Սամվել Խաչատրյան հեղինակի գրչին առաջին անգամ եմ ծանոթանում։ Հեղինակն ունի յուրօրինակ, բարդ ու խորաթափանց ոճ, որը միաձուլում է պատմողական, ինքնակենսագրական ու մետաֆիզիկական տարրերը:
«Երևան բլյուզ» վեպն իր արտաքին և ներքին համատեքստերի սահմանների
խախտումով հետաքրքիր ընթերցանության նյութ է դառնում՝ անգամ դուրս գալով «պատմություն քաղաքի ու հիշողության մասին» ձևակերպման սահմաններից։
Վեպի հիմքում դերասաններ Տիգրան Միրզոյանի և Նունե Հախվերդյանի հեղինակած «Ստվերներ» ներկայացման փորձերի տեսագրություններն են։ Սամվել Խաչատրյանը, լինելով արխիվարիուս, 2021 թվականից արխիվացնում է հայկական և եվրոպական ռադիոեթերից հատվածներ, մամուլ ու հազվագյուտ հանդիպող երաժշտություն, կարողանում է նաև դրանցից ստացած ազդեցությունը տեղայնացնել գրական տեքստի շրջանակներում։

Արխիվի կարևորությունը՝ որպես ոչ միայն նյութի, այլ նաև տեքստի ձևավորման միջոց, հետաքրքիր մոտեցում է։ Արխիվի միջոցով յուրաքանչյուր դրվագ դառնում է մի նոր դինամիկ պատմություն։

Հեղինակն օգտագործում է ճկուն լեզու՝ բնութագրելու մարդկանց ներաշխարհը, նրանց գործողությունները և դրանց տրամաբանական հաջորդականությունը: Մարդկային արտահայտությունները վեպում հաճախ ունեն առերեսումներ, որոնք բացահայտում են հոգեբանական վիճակների և իրողությունների խորությունը:

«Արձակում իրականությունը, ավելի ճիշտ իրականության պատրանքը, նրա ազդեցությունն ընթերցողի վրա, որպես կյանքի մասին համոզիչ ընթերցում, պարտադիր կերպով կամ գլխավորապես հանգամանքների կամ մանրամասների կամ ընդհանուր շաբլոնների իրականությունը չէ (Ռ․ Ուելլեք, Օ․ Ուորրեն, Գրականության տեսություն, Երևան, 2008, էջ 315)»։ Կարծես այս տեսական մոտեցման առարկայացումն ակներև է Սամվելի վեպում։

Այս վեպում ժամանակը, քաղաքը և հիշողությունները գծագրվում են որպես մի ամբողջական, դինամիկ երևույթ, որն անընդհատ փոխվում է: Բայց հնարավոր է՝ հեղինակը ցանկացել է նաև ընդգծել, որ հիշողությունն իրականությունը երբեմն համընկնում են, երբեմն էլ հակասում՝ ազդելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան երևույթների վրա:

Ընթերցե՜ք։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն