***
Գիշերը փլվում է ուսիս,
Մութը լափում է մտքերս իր մեծ բերանով
Ու հիշեցնում ինձ՝ ինչն է կարևոր։
Կարևոր է հոգին,
կարևոր են աչքերը,
կարևոր է ներելը,
կարևոր են մտքերը,
կարևոր են խոստումները,
կարևոր է կարծիքը
(միայն եթե քո ուզածն է)։
«Կարևոր է քունը»,
Շշնջում է գրողի տարածն
ու չի թողնում՝ քնեմ։
Ինձ անհասկանալի է դիալոգն այս ու մինչև անգամ, թե ում միջև։
Առհասարակ շատ բաներ կան անհասկանալի…
Ինչպես մարդու հոգին,
կնոջ ուզածը,
առանց մեզ չապրել երդվողների կյանքը,
աչքերը, որ հմուտ են ու վարժ ստելու մեջ,
մտքերը, որոնք չունեն միս ու արյուն,
բառերը, որոնց մեջ չկա հոգի,
խոստումների իմաստը, եթե չէին պահվելու և որոնց համար չէին խնդրել խոստանալ,
ներելու էությունը, եթե մի ողջ կյանք հիշելու ես «ներածդ»,
և առհասարակ…
շատ բաներ կան անհասկանալի։
Գիշերը մոռացել է լուսանալու հին ու բարի սովորույթը։
Իսկ մարդուն ի՞նչ է պետք խելագարվելու համար. մի գլուխ ու մի գիշեր։
Կարևոր չէ, թե ինչն է անհասկանալի.
Կարևորը մարդն է…
Մարդը,
ում վրա ոչ ոք չգրեց՝
«Զգու՛յշ եղեք, ջարդվում է»…
***
Մա՛մ, չէիր ասել,
որ մոռանալու համար հարմար երկուշաբթին էդպես էլ չի գալու…
Ու որ ինչքան էլ հեռանալն ու մոռանալն իրար հաջորդեն,
միևնույն է,ոչ մի հեռացող չի մոռանում…
Չէիր ասել, որ բաց թողնելը կորցնելու պես հեշտ է, գտնելու չափ՝ դժվար:
Ու որ շատ հաճախ լուծումը լուծարումն է։
Մա՛մ, չէիր ասել, որ ապտակին ի պատասխան
մյուս այտը դեմ տալով չեն կշտանում էս անաստվածները։
Ու որ երբ Աստված սա ասում էր,
գուցե մարդիկ էսպիսինը չէին։
Ախր դու պիտի իմանայիր,
որովհետև դու ամենն ես, ինչ մնացել է դրախտից։
Մա՛մ, չէիր ասել, որ «թեթև տարածներս»
մի օր անտանելիորեն ծանրանալու են վրաս։
Ու որ ժամանակի հետ երկկողմանի սերը դառնում է սովորություն,
միակողմանին՝ խարան…
Մա՛մ, գիտե՞ս՝
Այն, ինչ օգտագործում են,
վերջանում է.
Մարդն էլ։
***
Մարոն լավ կին է,
բայց կյանքից բան չի հասկանում։
Ես քեզ կորցնում եմ՝
Մարոն ասում է՝ կանցնի,
Բայց ամեն անգամ աչքերը չորս արած է անցնում այն տեղով,
որտեղ մի անգամ հինգ հարյուր դրամանոց էր կորցրել։
Ես քեզ չեմ կարողանում մոռանալ՝
Մարոն ասում է՝ կանցնի
Ու ամեն հարմար առիթի ինձ հիշեցնում է,
թե ոնց մի անգամ իր ծննդյան օրը ջարդեցի իր սիրած ծաղկամանը։
Ես քեզ դեռ սպասում եմ՝
Մարոն ասում է՝ կանցնի
Ու ամեն առավոտ բացում է պատուհանը,
գոգին է դնում բաց դռնով վանդակը,
որտեղից նախանցյալ գարուն փախել էր իր թութակը։
Ես հավատում եմ քո խոսքերին՝
Մարոն ասում է՝ կանցնի
Ու արդեն երեսունհինգ տարուց ավել ապրում է իր հարբեցող ամուսնու հետ,
ով խոստանում է երկուշաբթվանից թողնել խմելը,
բայց կոնկրետ երկուշաբթի չի նշում։
Ես քեզ կարոտում եմ՝
Նա ասում է՝ կանցնի,
Բայց աչքերը թրջվում են ամեն անգամ,
երբ տանձի մուրաբա է բացում,
իսկ հայրն էլ չկա, որ ուտի։
Ես քեզ սիրում եմ՝
Մարոն ասում է՝ կանցնի
Ու տեղ է ազատում ծաղկանոցում,
որ էս տարի իր սիրած սպիտակ վարդերից ավելի շատ տնկի։
Մարոն թեև վատ խորհրդատու է,
Բայց լավ կին է ու լավ հարևան,
Ուղղակի կյանքից գլուխ չի հանում։
Ես նրան ասել եմ, որ
Ո՛չ այսօր,
Ո՛չ վաղը,
Ո՛չ էլ առհասարակ
Ոչինչ չի անցնում։