Մհեր Բեյլերյանի «Վերջին օրը» պատմվածքների ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որի մեջ ամփոփված է ինը պատմվածք: Պատմվածքներից յուրաքանչյուրն ունի արտասովոր, ինչ-որ տեղ նաև խորհրդավոր վերնագիր («Արտաքին խավարի ստվերներըե, «Մղձավանջ», «Իմ արյունը» և այլն), որից շատ դժվար է կռահել, թե ինչի մասին է պատմվածքը: Դրանց բնորոշ են հետգրությունները, որոնք առանցքային դեր են կատարում պատմվածքների գաղափարը ամբողջացնելու համար, երբեմն էլ ծառայում են որպես վերջաբան:
Պատմվածքներից շատերի գործողությունները կատարվում են կիրակի օրը: Մհեր Բեյլերյանը իր համառոտ ինքնակենսագրականում գրել է. «Ծնվել եմ 1977-ին, կիրակի օրը: Անձրևոտ ախմախ օր էր. էսօրվա պես հիշում եմ»1: Փաստորեն կիրակին հեղինակի համար կենսագրական փաստ է, որ պատմվածքներում դառնում է որոշակի իմաստային ծանրաբեռնվածություն, ժամանակային- օրացուցային միավոր: «Տեսանկյուն» պատմվածքում կիրակին խորհրդանշում է հեղինակի կյանքի մեկնարկը, նրա ընթացքը, որից ինքը առանձնապես գոհ չէ. «Ծնվում ես 13 ժամից, ապրիլի 3-ին` կիրակի օը: Հանգստյան օրն ես ծնվում, որ հետո հանգիստ չունենաս: Եղանակն անձրևոտ, ախմախ բան ա լինելու` կյանքիդ պես»2: Իսկ «Անհետ կորած օրագիր» պատմվածքում կիրակի օրվա վերոնշյալ խորհուրդը ընդհանրական է դառնում ողջ մարդկության համար. կիրակին Աստծու հանգստյան օրն է, այն չի ավարտվում և մարդկային կյանքի անվերջ շարունակության սկիզբն է: Սկիզբ, որի ծանրությունից մարդիկ հանգիստ չունեն:
Վերոնշյալ պատմվածքն ամբողջությամբ բողոք է բախտը փոխելու անկարողության դեմ, գրված է խոսակցական լեզվով, ինչն ավելի զգալի է դարձնում հեղինակի զայրույթի չափը: Պատմվածքը գրված է օրագրի ձևով և ընդգրկում է հերոսի մեկ շաբաթյա գրառումները: Յուրաքանչյուր օրվա իրադարձությունները նկարագրելուց առաջ հեղինակը հիշում է, թե շաբաթվա այդ համապատասխան օրն Աստված ինչ է ստեղծել երկրի վրա: Նա թերություններ ու հակասություններ է գտնում Աստծո գործերում և զայրանում է մարդկանց դեմ, որ չեն համարձակվում քննել դրանք (նույն քննադատական մոտեցումը կա «Արտաքին խավարի ստվերներե երկում): «Իմ արյունըե, «Տեսանկյուն», «Անհետ կորած օրագիր» պատմվածքներում հեղինակը նույնանում է հերոսին, ով ունի ինքնահաշտեցման խնդիր: Նա անհաշտ պայքար է մղում մերթ սեփական Ես-ի ու արյան, մերթ` հոգու, մահվան ու բախտի դեմ և, ի վերջո, պարտություն կրում:
«Իմ արյունըե պատմվածքում յուրօրինակ կոնֆլիկտ է ստեղծված հեղինակի և իր արյան միջև: Արյունն այստեղ հեղինակի գենետիկ ֆոնդն է, որը պարունակում է նրա ցեղի մասին եղած ողջ հիշողությունը: Ժառանգականությամբ է պայմանավորված հեղինակի ինքնությունը: Թեև նա փորձում է ազատվել իր արյունից (այսինքն` փորձում է փոխել իր բնավորության գծերը, հրաժարվել սովորություններից), դրության տերը և թելադրողը կրկին արյունն է մնում. «Դու իմ ստրուկն ես,-գրել էր արյունս,- կարդա իմ անուններն ու խոնարհվիր»3: Իսկ երբ արյունը լքում է հերոսին, դառնում է «անարյուն, սառը հայվանե:
Իսկ «Տեսանկյունումե հերոսի գեր ես-ը պարբերաբար հետապնդում է իրեն, ստիպում տառապել, որ մարդ դառնա, հրեշտակների կողմից պատվի արժանանա. «…պիտի արագացված տեմպերով տառապես, թե չէ` կմնաս անուղեղ հայվանե: Իսկ հերոսի հոգին այդ անտանելի ճնշմանը չի դիմանում, օրերով կորչում է, գնում Տիբեթ` հանգստանալու: Այսինքն` մարդկային գեր ես-ի պահանջները բավարարելը դարձնում է նրան հանգամանքների գերին, ոտնահարում բնական լինելու իրավունքը: Իսկ դրանից առաջնահերթ տուժում է հոգեկան աշխարհը. այն կա ՛մ փոքրանում է, կա ՛մ դառնում ախտահարված, ոչ կայուն: Դրան հաջորդում է վաղաժամ ծերացումը, որը պատմվածքում արտահայտվում է հերոսի և մի անծանոթ ծերունու հակադրությամբ, որի ոտքը չարամտորեն տրորում է: Ծերունին ու հերոսը տեղափոխվում են մի կիսավեր տուն, որը, ըստ էության, այլ չափումների տարածություն-աշխարհ է, քանի որ ծերունին այնտեղ երիտասարդ է երևում, իսկ հեղինակը` ընդհանրապես չի երևում: Ծերունու երիտասարդ տեսքը պայմանավորված է նոր հոգու գոյության կերպով` երիտասարդությամբ, իսկ հեղինակի անտեսանելի դառնալը կապված է նրա` հոգի չունենալու հանգամանքի հետ:
«Անհետ կորած օրագիրե պատմվածքում, պատկերելով իր իսկ վերածնունդը, աշխարհ է գալիս նոր հոգով, առանց հիշողությունների, բայց հին բախտով: Հասկանալի է, որ հեղինակին ամենաշատը անհանգստացնում է բախտի խնդիրը: Նրա համոզմամբ բախտը որոշիչ դեր է խաղում մարդկանց կյանքում, և դրա փոփոխման հնարավորությանը հավատ չի ընծայում: Դա է անմիջական պատճառը, որ «Ձեռքերը գրպաններումե պատմվածքի մեջ հերոսը ներքուստ այնքան կաշկանդված ու աննախաձեռնող է դառնում, որ դա արտահայտվում է անգամ արտաքին կեցվածքի վրա` ձեռքերը գրպաններից չի հանում: Պատմվածքը հիշեցնում է հոգեբանական թեստ. գործողությունների կատարման փոխարեն ներկայացվում են դրանց հնարավոր տարբերակները. «Ի՞նչ կարող էի ասել. ա. Ողջ կյանքում փնտրել եմ քեզ, բ. Բայց լավ կլիներ` չհանդիպեինք, գ. Որովհետև արդեն ուշ է»4: Հերոսը, թեև ներքին ցանկություն ունի եղած տարբերակներից որևէ մեկի համաձայն գործելու, բայց ձեռնպահ է մնում` ապավինելով դեպքերի ինքնուրույն զարգացմանը: Սակայն օրվա` իբրև առանձին ժամանակային միավորի ավարտը` իր չստացված դեպքերով, հույս է ներշնչում հերոսին, որ հաջորդը այդպիսին չի լինելու. «Սա միայն մեկ օրվա վերջն է»5:
«Վերջին օրը», «Տիեզերք», «Շոգեքարշը» պատմվածքներում հեղինակը հերոսներին չի նույնանում: Նա ուղղակի պատմող է: Մնացած պատմվածքները շարադրված են առաջին դեմքով, որոնցում ակնհայտ է գրող-անհատի կյանքի դրաման, պատմությունը, ցանկություններն ու խնդիրները, բացի «Արտաքին խավարի ստվերներ» պատմվածքից, որի թեման քառասուն մանկանց ջարդն է Բեթղեհեմում (Մատթ. 2: 16-18): Մատթեոսի Ավետարանի հիման վրա տարբեր ժամանակներում ստեղծվել է պարականոն գրականություն: Ապոկրիֆների տարրեր ունի նաև Մհեր Բեյլերյանի պատմվածքը: Պատմությունը նա ներկայացնում է կոտորված մանուկներից մեկի հոր անունից, ով իր զավակի մահվան վրեժը պատրաստվում է Հովսեփի որդուց առնել, քանի որ գտնում է` կոտորածի մեղավորը Հովսեփն է, ով, իմանալով գալիք փորձանքը, փախել էր Եգիպտոս և փրկելու համար իր զավակի կյանքը, վտանգի տակ էր դրել մյուսներինը: Սակայն ինչ-ինչ պատճառներով հերոսը չի կարողանում սպանել փոքրիկ Հիսուսին: Նա որդեգրում է ջարդից մազապուրծ եղած միակ մանկանը, անվանում Հուդա և տեղափոխվում Իսկարիովտ: Եթե հաշվի առնենք Հուդա Իսկարիովտացու հետագա մատնությունը, ապա պատմվածքի նմանատիպ հանգուցալուծմամբ էլ ավելի է ընդգծվել վրեժի և արդար դատաստանի գաղափարը: «Շոգեքարշը» պատմվածքը ամենածավալուն և թերևս ամենաուշագրավն է` իր բազմաբարդ սիմվոլիկ շերտերով: Շոգեքարշը պատմվածքի գլխավոր սիմվոլն է և խորհրդանշում է կյանքը: Մյուս կողմից` շոգեքարշը կարելի է համարել սիմվոլների մի ամբողջ համակարգ, քանի որ խորհրդանշում է երկրային կյանքը` որպես զուգահեռ աշխարհների հետ միաժամանակ գոյություն ունեցող, սակայն նրանցից մեկուսացած, առանձին գործող ինքնակա աշխարհ` իր բաղադրիչներով: Թեև այս պատմվածքում կիրակի օրը` որպես խորհրդանիշ, առկա չէ, սակայն շոգեքարշի «մենակ-մենակ, տխուր-տխուր» անվերջանալի ընթացքը արտահայտում է կիրակի օրվա նույն խորհուրդը:
Շոգեքարշը մխրճվում է մշուշի մեջ, և նրանից դուրս գտնվող աշխարհը դառնում է «միագույն-համասեռե, «աներանգ-տձևե. այսինքն` այնկողմային աշխարհի գոյությունն ու նրա ձևը անհայտ է մարդկանց (այս դեպքում` վագոնաբնակներին): Մշուշը կամ մուժը խորհրդանշում է հենց այդ անորոշությունը, իսկ երբեմն հանդես է գալիս որպես մարդկային ուղեղի անգիտակցական տիրույթ. «Մուժը ոչինչ չի մտածում: Նա քնած է», «Գուցե ես չկա՞մ: Կամ` կամ, բայց ոչ որպես մշուշ, մուժ կամ մառախուղ, այլ ասենք` գողտրիկ ճերմակ ամպ»6:
Մուժի պես անթվաճանաչ ծերունու և իր պառավ կնոջ կյանքի միակ կոնֆլիկտը իրենց երեխաների անունները մոռանալն է: Ամեն անգամ ծերունու և պառավի մասին խոսելիս հեղինակը նրբորեն ակնարկում է, որ նրանք հայացքն անընդհատ ուղղում են մշուշին. այսինքն` իրականությունը չեն գիտակցում. «Ի՞նչ կարող է մտածել նա` ժամանակից դուրս թռած մարդը»7:
Մնացած վագոնաբնակները, որոնք ժամանակի ընթացքում զգում են իրենց ուղևորության անիմաստությունը, փորձում են իմաստավորել, կարճել գնացքում անցկացվող իրենց ժամանակը: Այդպես բարետես երիտասարդն ու ամոթխած կինն իրար նկատում և սկսում են զրուցել` «ժամանակի անիմաստության կսկիծից և գնացքում մեկընդմիշտ մնալու սարսափիցե դրդված: Կովերը պատկերված են` ժամանակի զգացողությունը կորցրած էակներ, որոնց գոյությունը սովորություն է: Ժամանակի զգացողություն ունեցող կերպարները օժտված են գիտակցությամբ, իսկ այդ զգացողությունը կորցրածները անգիտակից են: Հետևաբար պատմվածքում ժամանակը գիտակցության խորհրդանիշն է:
Երեք ուսանողները տարբեր տրամադրությունների կրողներ են: Նրանք միևնույն երևույթին տարբեր կերպ են արձագանքում, տարբերվում են փաստերին տված գնահատականով: Պատահական չէ, որ հեղինակը անուններ չի տվել նրանց, քանի որ ընդհանրական կերպարներ են և ներկայացնում են գոյություն ունեցող չորս հոգեբանական տիպերը` առաջինը ֆլեգմատիկ է («…բնույթով խոհածող տեսաբան է, բանական ուսանողե), երկրորդը և՛ մելանխոլիկ է, և՛ խոլերիկ («…զգացմունքային-հուզական, դյուրագրգիռ-բորբոքվածե), երրորդը` սանգվինիկ («…վճռական-կամային է` մշտապես որևէ բան անելու ցանկությամբ տոգորվածե):
Կոնֆլիկտը ուրվագծվում է այն պահին, երբ վագոնները անջատվում են շոգեքարշից: Պատմվածքի հերոսները բախվում են գոյության խնդրին և սահմանային վիճակում դիմում ծայրահեղ քայլերի. պարկեշտ Թամարը ջնջում է անպարկեշտ արտահայտությունը, ծերունին օգտագործում է թերթը զուգարանում, պառավը հիշում է ավագ որդու անունը, խոհարարը սկսում է խոսել և այլն:
Պատմվածքում առանցքային դեր են խաղում նաև խորհրդանշական վեց և երեք թվերը: Վթարը տեղի է ունենում 6-ն անց 66 րոպեին, իսկ դրանից մի քանի օր և 3 րոպե անց բոլորը միաժամանակ արթնանում են: Վերակենդանացնելով հերոսներին` հեղինակը առաջ է քաշում կյանքի անվերջ շարունակության և վերածնության գաղափարը, ընդ որում, հերոսները վերադառնում են իրենց հին կյանքին` միևնույն կարգավիճակով: Միայն կովերն են սկսում գիտակցել իրենց գոյությունը, բայց ավելի խելոք չեն դառնում:
Մ. Բեյլերյանի պատկերած շոգեքարշ-աշխարհը ինքնակա, ինքնակառավարվող աշխարհ է: Համենայն դեպս, պատմվածքում անգամ չի ակնարկվում նախախնամության մասին: Բացի այդ, ժխտվում է անդրշիրիմյան ճակատագիրը:
Սիմվոլային նման բազմաշերտություն կարելի է տեսնել Խ. Կորտասարի պատմվածքներում: Եթե դրանք փորձենք ընկալել ու մեկնել ուղղակի, գրեթե ոչինչ չենք հասկանա: Խ. Կորտասարի արձակում առօրյա-կենցաղային կա՛մ շատ հասարակ, կա՛մ շատ արտասովոր միջադեպերը խորհրդանշական արժեք են ստանում` նոր մեկնաբանությունների հնարավորություն տալով: Ըստ իս, Կորտասարի «Ավտոբուսե ու Մ. Բեյլերյանի «Շոգեքարշըե պատմվածքները որոշ ընդհանրություններ ունեն: Մասնավորապես այն, որ երկուսում էլ կյանքի և նրա ընթացքի խորհրդանիշներ են փոխադրամիջոցները` ավտոբուսն ու գնացքը: Թեև թեման նույնն է, պատմվածքներում առկա է գաղափարական տարբերություն: Եթե «Ավտոբուսե պատմվածքում մարդիկ իրենց կյանքը սկսում են ավտոբուս բարձրանալով և այն ավարտում` համապատասխան կանգառում իջնելով, «Շոգեքարշում» կյանքը չի ընդհատվում, այն անվերջ կրկնվում է նույնությամբ: «Ավտոբուսումե բախում է տեղի ունենում հին և նոր սերնդի միջև: Բոլորից տարբերվող Կլարան և պատանին, ընդհանրություններ գտնելով, մտերմանում են իրար հետ` արժևորելով իրենց ընթացքը ավտոբուսում: Իսկ «Շոգեքարշումե» մարդը բախվում է կյանքն իմաստավորելու իր անզոր զգացմանը, որն էլ բխում է սեփական գոյության գիտակցությունից:
Եթե «Շոգեքարշումե առաջ է քաշվում վերածնության գաղափարը և ժխտվում անդրշիրիմյան ճակատագիրը, ապա «Տիեզերքըե պատմվածքում, երբ հերոսին հափշտակում է մահը, վերջինս հայտնվում է Բուլղարիայում, այսինքն` հանդերձյալ աշխարհում, որից հետո այլևս հնարավորություն չի ունենում քայլելու, այսինքն` ապրելու: Իսկ «Մղձավանջե պատմվածքում արծարծվում է մարդու` զուգահեռ կյանքերով ապրելու տեսակետը: Այդ կյանքերի միջև անցումը աննկատ է, և մեկի մասին հիշողությունը մյուսում աղճատվում է, ուստի հաճախ ասոցացվում է աղոտ հիշվող երազի հետ: Պատահական չէ, որ «Տիեզերքըե պատմվածքը սկսվում և ավարտվում է նույն հռետորական հարցով. «Ինչո՞ւ է տիեզերքը լռում: Տիեզերք, ինչո՞ւ ես լռումե: Հեղինակը, գտնվելով կյանքի և մահվան առեղծվածը բացահայտելու ճանապարհին, պատմվածքներում փորձել է բոլոր հնարավոր տարբերակներով մեկնել այդ առեղծվածը: Սակայն որոշակի ընդհանրացումների չհասնելով` այդ տեսակետները թողել է վարկածային մակարդակի վրա:
Մհեր Բեյլերյանի պատմվածքները առաջին հայացքից կարող են անհասկանալի թվալ, ինչը ստիպում է ընթերցողին վերընթերցել պատմվածքը, մտածել դրա շուրջ և պարզաբանել, թե ինչ է ցանկացել հեղինակն ասել իր ստեղծագործությամբ: Ընդհանրացնելով կարելի է ասել, որ Բեյլերյանը իր կիրակնօրյա պատմվածքներում ընդգծել է այն պարադոքսալ միտքը, ըստ որի ամենաանիմաստ բանը կյանքի մեջ իմաստ փնտրելն է:
Պատմվածքներում անկհայտ է հեղինակի զայրույթը մարդկային անկատար կյանքի հանդեպ, բայց ընդվզումը` որպես այդ կյանքը ինչ-որ կերպ փոխելու պատրաստակամություն, խիստ պակասում է նրան: Իր ծայրահեղ կասկածամտության ու հոռետեսության պատճառը համարում է դժբախտ սերը, սոցիալ-տնտեսական ծանր կացությունը, կյանքի անիմաստությունն ու հայի բախտը: Միևնույն ժամանակ ծաղրում ու գաղափարապես մերժում է անմխիթար վիճակում գտնվողների ցուցաբերած անհիմն լավատեսությունը: Գուցե լավատեսությունը լավագույն միջոցը չէ` այդ ամենը հաղթահարելու, բայց հեղինակն իր հերթին իրավիճակից ելք փնտրելու նախաձեռնությամբ այդպես էլ հանդես չի գալիս, և այս պատմվածքներում նրան անհանգստացնող հարցերը պասիվ դժգոհության շրջանակից վեր չեն բարձրանում:
———————-
1 Բեյլերյան Մ.,Սկյութների ստվերները,Ե.,2007:
2 Բեյլերյան Մ.,Վերջին օրը,Ե.,2002,էջ 14:
3 Նույն տեղը:
4 Նույն տեղը,էջ 54
5 Նույն տեղը,էջ 55
6 Նույն տեղը,էջ 42:
7 Նույն տեղը,էջ 41