ես սիրուց շատ բան չեմ հասկանում.
ուղղակի օրը էլ օր չէ,
ու ես էլ ես չեմ։
ես սիրուց շատ բան չեմ հասկանում.
ուղղակի ես փշրում եմ ափսեներ,
ես փշրում եմ ապակիները մեր տան,
ես պոկում եմ ծաղիկներ
ու կոտրում եմ հայելիները մեր,
որովհետև ես էլ ես չեմ,
որովհետև ես սիրուց շատ բան չեմ հասկանում.
ու լուծվում եմ,
ու փոքրանում,
ու քչանում,
դառնում եմ ամենափոքր կաթիլը անձրևի
ու վախենում եմ արևից,
դե, որովհետև ես սիրուց շատ բան չեմ հասկանում.
դառնում եմ երեխա,
ամաչում,
վախենում,
մոռանում ծնունդս,
էությունս,
մոռանում, թե ինչ էի առաջ սիրում
ու ինչից էր, որ սիրտս խառնում էր,
դե, ինչ արած,
ես շատ քիչ բան եմ հասկանում սիրուց…
եթե գաս,
ինձ էլ հետդ բեր…
***
տղամարդիկ, որոնք առանց ետ նայելու են հեռանում,
հետո աչքերիդ մեջ նայելով են հետ գալիս։
տղամարդիկ՝ հոգնած,
տղամարդիկ՝ մեղկ,
տղամարդիկ՝ լաց լինող,
տունը, լցված լացող տղամարդու բույրով,
անհնար է օդափոխել.
սենյակի պատերը շնչում են տղամարդու արցունքը,
ու ամեն արտաշնչի հետ
մի կաթիլ է թափվում ափիդ մեջ։
տղամարդիկ՝ հոգնած,
տղամարդիկ՝ մեղկ.
տղամարդիկ՝ ծնկներիդ լաց լինող,
տղամարդիկ՝ հեռացող,
տղամարդիկ՝ վախկոտ,
սենյակը, որտեղ եղել է անհամարձակ տղամարդ, անհնար է օդափոխել.
սենյակը գրկում է անհամարձակ տղամարդուն
ու բաց թողնելուց հետո քեզ էլ իր գիրկը չի վերցնում,
որ չցավես,
որ չկորցնես քեզ,
որ ապրես։
տղամարդիկ՝ հոգնած,
տղամարդիկ՝ գրկիդ մեջ կուչ եկած,
տղամարդիկ՝ մորից դեռ չկտրված,
տղամարդիկ՝ հեռացող,
տղամարդիկ…
տղամարդիկ՝ մնացող,
սենյակը, որն իր ափի մեջ է առել մնացող տղամարդուն,
քեզ իր գիրկն է վերցնում
ու ստիպում շնչել արցունքի բույրը,
ստիպում դառնալ մշտական,
ստիպում սովորել սիրել,
սովորեցնում լաց լինել,
սովորեցնում ապրել,
տղամարդիկ՝ եկող,
տղամարդիկ՝ մնացող,
տղամարդիկ՝ ծնկներիդ լաց լինող։
***
այս ամառը, որ շատ քիչ էր ինձ,
այս ամառը, որ շատ-շատ եղավ,
ես քայլում էի ամառվա միջով,
թե ամառը իմ միջով անցավ,
ես չհասկացա։
գուցե դու եկար, որ շոգերի մեջ իմ հովը գտնեմ,
գուցե դու եկար, որ քամիների մեջ իմ տաքը գտնեմ,
գուցե դու եկար, որ ես չմրսեմ
ու քո գրկի մեջ գտնեմ տաքություն,
այս ամառը, որ շատ շուտ անցավ,
այս ամառը, որ չի վերջանա երբեք իմ ներսում։
գուցե գնացիր, որ աշնան հովին ես սովոր լինեմ,
գուցե գնացիր, որ ձմռան ցրտին արևը ուզեմ,
գուցե գնացիր, որ այս ամառը վերջանար հազիվ։
եվ այս ամառը
եվ այս ամառը
որ չի վերջանա, մինչև դու չգաս։
***
արի.
քեզ ասելու բան ունեմ,
պիտի նստենք իրար դիմաց
ու խոսենք, թե ինչու է,
որ արևը արև չէ,
ու անձրևը ինչու է մեզնից այդքան հեռու։
արի.
պիտի հարցնեմ քեզ,
թե ինչու է, որ հիվանդ եմ ահա ես քեզանով,
իսկ դեղերը քո դու շռայլորեն ուրիշներին ես տալիս։
արի.
հիշեցրու ինձ, որ ծառերը ծաղկում են,
որովհետև գարուն է,
որ ցրտերը հոգեվիճակ չեն,
որ անձրևը մենակ ինձ համար չի գալիս,
ու աշխարհում եղած ամեն վատ բան ինձ պատիժ չէ։
արի,
ասա, որ ես չեմ մեղավորը ամենի,
արի,
ասա, որ ես փրկության կարիք չունեմ,
արի,
ասա, որ ես փրկիչ էլ չեմ,
ու աշխարհն առանց ինձ էլ կապրի
ասա, որ կինը երջանիկ է այն ժամանակ միայն,
երբ սիրում է իրեն ավելի, քան ուրիշ մեկին։
արի
փրկիր ինձ
գնա
փրկիր ինձ
մնա
փրկիր ինձ
եղիր,
որ լինեմ,
որ շատանամ
գնա,
որ լինեմ,
որ չավարտվեմ,
որ չլուծվեմ,
գնա-մնա,
արի-գնա,
ուղղակի եղիր
ավարտվիր
դարձիր ես
դառնամ դու
նայեմ քեզ
ժպտամ
տխրեմ
նայեմ քեզ
տեսնեմ ինձ…