Երբ գալիս ես դու
Երբ գալիս ես դու ինձ մոտ, ինքնակոչ`
Տանելով վաղ անցյալի սենյակները,
Ուր հիշողություններն արդեն ստում են:
Առաջարկում ես ինձ,
ինչպես երեխային, ձեղնահարկը,
Մի քանի օրից հավաքելով
Փնջերը` գողացված համբույրների,
Զարդերը` փոխառված սերերի,
Ճամպրուկները` գաղտնի բառերի,
Ես արտասվում եմ:
Քմահաճույք
Ձեռքդ տո՛ւր,
Թույլ տո՛ւր ինձ
Առաջնորդեմ ու հետևեմ քեզ
Պոեզիայի ցասումից անդին:
Թո՛ղ մյուսներն իմանան
Գաղտնիքը սրտաշարժ բառերի
Եվ սերը` կորցրած սիրո:
Ինձ համար տո՛ւր ձեռքդ:
Անցնող ժամանակ
Քո մաշկը նման է լուսաբացի,
Իմը` մուշկի:
Մեկը ներկում է սկիզբը
Ինչ-որ վերջի,
Մյուսը` վերջը
Հստակ սկզբի:
Ֆենոմենալ կինը
Ես սիրունատես չեմ և ոչ էլ մոդելի
կառուցվածք ունեմ,
Բայց սիրունիկ կանանց
միշտ հետաքրքրում է, թե
Որն է իմ գաղտնիքը:
Ես ասում եմ`
Իմ լայն բացված ձեռքերի,
Երկար մեջքի,
Լայն քայլվածքի,
Օղակաձև շուրթերի մեջ է:
Իսկ նրանք մտածում են` ես ստում եմ:
Ես ֆենոմենալ կին եմ,
Ֆենոմենալ կինը ես եմ:
Ես սենյակ եմ մտնում
Այնպես հանգիստ, ինչպես կցանկանաք
Եվ մի մարդու եմ մոտենում,
Իսկ նրա ընկերները ոտքի են կանգնում
Կամ ծնկի գալիս անմիջապես:
Հետո նրանք պտտվում են շուրջս`
Ինչպես մեղուն փեթակի շուրջ:
Ես ասում եմ`
Աչքերիս կրակի,
Ատամնաշարիս փայլի,
Գոտկատեղիս ճոճքի,
Ոտքերիս ուրախության մեջ է գաղտնիքը:
Ես ֆենոմենալ կին եմ,
Ֆենոմենալ կինը ես եմ:
Տղամարդիկ էլ են զարմանում,
Թե ինչ են գտել իմ մեջ:
Նրանք փորձում են,
Բայց չեն կարողանում դիպչել
Իմ ներքին առեղծվածին:
Ես փորձում եմ ցույց տալ նրանց՝
Ասելով`
Իմ կամարաձև թիկունքի,
Արևոտ ժպիտի,
Շարժվող կրծքիս,
Գրավիչ ոճիս մեջ է առեղծվածը,
Բայց նրանք նորից չեն տեսնում:
Ես ֆենոմենալ կին եմ,
Ֆենոմենալ կինը ես եմ:
Հիմա հասկանում եք`
Ինչու իմ գլուխը չի խոնարհվում,
Ես չեմ գոռում, չեմ թռչկոտում,
Ոչ էլ ստիպված եմ բարձր խոսել,
Ձեր կողքով միայն իմ քայլելն էլ
Բավական է` հպարտ լինելու:
Իսկ այդ ամենը
Սեղմող բարձրակրունկներիս,
Վարսերիս ժապավենի,
Ձեռքերիս հպումի,
Խնամքիս կարիքի մեջ է:
Քանի որ ես ֆենոմենալ կին եմ,
Ֆենոմենալ կինը ես եմ:
Ծերանում եմ
Երբ տեսնում եք ինձ հանգիստ նստած,
Ինչպես դարակի անկյունում
մնացած տոպրակը,
Մի մտածեք, որ ձեզ հետ
շաղակրատելու կարիք ունեմ:
Ես լսում եմ ինքս ինձ:
Սպասե՛ք, համբերե՛ք, մի՛ խղճացեք ինձ,
Սպասե՛ք, համբերե՛ք,
մի կողմ թողեք ձեր կարեկցանքը:
Կարող եք զուտ ըմբռնումով մոտենալ,
Այլապես ես կառանձնանամ ձեզանից:
Երբ ոսկորներս
կդառնան փխրուն ու կցավեն,
Իսկ ոտքերս
աստիճանները չեն բարձրանա,
Միայն մեկ խնդրանք ունեմ ձեզ`
Ինձ ճոճվող աթոռ բերեք:
Իսկ երբ տեսնեք ինձ հազիվ քայլելիս, սայթաքելիս,
Խիստ չդատե՛ք ինձ.
Քանզի հոգնածությունը
դեռ ծուլություն չէ,
Եվ ամեն հրաժեշտ չէ, որ գնալու նշան է:
Ես նույնն եմ, ինչ նախկինում էի`
Մի քիչ քիչ մազերով,
ավելի փոքր կզակով,
Ավելի վատ թոքերով,
շատ ավելի վատ շնչառությամբ:
Բայց չէ՞ որ ես բախտավոր եմ,
քանի դեռ կարող եմ շնչել:
Թարգմանությունը անգլերենից՝ 
Գոհար Ղասաբյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն