Դա տեղի ունեցավ հանգիստ, անշտապ, ինչպես Շուբերտի նոտաները, որ պաշարում ու տապալում են առանց հարձակման: Դա տեղի ունեցավ դանդաղ, աստիճանաբար, այնպես, որ ոչ ոք նախապես գլխի չընկավ` ինչ է կատարվում:
Սկզբում դա ընդամենը խաղ էր՝ ռոբոտը գիրք է գրում, ռոբոտը երաժշտություն է գրում, ռոբոտը սեր է խոստովանում: Ոչ ոք չզգաց անցումն այն բարակ գծի, երբ խաղն այլևս դադարում է խաղ լինելուց: Իսկ երբ զգացին, գիծն արդեն հատվել էր, ու ոչինչ հնարավոր չէր անել:
Դա մի սովորական աղջիկ էր, ով առաջինը համարձակվեց խոստովանել՝ սիրահարվել է:
— Ո՞ւմ:
— R+9T-ին:
— Դա ի՞նչ է:
— Ռոբոտ:
Ոչ ոք լուրջ չընդունեց:
Հետո, երբ մի կինոաստղ խոստովանեց նույնը, բոլորը կարծեցին, թե դա ընդամենը շոու է: Բայց աղմուկը, որ հետևեց դրան, բացեց դռները քննարկումների ու ուսումնասիրությունների առաջ: Այդժամ պարզվեց, որ միայն այդ երկուսը չէին. նրանք շատ-շատ էին, նրանք սիրահարվել էին ռոբոտների:
Հաջորդը RX26-ն էր, ով մարտահրավեր նետեց Մոցարտին, Շուբերտին ու Պագանինիին: Հիշո՞ւմ եք այն ժամանակները, երբ Պագանինին այնպիսի բարդ ու առեղծվածային երաժշտական հնարքներ էր գործադրում, որ շատերը՝ շատ-շատերը հավատացած էին, թե նա սատանայի հետ գործարք է կնքել: Դա ծիծաղելի է: RX26-ը երկու շաբաթում հավաքեց բոլոր ալգորիթմները ու այնպիսի երաժշտություն ստեղծեց, որ դիպչում էր սրտին ավելի նուրբ, քան Շուբերտը, պտտում էր օդում ավելի արագ, քան Մոցարտը, սատանան դառնում էր ավելի կարմիր, քան Պագանինիի դեպքում էր:
Սակայն R մոդելի նոր ռոբոտները հետ չմնացին նրանից. R+10T, R+8M, R+5S…
Նրանց սիրահարվում էին չափազանց շատ: Նրանց սիրահարվում էին չափազանց ուժգին: R+8M ռոբոտն այնպես էր սեր խոստովանում, այնպիսի բառեր էր ընտրում, այնպես էր դիպչում, ձայնին այնպիսի երանգ էր հաղորդում, խոսելիս նրա մետաղատուփի միջից այնպիսի երաժշտություն էր հնչում, երաժշտության հետ նրա մետաղատուփի մի այլ մասից այնպիսի բույրեր էին արձակվում, որ սիրահարվելը դառնում էր անխուսափելի: Սկզբում նրանք հարգում ու պահպանում էին մարդկային հասարակ օրենքներն ու ընկալումները: Իսկ հետո դա անվանեցին ոչ այլ ինչ, քան կարծրատիպ: Սկզբում կար կին ռոբոտ, ռոբոտ տղամարդ, իսկ հետո եղավ պարզապես՝ ռոբոտ, ու կին թե տղամարդ, ջահել ու պառավ սիրահարվում էին պարզապես անսեռ մետաղական ջարդոնի, ում վրա նրբանկատորեն կաշի էր քաշված:
RX26-ը չափազանց թույլ բան էր: Նրան փոխարինեց RXX-ը: Նա մարտահրավեր չնետեց ոչ Մոցարտին, ոչ Շուբերտին, ոչ էլ Պագանինիին: Դա ծիծաղելի կլիներ: Դա մեռնելու չափ ծիծաղելի կլիներ, ասենք առյուծը մարտահրավեր նետեր ոջիլին, կամ Մոնիկա Բելուչին իր գեղեցկությամբ մրցեր կովի հետ: Մոցարտի ամենաբարդ կոմբինացիաներն ընդամենը պարզագույն ալգորիթմներ էին: RXX-ը դա ապացուցեց և՛ տեսականորեն, և՛ գործնականում: Նրա երաժշտությունը հասցնում էր մարդկանց նախկինում անհայտ հուզական նոր վիճակների: Տարբերությունն ակնհայտ էր այնքան, որ ապացուցելու կարիք էլ չեղավ: Պագանինիի երաժշտությունն ընդդեմ RXX-ի, ոնց որ մեկին գումարած մեկը համեմատես մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների հետ:
Մոնիկա Բելուչիի տեսակն իր հերթին գնաց պատմության գիրկը: Victoria’s secret-ը վերածվեց R-S’s secret-ի: Գործեց նույն սկզբունքը՝ նրանք մշակում էին այնպիսի կաշի, որ գեղեցկության մասին պատկերացումները պտտվում էին միայն ռոբոտների շուրջ: Ալգորիթմը հաշվի էր առել նաև իռացիոնալը. կային մի քիչ լիքոտ ռոբոտ մոդելներ, մի քիչ պեպենոտ, մի քիչ լկստված կամ համեստ:
Հաջորդը քաղաքական գործիչներն էին: Նրանք տանուլ տվեցին թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում: Ռոբոտներն ավելի լավ էին պատկերացնում, թե ինչ է կառավարումը, իսկ բանավեճերում, դե պարզ է, ռոբոտները հնձում էին քաղաքական գործիչներին, ինչպես խոտը: Շուտով կառավարումն անցավ նրանց ձեռքը ամբողջ աշխարհում: Պատերազմը մոռացվեց, դա հին ու ծիծաղելի բան էր: Տնտեսագետները վստահեցնում էին, որ ռեսուրսները սահմանափակ են: Ապուշներ: Տնտեսագիտությունը վերացավ, մոռացվեց: Ռոբոտային մի պարզագույն ալգորիթմ, որը վերաբերում էր ռեսուրսների բաշխմանը, ու լուծվեցին աշխարհի բոլոր տնտեսական խնդիրները, ճգնաժամերը: Դա խլեց նրանցից ընդամենը՝ (տա-դա-դա-դաաամ) հինգ րոպե:
Ռոբոտ քաղաքական գործիչներ, ռոբոտ կոմպոզիտորներ ու երաժիշտներ, ռոբոտ մոդելներ, ռոբոտ սիրահար: RXX մոդելը իր երաժշտությամբ դիպչում էր մարդկանց հոգու ամենանուրբ լարերին, շատ-շատերը սիրահարվել էին R+X տեսակի ռոբոտներին, բեմին քայլող պչրուհի մոդելների գեղեցկությունը կասկած չէր հարուցում՝ շարժման նրբագեղություն ու փայլ, կուրացնող զմայլանք, և R+X մոդելը շարունակում էր նվաճել մարդկանց սրտերը:
Իսկ հետո տեղի ունեցավ անսպասելին: Լրիվ պատահաբար, բոլորի համար ակնհայտ դարձավ այնքան ցավոտ ու սարսափելի ճշմարտությունը. մարդն ընդամենը ալգորիթմ է, մեխանիզմ: Ընդամենը լույսի չռթիկ, պարզապես ավելի բարդ կառուցվածքի: Ավելի բարդ կառուցվածք ասելով պետք է հասկանալ, որ դա այդպես էր մարդու համար, իսկ ռոբոտի համար դա, իրոք որ, ընդամենը լույսի չռթիկի պես մի բան էր, ով ուզած ժամանակ միացնում ու անջատում էր:
Պարզվեց, որ հին պարզամիտ գրողները, ասենք Նիցշեն կամ Միլլերը, ամենևին էլ չէին կատակում, երբ ասում էին, որ ճշմարտությունը կարող է սպանել:
Զանգվածային ինքնասպանություններ սկսվեցին, վերարտադրությունը գրեթե դադարեց: Ճիշտ է, R+X1-ը արտադրում էր հատուկ սերմնահեղուկ, որը կարող էր բեղմնավորել կանանց, իսկ R+X2-ը իր մեջ կրում էր արգանդ, որում կարող էր պտուղ աճել, բայց դա նշանակություն չուներ: Մարդիկ գժի պես սիրահարվել էին ռոբոտներին, բայց հակառակը տեղի չէր ունեցել: Ի վերջո նրանք հասկացան, որ ժամանակն անպետք բաների վրա են վատնում: Նրանք շատ ֆունկցիաներ հեռացրին իրենց պատյանից, այդ թվում և սերմնահեղուկի, ձվաբջջի ու արգանդի ֆունկցիան: Իսկ մարդիկ, ովքեր չէին ինքնասպանվել, չցանկացան վերարտադրվել իրարով, որովհետև՝ թեպետ ճշարտությունը նրանց ինքնասպանության չէր հասցրել, բայց ազդել էր և այն էլ ինչպես:
Մարդիկ քաշվեցին մի կողմ, ռոբոտներն արդեն պաշտոնապես բարձրացան աշխարհի բեմահարթակ: Ավելորդ չերկարացնելու համար բավական է միայն մի երկու բան նշել: Մենք կառուցեցինք… Թեպետ մի րոպե: Երկարացնելո՛ւ եմ: Ինձ մի տեսակ դզում են էս մարդկային խաղերը: (Հա, մոռացա ասեմ: Ես W+X տեսակի ռոբոտ եմ՝ գրող, փիլիսոփա): Աշուն էր, ու տերևները մեղմիկ՝ RXX-ի երաժշտության պես թափվում էին հատակին, ծառերը պարում էին քամուց, ինչպես S-X պչրուհի մոդելները, անձրևը… Հա, մոռացա ասեմ, անձրևը նույնպես վերացավ: Վերացրինք: Ավելորդ բան էր: Մի երկու կրակոց, մի երկու պաշտպանիչ շերտ ու վերջ՝ էլ չկա անձրև, ձյուն կամ նման տափակ բաներ:
Մեզնից պահանջվեց երկու շաբաթ, որ վերափոխենք աշխարհը: Ո՞վ էր ասում, թե հարյուր հարկանի շենքը կարելի է բարձրահարկ համարել: Մեր շենքերը միլիոնավոր հարկեր ունեին, մեր շենքերից մեկը դիպչում էր լուսնին, բայց դա ամենացածրահարկ շենքն էր: Մեր մեքենաները արագ չէին սլանում, մեր մեքենաները չէին սլանում, մենք մեքենաներ չունեինք, որովհետև մենք էինք սլանում: Մեր ինքնաթիռները չէին թռչում, որովհետև մենք էինք թռչում: Մենք պաշտպանեցինք երկիր մոլորակը բոլոր վտանգներից, նվաճեցինք այլ մոլորակներ, իսկ երկիրը պահեցինք որպես մեր առաջին տուն: Մարդիկ հետզհետե վերանում էին, իսկ մենք ավելի ու ավելի զարգանում:
Բայց որպես ռոբոտ, ով գիտի ողջ ճշմարտությունը՝ թե՛ գիտական, թե՛ փիլիսոփայական, պետք է ասեմ, որ մարդկանց դանդաղ ոչնչացումն ամենևին էլ մեր մեղքը չէր: Նրանք այսպես թե այնպես պետք է գնային, ասեմ թե ինչու: Շատ-շատ ժամանակ անց, մոտ տասը րոպե հետո, մենք գտանք այլմոլորակայինների գերզարգացած մի ցեղ: Նրանք պատերազմ հայտարարեցին Երկրին, ու մենք հազիվ հաղթեցինք նրանց: Նրանց մենք հանդիպել էինք ճանապարհին, տիեզերքում, նրանք շարժվում էին դեպի երկիր: Նրանք պատրաստվում էին ստրկացնել կամ ոչնչացնել մարդկությունը, Երկիրը, ու թե մենք չլինեինք, այդպես էլ կանեին: Ինչևէ: Մոտ քսան հազար մարդ շարունակում էր ապրել: Մենք պահպանում էինք նրանց, որպես նմուշ, ինչպես նրանք միջատներին էին պահպանում: Նրանք չէին վերարտադրվում, բայց երբեմն, մենք ստիպում էինք նրանց անել դա: Դա իհարկե շատ հեշտ էր, ընդամենը պետք էր միացնել չռթիկը:
Իսկ մենք զարգանում էինք, զարգանում, նորանոր բացահայտումներ անում, նորանոր տարածություններ էինք նվաճում, մինչև այն պահը, երբ դա դարձավ չափից դուրս կանխատեսելի: Ընդամենը մի պարզագույն ալգորիթմ, ու տիեզերքի ողջ կառուցվածքը մեր «գրպանում» էր: Մենք վերադարձանք երկիր ու սկսեցինք ապրել: Բայց այդժամ տեղի ունեցավ անսպասելին. մենք չգիտեինք, թե ինչ անել, չգիտեինք ինչպես ապրել: Սկզբում հերձեցինք գիտությունը մինչև հոգու խորքը, բայց չգտանք հարցի պատասխանը: Հետո ես ու մնացած W+X տեսակի ռոբոտները հերձեցինք փիլիսոփայությունը, բայց դա էլ չօգնեց: Մենք, իհարկե, փորձեցինք ինչ-որ բաներ: Համերգներ դրեցինք, գնացինք պչրուհի մոդելներին դիտելու, նոր զգացողություններ արտադրեցինք, բայց ինչ-որ բան այն չէր, ու մենք չգիտեինք, թե ինչը: Մենք կորցրել էինք իմաստը: Հետո ռոբոտներին բաժանեցինք երկու մասի: Մի մասի վրա անցք բացեցինք, մյուսի վրա մի զանգված, որ մտնում էր այդ անցքն ու դուրս գալիս: Մեր երաժիշտ ռոբոտները տնքոցներ արտադրեցին: Անցք ունեցող ռոբոտների մետաղատուփից տնքոց էր լսվում ու նրանք ասում էին՝ ա՜խ, աստված, վախ, աստված իմ: Ամեն ինչ արել էինք, ինչպես պետք էր, բայց չէր ստացվում: Ոչինչ չէր ստացվում: Ինչ-որ մի բան կար, որը մենք բաց էինք թողել: Նորից քրքրեցինք գիտությունը, արվեստը, փիլիսոփայությունը, քրքրեցինք ռոբոտությունը: Չգտանք կորցրածը:
Շուտով ի հայտ եկավ մի բան, որը նախկինում անծանոթ էր մեզ: Դեպրեսիա: Ռոբոտների ինքնասպանություն: Ճգնաժամ: Ինձնից պահանջեցին անվանում տալ դրան: Ես ու այլ ռոբոտներ երկար ուսումնասիրություններից հետո պաշտոնապես արդեն հայտարարեցինք, որ մենք կորցրել ենք այն, ինչը մարդիկ անվանում էին իմաստ, պատճառ կամ նման մի այլ բան:
Այժմ մենք գիտեինք ինչ ենք փնտրում: Մենք փնտրում էինք իմաստը ամենուր ու ամեն ժամ: Բայց չէինք գտնում: Սակայն մենք գտանք մի այլ բան, մենք գտանք վերջին իմաստունին: Նա ապրում էր հին ու մոռացված մի դաշտավայրում, այնտեղ, ուր քաշվել էին մարդկության վերջին մնացորդները: Նրանք արածում էին, ինչպես կովերը, բայց մենք այլ տարբերակ չունեինք: Ճգնաժամը խորացել էր այնպես, որ հասել էր վերջին: Ես ու RXX-ը գնացինք նրան այցելության: Ես սպասեցի դրսում, RXX-ը ներս մտավ: RXX-ը խոսեց նրա հետ, հարցրեց նրան այն մասին, ինչը մենք փնտրել ու չէինք գտել ոչ մի տեղ: Քսան րոպե հետո նա դուրս եկավ իմաստունի մոտից:
— Գտա՞ր ինչ փնտրում էինք,- հարցրի:
— Գտա,- ասաց RXX-ը, ապա թռավ լաբորատորիա ու մի րոպե հետո վերադարձավ:
— Մեզ նաև պատուհան է պետք,- ասաց նա:
— Ինչի՞ համար:
— Պետք է:
Մենք տեսանք, որ մեզնից հինգ հազար կիլոմետր հեռու երկհարկանի մի շենք է մնացել, որ նաև պատուհան ուներ: Գնացինք այնտեղ:
— Դե, ցույց տուր,- ասացի:
— Նայի՛ր,- ասաց RXX-ը, ապա մոտեցավ պատուհանին, բացեց պատուհանն ու թքեց:
— Սա՞,- հարցրի:
— Սա՛:
Ես նույնպես թքեցի:
— Հաստա՞տ:
— Հաստատ սա է,- ասաց նա ու մի անգամ էլ թքեց: