Ինքը
Վեց ամիս բևեռային գիշերներ, ու յասամանը նորից է բացվում: Մայրը վազում է ետևից արագությամբ, որից դեռ չեն կարողանում խուսափել երեխաները:
Երևակայիր մի փողոց…
Բայց ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ հացը բարձրացրեց գետնից ու այլևս չգտավ այն ավելի բարձր տեղը, որտեղ կարելի կլիներ դնել: Նույն զգացողությամբ օծանելիքի փակ սրվակի մեջ անգույն հեղուկ, եթե երբևէ մտածած չլիներ բացելու մասին, նույնը կլիներ, նույնը: Փողոցների միջով, քաղաքի, որտեղ իր ու դրանց միջև ինքը խորթություն չէր զգում այլևս, այլ չգիտեմ՝ ինչ (ամեն դեպքում մի ուրիշ բան), իրեն հեռացնում էր նույնիսկ փողոցն անցնելու հերթը: Ու ինքը գլխահակ անցնում էր և կոշիկներ էր տեսնում, իր վրայով իրար անուն գոռացող մարդկանց, ժանգագույն մազեր, բաներ, բաներ, բաներ: Հիմա ուզում էր քիթը մտցնել տաք թեյի բաժակի մեջ, բայց նայում էր շուրջը նստած մարդկանց, ու միտքն ընկրկում էր նկատվելու վախից: Գլուխը կախեց բաժակի վրա, գոլորշիով խոնավացրեց կզակը ու մի բան արած լինելու համար` հայտարարեց, որ Ժ-ի մայրն է մահացել. ինքը պիտի գնա:
Նստեց բոլորի կողքին, ցավակցեց ում պատահի, հետո չիմացավ՝ ինչ անել Ժ-ի հետ ու ինքնաբերաբար ափերով բռնեց նրա դեմքը, համբուրեց:
Փողոցում խոսեցին երեխաները.
— Տես, ինչ փռչոտ շուն է,- ցույց տվեց չորսամյա աղջիկը տղային:
— Ըհըն,- ժպտաց տղայիկը:
— Ա, լրիվ ես եմ,- հետո հարցական նայեց տղային,- ես էլ եմ փռչոտ, էլի:
Բայց ամեն անգամ տնից դուրս գալիս իրեն թվում է` նմանվում է մորը: Ինքը, ինքը, ինքը: Ձեր մատները այսօր մտե՞լ են մազերի մեջ: Չեն մտել, հա՞:
— Ի՛նչ լավ երեխա ես դարձել:
— Փոխվել եմ,- ժպտում է:
— Կուտ է տալիս, կուտ,- երջանիկ ավելացնում է մայրը: Ինքը, հասկանո՞ւմ եք, դեռ մանկապարտեզում իր առանձին սրբիչն ուներ: Բայց ոչ մի պոռթկում: Շշշ, մեծանում է:
— Ասա, մո՜ւկա, մո՜ւկա: Ռաս, դվա, տրի, մո՜ւ-կա:
Եվ վերջին երկարելուց հետո մազերը հասկացան, որ թափվել էին խորթ ուսերի վրա: Այդպես ստեղների վրա իջնում են ուրիշ մատներ, ու այտերը կարմրում են մեկ այլ վարդագույնով: Բայց ձևի փոփոխությունը հատուկ է անբան հոգիներին և զոլերի մեջ բացատները մեկ այլ գույնի զոլեր են: Ինքը թքում է վերև այն բարկությունից, թքածը ընկնում է իր ճակատին, ինքը գազազած հանում է կոշիկներն ու շպրտում իր դիմաց, հետո ոտաբոբիկ անցնում է դրանց վրայով ու ժպտում ինքնագոհ: Հետո կատուները սպասում են կերակրվելուն, և վարագույրներն են բարձրանում հանդիսավոր, և եղունգները աճում են տիեզերական մի մղումով, և մարդիկ շարունակում են անգիտանալ իրենց մոլորությունները, և բանաստեղծությունը աշխարհի լայնքով կամաց-կամաց ավելի է կրճատվում: Ու բոլորը մոտենում են միևնույն պատին`տարբեր գույներով, ձեռքերին տարբեր հասցեներ: Եվ դարպասները բացվում ու փակվում են շրխկոցով, ու յուրաքանչյուրի գնալը էլ ավելի տրամաբանական ու միևնույն է դառնում: Չգիտես`ինչ զգացողությամբ մեկը մոտենում է մյուսին: Եվ այդսպես էր բանը: Ինքը տեսավ` կախիչների վյրայից թափվում են շորերը, բայց փոփոխություններին դիմանալու ընթացք-ախտը անբուժելի չէ, դրա համար էլ շորերը կախվում են ուրիշ կախիչներից, ոնց որ առավոտյան աշխատանք ունեցողներն են գործի գնալու: Երանի մի հատ էլ Ժ լիներ, որի մայրը կմահանար ու ինքը մի այնպիսի գնալու տեղ կունենար, որտեղ իր միշտ չիմանալ, թե ինչ անել-ը լրիվ պատճառաբանված ու հարգելի կընդունվեր:
Անմասն
Իջավ փողոց: Պետք չէր ստել այն մասին, թե փողոցը դատարկ է, պարզապես ինքը անցավ ու չնայեց ոստիկանին, որովհետև ոչ մի ոստիկան էլ չկար: Երկար էր, ինչ չէր մտել Թերիի մոտ, դրա համար էլ ներքին հրճվանքով նայեց կողքի երեխային ու արագացրեց քայլերը:
Ու ինքը նստած էր նրա դիմաց ու զգում էր, որ իրեն լրիվ մեկ կլիներ, եթե անգամ չգար: Թերի, Թեր, Ի… մեկ է:
— Դու մա՞րդ ես,- դուռը բացելիս անշտապ հարցրեց աղջիկը ու գլուխը թեքեց՝ իբր պատասխան պետք չէ: Ինքն այսպես թե այնպես ոչինչ էլ չէր իմանա ասելու: Կզակը տարավ աջ ու որոշեց ներս չմտնել`դրանով ստիպել տալով դուռը բաց թողած Թերիին վերադառնալ:
— Էսպես ցուրտ է, մի բան որոշիր:
Ու ինքը ներս մտավ ու Թերիի դիմաց քիթը տարավ թեյի բաժակի գոլորշու մեջ: Եթե միայն անձրևը շրխկոցով չգար, ինքը պատրաստ էր լսել`ոնց էին իրար քսվելու նրա ոսկորները, մտովի տեսնելու էր բարակ միացություններ, որտեղ կաշին, զգալով իր ավելորդ լինելը, ինքնիրեն կպլոկվեր մարմնից ու կմնային ոսկորները: Ինքը հաստատ վարագույրը կպոկեր ու կփաթաթեր Թերիին, որ աղջիկը հանկարծ իրեն վատ չզգար: Ամեն ինչ կաներ: Միայն թե Թերին էլի կպնդեր, որ այդ միայն իրեն է թվում, թե ինքն ամեն ինչ անում է, որ լավ լինի:
«Խեղճ Թերի»,- մտածեց ինքն ու էլի քիթը տարավ բաժակի մեջ:
Թերին կկարոտեր իրեն, իր նստելու ու անընդհատ բացակա հայացքով երկու տարբեր իրերի վրա սևեռվելու ձևը: Կճանաչեր իրեն ուրիշների մեջ, չէր կարծում, թե կփնտրեր, ինքնին կգտներ. միշտ այդպես է:
Կհայտնվեին մարդիկ, կարգելեին Թ-ին այս կամ այն անելը: Կզգուշացնեին, որ չափազանց բարձր է խոսում, անտանելի գոռում է նույնիսկ: Ու Թ-ին դա պիտի որ դուր գար ու շտկվեր: Աղջկա մտքով երբեք չէր էլ անցնի ուրիշների ասածներին ուշք չդարձնել, չսկսել ցածր խոսել ու չգոռալ, կամ ականջները չփակել, երբ իրեն մի բան դուր չէր գալիս: Գուցե նույնիսկ նրան արգելեին շլդիկացնել աչքերը, երբ սկսում էին բացատրել, որ այս կամ այն բանը սխալ է անում: Ու Թերին էլ չէր շլդիկացնի աչքերը, ու էլ չէր լինի բնականաբար և վերջնականապես:
— Դե, Բ-ն ինձ սիրում է, մի նոր բան կլինի, էլի,- ուսը թոթվեց աղջիկը:
— Հա:
— Եկել ես ավելի լավ թևեր տալո՞ւ, գրողը տանի:
— Ինձ թվաց ետևումս ինչ-որ բան ընկավ գետին, չլսեցի՞ր:
— Չէ,- չոր պատասխանեց Թ-ն ու մոտեցավ պատուհանին:
— Աղմուկը չլսեցի՞ր,- նորից հարցրեց ինքը ու կռացավ:
Ինքը
Այդ դրսում խաղացող երեխաները, որ հազար անգամ կրակում են իրար վրա, հազար անհավանական փամփուշտներով, ու հազար կրակոց, որ ոչ մեկին չի սպանում: Ինչի՞ մեկը բարձրացել է քարի վրա ու գոռալով ողբում է, թե Լ-ն կարմիր է հագել: Ինչի՞ կարմիր է հագել: Գոռում է՝ինչի՞: Ու հրացանը պլաստմասի թեթևությամբ թափ է տալիս ձեռքում: Էլ ինչի՞ կրակի, երբ Լ-ն կարմիր է հագել: Հը՞ն, հը՞ն, հը՞ն: Իսկ ինքը դեռ մանկապարտեզում իր առանձին սրբիչն ուներ: Ու էնտեղ իրեն էլ էին կարծում էդպիսին: Պատին փակցված «օրվա տրամադրություններ» բաժնում հարցնում է դաստիարակը,-դու էլի ներքև փակվող բերանն ես նկարելու, հա՞: Քաշում տանում էր զուգարան: Իսկ ինքը էնպես գեշ էր, ամաչում էր, որ գեշ էր: Հա՞,- նորից հարցնում էր կինը ու շատ իմանաս`ինչ աչքերով նայում էր վրան: Իսկ ինքը ուսերը թոթվում էր ու գլուխը մի կողմ թեքում:
Խորթացումների մեջ: Այդ խորթացումների գնում էր դեռ մոր ետևից: Այսպես: Ինչի՞ ինքը չի ուզում քայլել, բայց շարունակում է քայլել: Չի կարող ուրեմն, հա՞: Գնում է կնոջ ետևից ու ավելի դանդաղեցնելով քայլերը խորթացման համար նոր տարածություն է փնտրում: Էլ տեղ չկա: Բան էլ չկա: Ուրեմն չամաչի, հա՞: Չամաչի, որ ամեն անգամ էդ շենք մտնելիս, երազում է, որ իր մոտ էդ անիծյալ հիվանդությունից բացահայտեն: Ու ինքը այդ ժամանակ:
Ինքը
«Էն իմ գտած ամենը, ինչ ես միշտ քեզ էի տալիս, Թերի, դու չես կարող վերցնել ինձնից, որովհետև դու էիր, քեզ տվեցի, ուրիշը լիներ, կտայի նրան: Որովհետև միշտ սպասել եմ, որ էս աղմուկները դու էլ ես լսելու, ոնց որ էս միջատը քո վարագույրից փորի վրա ընկավ գետնին: Խեղճ Թերի, իսկ ես քիչ էր մնում քեզ էս վարագույրով փաթաթեի, պիտի որ վախենաս միջատներից. հիմնականում այդպես է, իսկ եթե անգամ չես վախենում, դա քեզ էլ չի առաձնացնում մնացածից. աննշան բան է: Չես տեսնում, պատերազմները, որ ես եմ ուզում, Թերի: Զուգարանի կողքին ծառ լինեի, սերս ավելին կլիներ, ներիր»,- մտածեց ինքը՝ հայացքը երկար չկտրելով պատուհանից դուրս նայող աղջկանից: Հետո շնորհակալություն հայտնեց թեյի համար ու գնաց:
Ամնասն
Այդ տապալված հսկաների փոշին քթանցքներով կուլ գնալ չի կարող: Այդ մեղադրանքների համազարկի տակ, այդ հրապուրանքը քիչ էր իրեն: Հանդիսավոր շարունակվում է պատարագը, և իր մայրն է եկել նստել կողքին, ինքը բան չունի ասելու, մենակ թե Սաքի ջինսը շատ է սազում նրան, բայց դե ինքն ինչ անի: Ինքը հո երբեք չի եղել այն մեկը, ով նվերը ձեռքերով ետևում պահած, սպասել է այնքան, որ դիմացինը հասկանա`շատ իմանաս որտեղից: Ու իր անհաղորդ աչքերը, որ նույնպես ոչինչ ասել չեն կարողացել ոչ մի կերպ չբացվող բառերի փոխարեն, ինքը հո՞ չի մեղադրելու, հո՞ գլխահակ չի հեռացել, հո՞ չի սպասել, հո՞չի կոտրվել: Չէ, ինքն ավելի պարզ էր, քանի իրեն խնդրում էին լինել:
Բայց իր աչքերում դարի գլխին կանգնած տականք էր ինքը: Անձրևի տակ մնացած, կոշիկների մեջ ջուր, աչքերի տակ եսիմ ինչ, դեմքը` եսիմ ինչ, գեշ հնչող բառի պատճառ, մեղավոր, մեղավոր, մեղավոր: Ուզում են, որ չիմանաս, որ ուզում են իմանալ քո մասին: Քեզ նեղացրին հա՞: Բա էլ ո՞ր օրվա համար էիր սիրտ հավաքել, հը՞ն: Անջատված լույսերի տակ, կիսադատարկ դահլիճում էն մեկը կողքին աչքերը լցրել է բեմում իրար չհասնող տղա-աղջկա համար: Իսկ ինքը կոշիկները ներս է հրել նստարանի տակ ու ոտքերը ծալել ու չի խոսում, դրա սիրտը չունի: Ախր ինքը որ գույնի թելն ընտրի, կապի ատամ-բերանով, գլուխը դնի սառը քարին, նայելու տեղ չունենա: Մեծ էր ու տղամարդ: Տղամարդ էր ու մեծ: Բայց գիշերները մատներով սեղմում էր քթանցքները, մյուս ձեռքը տանում սրտին, ու պինդ փակած բերանով զգում էր, որ չի շնչում, իսկը սիրտը դեռ թպրտում էր եսիմ որերորդ թպրտոցով:
Ու այդ նույն ռիթմով էր, որ թպրտում էր ամբողջ քաղաքը բարձր երկնքի տակ, թպրտում, ու հոսանքալարերն էին թպրտում, ու ասֆալտը անիվների տակ, էդ տականքներն էին թպրտում մեքենաների մեջ, ու տականքների ձեռքի ծաղիկներն էին թպրտում շարժումից: Ու արևի շողերը իրերի վրա, ու տաք օդն էր թպրտում, ոնց որ սիրտը էն ամենաուժեղ պահին, երբ ինքը չհասցրեց ոչինչ:
Ինքը
Ինչի՞ ա սակարկում կինը, իսկ տղամարդը նվաստանում, ու աղջիկները գուգարանում հետ են տալիս, որ չչաղանան: Ինչի՞ եմ ես ոտաբոբիկ վազում այն մեքենայի ետևից, որի մեջ նստած կինը խաբեց ինձ ու թռավ: Իսկ ես անչափ փոքր եմ և վազում եմ այն մեքենայի ետևից, որով, ինձ թվում է, թե իրեն տանում են, մինչ ինքն իր համաձայնությամբ գնաց: Իմ ետևից իմ անունն է գալիս: Ես չեմ կանգնում, ես չեմ ուզում կանգնել: Ես երբեք չեմ մտածել, որ այսպես էլ է լինում: Չեմ մը-տա-ծել: Պարզապես պատկերը, որ հայտնվում է աչքերի առջև: Ես չեմ կարողանում գնալ: Ես նստել չեմ ուզում, բայց վախենում եմ այսպես, և այլ բառ չկա: Ինձ հարց մի տվեք: Ձեռքերս բացվել են, ահա: Գրկեք ինձ: Ուզում եմ նիհարել, որ գրկեք ու տանեք ինձ: Ես չեմ ուզում քայլել, բայց չգիտեմ, արդյոք հնարավո՞ր է բոլորին բացատրել, որ նստել եմ ուզում:
Եվ եթե կարողանայի այս երգը երգել երկար, ես կկարծեի, որ իմ մայրը մի ժապավեն ունի ճակատին կապած, մյուսն էլ ունի կոնքերի համար: Ոչ շատ երկար: Ինձ կթվար, թե ես շարունակ սպասել եմ, որ մի օր աշխարհի բոլոր ծորակները պիտի բացվեն ու լցվեն մի բաժակի մեջ, որը, սակայն, կիսատ կմնա: Աշխարհի բոլոր ծորակների ջուրը, ծովերի ջուրը, օվկիանոսուհիների, որ տեղավորվելով այս տարածության մեջ, կփակի հավերժության դուռը, ջարդուխուրդ կանի ցանկությունը, որն ուզում եմ ունենալ: Հասկանո՞ւմ եք: Դա դժվար է: Եվ եթե իմ երգը ունենար գոնե մեկ ավել բառ արտասանվելու, ես կմտածեի, որ մաշկի բոլոր ծակոտիներով հնարավոր չէ շնչել այս օդը, որովհետև, երբ շատ տխուր է լինում. ես մտածում եմ, որ տխուր է, տխուր և որ ափսոս է չզգալ այս տխրությունը:
Անմասն
Փողոցի վերջից խեղված ոտքով առաջ վազողը կին էր: Գալիս էր, գալիս էր ու ուր որ է պիտի մոտենար: Տեսնո՞ւմ ես՝ոնց է կուրծքը պատռվում: Տեսնո՞ւմ ես դեմքի ջղագրգիռ կծկումները, ձեռքերը հիվանդի պես անկանոն շարժում է.
— Ես երեխա չեմ բերել, որ քո նմանները, քո նմանները՛…
Ինքը
— Թերի:
Ինքը
— Դու հնազանդվե՞լ ես, Թերի:
Անմասն
Ինքը տեսավ նրա տղամարդուն` գրպաններում ձեռքերը խրած: Իսկ իր նախկին աղջիկը մոլոր նայում է նույն պատուհանից դուրս: Ոնց որ կարևոր զանգի սպասելիս լինող մեկը մտածում է հեռախոսների գոյության մասին, ու չիմանալով՝ ուր գնալ, ծնկի է գալիս ու շարունակում գրքի էջերը թաթախել գետնին թափված գինու մեջ:
Ոչ շատ երկար ինքը սպասեց, ու հիմա գնում է տուն, իրար կողք է շարում տան բոլոր ափսեները, պառկում վրան, ապտակում է պապին, կտրում է մեռելի բեղը (Ժ-ի մայրն էլ էր մահացել վերջերս), ցատկում է քնած քրոջ վրա, մի կտոր պոկում է վարագույրից, գնում է լոգարան, ջուրը բաց է թողնում ու նայում: Ոտքի է կանգնում, ծափ է տալիս, սանրում է մազերը, տերևը փշրում՝լցնում է դեմքին: Ու հա, էս ամեն ինչը այն ամենն է, ինչին ինքը նախապատրաստվում է, որովհետև որոշել է, որ երբ մոտենա վերջին արևին, դանդաղ է փոխելու քայլերը, ու հենց հասնի նրան, անտարբեր նայելու է, որ իրեն թվա, թե արևն է սպասողն եղել, ոչ թե ինքը: