ես միալար քամիների թևով հրած արտաքայլն եմ,
հյուսվում եմ պատուհանագոգից, հայելու շողքով,
ներծծվում անցուդարձի հոսքին ու անվթար եմ,
երբ երեսով բախվում եմ ուսիդ,
կարծես սեփական խնդիրների

դու սառնապաղ եթերի մնայությունն ես
անհանդիպելի տեսողական
կետերի խառնամբոխում,
կախ ես ընկնում ամպածրարից,
ու ոտնախաղդ վերամբարձ է,
երբ բնահողը հանդիպում է գերաշխարհին

***

մոխրե երկինքը շրմփացնում է,
պուտիկավորվում խճաքարերին,
մարմինը փաթաթվում է անձրևանոցով
բանականության ասեղի սայրին,
երկրաշարժվող հողմացույցի պես
դողում, աղմկում է լղոզված միջավայրը,
շտապում են թարթող փարոսիկները,
պատսպարանները ծխում են ցնցուղի տակ,
գնացքակազմը մեկնումն է ազդանշում,

դու պատկերանքների նմանությունն ես
ուշաբերում մակաբերումների միջև,
որ պատահականություններ չկան,
ու հանդիպումները անխուսափելի են,
թե ոլորվելու եմ պատահմունքների ցուցակում,
այլայլվելու տողագլուխների բացատներով,
ուղետոմսով մոռացության մեջ ընկնելու
կծկված սպիտակեղենի ծալքում,
մնալու եմ անձանց, առարկաների կերպադրումով,
գոյելու ձևաչափից դուրս, հրաժեշտից զատ,
բիբը չգրգռող հետք մնալու, համեմատորեն մոտ,
համեմատորեն հպելի, գրասեղանին ցրիվ եղած
անձեռագիր բառապատկեր, ուր թաքնվել է
շեղ ձեռագիրը,
ուր սենյակից սենյակ են անցնում օրերը՝
անքեզ, անինձ, անամսաթիվ, այնտեղ
քուն են մտնում ձայները, իսկ երազները՝ մայր

***

բազմաբառերից ոլորկծիկ գալու
դեմ տարածված եմ մնում
նրանց հետ, որ կամ կից են
կամ կոկորդում անզգայացած
խթանածաղիկներով,
ես որոշապես գրկել եմ նրանց,
ես որոշապես կարեկցանքն եմ
լաբորատոր սփրթնած մկներին,
որ չեն գիտակցում իրենց
գոյության պարզամտությունը,
որ ամբողջականությունը
նրա մասին անհատական
համոզմունքների կույտ է՝
խզբզած առաձգական ու կանոնավոր
երակների պես լարերով
(ինձ միշտ հետաքրքրել է,
թե նրանք որտեղից ուր են ծավալվում),
որ բոլորը մեկում կապելիս կստացվի
ծայրահեղությունը, պնդելու պես,
թե պայթյունի փոխարեն սեր է եղել,
ու ծնվել է տիեզերքը
ամեն ատոմի մեջ
այնքան փոխկապված լարերով, որ
նույնական են ծնունդն ու վախճանը,
որ չափազանցություններին չգոյել է
բնորոշված առանց մեկը մյուսի,
մեզ բաժանող
գունաշերտերը ապականելով՝
ջրահոսում եմ ու շողազարդվում
ընդ քեզ,
այսպես քողարկվում եմ խոսքով,
ստորադասվում ու տողադարձվում
ընդ ինձ,
ես մեր միջև պարբերությունների
խաչուղիներով կապրտած
խոցերի անզգայացումն եմ

 

Amphibolia


ինձ պատահում է անդրադարձումդ
(չ)անցած իրողության պտուտահողմից
(երկատած տողերի միջև,
ուր ծածկվել եմ խոսքով, ու քնել բառատակում),
հեռախոսալարերով ճոճվող
ենթագիտակցության վրայով,
ուր ես ինձ ետ եմ դառնում,
զգացմունքների բռնկումից վառում ծխախոտը,
որ քեզ՝ հեռագնացիս, մագլցող աստղ թվա
ու կիսվես նրա հետ (մեր) ամբողջ պատմությունը
քամիներից ծածկելու պես երկար կարոտով,
չէ՞ որ իմ հուշերում չմնաց ազատ տարածություն
երազելու համար,
ես փնտրում եմ անքեզ տողանցքներ,
մեր բոլոր խաչմերուկներից ու կոնտեքստներից
տողահանվելու համար,
որ չարթնանա
ծոցագրպանումդ քնած երևակայությունս,
ու չկառուցեմ բառամթերքից այս ոստանը,
երբ ամպակույտով ծանրանաս երկնակամարին,
ու մտքերս անձրևեն պատուհանագոգիդ

***

չէ,
տեսողականությունս
տոլերանտություն է ձեռք բերել,
ու մարմինս ամեն անգամ փշաքաղ չի լինում,
երբ որսում է անունիդ
համահունչ որևէ բառաշարք՝
փակցրած շինվածքի գլխավերևում,
սոսնձած պատահական սյան վրա,
որը լավագույն դեպքում
մարող դեղնալույս է արձակում,
խմբագրած շաբաթաթերթի
հանկարծադեպ հայտնության մասին
պատկերագրած լուսանցքից այն կողմում
իրար հաջորդող կանգառների,
նույնականացված գովազդային
վահանակների վրա

***

անցյալ գիշեր(ը) ստեղծաբանվել էր(էի)
արթնամտությամբ, կորստարար,
ու ես նրա պատկերահանման ինքնատեսն էի,
ընդհարվելուց ամենային նրբազգացության,
ինձ շշկռել էլ նորահոսը

դու Ալդայի պատռած կոկորդով թռչունն էիր
օդապարող նիկոտինով ներծծված
տողերի վրայով, հովհարող պատուհանի
բացվածքի առջև՝ աշխարհի
բարեմաղթությունն էիր

իսկ դրսում այսօր այնքան պարապ
խոսակցություններ էին, ավելորդ խոստումներ,
անքեզ աղմուկ, որ աստղաթափին
պահած զավեշտալի երազանքս
կփոխանակեի ինքնակամության հետ բղավելու.
«լռեք»

ինձ հետ վաղուց պետք է
հաշիվներդ մաքրած լինեիր

դու արձակագրում էիր տարածությունները,
որ դեռ չեն տեսել պատերազմներդ,
ուր կբնակվեիր ինտրիգներից
շարադրած տնակում, ու բոլորը
շնորհակալ կմնային

բայց դու միշտ կմնաս փոքրիկ աղջիկը՝
անվարժ նավարկող անձկությանս ալիքներով,
ու ես միշտ բառեր չեմ գտնելու գրելու,
թե ինչ է ինձ հետ անում այս ամենը

XIII
կարդա մայրաքաղաքի
բոլոր ազդագրերը,
խեղդվիր բառերի մեջ ու
վերածնվիր նոր էջից,
հետևիր բաց թողնված զանգերիդ,
ներծծվիր թեյով, գրկիր բարձը,
թքիր լեղձը,
շունչ առ,
մինչ քաղաքը լճանում է շենքերով,
մեյնսթրիմով
ու նրբանցքներով,
դու սպասիր գարնան,
գիշերային երկխոսությունների տեր՝
ծերացած երևակայությանդ պես,
նշանակետին հասած պարկուճի՝
անսահմանությունը բաժանող
եղանակային չափորոշիչների,
գարունը կգա,
երբ դատարկությունը
անկրելի լինի
փողոցների համար,
գարունը կգա,
ու կրկին կլցվի ինձ ու քեզ (չ)նմաններով,
իսկ դեռ 13 է
ըստ Ֆարենհեյթի,
ու լրաբերը առավոտ է խոստացել

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն