* * *
Ես մի աղջիկ էի.
ո՞վ էի, ի՞նչ էի
ամենքն իր վարկածն ուներ,
գույների տեղատարափ էի՝ աչքի փուշ,
մարմինս մրմուռ էր, բոց.
— Ժպտա՛,- ասում էին,- ժպտա՛։
խամաճիկ չէի՝
հլու քոծ, անլեզու,
շառաչուն ապտակ էի,
արևի՜նն էի, համբույր արեգի՝ պեպե՛ն,
մենաստված, բայց Աստղիկ էի։
սարի լճակում դողացող, մերկ կրակ էի՝
խլացնող քրքիջ օդում.
«ո՞վ էի». համրում եմ մատներիս վարկածներ.
ինչ չեն կարծել, դա՛ էի։
* * *
Ես մի ճանփորդ եմ երկարափեշ,
դալուկ, մատներով մոմե,
մերթ՝ կրծքաբաց, մերթ՝ գոց արաբուհի,
շռայլ՝ տրվելու մեջ,
և ամոթխա՛ծ այնպես։
Ես խտացումն եմ գենի ու կրակի ոգու,
կրում եմ հավերժության սաղմն իմ որովայնում:
Ճակատիս կնճիռներում քրտինքի կաթիլներ կան՝
հայրիկիս նման, պապիկիս նման ու ապուպապիս,
եվ իմ ձեռքերն անդադար արարել են ուզում։
Սարվորի և աշուղի, Կոմիտասի երգերի հետ,
արյունը եռ է գալիս երակներումս.
ծիրանափողի հնչյուններում բացվում են կոպերս
եւ քամանչային եմ տալիս սիրտս երեկոյան,
խաչեր եմ ագուցում հյուսքերիս մեջ՝
ես իգությունն եմ Իմ Հայաստանի…
* * *
Քաղաքը փոքր է,
ամեն անցնողի
խոնավ աչքերում
ես բախվում եմ քեզ։
քո՛ տողերով եմ
քո մասին խոսում,
եվ ապրած կյանքս՝
երկատված մի «դո՛ւ»
ինձ չի հերիքում:
Քո գրքերի մեջ,
թախիծ եմ շաղում…
ես քեզ սիրում եմ
ամեն տողի մեջ,
ամեն քայլիդ մեջ,
անմի՛տ արարքում։
Ես քեզ սիրում եմ
ինչպես՝ Աստղիկ,
հեթանոսակերպ
իմ ինքնությունով։
ես զառանցում եմ,
ինչպես արբած դու
և փրկագնվում
երգերիս
կողմից։
* * *
Կարմրաշեկ նռներ են
կաթիլ-կաթիլ ծորում մաշկիս տակ,
տատիս ցանցկեն մատներով հոսում
դեպի վերջը՝
սկիզբն հիշողության:
Նրա արնակալած աչքերի մեջ
ժամանակն իր կինոն է վավերացնում,
և նռները ճայթում են հողին՝
տատիս զգեստի պես
պուտ-պուտ։
* * *
Անփույթ խոսքերի շարքերը աղոտ,
ու վարանումի ամոթը կծու,
այտերիս վրա շիկնանքի ցոլքեր,
ծնրադրում եմ, քո առաջ, իմ սեր:
Դեգերումներից մոլի ու ագահ,
և ապտակներից մարդկանց ու կյանքի,
ես համեստորեն ու մաքրազատված,
ծնրադրում եմ, քո առաջ, իմ սեր:
Բիրտ օրերի հետ՝ կաղթաթ մի լակոտ,
ես քարշ եմ տալիս դնչկալ ու շղթա,
և դրամներ են թափվում վերևից:
ես քարշ եմ տալիս անունս կնքված,
որ չի մաքրվում լոգանքից հետո,
անանուն կյանքի բերկրանքին ծարավ,
ծնրադրում եմ, քո առաջ, իմ սեր։
* * *
Գիրքդ առա ափերիս մեջ, որ կարդամ.
Բոց էր այնտեղ, այրեց դեմքս,
Հետո դողի պես հասավ մատներիս,
Սահեց ձեռքիցս…
Կրակն անցավ սենյակով,
Աշնան խաշամի պես հրկիզվեց։
Մարմինս նետեցի աթոռին,
Որ խելակորույս պահի մեջ
Գտնեմ թելն այս աշխարհի։
Աստված խոսեց ներսումս,
Զայրագին գոչեց։
Ես մոռացել էի աղոթել
Եվ չէի մեկնվել խորանի առաջ զղջումով։
Խնկարկում էի քեզ, սե՜ր,
Մեծ, խորունկ, ինչպես չտեսած ձորերը,
Բարձր, ինչպես Օհանի ձայնն էպոսի,
Աննյութեղեն, ինչպես Աստղիկ մի՝
Մշուշներից ծնված ու կուրացնող։
Ոչ մի մակդիր, իմ մայր լեզվի
Ճոխություններն ամեն զորելու չեն,
Որ պատմեմ քո մասին։
Թող ների Արարիչը,
Հեթանոս աստվածներն էլ իմ պապերի,
Որովհետև քեզ եմ խնկարկելու,
Մինչև օրերի վերջը,
Ո՞վ գիտե, գուցե դենն ավելի։