Հովհաննես Իշխանյան

Մրցակիցներն ինձ ասել էին, որ դքի վրայի տունը լավագույնն ա, որտև իրանց էրեխեքը սիրում են քայլել ու բացի դա դիքը մոտիկ ա քաղաքի կենտրոնին` միամիտ հարվցու պես համոզվեցի` կարծելով, թե դիք չկա, որ ծայր չունենա:
Մրցացամաքի գրեթե 90 աստիճանի անկյան տակ գտնվող դքերը պատված են 100 000 քարե սալիկներով: Էդ թվով սալիկները խորհրդանշում են Լենինի գլխի մազերը: Դիքը, որը ամեն օր բարձրանում եմ տուն հասնելու համար` 99 998 սալիկ ունի, երբ էրկու մազ թափվեց Լենինի գլխից` իմ դքում ապրող մի հայ էրկու սալիկ հանեց: Էդ հայի թոռները ասեցին, որ Լենինի էդ էրկու մազը ընկավ, երբ Կարսն ընկավ:
Երբ նոր նախագահը սկսեց վերացնել երկրի սովետականությունը, նրան խաբեցին, թե Կոտե Աբխաձեի մազերի պատվին ա ու կարողացան պահպանել երկրի ճարտարապետական արժեքը քաչալացնելուց, սակայն Ստալինի բեղերի պատվին տնկած անտառը վերացրին, ինչևէ, մետրոն պահպանվել է:
Դիքը բարձրանալուց, ինքը հետս հավասար բարձրանում ա, ոչ մի մետր առաջընթաց մոտս չի լինում: Դքին խնդրում եմ, որ իջնի, բայց արհամարհում ա, սարի պես կանգնած ա մնում: Հույսս դնելով ինձ վրա, սկսում եմ սեղմել դքին: Ձեռքերիս ափով հրում եմ ներքև, քարի հատիկները մտնում են ձեռներիս մեջ, կեղտոտ արյունը մաշկիցս սկսում ա թափանցել: Ձեռքերիս թաթերը մաշվելով վերանում են, դիքը շարունակում ա իրանը պնդել, սկսում եմ ոտքերով խփել, դիքը համառ ա: Կողքս կանգնած տաքսիին, որը միշտ անհամբեր սպասում ա, թե երբ եմ տեղի տալու, ասում եմ` եթե աշխարհի բոլոր գանձերը տամ, կբարձրացնե՞ս ինձ էս դիքը: Ասում ա` բենզինով եմ, աշխարհի գանձերը ու մի լարի, որ տաս, կհանեմ: Համաձայնում եմ, բայց ասում եմ` գազ քաշի, համ ինձ էժան կլինի, համ քեզ:
Թռնում եմ շալակը, բենզինը խմում ա, խաչակնքումը միացնում ու վզալեն բարձրանում ա դիքը: Հասնում ենք ծերը, իջացնում ա, աշխարհի գանձերն ու էրկու լարի եմ տալիս: Մանրի եմ Սպասում: Ասում ա` մանր չունեմ, որ ծովի մոտ էրևաս, էնտեղ մի ծառ կա, ծառի տակ քար կա, քարի տակ հող կա, հողը փորի, մեջը մի լարին պահած կլինեմ: Ասում եմ` հաջող:
Կանգնում եմ դքի ծերին ու խնդմնդում դքի վրա, իբր տեսար ոնց հաղթահարեցի քեզ: Դիքը փնչացնում ա ու ինձ մեջքով շրջվում:
Մտնում եմ տուն, կիբեռգոգոները` տան տիրուհիներս, ինձ են սպասում` կանայք ուղղափառ քայլվածքով մոտենում են ինձ, ուղիղ մտնում գրպանս ու փառով պատում:
Ինչ լավ մարդիկ են, մտածում եմ` ինձ էին սպասում: Իրանք մտածում են, որ ես հավանաբար մտածում եմ, թե իրանք լավ մարդ են: Գլխով հաստատում եմ իրանց ենթադրածը: Իրանք ասում են, դե որ տենց ա, մենք քեզ կխաբենք, քեզնից փող կպոկենք: Ասում եմ` հա, ի՞նչ խնդիր, կարևորը լավ մարդ եք ու քանդում եմ շապիկս: Մարմնիս վրայից փողերը փետուրի պես պոկում են, ամեն մեկը քաշելուց ախ եմ հանում: Իրանք ցավիս ուշադրություն չեն դարձնում, մտածում են, հաճույքից եմ ախ հանում: Պոկված տեղերին խաչաձև սպիներ են մնում, հավատացյալների թողած հետքերը հարատև են մնում մարմնիս: Վերջին փողն էլ պոկում են, սկսում են գոռգոռալ վրաս, որ էլ չունեմ: Ժպտում ասում եմ, մյուս ամիս կլինի, ժպտում են, փաթաթվում են ինձ ու լոբի տալիս, որ սովից չմեռնեմ` եկամուտից զրկվեն, ու հեռանում եմ «նյե զա չտո, նյե զա չտո» ասելով:
Նստում եմ, որ մի շիշ բան խմեմ, դուռը թակում են, բացում եմ` փաբի ժողովուրդն ա էկել` ինձ միանա: Միանում ու սկսում են մրցել հետս` ով ավելի շատ կկոնծի, զգում են, որ ես իրանց սիրում եմ, չեմ ուզում հետները մրցել, վրաս չաչա են լցնում: Էրկու շիշ լցնելուց հետո ասում են` գիտե՞ս մենք հայ ենք: Ուրախանում եմ, ուզում եմ բարևեմ, բայց բարևս չեն առնում, տխրում եմ ու դուրս գալիս տնից, տան բակում կիբեռգոգոները դեռ ասում են «նյե զա չտո, նյե զա չտո», պատասխանում եմ «սպասիբա» ու դուրս գալիս դիք:
Հենց դքի վրա մի խանութ եմ տեսնում: Հայի խանութ ա, անունը. «Գիտե՞ս ինչու են հայերը Վրաստան գալիս, որտև Հայաստանում մարդ չկա խաբեն»: Մտնում եմ խանութը ու էլի քաղաքն ա բացվում դիմացս ու մարդիկ, որոնք քայլում են ձեռքերի վրա: Հարցնում եմ. «Դուք ո՞վ եք», ասում են. «Մենք շուռ տված հայերն ենք, արի փողոցն անցկացնենք»: Ուրախանում եմ, ձեռքս տալիս եմ ոտքին, որ անցկացնի, անցկացնում, փողոցի մեջտեղում թողնում ու հետ ա գնում, «Ես մաքուր հայ եմ, սրանք ազգ չեն» արդեն մայթից գոռում ա: Հոծ գծի վրա կանգնած` չեմ իմանում ինչ անեմ, մեքենաները վզալեն անցնում են դիմացովս, հետևովս:
Ոստիկանական շարասյուն ա գալիս կանգնում դիմացս, իջնում են մեքենաներից ջենտլմենական քայլվածքով մոտենում ինձ, պատվի առնում, ձեռքիցս բռնում ու անցկացնում փողոցը: Նրանց մեջից հավանաբար գլխավորն ինձ կարգադրում ա նստել ու մտածել: Նորից են Պատվի տալիս ինձ ու հեռանում:
Նստում եմ ու մտածում իմ փառքը ձևավորելու մասին: Կողքս նստած մի երիտասարդ մայր երեխաներին օրորելով ասում ա.
«Գիտե՞ս, դու ուշացել ես», — ասում ա մեծավարի,- «Արի խմենք չծնված երեխաներիդ կենացը»: Բռնում ա գլխիցս ու մոտեցնում իմ ծիծից էլ փոքր իր ծծին, որ ծծեմ ծով կաթը, որն էրեխեքը չծծեցին: Ձեռքս տանում եմ շալվարիս մեջ, սկսում ա անձրևել: Մայրը ձեռքս շուշաթուղթ ա տալիս, ասում ա` ես իմ երեխաների կյանքն եմ կազմակերպում, որ մեծանան, անդրկովկասին արժանի կազմակերպիչ դառնան, քոնն էլ կկազմակերպեմ, թրջի ու սկսի տաշել: Թրջում եմ շուշաթուղթը անձրևի ջրով ու սկսում քերել կուրծքը, քերում-քերում եմ մսի մեջից թուղթ ա դուրս գալիս` փաստաթուղթ, որն ապացուցում ա, որ Քրիստոսը խաչի վրա չի մեռել, այլ Ստալինը որպես կուլակ գնդակահարել ա տվել: Ցույց եմ տալիս կազմակերպիչ մորը, ձեռքիցս նրբորեն վերցնում ա` դու հիանալի մտքեր ունես, ասում ու մեկնում` սարի վրայի Մայր մրցակցի արձանը շուռ տալիս, կանգնում դրա տեղը:
Կազմակերպիչի մոտ հավաքվում են բոլոր լրատվամիջոցների բազմաչարչար, ժողովրդավար լրագրողները: Նա պատմում ա, թե ինչպես կարողացավ գտնել այդ հիսուսաթուղթը:
«Միշտ խաչակնքելուց զգում էի, որ սա չէ Աստծու հետ կապը, զգում էի, որ չկա հոգևոր ձգողականություն, թեպետ շարունակում էի հարգել մեր անվանդույթները, բայց հոգիս չէր ընդունում խաչը: Երբ հերթական անգամ անցնում էի եկեղեցու մոտով ու ուզում էի խաչակնքել, մեկը բռնեց ձեռքս. նա էր, ասեց`  կարաս մի էրկու կոպեկ փող տա՞ս, երբ տվեցի, ինձ ասեց, որ դու պիտի գտնես, թե ինչպես են իրականում սպանել Հիսուսին, գնա ծովի մոտ, այնտեղ մի ծառ կա, ծառի տակ քար կա, քարի տակի հողը փորի, մեջը մի լարի կա, էդ կբերես ինձ կտաս, ես էլ քեզ մի փաստաթուղթ կտամ Ստալինի ստորագրությամբ: Այդպես էլ արեցի, նա էլ ինձ տվեց խոստացածը: Ես հպարտ եմ, որ իմ շնորհիվ ուղղափառության իրական էջն է բացվում»: Ու լրագրողները գցում են իրենց տեսախցիկները, միկրոֆոնները, թուղթ ու գրիչները, հեռախոսները, ֆոտոապարատները, ազատում են իրենց ձեռքերը բոլոր տեսակի տեխնիկական շղթաներից ու ծափահարում կազմակերպչին:
Փաստաթղթի մեջ նշված էր, որ Հիսուսին XT-134 (советский христианский танк) տանկով են խփել:
Բոլոր եկեղեցիներից, բոլոր դրոշներից, տներից` որտեղ խաչի պատկեր կար, փոխարինվեց տանկով, խաչմերուկներն այլևս տանկի տեսք ունեին, նայում էիր եկեղեցիների գմբեթներին` տանկը խրոխտ, թրթուրը ձիգ կանգնած էր: Ժողովուրդն այլևս եկեղեցու մոտ ոչ թե խաչակնքում էր, այլ` ձեռքը առաջ պարզում, դնում ճակատին ու կրակելու նմանակում անում, ամենահավատացյալները 134 անգամ էին անում: Կազմակերպիչ մայրը մեծ փառքի հասավ, արձանացավ սարի գագաթին, սակայն մի բառ անգամ իմ մասին չասաց:
Մտքերս գողացված լինելու փաստից շատ տխրեցի ու գնացի դքի մոտ. «Դիք, ի՞նչ անեմ, որ չխաբվեմ»,- հարցրի, դիքը ցույց տվեց շուռ տված հայերին: Հասկացա ակնարկը, պառկեցի դքի վրա, ավազները բարձրացան, փաթաթվեցին ինձ, կամաց-կամաց ինտեգրվեցի դքին ու միասին կազմեցինք 180 աստիճան: Դիքն ինձ ձգեց, դուրս շպրտեց, կանգնեցի գլխիվայր, դառա շուռ տված:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն