2 ՊՇ 2 հգմ քաջարի մարտիկներին, որոնցից շատերը համալրեցին անմահների շարքը
Նորընծա սպայի աչքերը փայլեցին, երբ լսեց, որ առավոտյան բարձրանում են դիրքեր: Շատ էր լսել ճշմարտանման ստեր և ստանման ճշմարտություններ դիրքերի մասին. եկավ վերջապես ստուգելու ժամանակը, եկավ գոյամարտելու ժամանակը:
Հիշեց նաև վերջերս ընթերցած «Երկիր Նաիրի» վեպի հայտնի՝ Քոռ Արութի կողմից ուղղված անհայտ և մշուշոտ «Յա,՜ բա մերոնք ինչի՞ չեն կրակել» հարցը:
Դիրքեր … սահմանագիծ, որից այն կողմ՝ շատ մոտ, նրանք են՝ մեզնից միշտ շատ. ճակատագրի հեգնանք, որին դեռ կբախվեն սերունդներ… Մեկը երեքի դեմ՝ մեզ համար լավագույնն է: Բայց պետք է պահել պետական սահմանի մարտական դիրքը:
Անցավ մեկ տարի՝ նույնքան շեշտակի և անսպասելի, որքան թշնամու առաջին գրոհը կասեցնելը: Պատասխանը փառահեղ էր. կրծքավանդակին անսովոր ծանրություն էր՝ «Մարտական ծառայություն» մեդալը, որին նայելիս էլի չէր կարողանում գտնել հարցի պատասխանը…
Տարիների հետ ավելացան շքանշանները. մահվան հետ գոտեմարտերը ստեպ-ստեպ էին դարձել. հասկանում էին իրողությունը թե՛ նրանք, թե՛ մենք…
Առանց վաշտի հրամանատարի դասընթացների՝ երկուսն էլ դարձան վաշտի հրամանատար. լավ էին ծառայում, դիրքերն ամուր էին, իրենք օրինակ էին արժանապատիվ հայ սպայի. մարմնի ամեն բջիջով էին զգում երդման սարսուռը. «Ժողովրդի կողմից ինձ վստահված պետական սահմանի մարտական դիրքը պատրաստ եմ պաշտպանել անձնվիրաբար…»։
Պաշտպանել էին պատվով և՝ ոչ մեկ անգամ:
«Անփորձանք ծառայություն»՝ իրենք իրենց արտաբերած մաղթանքից զարմանում էին. մի՞թե հնարավոր է:
Անփորձանք պետք է լիներ, չէ՞ որ հայրիկ էր դառնում: Անփորձանք պետք է լիներ:
— Հերթափոխը պատրաստվի՛:
Արյունով մաքրված նաիրյան երկնքում վերջին բառերն էին: Հետո երկինքը դարձավ ալ կարմիր…
Սկսվեց:
Սկսվեց այն, ինչին բոլորն էին սպասում, բայց ոչ այսքան շուտ ու ոչ այսպես:
Արկերը թափվում էին անձրևի պես, նաիրյան հողը էլ տեղ չուներ ներծծելու արյունը…
Շնագայլերը արյան հոտից էին զգում, որ արկերն իրենց գործն արել են. ընկել ու ընկնում էին սև ոսկով գնված արկերը Նաիրիի որդիների վրա, իսկ շնագայլերն առաջ չէին գալիս, դեռ թարմ էր ջախջախիչ պարտության հիշողությունը, վախենում էին:
Չէր ընկնում Մոնթեաբերդ 2 ՊՇ, որի անունից սարսռում էին նրանք, թեև Մոնթեն վաղուց չկար: Բայց կային Մոնթեի հոգով դաստիարակված գայլակորյուն հայորդիները, որոնք լավ էին հասկանում բարձունքի արժեքը: Նրանց համար հայրենիքը այս խրամատն էր, որը պետք է պաշտպանել ատամներով:
— Հարո՛ւթ, ինչի՞ պակաս ունենք:
— Մեկ նռնակ է մնացել:
— Դա ինչո՞ւ չես օգտագործել,- հարցրեց գումարտակի հրամանատարը և փոշմանեց հարցի համար…
Մեկ ամիս է, ինչ անսասան են 2 հգմ-ի դիրքերը:
Օգնության էր պետք հասնել մյուս պաշտպանական շրջանին:
— Զգո՛ւյշ կլինես, Մասի՛ս:
— Դու էլ, Հարո՛ւթ:
Լուսադեմին սկսվեց: Բախումն ահավոր էր… Ողջերը չեն խոսում դրա մասին: Ողջերին ի մի էր բերում Մասիսը՝ վաշտի հրամանատարը. նա գիտեր, որ արկերի անձրևից հետո երևալու են, արյան հոտով են գալու, թող գան: Պատիվն ու հայրենասիրությունը չհանձնվեցին, զինվորները կռվեցին միչև վերջին փամփուշտը և ընկան արկերից, ո՛չ գնդակից: Մայր Հայրենիքը չէր ընդունում որդիների արյունը. էլ տեղ չկար: Ո՞ր մայրն է այսպես զոհում իր որդիներին: Գումարտակի հրամանատարը ճանկռեց մայր հողը, բռունցքեց, սեղմեց, իր արյունն էլ խառնեց իր տղաների արյանը և կամացուկ գետնին դրեց ամբողջությամբ կարմիր հողը, որն արդեն իր մի մասնիկն էր…
Ընկերոջ կորուստը անտանելի էր Հարութի համար:
— Պարո՛ն ավագ լեյտենանտ, հարձակում է, ի՞նչ անենք:
Մի պահ չհասկացավ՝ ինչ կատարվեց, կուլ տվեց արցունքը, լսվեց ուժգին պայթյուն, զգաց՝ ոտքերն անսովոր տաքանում են, ձեռք տվեց, տեսավ կարմիրը… Վիրավոր առյուծը մոլեգին ցատկով նետվեց առաջ.
— Պահե՛լ դիրքն ամեն գնով:
Կռվում էր վիրավոր առյուծը. զինվորների հոգնածությունը անցավ:
Կռվում էր վիրավոր Մոնթեաբերդը: Կռվում էր վիրավոր Արցախը:
Մնաց կանգուն Մոնթեաբերդը: Վիրավոր հայրենիքում մնաց երեխան, նա միայն լուսանկարով կճանաչի իր հորը, ով գծեց հայրենիքի սահմանը իր արյամբ, և երբ ժամանակը գա, նա կպաշտպանի իր հոր գծած սահմանը տիրոջ իրավունքով՝ չմտածելով արդեն իր որդու մասին:
Բոլոր ժամանակներում պետք է պատասխանել անցյալում հնչած հարցերին, այլապես չի լինի ո՛չ հայրենիք, ո՛չ Նաիրի: Մերոնք բոլորը կրակեցին, մերոնք բոլորով կրակեցին…
Հավերժ փա՛ռք
Մասիս Հարությունյանին…
Խոնարհումներ
Հարություն Հովհաննիսյանին…