44-օրյա Արցախյան պատերազմի հերոս Նարեկ Սերոբյանն է, ծնվել է 2001 թ. ապրիլի 9-ին, Երևանում։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան՝ «ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը։ Կյանքով լեցուն, յուրահատուկ պատանին իր ապրած կարճ կյանքի 19 տարիների ընթացքում հասցրեց ավելին անել, քան շատերը՝ տասնամյակներում։
Սովորել է բարձր առաջադիմությամբ, տիրապետել մի քանի լեզուների՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Ապրում էր գրքերի աշխարհում, սիրում էր ընթերցանությունը տարբեր ժանրերի, ինչպես նաև ստեղծագործում էր, հաճախում էր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, սովորում ծրագրավորման բաժնում՝ ապագա ծրագրավորող էր, սակայն իր հետաքրքրությունները նրան տարան նաև «Նոր մեդիա», «Ստեղծագրություն» բաժիներ, որտեղ էլ ծնվեց նրա հեղինակած «Գոբլինը և ընկերները» արկածային հետաքրքիր հեքիաթը։ Նա այն գրել է, երբ ընդամենը 17 տարեկան էր։
Նա նաև հայկական վիքիպեդիայի ազատ հանրագիտարանում խմբագիր էր, շուրջ 500 հետաքրքիր հոդվածների հեղինակ է։ Սպորտի մեծ սիրահար էր, շախմատիստ էր, մասնակցում էր մրցույթների ու հաղթում։ Իսկ ֆուտբոլն իր տարերքն էր, գիտեր գրեթե բոլոր ակումբների մասին ու ֆուտբոլիստների կյանքը։ Դպրոցական տարիներին բազմաթիվ միջոցառումների ակտիվ մասնակից էր ու իր տեսակով այդ միջոցառումներին գույն տվողը, կերտել է բազմաթիվ կերպարներ ներկայացումներում՝ «Մոնթե, Ջալալեդի, Վահան Տերյան, Կոմիտաս», ու արժանացել բազմաթիվ պատվոգրերի։ Հայրենիքն իր համար մեծագույն արժեք էր։ Երբ 2019 թ. զորակոչվեց բանակ, լցված էր լավատեսությամբ ու հպարտորեն էր կրում այդ համազգեստը, օր ու գիշեր զենքը ձեռքին պաշտպանում հայրենիքի սահմանները։ Ծառայել է Արցախում՝ Հադրութի զորամասում, իսկ մինչ այդ Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում։ Երբ սկսվեց պատերազմը, Նարեկը 14 ամսվա ծառայող էր ու նա զինվեց՝ հայրենիքը պաշտպանելու։ Կռվեց ամենաթեժ ու վտանգավոր դիրքերում՝ Հադրութ, Վարանդա։ Անձնվիրաբար 16 օր կռիվ տալով թշնամու դեմ՝ կատարել է բարդ մարտական խնդիրներ՝ թշնամուն պատճառելով բազմաթիվ վնասներ։ Օգնել է վիրավոր ընկերներին՝ դուրս բերել մարտի դաշտից ու երբեք չի լքել իրեն վստահված դիրքը։ Հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորում է ստացել թշնամու ԱԹՍ հարվածից և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին՝ անմահացել ՀԵՐՈՍԸ։ Նարեկն ընկավ, որ հայրենիքը բարձրանա, միշտ ասում էր. «Եթե կորցնես հայրենիքդ, էլ ոչինչ չես ունենա կորցնելու»։ Հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Նարեկի «Գոբլինը և ընկերները» ստեղծագործությունը մանկապատենական արկածային փոքրիկ հեքիաթ է, որի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին։ Չենք կարող չնկատել, որ նրա պատմվածքի հերոսը, սեփական կյանքը վտանգելով, կյանքեր փրկող մարդուկն է։ Այնքան պարզ, այնքան թափանցիկ է Նարեկի ուղերձը ընթերցողին՝ մարդու հերոսությունը հաղթ ուսերի և ուժեղ մկանների մեջ չէ, այլ՝ հոգու, սեփական կյանքը ուրիշների համար վտանգելու խիզախության, կյանքեր փրկելու առաքելության, ու անգամ թզուկը կարող է հերոսանալ, եթե անձնվիրաբար սիրի մարդկանց։
(Հատված հեքիաթից)
Աշխարհի հեռու, հեռավոր մի անկյունում ապրում էր Լիկ անունով մի գոբլին: Հիմա կհարցնեք, թե ինչ է գոբլինը: Ասեմ, գոբլինը մարդու չափսերի ¾ մասով փոքր, մարդու ոտնաթաթերից 1.5 անգամ մեծ, երկար մազերով արարած է: Նա ապրում էր փոքրիկ մի քարանձավում, որտեղ ամեն ինչ այլ կերպ էր դասավորված և բնավ նման չէր սովորական տան: Օրինակ` նրա ննջարանը գտնվում էր ոչ թե հյուրասենյակի կողքին կամ մեկ այլ տեղ, այլ` ուղիղ խոհանոցի և բաղնիքի մեջտեղում: Նրա բաղնիքը սովորական բաղնիքի պես չէր: Դե՜, գոբլինները հաճախակի լողանալ և մաքուր մնալ չեն սիրում. նրանք ամիսը մեկ անգամ հազիվ են լողանում: Նրա խոհանոցում նույնիսկ սառնարան չկար, քանի որ գոբլինները հիմնականում սնվում են ինչով պատահի` որսի մսով, ձկով, տարբեր բուսական կերակուրներով: Նրանք միշտ թափթփված են, իսկ նրանց կյանքն այնքան խառնաշփոթ վիճակում է, որ նույնիսկ իրենք ոչինչ չեն հասկանում իրենց ապրուստից: Նրանց ապրելու միակ նպատակն ուտելն է: Կարճ ասած` նրանք ոչ մի նպատակ, ոչ մի առաքելություն չունեն այս կյանքում: Աշնանային տերևաթափ օրերից մեկն էր: Հանկարծ պարոն Լիկի փայտե, կլորիկ դուռը թակեցին: Այդ մարդը պարոն Ֆիլչերն էր՝ Լիկի հին բարեկամը։ Նա պատմեց Լիկին իր հանձնարարության մասին՝ ակնկալելով նրա օգնությունը։ Նրան հանձնարարված էր հասնել Տիբեթ լեռ, որը Լիկի քաղաքից 250 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այնտեղ մի հրեշ է ապրում, որը շատ-շատ կարևոր իր է պահում, և այդ իրը շատ շտապ պետք է հասցնել Ֆիլչերի քաղաք։ Այդ իրը ոչ թե ինչ-որ ոսկի է կամ ադամանդ, այլ՝ մեծ բժշկական կարևորություն ունեցող իր, որը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր փրկել։ Լիկը ոգևորվեց ու ցանկացավ օգնել իր հին բարեկամին՝ պնդելով, որ ամեն բան կանի դրա համար, նույնիսկ պատրաստ է կյանքը վտանգել հանուն նրա, որ փրկի հազարավոր մարդկանց կյանքեր։
Այսպիսով, Լիկը ընկավ քաղաքով՝ մեկ օգնական ուժեր փնտրելու։ Նա գնաց իր ընկերներից շատերի մոտ, նրանցից շատերը խոստացան, որ անպայման կմիանան Լիկին ու պարոն Ֆիլչերին։ Նրանք նույնպես շատ բարի էին և չէին կարող մերժել Լիկի բարեգութ առաջարկը։ Նրանք բոլորով հավաքվեցին, որոշեցին իրենց անելիքները, մշակեցին ճամփուղին, թե ինչպես պետք է կարճ ճանապարհներով հասնեն հրեշին, մի փոքր շունչ քաշեցին և ճանապարհ ընկան։ Ճանապարհը շատ դժվար էր, նրանց անտառում սպասվում էին մեծ փորձություններ, նրանք հանդիպեցին 3 հսկաներին, որոնք ցանկանում էին իրենց ճաշի փայ դարձնել, բայց նրանք կարողացան հաղթահարել բոլոր փորձությունները և հասան Հազտու անունով հրեշի կացարան, որտեղ էլ փորձեցին վերցնել գավաթը, սակայն, հրեշը նկատելով նրանց, փորձեց իր միջի ողջ կրակը դուրս հանել ու այրել գոբլիններին, հրեշից նրանց փրկեց պարոն Ֆիլչերը, որ հրաշագործ էր եղել նախկինում, և ջրային անվտանգության շիթեր օգտագործելով՝ ազատեց գոբլիններին հրեշից։
Այսպես գոբլինները կարողացան փախչել բարկացած, չար վիշապից ու հասնել իրենց քաղաք։ Նրանք ոչ միայն մեծ կարողության տեր դարձան, այլև օգնեցին պարոն Ֆիլչերին ձեռք բերել գավաթը և հազարավոր մարդկանց կյանքեր փրկել։