եմ ինչ-որ կա ներսում: Դարակներն այդ ապրանքների ծանրությունից արդեն կպել են գետին: Հայտնաբերում եմ էլ ինչ վաղեմություն ասես չունեցող իրեր, կոտրած խաղալիքներ, որոնք անգամ աղբանոցի բան էլ չեն արդեն, իսկ այստեղ գրավել են ամենապատշաճ, հարգի դարակներից մեկը, գտնում եմ մի արկղ` միջին չափսի: Քաշում եմ: Օ՜, տեր աստված, այն այնքան ծանր է, որ չեմ պատկերացնում, թե ի՞նչ պետք է լինի մեջը: Գցում եմ հատակին: Զրը՜ըըըընգ, երևի կոտրվեց ինչ-որ բան: Բացում եմ… Ձեռքս տանում եմ գլխիս հետևն ու սկսում քորել ծոծրակս: Մտածում եմ՝ ու՞մ է պետք եղել այս սարսափելի հիմար ծանրությունն այստեղ դնելը: Արկղի պարունակությունն ընդամենը քարեր են: Ձեռք եմ տալիս` հուսալով արժեքավոր բան գտնել արանքներից: Հուսախաբ եմ լինում: Ամենասովորական քարերից են, որոնք լիքն են ճամփեզրերին` գորշ մոխրագույն կամ գրեթե սև, ու ոչ մի արժեքավոր իր: Շարունակում եմ պահարանի ազատագրումն անպիտան մոլախոտերից: Այո՛, այո՛, այն ամենն ինչ ներսում են` մոլախոտ են, որոնք աճում, աճում են ուրիշի հաշվին ու չեն թողնում դու մաքրվես ու չկրոցնես հիշողությունդ ապրելու մասին: Գտնում եմ նաև կարմիր «բրեզենտե» կտորից մի պայուսակ, որն իր շքեղությամբ աչք է զարնում: Վերցնում եմ, փառք Աստծո, թեթև է, բուրում է «CHANEL» օծանելիքով: Քաշում եմ ոսկեգույն շղթան զգուշորեն, որ հանկարծ չվնասեմ թանկարժեք պայուսակն ու իր տիրոջ սիրտը: Սկսում եմ ծիծաղել գժի պես, ու անմիջապես ձայնս կտրում եմ: Մեջը լցված է կոսմետիկայով ու նման զիրթ ու զիբիլով: Ինչի՞ համար, ինչի համար են այսքան գնել ու պահել, այն էլ պահարանի ամենախորին տեղերում: Պատկերացրեք, եթե ամեն անգամ որևիցե բան պետք լինի այս պայուսակից հանել` ստիպված են լինելու պահարանի թոքերից ու աղիներից բռնած խառնել, սրտխառնոց առաջացնել, որ հանեն օրինակ մի կարմիր շրթներկ, եղունգների նարնջագույն լաք, դեմքի կրեմ… կամ էլի այս շարքին դասվող մի ապրանք:
Խոր հոգոցի ձայն եմ լսում: Դռան մոտ կանգնում է տարեց մի մարդ` կարելի է նույնիսկ «բիձա» անվանել:
«Թեթևացնու՞մ ես: Թեթևացրու, թեթևացրու, ճիշտ ես անում: Հալվեց, մաշվեց: Ձայն էլ գոնե չի հանում, որ իմանանք ի՞նչ ա պետք, տնաշենը: Հոգնել ա: Գլուխն առել ա ու գնում ա»:
Հագնված է անսահման մաքուր, խնամված, մուգ վարդագույն վերնաշապիկն այնպես է բռնացրել բալի գույն ունեցող կոստյումի հետ, որ աչք կտրել չի լինում, տաբատը նույն բալանսի վրա է ինչ կոստյումը` միայն թե մի երանգ բաց, լաքե սև կոշիկները հավանաբար դրսից են ուղղարկված, փողկապ չկա, ոչ էլ թաշկինակ` կոստյումի ձախ գրպանում: Դեմքն այնպես… սովորական դեմք է, բայց հայացքում կա կարեկցանք, հիշողություն` մարդկային հիշողություն: Չհարցրեցի, թե ո՞վ եք, ինչի՞ համար եք այստեղ, ի՞նչ գործով եք եկել: Չէ՞ որ դեպի պահարան եկողն անկասկած գործով է գալիս, թե չէ հենց էնպես իրենցից ժամանակ չեն կտրում, մոտենում հնությունը պահպանելու ու առողջացնելու համար: Չնկատելով, ե՞րբ հեռացավ առեղծվածային բիձան` վերադարձա կիսատ թողած զբաղմունքիս: Բացում եմ ծայրի երկու դռները ու… անմիջապես վրաս է շուռ գալիս մի մեծ, փչովի լողավազան: Լավ է գոնե դատարկ է` առանց ջրի: Մի կողմ եմ գցում, ու նորից վրաս է ընկնում մի մեծ գրապահարան` գրքերով լցված: Տապալվում եմ գետին: Ինձ թվում է գլուխս թերթի բարակություն է ձեռք բերել, բայց արի ու տես, որ ես էլ եմ ռեզինե` մնացել եմ նույնը, ոչինչ էլ չեղավ ինձ, չվնասվեցի, չդեֆորմացվեցի: Նմանվեցի պահարանին: Սողոսկեցի դատարկված պահարանի մեջ ու ինձ դրեցի այնտեղ: Տեղավորեցի գեր մարմինս ու չմտածեցի ծանրությանս մասին: Տարածության մեջ թվաց, թե կդիմանա, կհամբերի, կտանի նաև այս… այս մարմինս…