Այս բնակավայրը, ուր գետակներ են հոսում քարքարոտ հուներով և առատորեն աճում է քարաքոսը, ուր այժմ խոնավ պատերով խարխուլ տներ են մնացել միայն` մարդիկ լքել են ընտանիքներով կամ մենակ: Միաժամանակ: Տարբեր ուղղություններով: Հանկարծակի: Անհայտ պատճառներով, ինչպես մայաները դարեր առաջ, երբ դաշտն այրելուց հետո հեռացան իրենց բնակավայրերից` թողնելով հողն առանց վկաների:
Հազվադեպ են հանդիպում օտար դեմքերը: Ամեն ինչ տպվում է հիշողության մեջ, չի մոռացվում ու չի ներվում: «Սեպտեմբերի տասնչորս: Այն օրը, երբ դեղին ավտոբուսը գալիս է այստեղ: Ես գնում եմ»,- ուղիղ հինգ տարի առաջ ասել էր Էլյայի մայրը:
Ավտոկանգառի ժանգոտ ու մոռացված հովանոցի տակ արևից պատսպարվող աղջիկը կկոցել էր աչքերը: Նա լիաթոք շնչեց շուրջը տարածված վայրի ուրցի բույրը: Հաճելի քաղց զգաց: ՈՒսապարկում թխվածքաբլիթի փշուրներն էին միայն մնացել: Թերմոսով ջրի կողքին լոլիկ գտավ, որ ապահովության համար էր վերցրել` ամեն դեպքում, եթե ավտոբուսը ուշանա: Էլյան առջևի ատամներով ծակեց բարակ կեղևը ու ծծեց լոլիկի հյութը, որը դանդաղ հոսելով պարանոցի վրայով` կեղտոտեց շրջազգեստը: Եթե մայրը այստեղ լիներ, կբարկանար վրան: Էլյան մերկացավ. միևնույն է շուրջը ոչ ոք չկար, իսկ գետակի մեղմ քչքչոցը հուշում էր լողանալու հնարավորության մասին, բայց վախը, որ թաց- թաց ավտոբուս բարձրանալ վարորդը թույլ չի տա, ետ պահեց նրան: Նոր ընտրած շրջազգեստին պակասում էր միայն արևային գլխարկը: Չէր հիշում ուսապարկի որ գրպանում դրեց, բայց վերջին պահին այնուամենայնիվ վերցրել էր: Քիչ հեռվում հակառակ ուղղությամբ ընթացող ավտոբուսը կանգ առավ` ուղևոր հավաքելու հույսով, սպասեց մինչև աղջիկը հավաքի գետնին թափած ուսապարկի իրերը: Երբ վարորդը որսաց աղջկա հայացքը` սեղմեց կոճակն, ու առջևի դուռը բացվեց.
— Սա՞ է դեղին ավտոբուսը,- դիմեց Էլյան վարորդին ու շիկնեց անտեղի հարցից. պարզ երևում էր, որ ավտոբուսը դեղին է: Առանց պատասխանի սպասելու` աստիճաններով բարձրացավ: Սրահում ոչ ոք չկար: Դուռն արագորեն փակվեց, լսվեց շարժիչի ձայնը. ավտոկանգառը մնաց հեռվում:
Հրաժեշտի թախիծը հիշեցրեց ծուռումուռ ցածր բլուրները, ուր սիրում էր առանձնանալ բոլորից: Մենակության մեջ իրեն գտնում էր ճարպիկ մողեսներով շրջապատված, որ կտրտված քարերի վրայով մագլցելիս թողնում էին պոչը Էլյայի ափի մեջ. այժմ ուսապարկի ամենափոքր գրպանում պահում էր առաջին բռնած մողեսի պոչը. ասում են հաջողություն է բերում: Նստարանների դատարկությունը չէր համապատասխանում այն անհավանական լուրերին, որ շրջում էին այս բնակավայրում. դեղին ավտոբուսը միայն հատուկ կանգառներից էր ուղևորներ վերցնում` համբերատար սպասելով, մինչև բոլորը բարձրանան: ՈՒշացողները մնում էին կանգնած, կախվում չփակվող դռներից, պատմում էին` մի կին հարմար չբռնվելու պատճառով ընկել է, բայց ավտոբուսը շարունակել էր իր ընթացքը: Հասարակական փնտրտուքները որևէ արդյունք չտվեցին. տղամարդիկ որսի ժամանակ մի գիշերվա ընթացքում սանրել էին անտառը, կանայք փեշերը հավաքած մտել գետը` սպիտակեղենը լվանալու և փնտրելու կապտած իգական աչքեր: Կնոջ մարմինը չկար:
Վարորդը զգուշորեն անցավ ցեխաջրով լի փոսերի վրայով ու մտավ գլխավոր մայրուղի: Ավտոբուսը առաջին անգամ կանգ առավ ծռմռված մետաղյա հովանոցի մոտ, որտեղ փակ աչքերով կովը կծկվել էր ստվերում: Միայն պոչն էր դուրս մնացել ստվերից, ժամացույցի սլաքի նման աջ ու ձախ էր ճոճվում`քշելով ճանճերին: Լսելով ազդանշանը` նա բացեց աչքերը. ավտոբուսը տպվեց կովի խոնավ հայացքում: Առջևի բաց դռնով հապշտապ բարձրացավ, անհանգիստ նայեց շուրջը, աղջկան գրեթե չնկատելով` ետևի դռնից նետվեց դուրս: Կովը անհուսորեն վազում էր, ուզում էր ազատվել ավտոբուսի դանդաղ, բայց երկարատև հետապնդումից: Երբ հանձնված կանգ առավ, ճանճը նստեց նրա թարթիչին: Ավտոբուսում բացակա ուղևորների նստարաններից նա ընտրեց Էլյայի կողքինը, որ պատուհանի մոտ էր` անմիջապես օդանցքի տակ: Դրսից փչող քամին իր հետ բերեց ճամփեզրին աճող անջրդի ծաղիկների բույրը: Կովը հոտոտեց օդը, հետո դունչը մոտեցրեց Էլյայի լայնեզր գլխարկին ու արհեստական ծաղիկներից խաբված` ետ քաշվեց:
— Տզ՜զ,- ասաց ո՛չ կովը, ո՛չ աղջիկը: Ճանճն էր: Թռավ օդանցքից դուրս: Այլևս չի վերադառնա:
Փոշոտ քամով օդ բարձրացած հնամաշ հագուստի ծվեններն ու բզկտված տերևները կովին ընկղմեցին հիշողության հորձանուտը: Նույնիսկ Էլյայի ձայնը, որ ասում էր` «Կարող ես փակել պատուհանը», չսթափեցրեց նրան: Օդում պարող իրերը հանձնվել էին քամու քմահաճույքին: Չորացած տերևները ապակուն բախվելով` փշրված թափվեցին, իսկ հնամաշ հագուստի ծվենները քրքրվեցին եղևնու փշերից` մաքառելով ճյուղերի արանքում: Կովի խոշոր, կլոր աչքերը որսում էին ժամանակի յուրաքանչյուր պահը: Ի վերջո անհանգիստ հայացքը գամվեց պատուհանից դուրս մի անհայտ կետի: Չնայած շարժումը փոխում էր բնապատկերը` հինը թողնելով անցյալում ու անընդհատ ավելացնելով նորը, կովն անթարթ նայում էր միևնույն կետին:
«Նա գնաց պարանոցի զանգակը թաղելու հողի տակ: Հորթուկը արդեն մեծ էր, ժամանակն էր, որ ազատվի իր խաղալիքից:
— Կարողացա՞ր,- հարցրի ես
— Այո, բայց խորը չեմ թաղել:
Ապաստարանի փայտյա դռան մոտ, երբ փորձում էինք գաղտնուղիով անցնել անտառ տանող արահետը, բոլորին բռնեցին: Քամին անհայտ ուղղությունից բառաչյուն էր հասցնում `բացառելով մենությունը, ու չնայած հողը դողում էր սմբակների դոփյունից, շուրջս հյուծվում էին ու անհետանում»:
Էլյան ամուր գրկած պայուսակը գրեթե մոտեցրել էր դեմքին, ուր գծագրվում էին ափսոսանքի առաջին նշույլները :
«Ես հավատում եմ երկարությանը:
Երկարություն, որը չի հատվում, կանգ չի առնում և չունի վերջ: Ինչպես այն ճանապարհը, որ տանում էր ինձ ու մորս անհայտ ուղղությամբ`սնելով պատահական հատապտուղներով, որովհետև, երբ հեռացանք տանից, չհասցրինք լավաշ ու պանիր վերցնել: Իսկ դրանից առաջ աղմուկ էր, ավելի առաջ` իմ ճիչը. ես ծնվել էի, ավելի ու ավելի առաջ` սկուտեղների մեջ պարող գույնզգույն մրգերը, երաժշտական գործիքների հարսանեկան նվագը, բայց ի սկզբանէ կրակն էր:
Ես տեսա մորս, հոգնած ընկած ինչ-որ մեկի հիշատակին կառուցված աղբյուրի կողքին, հետո` գլուխը հարվածող ջրի տակ պահած շշնջալիս. «Այլևս չեմ կարող»:
Լռության մեջ լսվում էր ավտոբուսի շարժիչի միօրինակ ձայնը, որ խոսում էր բոլոր ներկաների ու բացակաների փոխարեն:
«Ես չգիտեի որտեղ եմ: Փշալարերով շրջապատված` տեսնում էի ինչպես են հսկիչների վրանների առջև տակառներով խմիչք բերում: Վատ կանխազգացում ունեի:
— Ցեխ քսի՛ր երեսիդ,- ասացի կողքիս պուտիկավոր կովին:
Նա չարձագանքեց ինչպես մյուսները, որ կորցրել էին լսելու ունակությունը: Մի ամբողջ բազմություն, որի կաթի առուները կջրեին ցորենի ճաքճքած դաշտերը, ու ալյուրից պատրաստված անթթխմոր հացը կաթնահամ կլիներ: Հարբած հսկիչներն օրորվելով մոտենում էին մեզ, ավելի ու ավելի մոտ, նրանցից ոմանք` չորեքթաթ դիցաբանական էակի նման, լեզուն դուրս գցած: Մյուսները երկարավուն գլխարկներով ու զինված: Հսկիչներից ամենաբարձրահասակը, որ կանգնած էր առջևում, բարձրաձայն ասաց.
— Դուք կով եք, ուրեմն պիտի կթվեք:
Փշալարերից այն կողմ աճող թարմ խոտը սաստկացնում էր սովի զգացումը, իսկ տակառներով խմիչքը` ծարավը: Մենք օրերով խոտ չէինք կերել, ջուր չէինք խմել, ու կաթը տվել էինք հորթերին: Մենք ճանապարհ տվեցինք հսկիչին, ինչպես Կարմիր ծովը, որ բաժանվել էր երկու մասի: Նա անցավ մեր միջով դեպի խորքը, ու միայնակ մնացած սպիտակ պուտիկներով կովը խոնարհեց վիզը:
— Ես ուզում եմ կաթով գինի խմել:
Գինով լի լայնաբերան թասը դրեց համապատասխան տեղ, ու ծնկի իջնելով կովի առջև` սկսեց կթել:
Կաթ- կաթ
Կաթ- կաթ:
Երեկոյան անձրևի բյուրեղացած հատիկները ընկան թասի մեջ: Հսկիչը բարկացած հայհոյեց ու մտրակեց կովին: Հարբած էր, թրմփած ցած, երեսին ցեխ քսվեց:
Ամբողջ գիշեր հսկիչի վրանից լսվում էր կովի բառաչյունը.
— Բո՜ո…»
Էլյան զգուշորեն մոտեցավ վարորդին: Նրա անշարժ, սառը հայացքը, որ ճանապարհի ուղեգծից չէր կտրվում, արգելեց աղջկան հարցնել, թե երբ են տեղ հասնելու:
Բարձր բարդիներին փոխարինեցին նոճիները հետո գլխիկոր ուռենիները, երբեմն բլուրանման ավազակույտեր էին երևում կամ կիսակառույց շինություններ, որոնց նշանակությունը դժվար էր կռահելը: Էլյային թվում էր` պատուհանից դուրս նայելիս ժամանակն ավելի արագ է անցնում:
«Վայրի ու թափառող օրերից հետո փայտյա տնակը մեզ հանդիպած միակ օթևանն էր: Խաղողի որթի հյութեղ տերևները ծածկել էին տան պատուհանները: Խնամքի ոչ մի հետք չէր հուշում բնակիչների գոյության մասին: Մայրս բարձրացավ քարի վրա, հետո ձգվեց, որպեսզի խաղող քաղի ինձ համար: Նրա ծնկներն ամուր գրկած` բարձր-բարձր ոգևորում էի նրան: Տերևների շարժումից, իսկ ավելի հավանական է` մեր ձայներից, բնակիչները հասկացան, որ դրսի մարդիկ մոտեցել են իրենց տանը: Առաջինը դուրս եկած ծերուկի ձեռնափայտը մնաց օդում, երբ տեսավ ինձ ու մորս : Նրա կողքին հայտնված կինը բարկացած նայում էր մեզ: Քիչ հեռվում տղամարդն էր (հավանաբար նրանց որդին), որ խոժոռ հայացքով զննում էր մորս: Նրա մորուքը նույնքան առատ էր աճել ու ծածկել դեմքը, որքան խաղողի տերևները` տան լուսամուտները: Համոզվելով, որ անվտանգ ենք` հրավիրեցին ներս, խաղող ուտելու: Կինը բացեց կեղտոտ ապակիներով պատուհանը, դանակով մեծ ողկույզ կտրեց ու անլվա դրեց սեղանին:
Հյուրասիրության համար բազմիցս շնորհակալություն հայտնելով` որոշեցինք հեռանալ:
— Ու՞ր եք գնում, ճամփին մի բան կպատահի,- ձայնին անհանգստության երանգ հաղորդելով, ասաց տղամարդը: Իրականում այսպես էր. «Ոչ մի տեղ էլ չեք գնա: Այս տանը շատ գործ կա անելու»:
Հաջորդ օրը մայրս էտում էր խաղողի որթը: Ես բակի ավազների մեջ գլխահակ` երկրաչափական տարբեր պատկերներ էի կառուցում ու կայծքար փնտրում, որ կրակ ստանամ»:
Վարորդը մի պահ դանդաղեցրեց ավտոբուսի ընթացքը, որպեսզի կրակայրիչը մոտեցնի ծխախոտին: Նա պատկանում էր մարդկանց` մինչև վերջին ժամանակներս պահպանված այն խմբին, որ կրակը հայտնաբերելով` չէր մոռացել օգտագործման ձևը: Այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ խարույկ են վառում ու պտտվում շուրջը կամ թռչում վրայով: Աստիճանավոր տաճարներ կառուցող մայաների նման, նրանք նույնպես բազմաթիվ տաճարներ են ունեցել, որոնք քանդվել են երկրաշարժերից, բայց այդ կառույցներից մեկում մինչև այժմ պահվում է անմար կրակը, որպեսզի մարդիկ չմոռանան կրակի գյուտը:
Կովն անաղմուկ հակվեց դեպի աղջիկը` համոզվելու համար, որ նա քնած է: Նրա բրոնզյա ծանր ճակատակալի հատիկները կենտրոնից հեռանալով` փոքրանում էին, իսկ կենտրոնի ամենախոշոր հատիկից իջնող յոթ կախիկները զնգզնգում էին:
«Հսկիչները վառվող ջահերով հրկիզեցին խոտի չոր դեզերը ու շուրջը լուսավորվեց: Մենք բնազդաբար ընկրկեցինք կրակից: Չնայած դեռ ամեն ինչ կորած չէր: Լուրեր էին տարածվել, որ մոտակայքում ապստամբել են, սպանել են ու սպանվել: Մենք նույնպես կապստամբենք: Չէ, չէ, մեզ կգան օգնության, մեզ կփրկեն: Մենք կով ենք, կաթ ենք տալիս, կխղճան: Հորթերին կխնայեն:
Հսկիչը դանդաղ բարձրացրեց կեռ սուրը` օդում աղոթանման բառեր արտասանելով: Ես համոզված չեմ, պարզապես սպանե՞ց, թե զոհաբերեց սև կովին: Վառվող դեզերի կողքին շուտով մարմինների կույտեր գոյացան: Համընդհանուր բառաչյունի ներքո ծագեց արևը ու փոխարինեց հանգչող խարույկներին:
Ոչ հեռու թփերի մոտ հնամաշ զինվորական հագուստով կերպարանք նկատեցի: Նա, բոլորից աննկատ, փոքրիկ դույլով հատապտուղ էր հավաքում, միևնույն ժամանակ` հետևում մեզ:
Արևի տակ փայլող ցցասյուների մոտ շրջան կազմած` անշարժացել էինք: Ակնթարթային հարվածից մեզնից ամենատարեցը երերալով տապալվեց գետին:
Մեկ, երկու, երեք… հինգ…
Գլուխներ` ցցասյուների վրա:
Մի ամբողջ նախիր նայում էր վեր ու բառաչում.
— Բոո՜…
— Ո՞ւր է ձեր տերը, թող գա, փրկի ձեզ,- լսվեց հսկիչի ձայնը:
— Իսկ մեր նախրապանը որտե՞ղ է ,- հարցրինք միմյանց:
Խառնաշփոթի միջով ես փնտրում էի զինվորական հագուստով մարդուն: Նա թփերի ետևում թաքնված` կապույտ աչքով լաց էր լինում , մյուսն` ապակուց էր»:
Ավտոբուսը նման էր լռության մեջ ընթացող ինքնագնացի: Էլյայի հույսով լի դիմա- մկաններն այլևս պրկված չէին: Ուշադրություն չդարձնելով ուսապարկից թափված իրերին` աղջիկը խորասուզվել էր մտքերի մեջ:
« Բակից սուր ճիչեր լսեցի: Մայրս ընկած էր արևի տակ չորացող բրդերի մեջ: Քամին փռփռացնում էր լվացքն ու մորս կապտած ազդրերը ծածկող լայնափեշ շրջազգեստը:
Ես վազեցի աղբյուրի մոտ, ուր մտահոգ կանգնած տղամարդը, ծամածռելով դեմքը` դանդաղ ծխում էր:
— Ես հոգնել եմ,- մոտենալով ինձ` ասաց մայրս,- գնում եմ:
— Ինձ էլ տար քեզ հետ:
— Դու ծանր ես, չեմ կարող գրկել:
Մայրս հեռանում էր:
— Հիշի՛ր ինձ, սեպտեմբերի տասնչորսը,- ասաց նա,- նաև` դեղին ավտոբուսը: Առայժմ: Մի օր կհանդիպենք:
Ոչ ոք չգիտեր` իրականում ինչ է պատահել: Մայրս չկար: Նրա մարմինը նույնպես չէին գտել: Մոտակայքի ողջ բնակչությունը, նույնիսկ թախտին նստած ծերունիները, որոնց լայնացած երակներով ոտքերն ամբողջ տարին տաք գուլպաների մեջ են, փնտրել էին մորս:
Երեկոյան, հրացանը ուսին դրած տղամարդը հոգնատանջ վերադարձավ տուն:
— Մոռացի՛ր նրան, մայրդ այլևս չկա,- ասաց նա:
Ես ավազների մեջ պառկած` սպասեցի մինչև ուշ երեկո: Մոտեցա տանը, որպեսզի լիալուսնի ներկայությամբ այրեմ խաղողի որթը: Ես չկարողացա կայծքարից կրակ ստանալ£ Բայց չմոռացա մորս, սեպտեմբերի տասնչորսը ու դեղին ավտոբուսը»:
Շնչելիս` կովի մորթու մազերը բարձրանում–իջնում էին: Նա նախկինի պես ծանրամարմին ու տձև չէր թվում:
«Վառվող դեզերի ու ցցասյուների մոտ հսկիչը հրահանգել էր.
Բոլոր հորթերը` մի քայլ առա՛ջ:
Հուսահատ բառաչյուններն ու ճանապարհը սեփական մարմնով փակելը ապարդյուն էին: Հորթերի դիմադրությունը նույնպես արդյունք չտվեց:
— Քեզ շատ վատ ես պահում: Դու վատ հորթ ես,- լսվեց հսկիչի ձայնը:
Իմ ականջներում հողի տակ թաղված բոլոր զանգակների ղողանջյուններն են: Վերջին հորթուկը նույնպես ընկավ:
— Տո՛ւր ինձ պատանդի ձաղկված մաշկը:
Այլևս ոչինչ չեմ հիշում: Ես շնչահեղձ կլինեի, եթե զինվորական հագուստով տղամարդը չփրկեր ինձ մարմնակույտերի տակից: Նա ջուր ցողեց վրաս ու սև հաղարջ տվեց: Հետո վազել եմ, անցել եմ Բ արահետը, տրորել այրված խոտը, անցել գետը, հասել ավտոկանգառ ու բարձրացել ավտոբուս»:
Էլյայի բաց շագանակագույն մազերն առաջվա պես անկենդան չէին: Ավտոբուսի միապաղաղ ընթացքը ցնցում էր աղջկա ուղիղ մազերը, որ իջնում էին ուսերին:
Ես հեռանում եմ:
Ես` նույնպես:
Այնտեղ պատանդի մորթուց պայուսակ ու լուսամփոփ չկա:
Ես կգտնեմ մորս:
Երբ տեղ հասնեմ, կմոռանամ:
Ավտոբուսը կանգ առավ: Ոստիկանը մոտեցավ վարորդին:
Սահմանն անցնելու համար ոստիկանը պահանջում էր Էլյայի ու կովի անձնագրերը:
«Ես վախենում եմ, բայց կովն ինձ հետ է »,- աղջիկը գրկեց կովի պարանոցը ու զգաց մորթու ջերմությունը:
«Այս անգամ ես կկրակեմ: Կկրակեմ…օդ»,- մտածեց կովը:
Դիմապակուց այնկողմ երկհարկանի բուրգերն էին, խլրտացող զրահամեքենաները և աստծուն հասնող ժպտադեմ աշտարակները: