Բրիտանացի Մարտին Էմիսի «Հետաքրքրության գոտի» գիրքն իսպառ սպանեց իմ մեջ ցինիկին, որը կարող էր ծիծաղել հոլոքոստի մասին կատակների վրա:

Չէ, ես սև հումոր, իհարկե, սիրում եմ: Բայց, ընկերներ, բայց․․․ Մարտին Էմիսի գիրքը թարմացրեց հոլոքոստի մասին իմ իմացած փաստերը, ինչպես նաև մատուցեց նոր՝ սահմռկեցուցիչ դիտանկյուններ ու մանրամասներ, որոնց մասին ես մինչ այս չգիտեի:

«Հետաքրքրության գոտին», իհարկե, գեղարվեստական ստեղծագործություն է, որում, սակայն, նկարագրված են որոշ իրական պատմական կերպարներ և իրական դեպքեր: Գիրքը Լեհաստանում գտնվող մի համակենտրոնացման ճամբարի մասին է և պատմվում է այդ ճամբարի պարետի, պարետի կնոջը սիրահարված մի բարձրաստիճան պաշտոնյայի և ճամբարի բանտարկյալներից մեկի անունից:

Պարետի կերպարում մենք տեսնում ենք այն սարսափելի ֆենոմենը, երբ ֆանատիկոսը, ստանալով հրեշավոր առաջադրանք, ֆանատիկորեն լծվում է դրա իրականացմանը՝ իսպառ մոռանալով մարդկայնության մասին, մոռանալով, որ, գրողը տանի, այլ պայմաններում, այլ իրավիճակներում ինքն առաջինը կզարհուրեր իր արածից:

Երիտասարդ պաշտոնյայի կերպարում մենք տեսնում ենք լուռ դիմադրությունը, ցինիզմով ու սառնասրտությամբ զինված դիմադրությունը, ու կարևոր բաներ իմանում ֆաշիստական վերնախավի ապրումների ու պատկերացումների մասին:

Ու վերջապես, բանտարկյալի կերպարում մենք տեսնում ենք ողջ սարսափն ու դժոխքը, որի ֆոնին տեղի է ունենում պատմությունը:

Սա անչափ սթափեցնող, վերին աստիճանի զգացական ու որակյալ տեքստ է, որը պետք է կարդալ, եթե ուզում եք ստուգել ձեր սեփական ցինիզմի ամրությունը, ինչպես նաև թարմացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ու հոլոքոստի մասին ձեր գիտելիքները:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն