***
Օդի սառնությունը կոտրտվում է քայլերիս զգուշության և փաթիլների ջերմության միջև…
Իսկ ձեռնոցներ հագնել չսովորեցի։
Ձեռնոցները
տա՜ք, անչափ տաք կարոտ են հիմա,
որ անընդհատ պարտավորեցնում են
չմրսել…
Ձեռնոցները
տատի ու թոռան արևոտ սեր են
ու այնքան անսահման են,
ասես չեն սպառվելու,
բայց այլ անուն են ստանալու`
ապագայի և անցյալի հենց կենտրոնում,
հենց չմաշվող մանկության ու
մի քիչ ավելի մեծ մանկության ձեռքերին հագած ձյունածածկ ձեռնոցների նման։
Հիմա ձյան փաթիլները աստղաձև չեն
և մինչ հալվելը
չեմ փորձում մտապահել տեսքը…
Հիմա ձյունը ուղղակի քերված ճշմարտության ուղիղ ձևն է…
***
Չապրած բառեր է օրը շպրտում։
Ամենամեկը,
ամենամեկը…
սառել է չվող ամպի ստվերին.
անմահությունն է…
անմեկնությունն է
հավատամքի ու
անանցությունը….
Չապրած օրեր է
անմահությունը…
***
Ես չեմ ժպտում,
երբ լիալուսնի ստվերի մեջ
արևը փաթաթվում է վարսերիս,
երբ ծիածանը ալեկոծվում է հոգուս մեջ,
երբ փոքր ոտնահետքեր են քսվում քայլերիս։
Ես չեմ ժպտում
իմ զարմացումների բազմազանության
սառը ջրհորդանի սառույցը իմ մեջ զգալուց և…
չեմ ժպտում քեզ` ինձնից առաջ անցնելուդ
արագաշարժ աճապարանքդ տեսնելով,
սառը ճակատով արագահոս ժամանակ…
***
Երկինքը կապույտ լռություն է.
որքան բառ կա
այդ լռության մեջ
ծիծաղող,
արթնացող, քնող, ապրող…
Բառը ծլվլում է ճյուղին,
բառը թևածում է ափիդ,
բառը պոկվում է բուն բառից,
բառը կչվի մի քանի բառից։
Մենք բառ ենք,
մենք բառ ենք`
գոյությանն այս դյութիչ…
Բառեր ենք,
իսկ միտքը ևս բառ է…
Բառը տեսնում է, խոսում է,
և բառ են դառնում բոլորը…
***
Աստծո երկարող թարթիչների տակ ստվեր կդառնան օրերս անձայն։
Ծիրանավորի լռության ժամին խոսքերը կիջնեն ծանր լռության ճգնավորի պես։
Լույս արարչագործ և կոտրած կոհակ` հնարված կյանքի ինքնատարածման։
Երգի անմարմին ափերը մտքիս արտասվող բառերով լռին կավերվեն։
Աստծո երկարող տեսիլքների մեջ ես բառ կդառնամ, բառերս` աչքեր` լռին հետևող…
Այս տեսիլքները` օրերը խլող, մի օր կկորչեն,
թարթիչից կախված սառույցի նման կհալվեն անտես, իսկ ես գուցե թե դեռ կհավատամ…