***
մեկ կիտրոնի թթվությամբ
սիրում եմ աչքերդ
ու կոպերդ,
որ վերմակում են դրանք…
սև թեյի
լեղվությամբ
կարոտում եմ քեզ…
ու գրում նորը,
որ չես էլ կարդա…
իմ թեյի բաժակը
խուտուտ չեկավ
ոչ մի գդալից,
ու թափրտված շաքարավազը
չփոխեց թեյիս լեղվությունը…
ես կարոտում եմ քեզ էնպես,
ինչպես մանուկն է
անգիտակցաբար
կարոտում աստծուն
(ծնվելուց հետո)
մեկ աշխարհ հետո,
գուցե դեռ դրակոնին չհասած,
մենք գրկվենք
(գոնե չմրսելու չափ)
թեկուզ մեկ ժամից
կամ մեկ դար հետո
գոնե մեկ անգամ
կտա՞ս իմ անունը…
կտա՞ս իմ անունը ինձ…
կամ թե չես տա,
գոնե տուր ուրիշին,
բայց մի պահիր քեզ…
մեկ կիտրոնի թթվությամբ
դեռ սիրում եմ աչքերդ
ու բանաստեղծությունս
ոչինչ չի փոխում իմ մեջ…

***
կյանքը հիվանդանում է պատահականություններով,
մրսում է վայրկյաններից,
որում մենք չկանք…
կյանքն իրեն շպրտում է
իրենից դուրս,
կյանքը ծխում ու հավատում է,
կյանքը ծխում ու հավատում է,
որ երբևէ լավի կգնա…

***
ես գիտեմ,
որ մի բուռ սխալ եմ,
որ ցանեցին երկրի վրա
ու աճեցին մարդիկ…
ես գիտեմ,
որ օդում կրակված հանելուկ եմ,
ու ինձ միամտորեն շնչող մարդիկ
սկսում են սիրել…
ես մի աշխարհ եմ,
ուր անձրևի փոխարեն
անձրևանոց է գալիս,
ուր իրականությունը
խաղալիք է
խելագարության ձեռքին…
ես ժամանակակից պոեզիա եմ
ու մարդկանց տալու ոչինչ չունեմ…
ես նաև գիտեմ,
որ բանաստեղծությունները
ավարտվում են ստիպված…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն