(Ես հորինեցի քեզ, բայց մի քիչ սխալ…)
Հազար պատճառ չունեմ
Քեզ սիրելու,
մեկն էլ հերիք է,
Խոստանում եմ` էնքան
Կմեռնեմ, որ ծնվես նորից,
Անքեզ օրերս նման են
Չասված խոսքերի`
Կանգնել են կոկորդիս,
Քիչ է մնում շնչահեղձ լինեմ
Հարցաշատությունից,
Այսօր գիշեր մեր տուն արի,
Նստենք մի կում
Հիշողություն խմենք,
Համ էլ մոռացար`
Ես ու դու արձակուրդ ենք
վերցրել մահից,
Բան չմնաց, շուտով մեր աշխատանքային օրերն են,
Երանի կրճատումներ չլինեն,
Միասին աշխատենք մի քիչ,
Վախենում եմ,
Ու չեմ ուզում քեզ մոռանալ,
Դրա համար ամեն օր
Գրիչով ապտակում եմ դեղնած թուղթը,
Հետո ծալում
Ու վերնագրում եմ`
«Մենք երկու լույս ենք, միշտ մութ ենք փնտրում»…
***
(Չեմ ուզում շնչել այն օդը, որի մեջ արտաշնչում ես…)
Շնչում եմ այն ժամանակ,
Երբ արտաշնչում ես դու,
Չեմ կարծում, որ պատահականություն է,
Գուցե շնչազգաց ես…
Երբ աշխարհը լցվել է օդով,
Նպատակդ` ինձ օդազուրկ անելն է եղել երևի,
Այսպես չեմ կարող գուշակել, բայց զգում եմ…
Օդս չի հերքում,
Որ իր մեջ ես դու,
Այլ հակառակը` կամացուկ շշնջում է քթիս.
«Նա եկել է» խորը շունչ քաշիր,
Քիչ էր մնում շնչեի քեզ,
Չնայած` գիտես չեմ ուզում.
Ու վերնագիրը մնում է հաստատուն…
***
(Ես բաժակներն էի շփոթել գուցե…)
Իմ ու քո բաժակը նույնն էր,
Պարզապես քոնի մեջ
Կռվում էինք, հետո հաշտվում,
Սիրում էինք, հետո ատում,
Սակայն վերջում բաժանվում…
Իմի մեջ դեռ կանք,
Մի քիչ արբած, բայց կանք,
Էլի ցավում է միայնությունս,
Խորը տնքոց է հանում,
Նեղանում ու գնում իրեն որոնելու…
Անցյալի կադրերն եմ հիշում,
Երբ դու կորչում էիր մայրամուտի մեջ,
Իսկ ես սեղմում էի ականջներդ,
Ու անբառ լեզուդ կուլ էի տալիս,
Պահում ատամներիս տակ, որ լռել սովորեցնեմ…
Քո գոլորշին էր միայն հուշ մնում,
Ու ես մայրամուտը գրկած`
Մեր բաժակներն էի ասես շփոթում…
***
(Ձայնդ գրկել է ականջներս,
ու բաց չի թողնում…)
Դրսում ցուրտ է,
Բայց ձայնդ դեռ չի սառել,
Էլի ինչ-որ տեղից գալիս, գրկում է ականջներս,
Կարծես արևը ևս մեզ բաժանել չի կարող,
Բայց շուտով լուսաբաց է,
Իսկ իր տեղը չգտած արևը կգա շուտով,
Գուցե մինչ իր գալը լուսնոտություն անենք,
Ու մի երկու քնձռոտ բան խնդրենք
Օրինակ այսպես`
Դու չլինես այդքան շատախոս,
Ես չլինեմ այդքան շատ լսող…
* * *
Օրերի ուժը,
Տարիների աղմուկը,
Ձայնիդ հեռավորությունը.
Ինձ չկարողացան ստիպել, որ մոռանամ քեզ…
Գուցե մոռանալ չլինի սե՛ր իմ,
Գուցե ես ու դու մի թակարդում ենք,
Որի անունը կախվածություն է,
Չմտածես հանկարծ, որ տողերումս դու չկաս,
Միշտ եմ քո մասին գրում,
Տողատակերում ման արի դու քեզ…
Հիշո՞ւմ ես, երբ ինձ կապում էիր քեզ ու ճոճվում էիր գիշերներում,
Ճոճվում էիր անվերջ ու երազելով,
Իսկ այժմ չկաս ու էլ չես գալիս,
Հիմա քեզ մի հարց.
— Մեր կյանքի պարանը դու ո՞ւմ ես տալիս…
* * *
Գաղտագողի մտար սիրտս,
Առանց թակել,
Միանգամից…
Տակնուվրա արեցիր
Իմ մեջ եղած
Քո բաժինը…
Վերքոտեցիր
Դեռ չեկած օրերս կյանքի.
Ու անհետացար…
Հիմա միայն վերքոտ տողերս են քեզ գրկում,
Աներևութաբար…