(Մուսոֆիլիայի ազգային ինստիտուտի կրտսեր գիտաշխատող)
1950-ականներին Էյբլ Էյբեսֆելդը բացահայտեց, որ տնաբնակ մկները սոցիալական էակներ են. հոտառությամբ կարողանում են տարանջատել իրենց ընտանիքի, տոհմի անդամներին օտարներից, պայքարում են իրենց տարածքային ամբողջականության համար և ընտանիքի առավել թույլ ու անպաշտպան անդամներին զիջում են կերակրին առաջինը մոտենալու հերթը:
Ռեպրեսիվ մշակույթներում փոքր կրծողների` հատկապես մկների նկատմամբ, վախը, զզվանքն ու արհամարհանքն առավել վառ են արտահայտված: Այս առումով ժամանակակից աշխարհում մշակույթի ազատականության յուրատեսակ չափորոշիչ է դարձել մուկը` որպես կերպար: Արևելյան մշակույթներում անհիշելի ժամանակներից առայսօր մուկը կարևոր դերակատարում ունեցող կենդանի է: Ցավոք, Արևտմյան և քրիստոնեական մշակույթը դարեր շարունակ առավելապես հակամկնային դիրք է գրավել:
Աստվածաշնչում Մովսեսն այս կենդանուն անմաքուրների դասին է կարգել` չնայած հրեաները մեծ ախորժակով ուտում էին նրանց, ինչի համար արժանացել են Եսայի մարգարեի ամոթանքին: Նպատակ չունենալով վերլուծել մկան կերպարը համաշխարհային կրոնների և առասպելաբանության մեջ, նշենք սակայն, որ 20-րդ դարը բեկումնային էր նաև մարդկության կողմից մկների պատմական արժևորման տեսակետից, երբ հատկապես Արևմտյան մշակույթներում հիրավի վերարժևորվեց այս տեսակի նկատմամբ վերաբերմունքը:
Համաշխարհային գեղարվեստական միտքը վաղուց է ազատվել մուսոֆոբիկ հակումներից: Սթայնբեքի հայտնի վիպակում` «Մարդկանց և մկների մասին», ճշմարտությունն է բարձրաձայնվում. մկները մեր սիրո զոհերն են: Կաֆկայի հերոսուհի Ժոզեֆինան երգարվեստով ապրեցնում է իր մուկ ժողովրդին: Դենիել Կիզը ծաղիկներով է զարդարում Ալջերնոնի` մարդու լավագույն բարեկամ, հազար մարդուց էլ խելոք նահատակ մկնիկի գերեզմանը (Ծաղիկներ Ալջերոնին. պատմվածք Դենիել Կիզ, 1959թ.): Մայքլ Հոուքի «Հերմաս Տանտամոքի արկածները» դետեկտիվ վիպաշարում ժամագործ մկնիկ Հերմասն ի զորու է դուրս գալ ամենախճճված իրավիճակներից և դա անում է Շերլոք Հոլմսից էլ լավ: Սթիվեն Քինգի «Կանաչ մղոնում» բանտախցում ապրող մուկը չմեռնող ազատության փոքրիկ խորհրդանիշն է, որ սատկում ու վերստին հարություն է առնում: Բանտախցում ապրող մուկը ազատ էակ է, շնորհիվ իր չափսերի նա կարողանում է ազատ ելումուտ անել: Բանտում ապրող ազատատենչ մկնիկի կերպարը հաճախ է հանդիպում համաշխարհային գեղարվեստական մտքի պատմության մեջ (հիշեք թեկուզ «Կոմս Մոնտե Քրիստոյի որդին»): Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Հետևողական վերհիշելու պարագայում մկների մի ամբողջ լեգեոն է հառնում համաշխարհային արվեստին քիչ թե շատ ծանոթ ամեն մարդու առջև: Մկներ, որոնք ինքնամոռաց նվիրումով, իրենց վարժեցրած տերերի կամոք` ոսկի, կամ թանկարժեք քարեր են դիզում նրանց համար, ներկայացումներ են տալիս ու քնած բանտապանից բանալիներ են գողանում:
Մկները վխտում են ոչ միայն գրական ստեղծագործությունների էջերում, այլ գրավել են նաև էկրանը և այնտեղից էլ են մեզ աչքով անում: Ամերիկյան կենսուրախ «հզոր» մկնիկ Միքին վաղուց դարձել է յուրատեսակ ազգային հերոս: Լիթլ Սթյուարտը մարդկանց հետ հավասար` ընտանիքի լիիրավ անդամ է: Մկնիկ Ռատատույի խոհարարական գլուխգործոցները շոյում են անգամ ամենաքմահաճ գուրմանի քիմքը. նա կերակրում է մարդկանց: Լեգենդար մկնակերպար Ջերին իր պայքարունակության, կենսուրախության և ճարպկության շնորհիվ Թոմ կատվի հետ անվերջանալի հակամարտություններից մշտապես հաղթող է դուրս գալիս: Նա մարմնավորում է փոքրի հաղթանակը մեծի նկատմամբ. սա անչափ ուսանելի կերպար է փոքր ազգերի համար: Ի վերջո, անգամ խորհրդային անիմացիայում քաղաքային խուլիգաններ, այլ կերպ ասած` քուչի լավ մուկ տղեք Բելին ու Սեռին ավելի հետաքրքիր էին, քան Լեոպոլդ «ինծիլիգենտ» կատուն:
Մեր ռազմավարական բարեկամ ռուսները վաղուց են բռնել մկնարժևորման ճշմարիտ ուղին. հիշենք թեկուզ Միշկին քաղաքում գործող իր տեսակի մեջ աշխարհում միակ մկնային թանգարանը կամ Դոստոևսկու Միշկինին, որն արտաքինով ու հոգեբանությամբ էլ քրիստոսացված մուկիկ էր: Իհարկե, այս հաջողությունների համար դարերով հող է նախապատրաստվել. մանկուց մեզ քաջածանոթ ռուսական հեքիաթներում առանց մկների միջամտության գործը գլուխ չի գալիս` «Պապն ու շաղգամը», «Չալ հավիկը»:
Առաջադեմ մարդկությունն այսօր վերջապես սթափվել ու կարողանում է ըստ արժանվույն գնահատել մեր փոքրիկ նվիրյալներին:
Կես հատիկ մկան բաժին ցորենն ու գարին ափսոսացող հայերն այն ժողովուրդներից են, որոնք այդպես էլ չգիտակցեցին իրենց մեղավորությունն այս տեսակի նկատմամբ: Մենք տներից չվերացրեցին միջնադարյան կտտանքի գործիք թակարդները և շարունակում ենք պատերի և հատակի անցքերը լցնել փշրված ապակով: Դարեր շարունակ թուրքերի, պարսիկների, մոնղոլների և այլ նվաճողների հալածանքներից ճնշված հայ ժողովուրդը լիցքաթափվել է` իր ագրեսիան տեղափոխելով փոքր ու անպաշտպան էակների վրա: Առայսօր ոչինչ այդքան չի զվարճացնում հայ գյուղացուն, ինչպես թակարդն ընկած մուկը: Ժամանակն է, որ մենք` հայերս, խոստովանենք, որ խնդիրներ ունենք այս տեսակի հետ:
Այսօր, երբ մեր պատմության վերաիմաստավորման պահանջն առավել արդիական է, ի թիվս այլ խնդիրների առաջ է գալիս նաև հայոց մկնային ուղու մութ էջերի վերանայման անհրաժեշտությունը:
Բավական է տեսնել, թե ինչպիսին են հայ գրական մտքի ստեղծած մկները և ամեն ինչ հասկանալի է դառնում: Խնկո Ապոր Մկստանում հավաքվածները չեն գտնում իրենց մեջ զանգ կախելու համարձակությունը. նույնիսկ կաղ ձևացող Չալոն իր կիսատ ես-ի փրկությունն առավել թանկ է գնահատում, քան համընդհանուր անվտանգություն ապահովող «Զանգ» ռազմա-քաղաքական հիանալի նախագծի իրագործումը: Թումանյանի «Մուկիկի մահը» բալլադում մուկիկը դառնում է «գործող անձ» միայն մեռնելուց հետո` «գնա մեռի, արի սիրեմ» ավանդույթի վերածված վատ հայկական սովորույթի ուժով: Դերենիկ Դեմիրճյանի հայտնի հեքիաթում կենսուրախ հեդոնիստ Պույպույն ինքնամոռաց տրվում է երկրային վայելքներին. իր դժբախտությունը չտեսությունն է, բայց նա կոկոսի մեջ, ըստ էության, քրիստոնեաբար ապաշխարում է ` քանդելով մկների շուրջ հյուսված անմեղսունակության միֆը: Սա խորապես կրոնական կերպար է: Ըստ արժանվույն գնահատելով Դեմիրճյանի անուրանալի ներդրումը հայալեզու մակագրության պատմության մեջ` հարկ է նշել, որ Պույպույը հայ մուկ չէր: Սարոյանի Արշակ անունով հայ մուկը, թերևս միակ դրական կերպարն է, որի մասին կարելի է առանց երկմտանքի ասել` սփյուռքահայ ազգային գրական հերոս:
Անխոս, իրավիճակը մտահոգիչ է: Հերթական անգամ մենք կորցնում ենք հայ մշակույթի ազատականացման պատմական հնարավորությունը: Կոչ ենք անում բոլոր գրողներին, մանկագրերին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, բոլոր նրանց, ովքեր կերպար են ստեղծում, կարծիք են ձևավորում, մտածողություն են փոխում, ակտիվորեն անդրադառնալ մկների թեմային: Հուսով ենք, որ մեր իմաստուն ժողովրդի ստեղծարար հատվածն առաջիկայում կդրսևորի համարձակություն և կմիանա մեր սկսած գործին` իր ստեղծագործություններով ներողություն խնդրելով բոլոր նահատակ հայ մկների ժառանգներից: