Երևանում կա մի տուն, որտեղ ապրում է 40-ին մոտ մի տղամարդ` Ռուբենը: Նա բոլորովին միայնակ է. նրա 2 քույրը`Սոֆյան և Աննան, ԱՄՆ-ում են (նրանք 10 տարի առաջ էին մեկնել`իրենց քաղաքում համապատասխան, ավելի ճիշտ `իրենց վայել, թեկնածուներ չգտնելով, սակայն օտարության մեջ կյանքը անձնական հարցի,ավելի ճիշտ` «հայոց Մեծ խնդրի քարը» չի անտեսել նրանց ճանապարհից.միակ օգուտը` համեմատաբար ավելի բարձր աշխատավարձն է: Ծնողները վաղուց են մահացել, նա էլ դեռ ամուսնացած չէ և չի էլ եղել(համենայնդեպս այդպես է ասում): Իմ հերոսը` Ռուբենը, շատ անգամ է առաջարկ ստանում Աննայից` ապրել նրա հետ ԱՄՆ-ում , բայց մերժում է: Ինչու՞։ Հենց սա է իմ պատմության ամենա…ամենա…ըըը՜… Նույնիսկ չգիտեմ` ինչպես բնութագրել… Սա է իմ պատմության ամենաողբերգական կամ, չէ՛, չէ՛, իմ պատմության ամենազավեշտալի փաստը:
Ռուբենն իրեն համարում է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ: Նա ճարտարապետ է, սակայն
վաղուց է արդեն, ինչ իր մասնագիտությամբ չի աշխատում. նույնիսկ չգիտեմ` որտեղից է օրվա ապրուստը հայթայթում: Նա սիրում է ամեն բան առանց բացառության` իր տունը, բակը, փողոցները, շենքերը, աղբադույլերը, սիրում է մարդկանց և նույնիսկ հարևաններին,բայց ամենից շատ սիրում է հայկական սրբությունը` Վարդագույն Տուֆը (կամ, ինչպես ասում են, վարդագույն ընկերը): Մի խոսքով` սիրում է իր Երկիրը, միայն թե այդ սիրո անունն է` ԱՆՊԱՏԱՍԽԱՆ:


Այսօր` 2008թ. փետրվարի 8-ին, մենք` նորածին գրողս և քմահաճ ընթերցողդ, կայցելենք նրան: Քանի որ ես այն եզակի մարդկանցից եմ, ով գոնե երբեմն-երբեմն
նրան հիշում և այցելում է, չեմ կարծում, որ նա անակնկալի կգա` ինձ տեսնելով, իսկ ինչ վերաբերում է քեզ… Ըըը՜…
Ահա և այն բարձրահարկ շենքը, որտեղ նա ապրում է : Վերելակի կոճակը սեղմելու կարիք չկա. բնականաբար` ինչպես բոլոր հայկական ավանդական բարձրահարկ շենքերում, վերելակը ինչ-որ մեկի բնակարանի վերանորոգման աշխատանքների պատճառով ենթարկվել է եվրոապականացման: Ստիպված ենք մինչև 9-րդ հարկ ոտքով բարձրանալ:
5-րդ հարկ
Ես-Ա՜հ, սպասիր մի քիչ շունչ քաշենք… Լա՛վ, գնա՛նք: Չորս հարկ մնաց:
Հարևան Ջուլիկ-Հողե՛մ գլուխներդ… Աղբը էլի իմ հարկում են թափել…
Ես-Արա՛գ շարժվիր,եթե չես ուզում, որ ավելը գլխիդ իջնի:
9-րդ հարկ
Ես-Վերջապե՜ս: Լա՛վ, այս հոտավետ, կեղտոտ, նույնիսկ վտանգավոր արշավը կհամարենք առողջ ապրելակերպի սկիզբ:
Հիմա մյուս բարդ քայլն է` Ռուբենին ստիպել դուռը բացել: Նրա դռան զանգը, ինչպես միշտ, չի աշխատում…Փորձենք ուժեղ թակել… Չէ՛, հավանաբար քնել է` հեռուստացույցը միացրած թողնելով: Լսու՞մ ես, կարծես թե կենդանական աշխարհի մասին հաղորդում է գնում…Ահա՛: Ոտնաձայներ եմ լսում. քիչ մնաց…

(դուռը բացվեց)
Ես-Բարև, Ռուբե՛ն: Կարելի՞ է:
Ռուբեն-Իհարկե: Նե՛րս եկեք:
Ես-Հո չխանգարեցի՞նք: Ուրիշ մարդու հո չէի՞ր սպասում:
Ռուբեն-Ո՛չ: Ըը՜ը… Այսօր` ո՛չ:
Ես-Բա ինչու՞ այսքան ուշ բացեցիր: Էլի քնե՞լ էիր:
Ռուբեն:-Չէ,մտածեցի ընտրական քարոզարշավից են եկել:
Ես:-Ծանոթացի՛ր, Ռուբե՛ն, սա “X”-ն է: Քիչ առաջ եմ ծանոթացել նրա հետ: Մտածեցի`վատ չի լինի, եթե քեզ էլ ծանոթացնեմ: Այսպես է՛լ ավելի կմեծանա քո շրջապատը, չէ՞:
Ռուբեն:-Շատ հաճելի է: Դեե՜… Եկեք ներս անցնենք: Թեյ Կուզե՞ք: Թեյ և մեր հայկական ավանդական գաթան, որ դեռ մեր պապերն են կերել…
Ես-Դե՛,նե՛րս արի: Ինչե՞ս շվարած դռների արանքում մնացել:
“X”-Ե՞ս: Ես…Ես բան չեմ հասկանում:
Ես-Երևի իզուր քեզ այստեղ բերեցի: Նստի՛ր:
Ռուբեն:-Ա՜խ, շա՜տ համեղ է: Ի՜նչ էլ ասեն, մեր գաթան ուրիշ է: Ձեզ դուր եկա՞վ:
“X”-Հը՞: Ի՞նձ:
Ես-Ուշադրություն մի՛ դարձրու նրան, Ռուբե՛ն: Իսկապես համեղ է:
Ռուբեն-Ափսո՜ս: Նռան հյութը վերջացել է: Դե դու գիտես, թե ինչ լավն է մեր հայկական նռան հյութը…
Ես:-Գիտե՛մ, գիտե՛մ: Դու ավելի լավ Է պատմիր`ինչ եղավ աշխատանքիդ հարցը: Զանգեցի՞ն: Դիմել էիր, չէ՞:
Ռուբեն:-Սպասում եմ:
Ես:-Վեց ամի՞ս: Կարծում եմ` նոր քայլեր պիտի ձեռնարկես:
Ռուբեն:-Լա՛վ, մի բան կմտածեմ… Մեր դիմացի փողոցի շինարարությունում վարդագույն տուֆից նոր շենք է կառուցվում: Այն հիասքանչ է լինելու: Ես հետևում եմ նրա ծնունդին:
Ես:-Եվ ի՞նչ: Դրանով ի՞նչ ես ստանում:
Ռուբեն:-Ամեն օր`առավոտյան շուտ, գնում, նստում և երկար նայում եմ նրան… Այն օրը,երբ անձրև էր եկել, տուֆը էլ ավելի վառ, ցայտուն էր դարձել` կարծես հայրենիքի հանդեպ տածածս սիրով տոչորվել և սրտիցս կաթող արյամբ էր ողողվել…
Ես-Այդ երբվանի՞ց ես պոետ դարձել:
Ռուբեն-Խմե՛ք թեյը,սառչում է:
Ես-Շնորհակալ ենք, բայց արդեն պետք է գնանք:
Ռուբեն-Դու՛ք գիտեք:
Ես-Այսօր այդքան էլ սթափ չես երևում: Լավ կանես`հանգստանաս: Հաջողություն: “X՛”, էլի մնացիր դռների արանքու՞մ:
“X”-Ցը՜…ցտեսություն:
(արդեն բակում)
Ես:-Հը՞, արդեն լա՞վ ես:
“X”:-Ահա՛:
Ես:-Արդեն կես տարուց ավել է, ինչ նա այս կամ այն շինհրապարակում թափառում է:
“X”:-Իսկ դու որտեղի՞ց գիտես նրան:
Ես:-Դե՜, դա երկար պատմություն է…Մեր ընտանիքը նրա քրոջը` Սոֆյային, դեռ վաղուց է ճանաչել: Նա իմ անգլերենի ուսուցչուհին Էր… Ես, չգիտես ինչու, որոշակի պարտքի զգացում եմ զգում Ռուբենի նկատմամբ: Նա բոլորովին միայնակ է: Հիմա ես փորձում եմ նրան վերստին ներքաշել կյանքի ընթացքի մեջ: Նա այս վիճակում է հայտնվել իր կնոջ անհետանալուց հետո: Ըստ հարևանության բամբասանքների` սիրեկանի հետ է փախել: Ճիշտն ասած, ես չեմ մեղադրում կնոջը. Ռուբենին շա՜տ դժվար է հասկանալ:

Փետրվարի 11` առավոտյան ժամը 9:00 : Ռուբենը, ինչպես միշտ, իրենց բակի խանութի դռների առջև սառցակալած աստիճանների վրա թռչկոտում է ցրտից` սպասելով Հասմիկին` խանութի աշխատողուհուն, որը պարտադիր 15-ից 18 րոպե ուշանում է: Նա չամուսնացած, 38 տարեկան թմբլիկ կին է, տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Հագուստն էլ գրեթե չի փոխվում, միայն մազակալներն են փոխվում (մեկը մյուսից ավելի մեծ են, փայլուն, գույնզգույն և ճչացող): Ահա, գալիս է: Հեռվից տեսնելով իր համար բավականին համակրելի անձնավորությանը` Հասմիկի ժպիտը աստիճանաբար լայնանում է, ձեռքերով անտեղի ուղղում է պոչ կապած մազերը և քայլերն արագացնելով` մոտենում է աստիճաններին:
Հասմիկ- Բարի առավոտ, Ռուբի՛կ ջան:
Ռուբեն- Բարի: Ինձ կես մատնաքաշ, մի շիշ մածուն, 2 հատ էն գաթաներից…
Հասմիկ- Գիտեմ, գիտեմ, Ռուբի՛կ ջան: Ամենօրյա նախաճաշդ ես ուզում: Մենակ թե գաթան, հացը երեկվանն են: Որ մի քիչ սպասես, կստանանք թարմը, տաք-տաք: Նստի` տեսնեմ ոնց ե՞ս, ինչ ե՞ս:
Ռուբեն- Է՜հ… Չգիտեմ` ուր է գնում կյանքս: Միայնակ ապրելը մի բան չի: Մեկը չկա, որ առավոտյան բարև տաս, հարցնես, թե ինչպես քնեց, մեկը չկա, որ նախաճաշելիս նայես աչքերին, այլ ոչ թե սառած աչքերդ պատի մեխին հառած, որից մի ժամանակ աշխատող ժամացույց է կախված եղել` մտքերով անցնես ծովից ծով Հայաստանը, հասնես Ամերիկա, այնուհետև վերադառնաս տուն, նայես մեխին ու նորից ինքդ քեզ ասես, որ պետք է ժամացույցը սարքել…
Հասմիկ- Ես չեմ էլ նախաճաշում առավոտյան: Հետո խանութում մի բան ուտում եմ:
Ռուբեն- Վաղը… Չէ՛, հավանաբար, պետք է աշխատես, չէ՞:
Հասմիկ- Ինչո՞ւ: Ես կարող եմ մի 15 րոպեով խանութը փակել…
Ռուբեն- Դե՜…միգուցե միասին նախաճաշենք… Ի՞նչ կասես:
Հասմիկ- Իսկ ինչո՞ւ ոչ այսօր: Հիմա կստանամ պատվերը ու կգնանք, լա՞վ:
Ռուբեն:- Լավ, միայն թե սենյակը թափթփված է…
Հասմիկ:- Է՜հ, ա՛յ մարդ… Վե՛րջ տուր:

Ահա, նախաճաշից հետո երկուսն էլ գոհ ժպտալով` դուրս են գալիս վերելակից:
Հասմիկ- Լավ էր, շատ լավ: Վա՜յ, նայի՛ր, հաճախորդներ են եկել, սպասում են էս ցրտին:
Ռուբեն- Գնա՛, գնա՛: Ես էլ գնամ` տեսնեմ ինչ աշխատանք կարող եմ գտնել: Վաղը՜…
Հասմիկ:- Վաղը կարող եմ մի փոքր ավելի շուտ գալ: Կգնանք զբոսնելու, հը՞:
Ռուբեն:- Եղավ: Հաջողություն:

Այսօր նա շատ կթափառի, բայց ոչ` ինչպես միշտ: Նրա մեջ մի փոքրիկ մասնիկ է ավելացել, որը կոչվում է իմաստ, և որի պատճառով քայլելիս նրա երեսին ժամանակ առ ժամանակ անիմաստ ժպիտ է ի հայտ գալիս: Նա այլևս փողոց անցնելիս չի մտածում ավտոմեքենայի տակ ընկնելու մասին: Հիմա քայլելիս Ռուբենը նկատում է իր սև կոշիկների վրայի սպիտակ աղի հետքերը, հիմա նա հիշում է, որ պետք է անպայման էլեմենտներ (կներեք օտարամուտ բառի համար) գնի տարիներով կանգնած ժամացույցի համար` ժամը արդեն մեծ դեր է ստացել նրա կյանքում: Նա այսօր վերջապես կմոռանա նայել կենդանական աշխարհի մասին պատմող տափակ հաղորդաշարը:
Այժմ նրա կյանքը ԳԻՆ ունի:

Այսօր, առավոտյան ժամը ութից, իմ հերոսը երկար մտածում է, թե եղած-չեղած 3 վերնաշապիկներից որը հագնի: Նայում է ժամացույցին, նստում, հետո նորից կանգնում, գնում աջ, ձախ, և քանի որ այնքան էլ մեծ չէ բնակարանը, մի շրջան աթոռի շուրջը կատարելով` նորից նստում է…
Եվ ահա վերջապես 08:45-ին նա կանգնած է խանութի առջև: Տարօրինակ եղանակ է.թվում է`արև է, սակայն սահմռկեցուցիչ է օդը: Շնչելիս թվում է`ուր որ է կոկորդդ սառցե խողովակ է դառնալու: Բայց դա խոչընդոտ չէ Ռուբենի համար: Արդեն ինն է, նա դեռ չկա: Հավանաբար, Հասմիկը այսօր էլ, ինքն իրեն չդավաճանելով, 15-18 րոպե կուշանա:
09:25: Արդեն լուրջ է: Ռուբենը, սեփական ոտքերի մատները չզգալով, թռչկոտում է` աջից ձախ, ձախից աջ: Մոտենում է խանութի տերը` Վասակը, թե Վահանը, հայտնելով, որ Հասմիկը իր քրոջ հիվանդ լինելու պատճառով ստիպված է եղել երեխաներին դպրոց տանել, իսկ հետո գնացել է նրանց տուն` քրոջը խնամելու…
Ռուբենը, մի փոքր տխրելով, արդեն ուզում է գնալ թափառելու, բայց հանկարծ հիշում է իր վաղեմի ընկերոջը` Տերյանի ժողովածուն, որը նա միշտ իր ծոցագրպանում է պահում, իսկ այսօր, որքան էլ տարօրինակ է, տանն է թողել:
Չի զլանա, կբարձրանա տուն, կվերցնի գիրքը, կիջնի և կուղևորվի այն շինհրապարակը, որտեղ հենց նոր զարթնել է կյանքը:
Ահա գալիս է` ձեռքով պինդ սեղմած գիրքը, ասես ինչ-որ մեկը պետք է գողանա այդ հին, կեղտոտ, դեղնած, մաշված, ճղճղված գանձը:
Իրեն ոչ բնորոշ արագ քայլերով սլանում է դեպի շինհրապարակ, կարծես առանց իր ներկայության` աշխատանքները անհնարին կլինեն:
Հասավ: Մոտենում է նստարան հիշեցնող քարակույտին, նստում և գիրքը դնում կողքին: Գլուխը բարձրացնելով` զննում է շենքի մերկ խրտվիլակը, արևի սառը շողերը փայլփլում են նրա թշվառ աչքերում… Նա գլուխը իջեցրեց և կարոտով նայեց գրքին:
Եվ հանկարծ… Վերևից մի վարդագույն տուֆ ընկավ գլխին: Մեկ ակնթարթ, և նա այլևս գոյութուն չունի: Այդպես էլ մահացավ` կարոտով, որպես իսկական ՀԱՅՐԵՆԱՍԵՐ: Ինչպիսի՜ տիպիկ հայրենասիրական սպանություն…
“X”:- Ի՞նչ: Սպանությո՞ւն: Ուզում ես ասել պատահականություն չէ՞ր: Սպանեցի՞ն նրան: Բայց ո՞վ… Ինչո՞ւ…
Ես:- Սա մտածվա՛ծ պատահականություն է: Ռուբենին սպանեց նա` տերյանական FATUM-ը:
“X”:- Դու կարող էիր փրկել նրան:
Ես:- Փրկե՞լ: Ես հենց դա էլ արեցի: Մի՞թե նա հենց դրա՛ կարիքը չէր զգում… Կա նա, թե չկա, միևնույն է` արևը նույն կերպ կշարունակի ծագել և մայր մտնել, երկրագունդը կանգ չի առնի` շրջվելով, որ տեսնի, արդյո՞ք այդ մարդը դեռ քայլում է երկրագնդիկի քարքարոտ երեսով… Նույնիսկ դու երկար չես հիշի նրան: Դու համոզված ես , որ նա գոյություն չի էլ ունեցել, այնպես չէ՞: Միգուցե և ճիշտ ես, բայց հիշի՛ր` յուրաքանչյուր հայ ապրում է ոչ թե սովորական մահկանացուի ճակատագրով, այլ հենց այդ նույն տերյանական FATUM-ով:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն