հանգստության մասին
Նստեցի պապայի մեքենան
Ես`
Ճամփի կեսից,
Բուրում էր հոտը
Նրա
Ալկոհոլի,
Մեքենայի
Ու անցյալի:
Այդ ամենն ինձ այնքան թանկ էր.
Անասելի:
Պատուհանը չբացեցի,
Մնացի այդ տաքության մեջ,
Թող ձեռքերս մի քիչ կակղվի,
Հենեմ վիզս աթոռին`
Մկանները լարումից մեկնվի,
Գոնե մինչև էնքան,
Ինչքան` նրա մեքենայի վառելիքը կձգի
՞ -ի մասին
Ասում ա`
Արի, գնանք դուրս:
Բայց բաժակը սեղանի,
Որից տաք գոլորշին բարձրանում ա`
Ներկելով նրա դեմքը մշուշությամբ,
Ինձ կասկածելու տեղ ա տալիս:
Միգուցե ճիշտը էն ա,
Որ ես մնամ
… Կամ ես գնամ,
Ինքը` մնա՞
հաղթողի մասին
Սենյակում
Ցուցամատդ քունքին
Օղակաձև պտույտներով
Ազատումի փորձ
Բոլոր շահախնդիր
Ատրիբուտներից
Թե կարող ես
Հաղթիր
Սենյակին
սիրո մասին
Ալիքազան իմ հոգին
Ծածանվում է
Արբեցումից`
Հողմվում է
Սպիտակ մաշկիդ վրա
Տոտիկ տոտիկ
Շրթունքներով
Հետքեր թողնեմ
Կարծես ծիտիկ
Ձմռանը` ձյունին
ն.-ի մտքերի մասին
(conversation with n.)
Երբեմն
Երբ պարապությունը ժանգոտել ա փոփոխության սպասումից
Երբ անիմաստությունը կաթում ա թթվահամությամբ երկնքից
Երբ անէլանելիությունը պտտացնում ա մատին աշխարհին
Ես մտածում եմ
Ոչ աստվածների, ոչ աշխարհների
Ոչ անելիքների, ոչ էլ` յարերի մասին
Այլ, թե ինչու հենց հիմա չկտրել կյանքը
Դադարեցնել ցուցափայտի փոքրիկ ժեստով
Կյանքի սիմֆոնիկ նվագը
Տպագրվել է «Գրեթերթ», 2011, թիվ 4