Երբ Նարեկը թակեց ծեր կնոջ սենյակի դուռն ու ներս մտավ, կինը նրան փարվեց գորովանքով ու իր տարիքին արդեն վաղուց ոչ հատուկ երջանկության լույսով ողողված` ասաց. «Փառք Աստծո, դու ազատության մեջ ես, վերջապես: Մենք այնքան էինք անհանգստանում քեզ համար, ամեն ինչ կմոռացվի, կգնա: Իսկ դու լա՞վ ես, առո՞ղջ ես, ամեն ինչ լա՞վ է: Այդ օրերն անվերջանալի էին թվում, բայց կեցցեն քո փաստաբանները, երբեմն արդարությունն էլ գործում է: Գնանք, գնանք թեյենք միասին»:
Տատս ինքնամոռաց մենախոսում էր` պատասխան չակնկալելով: Նարեկը նրան երախտագիտությամբ փարված ժպտում էր` ասես մոր կարոտն էր առնում ու միաժամանակ փարատում, որ հրաշալի է զգում, որ դա ընդամենը մի քանի օր էր: Այո, ծանր էր, արտասովոր, բայց փորձությունները մարդու համար են ու հետո` չկա չարիք առանց բարիքի: Այս վերջին նախադասությունը, որ մանկուց լսել էի հազար ու մեկ անգամ, կյանքում առաջին անգամ տպավորություն գործեց ինձ վրա: Մտածեցի` զգացմունքների տարափի տակ արտաբերված խոսքեր են, բանտում` հանցագործների կողքին, ի՞նչ բարիքի մասին կարող է խոսք լինել: Բայց Նարեկն այդ դարձվածքը կրկնեց մի քանի անգամ: Ամեն անգամ ավելի ու ավելի համոզված: Գայթակղությունը մեծ էր: Մի կողմ դնելով նրբանկատության ու քաղաքավարության բոլոր կանոնները` արդեն թեյի սեղանի շուրջ տեղավորված, փորձեցի նրանից կորզել կալանավորված մարդու պատկերացմամբ բարիքի սահմանները: Պատմությունները խոշոր, կուլ չգնացող պատառների պես կոկորդին էին կանգնել, կիսվեց ինքնամոռաց: Բայց զարմանքս ավելի ու ավելի էր մեծանում, քանի որ ողջ այդ ընթացքում նրա դեմքին չերևաց այն մռայլությունը, որ սովորաբար հավերժորեն դաջվում է բանտում գոնե մեկ ժամ անցկացրած մարդկանց դեմքին: Պատմում էր մի տեսակ ոգևորված, կարծես այդ ամենը տեսել էր երազում, կամ մի գիրք էր ձեռքն ընկել, որից տպավորվել էր մինչև հոգու խորքն` ասես իր հետ էր պատահել ամենը: Տատս վաղուց քնով էր անցել, մայրական ջերմությամբ Նարեկի սիրտը բացել, մեզ էր հանձնել, որ թեթևացնի, որ հուսադրենք: Իրեն բավական էր, որ ընտանիքի բարեկամին առողջ էր տեսնում, ավելին չուզեց իմանալ:
Նարեկն այդպես էլ չհասցրեց հասկանալ, թե երկար ամիսներ ձգձգվող ձանձրալի, սպառնալիքներով լի դատական պրոցեսն ինչպես իր գլխին մի իսկական պատմություն դարձավ: Ինչպե՞ս մի օր, առանց ձերբակալման իրավունքի ու հիմնավորման, իր տանն ինչ-որ մարդիկ հայտնվեցին, իրեն բերման ենթարկեցին: Ինչպե՞ս հայտնվեց քննչական շենքում, ապա` մի քանի ժամ այնտեղ անցկացրած անհասկանալի ունայնությունից հետո` դատավարության նիստերի դահլիճում` ոչ աշխատանքային օրով: Ժամեր ձգվող թատերականացված դատավարությունը տևեց մինչև գիշերվա ժամը մեկը, ու մի շարք անհեթեթ մեղադրանքների հետո` կալանավորեցին: Կեսգիշերին ձեռնաշղթաներով Նարեկը, մետաղապատ բանտախուց հիշեցնող տարօրինակ մեքենայով, դեմքի անհաղորդ արտահայտությամբ մարդկանց ուղեկցությամբ հայտնվեց բանտի բակում:
Նարեկն իրեն զգում էր ինչպես իսկական հանցագործ, ում հանդեպ սառն ու կոպիտ վերաբերմունքը դրա բնական հետևանքն էր:
Փոքրամարմին, բերետով, սև մորուքով, ակնոցով ու սոլիդ հագնված միջին տարիքի տղամարդը, որ ավելի շուտ նկարչի, քան բիզնեսմենի տեսք ուներ, շուտով սկսեց հարգանք ներշնչել իրեն ուղեկցող աշխատակիցներին, երբ նրանց հետ խոսք ու զրույցի բռնվեց: Կարծես իր հետ ոչ թե ոստիկաններ, այլ պատահականորեն նույն տրանսպորտում հայտնված սովորական հայ մարդիկ էին երթևեկել: Րոպեներ անց նույնիսկ նրա ձեռքերն ազատ արձակեցին: Ոստիկաններից մեկը խոստովանեց, որ իրենց վախեցրել էին, թե տեռորիստի են տեղափոխում:
Իսկ երբ բանտի միջանցքում էին, Նարեկը նույնիսկ մի պահ բոլորովին մենակ մնաց, առանց հսկողության, լուրջ ու մտահոգ դեմքերով մարդկանց անցուդարձի խաչմերուկում: Նրանցից մեկը շարժվեց դեպի Նարեկն ու խոր պատկառանքով հարցրեց` դու՞ք եք Տեր Հայրը: Նարեկի ներսում մի ձայն ասաց` այո, ձայնը արձագանք դարձած հնչեցրեց` ոչ` հիասթափություն պատճառելով մարդուն:
Երբ բանտախուց մտավ, այնտեղ նրան դիմավորեցին հինգը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես ֆիլմերում էր տեսել. չափազանց տարբեր հինգ բնավորություններով կալանավորներից յուրաքանչյուրն ուներ իր դիրքն ու հեղինակությունը, արդեն վաղուց որոշված էր բոլորի դերն այդ սենյակում: Այնպես որ, այլևս դերեր չկային այնտեղ` առավել ևս նման տարօրինակ արտաքինով ու պահվածքով տղամարդու համար, ով ներս մտնելուն պես այնպես ողջունեց հանցագործներին, կարծես բոլորովին էլ հանցագործներ չէին, այլ հասարակ հայ մարդիկ, ովքեր պատահականորեն հայտնվել էին նույն մի քանի քառակուսի մետրում: Նարեկի այս անմիջականությունը մեծ անհանգստություն առաջացրեց հատկապես մեկի մոտ, ով, ինչպես պարզվեց, «կամերի նայողի» դերն էր խաղում: Մյուսը, որ ամենաերիտասարդն էր ու ամենաչարացած դեմքն ուներ, շտապեց ցույց տալ իր թունոտ բնավորությունը, իբրև` «խառոշի մառոշի չխաղաք ոչ մեկդ, սաղիդ վրա էլ թքած ունեմ»: Մի մարդ կար, որ այդպես էլ չխոսեց, նրան Համր էին անվանում: Գյուղական դպրոցի տնօրեն էր եղել, որ բանտախցում էր հայտնվել պետական գումարները չարաշահելու մեղադրանքով: Դպրոցի տանիքն էր վերանորոգել, չէր տեղավորվել հաշվարկների մեջ: Եվս երկուսը կային, ովքեր զբաղված էին իրենց մոգոնովի գործերով: Նրանցից մեկը քիչ անց, քննախույզ հայացքով ոտքից գլուխ չափելով Նարեկին, հանկարծ բարձր ձայնով դիմեց նրան.
-Շախմատ խաղալ գիտե՞ս:
Հեգնական տոնով իմիջիայլոց, թե տղամարդուն ստորացնելու համար հնչեցրած այս արտահայտությանը Նարեկն անվրդով արձագանքեց: Նա շախմատ լավ էր խաղում, բայց չէր պատկերացրել, որ րոպեներ անց իր կյանքում առաջին անգամ հաղթելու է իսկական «գրոյսմաստերի»` նույնիսկ չկասկածելով այդ մասին: Բանտարկյալների հետաքրքրությունը աստիճանաբար բորոբոքվեց: Թողնելով իրենց զբաղմունքներն ու ձևացրած անտարբերությունը, հավաքվել էին խաղացողների շուրջ: Նրանցից ոմանք իսկական ոգևորության մեջ էին, մյուսները մի տեսակ վախով էին սպասում Նարեկի մոտալուտ հաղթանակին, որի հետևանքները կարող էին անդառնալի լինել: Չէ՞որ Գրոսին դեռ ոչ ոք չէր հաղթել, համենայնդեպս այդ խցում` հաստատ: Երբ բազմաթիվ շախերից հետո վերջապես հնչեց` մատ սպասված բառը, քար լռություն տիրեց: Նարեկն այդպես էլ չհասկացավ` ինչ է պատահել, դե հաղթել է էլի, նա հաճախ էր դրանից առաջ հաղթել: Ի զարմանս բոլորի, Գրոսը ոչինչ չասաց, մի քանի րոպե քարանալուց հետո վեր կացավ ու զարմանալի ինքնատիրապետումով հեռացավ դեպի իր մահճակալը: Ճնշող լռությունից հետո բոլորը ցրվեցին` դեպքը մոռացության տալու միտումով: Բայց այդ պահից Նարեկն սկսեց հեղինակություն վայելել բանտախցում, աստիճանաբար ընդունվել ինչպես յուրային: Գրոսմայստերի լռությունը ընկալվեց իբրև հարգանք ու տարածվեց մյուսների վրա: Հաջորդ օրերին ևս Նարեկն ու Գրոսը շախմատ խաղացին, բայց այլևս երբեք Նարեկը չէր հաղթում: Նա դրանից ոչ զայրանում, ոչ էլ հուսահատվում էր, հաճախ նաև պարտվել էր մինչև այդ:
Հետո ավագը այդ երեկո դուրս եկավ, վերադարձավ ինչ-որ տեղից, նստեց, վառեց ծխախոտն ու հետախույզ հայացքով նայելով Նարեկին ասաց. «Կարևոր մարդ ես հա՞, ալիք չկա, որ քեզ ցույց չտան, իսկ Ֆեյս Բուքում նունիսկ երկրպագուներդ խումբ են բացել` «Ազատություն Նարեկին»: Ուրեմն արվեստ ես հովանավորում, հա՞, արվեստագետները մաքուր մարդիկ են, կեցցես, լավ գործ ես անում, նրանց նայելը խեր ա: Չէ, հիմա հավատում եմ քեզ, որ անմեղ ես: Չնայած գիտես, չէ՞, մենք բոլորս էլ էստեղ նստած անմեղ ենք, հատկապես Լոլոզը, դե, դժգոհ ջահելը: Հա, իսկականից բան եմ ասում, մեղք ա տղեն, գլխին սարքել են, ոնց որ` քո: Չնայած տենց որ քցենք` մեր սաղի գլխին էլ ինչ-որ ձևով սարքել են: Բայց դու ուրիշ, դու պտի ըստեղից շուտ դուրս գաս, էս քո տեղը չի»:
Առաջին ժամերը դար թվացին Նարեկին: Դեռ չէր կտրվել արտաքին աշխարհից: Հաջորդ օրերին այցելուներ եկան` ոմանք զորակցելու, մյուսները բուն գործով օգնելու համար, ինչից նրա կյանքն այդ վերջին ժամերին մի տեսակ հետաքրքրացել էր, իսկ բանտակից ընկերների մոտ` ավելացրել հարգանքը: Թեև այդ սարսափելի երազին, այդ անվերջանալի քաշքշուկին, Նարեկը միշտ բարեհամբույր էր, միշտ պատրաստ էր լսել ու զրուցել յուրաքանչյուրի հետ: Անգամ հանդուրժում էր թունոտ երիտասարդի չդադարող հեգնանքը, թե. «Նույնիսկ էդ մոտդ էկող կարևոր մարդիկ չեն ազատի քեզ կամերում Նոր Տարի անելուց, կտեսնես ինչ հաճույք է»:
Դեկտեմբերի վերջին օրն էր: Ճակատագրի հեգնանքն էր, թե վերևներում նստած մի քանիսի վառ երևակայության արդյունքը, որ Նարեկն իր կյանքում մի անգամ էլ Նոր Տարին բերդում դիմավորի: Որոշել էին` համ ֆիզիկապես կպատժվի, համ էլ` դրանի՞ց էլ լավ հոգեբանական ճնշում: Բայց Նարեկը հակված էր մտածել, որ հերթական փորձությունն է, Տերն է ուղարկել, պետք է խոնարհաբար տանել: Երբ մի անգամ էլ այդ նախադասությունը արտասանեց, բանտարկյալներից ամենալուռը չդիմացավ ու հանկարծ խոսեց. «Էդ ինչու՞ որոշեցիր, որ փորձություն է ու ոչ թե շների սարքածը մեզ պես անտերների գլխին: Էդ ինչու՞ պետք է ոմանք շարունակ փորձություններ տանեն, իսկ ոմանք ճոխ սեղանների շուրջ Նոր Տարի անեն»:
Բոլորը ցրվեցին, ոչ ոք գլուխ չուներ Համրի հետ: Միայն Նարեկը լուռ հասկացավ նրան: Երբ Համրի ինչու-ների հանկարծահաս պոռթկումն ավարտվեց նույնքան հանկարծակի, Նարեկը մոտեցավ նրան ու ասաց` կուզե՞ս… աղոթենք: Համրը, ասես հանցանքի մեջ բռնվածի պես, իրարով անցավ: Հետո, չմատնելու համար իր հուզմունքն ու շփոթմունքը, դեմքը շրջեց դեպի պատն ու շշնջաց. «Կաղոթես, բա չէ, տես գլխիդ ինչ օյին կբերեն սրանք, էնքան ձեռ կառնեն, որ կորոշես էլ երբեք չխոսել, իմ պես: -Մի քանի րոպե լռությունից հետո դարձյալ դիմեց Նարեկին,- Մի երազանք ունեմ, Աստվածաշունչ կարդալ այստեղ եղած ժամանակս»: Նարեկն անխոս ձեռքը տարավ գրպանն ու հանեց Նոր Կտակարանը: Համրը ապշանքից կարկամեց: Հետո Նարեկը աչքերը փակ մի էջ բացեց ու սկսեց դանդաղ, բարձրաձայն կարդալ պատահական բացված էջը. «…Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն… Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»: Երանի…, երանի…., երանիները թևածում էին օդում, թափանցում կալանավորների սրտերը, ու Համրը հուզմունքով տեսավ, թե ինչպես բոլորը լսողությունները սրել էին իրենց կողմ: Նույնիսկ չհետաքրքրված ձևացողներն ամբողջովին կլանվել էին: Իսկ րոպեներ անց` իբրև թե հետաքրքիր խաղ է, զբաղմունքի մի տեսակ, իրենք էլ սկսեցին փակ աչքերով էջեր բացել ու խնդրել, որ Նարեկը կարդա: Հետո ամեն մեկն իր մեջ ամփոփվեց, բոլորը մխիթարված ու հոգով խաղաղված էին: Համրը վերացած ժպտում էր:
Կեսգիշերը մոտեցավ: Նարեկի ընկերների հոգածության շնորհիվ բանտախցում առաջին անգամ ամանորյա ճոխ սեղան գցվեց: Թվաց, թե այդ գիշեր Տիրոջ ողորմածությունն անսպառ էր: Բանտարկյալները հավաքվեցին սեղանի շուրջ խաղաղված սրտերով,  լցրին բաժակները: Երբ ժամացույցի սլաքները մոտենում էին տասներկուսին, Նարեկը ձեռքերը միացրեց ու ավանդական կենացների փոխարեն հնչեցրեց «Հայր Մերը»: Բանտարկյալների բաժակները օդում սառեցին, հետո կամաց-կամաց իջան սեղանին: Գլուխները կախ` կիսաձայն հետևեցին Նարեկին, ու Նոր Տարին առաջին անգամ հաշտեցրեց բանտարկյալներին Տիրոջ հետ, իրար հետ, աշխարհի հետ, իրենց դատողների ու մեղադրողների հետ: Առաջին անգամ աղոթում էին` առանց իրար հանդիմանելու, ջերմեռանդ, ու ակամա` ավագն իր տեղը զիջել էր Նարեկին: Երբ աղոթքն ավարտվեց, ոմանք լուռ սկեցին ուտել, իսկ Համրն անթաքույց արտասվում էր սրտագին` հոգին մաքրելով այսքան ամիսների լռությունից, ձանձրույթից, քենից ու հուսահատությունից: Խցում խունկի բույր տարածվեց, կալանավորները նույնիսկ չմտածեցին` որտեղից: Ասես այդպես էլ պիտի լիներ, ասես` աղոթքն էր բուրում: Բանտարկյալներից մեկը ծխախոտն էր վառել, ծայրին աննկատ դրել էր գրպանում խորը թաքցրած խունկի փշուրը:
Երկու օր անց Նարեկին ազատ արձակեցին: Բանտախցում իսկական տոնական տրամադրություն էր: Գրկախառնվեցին ջերմագին, ի սրտե բարեմաղթանքներ տեղացին: Անկեղծորեն ուրախ էին Նարեկի ազատության համար, կատակում էին, թե. «Մեկ էլ քեզ այս կողմերում տեսանք, վատ կլինի»:
Նարեկը հեռանում էր գոհ սրտով, որ նոր ընկերներ է ձեռք բերել, հոգին ուրախ էր ու հանգիստ նրանց համար.
— Գիտեմ, նրանց պետք էի: Ինձ Աստված ուղարկեց նրանց մոտ, որ մխիթարի: Ասում եմ, չէ՞, նախախնամություն է, ոչ պատահականություն այս ամենը,- լուսավորված էր` պատմությունն ավարտելիս:
Իսկ ես առաջին անգամ իր ամբողջ բովանդակությամբ հասկացա հին ու իմաստուն ասացվածքը, թե` չկա չարիք, առանց բարիքի:
Բանտախցից դուրս գալիս Նարեկը Կտակարանը գրպանից աննկատ հանել ու թողել էր սեղանին:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն