Ոչ ոք հաստատապես ասել չի կարող, քանի որ դժվար թե որևէ մեկը նման բանի ականատես եղած լինի, բայց ամենայն հավանականությամբ պարանի օղից դուրս բերելով մահվան տագնապի մեջ օդում ձկնալող տվող տղի վիզը, Էֆենդի Սարոն գարաժի հատակին դրեց նրան, կորստից մազապուրծ մարդու զգացմամբ լերդացած արցունքներով ողողեց նրա կապտած դեմքը, պաչպչեց վզի վրա բոլորաձև պտտվող պարանի ակոսն ու խռովմունքից սրսփացող ծնկների վրա փետուրի ծանրության մարմինը կրելու անկարող, չոքեց որդու դիմաց: Չոքեց, ապա ափի հակառակ կողմով փսլինքն աջից ձախ շարժմամբ դեմքին ծեփելով ոտքի կանգնեց, ուսերից քաշելով ոտքի կանգնեցրեց որդուն ու իր բախտին հավատալու անկարող, կսմթեց որդու այտերը, ծռմռեց նրա քիթը, բթամատով շոյեց թերթևանունքները՝ ասել կուզի վստահվեց, որ տեսածը խաբկանք չի, դիմացը որդին է, այլ ոչ ոգին:
— Ախպե՜րս, մեռնե՜մ ջանիդ,- կարոտաբառ ֆրթացրեց քիթն Էֆենդին ու մի ակնթարթում հարյուր ութսուն աստիճան վերափոխվելով, հայացքը շեշտակի մեխեց որդու բոսորած աչքերին,- անասու՛ն, աննննասուն լակոտ,- ֆշշացրեց Էֆենդին ու աջ ափի ստորին եզրով սահանցիկ մի ճլոթի նստացրեց որդու դեմքին,- արա՛, եթե դու տենց մեռնեիր- գնայիր, բա ես որտեղի՞ց պիտի տերտեր ճարեի, որ գերեզմանիդ վրա աղոթք կարդար,- ասաց Էֆենդին ու նույնպիսի անսպասելիությամբ վերադառնալով նախնական հոգեվիճակին, քաշեց որդուն դեպի իրեն ու համբուրեց այտը: Հետո Էֆենդին նորից հետ հրեց որդուն, մի նոր ճլոթի քաշեց: Քաշեց, ապա պաչեց, հրեց, ապա խփեց և այսպես էնքան մինչև չընկավ որդու գիրկն ու այլևս անուժ, սկսեց անզսպորեն հեկեկալ:
Որդու փրկագինը՝ քսան հազար դոլարը, Էֆենդին հավաքեց հույսով լի հայացքն աշխարհի չորս ծերերին հառած: «Էրեխուս կյանքի հարցն ա»,- ասաց առարկություն չընդունող տոնով ու էդ գործի մեջ ներքաշեց բոլոր նրանց, ովքեր պարտավորված էին որդու՝ Էֆենդիին պատկանելությամբ, նրանց, ովքեր քիչ էին էդ հանգամանքով պարտավորված ու մինչևիսկ նրանց, ովքեր պարտավորված չէին առհասարակ, ըստ այդմ «ով ինչքան կարա» սկզբունքով գործի դրվեցին բոլորն ովքեր կան՝ հարազատները, բարեկամները, ընկերները, հարևանները, հարևանի հայաթի շունը, Ամերիկատեղ ապրող զոքանչը: Որ ասում էր էրեխու հարցն ա չէր չափազանցնում, ոչ միայն չէր չափազանցնում, այլ Էֆենդին հլը սաղ էղածը չէր ասում, չէր ասում, որ էդ քսան հազարը կարճ ժամանակում չճարի-չհավաքի, տղի չիգանկեն կտան-կծռեն, ոտը քամակից կպոկեն, քամակի վրա ոտ պոկելուց գեշ-բեթար ինչ օյին ասես կխաղան: Ո՛չ, Էֆենդին նման բաներ չասաց, բավարարվեց արդեն շրջանառության մեջ դրված ընդհանրացմամբ ու չհավատաց, թե դրամահավաքն արդյունք կտա, որովհետև ինքն անձամբ նման կոչերի ականջալուր չէր լինում, մի տեսակ նման կոչերն ականջներում հավատարժան չէին հնչում ու նա շտապում էր գլուխն ազատել դրանցից. «Ներող էղնեք, պարտքերի մեջ թաղված եմ, փող չկա»,- անայլայլ բոլորին նույն պատասխանն էր տալիս Էֆենդին ու փախցնում կեղծիքին սովոր մարմնի անաղարտ մնացած միակ էն հատվածը, որ կարող էր մատնել իրեն՝ աչքերը: Որ Էֆենդին գիտեր, թե ինքն ինչ կերպ էր վարվում ուրիշների հետ, դրա համար էլ հավատը չէր գալիս, թե իրեն պատիվ կանեն, իր հետ ուրիշ կերպ կվարվեն, բայց հավատը հրաշքներ է գործում էն ժամանակ, երբ թվում է հրաշքների ժամանակ չի. Էֆենդին հավաքեց անհրաժեշտ միջոցներն էնքան կարճ ժամանակում, որ վերջում, երբ օգնություն էին առաջարկում սիրալիր մերժում էր. «Լավ ա ախպերս, փողը արդեն դզվել ա»,- ասում էր նա:
Փրկագինը որդու մասնակցությամբ վճարելու պահանջը միակն էր, որ Էֆենդին առաջ քաշեց անիմաստ էն պարտքի դիմաց, որ շալակեց: Ըստ ամենայնի իբրև բեռ Էֆենդին այն պիտի հետը քարշ տար իր կյանքի մի նշանակալի հատվածում. չիմանալով բեռը ոնց թոթափել, պիտի հազար պարտատերերի առաջ սողար, հազար պատճառաբանություններ մոգոներ, պատճառներին անհաղորդ մուննաթ-զուննաթ կուլ տար, պարտքն էսօր-վաղն աներ, սրանից լրացուցիչ պարտք աներ` մյուսի պարտքը տար: էս ամենի դիմաց միգուցե քիչ էր եթե Էֆենդին որդուն քացու տակ տար, բայց նրա միակ պահանջը` որ ջրի բերած փողը ջուրը դնելիս որդին ներկա լիներ. «Թող տեսնի, թող էդ խըմբըլին դաս լինի»,- մտադրվեց Էֆենդի Սարոն ու տղին առած, գնաց փրկագինը վճարելու: Նշանակված ժամին թզբեհը խեր-շառ- աստված անելով «Նիվայից» իջավ սղալած մազերը գրպանի սանրով ճակատից կախ տված մեկը: «Նիվայից» իջավ, բայց թվաց իջավ ինսունականների ռեկետ անողների ժամանակներից: Ոչինչ չասաց, լուռ մոտեցավ Էֆենդիին, մի հայացքով չափեց երկուսին՝ հորն էլ, որդուն էլ ու ձեռքը մեկնեց դեպի փաթեթը ձեռքում դողցնող Էֆենդին: Մեկնեց ու ստիպված եղավ մի քանի ակնթարթ քաշքշել, որովհետև փաթեթի շուրջ բոլորակված Էֆենդիի մատները ափսոսանքի հանկարծահաս պոռթկմամբ չէին թուլացնում բռնվածքը: Նրա էս հապաղումը մտադրությունից հրաժարում պիտի գնահատվեր, հապաղմանը հավանաբար գողական սանկցիաներ պիտի հետևեին, երբ Էֆենդիի մատներն ի վերջո թուլացան և «Նիվայի» վարորդը դոլլարների փաթեթը սուսուփուս վերցնելով, նորից վերադարձավ դեպի իր «Նիվեն» նենց կեցվածքով, ասես հենց էդպես էլ պետք է լիներ: «Գնա՜ց ավտոյիդ փողը»,- մրմնջաց հուսահատված Էֆենդին որդուն, բայց նրա գլխիկոր, անծպուտ կեցվածքի մեջ տեսնելով նույն սխալն այլևս չկրկնելու վճռականությունը, մխիթարվեց դրանով. «Ջհանդամը էդ փողը, գոնե խեր էղավ սրան»,- նույն պահին մտածեց Էֆենդին:
«Արի, արի գնանք, ախպերս»,- ասաց նա ձեռը տղի ուսով գցելով ու հավելեց, հենց էնպես, ի դեպ, ինչ-որ բան ասած լինելու համար,- «Ինչ ըլնում ա, ժեշտին ըլնի»:
Հաջորդ անգամ Էֆենդին պարանից իջեցրեց տղին ու կենտրոնական փողոցի երկու մայթերի հակադիր սյուների ստորոտին զուգահեռեց վրան որոշակի պարբերականությամբ արնակարմիր մեխակներ կախ տված սև ժապավենները, որոնց երկարությունն ուղիղ համեմատական էր արձանագրված դժբախտության խորությանը: Իսկ հետո սյուներից ամենաառաջին երկուսի վրա, որտեղից սկսվում էր կենտրոնական փողոցը, Էֆենդին բարձրացրեց չորս անկյուններից պարաններով դեպի փողոցի այցելուները պարզված սև մահաստառը. «Ժիրո-23»,- ոսկեզօծ տառերով գուժում էր այն Էֆենդիի անվերականգնելի կորուստը: Էֆենդիիի կորստի մասին գուժում էր, սակայն ոչ միայն մահաստառը: Երկու օր շարունակ լրատվամիջոցները տարփողում էին խորդանոցում, իսկ իրականում գարաժում լվացքի պարանով ինքնասպանված տղամարդու մասին, ով ըստ քննության վարկածի այս կերպ խուսափել էր մոլեխաղում կուտակված երեսուն հազար դոլլար պարտքից:
Մեղսավոր աշխարհից որդու ճանապարհումն Էֆենդին կազմակերպեց այնպիսի ջանասիրությամբ, որպիսիին ընդունակ է միայն մարդն, ում համար հարազատին ճոխ-ճոխ թաղելն էն վերջին լավ բանն է, որ կարող է անել նրա համար: Վերջինն իր և նրա կյանքում: Ու թեև Էֆենդին դեռ իր հետ ճանապարհ տանելու ուներ որդու շնորհիվ ուսին առնված քսան հազար դոլլարի բեռը, բայց ոչինչ չխնայեց նրա համար՝ որդու վերջին ճանապարհորդական արտահագուստը, դագաղը, որդու գլխավերևում ճնկճնկացնող փոքրիկ դասական օրկեստրը, տան բոլոր անկյուններում նրա դարդն ու ցավը ճլճլացնող մոմերը` Էֆենդին արել էր էն ամենն ինչ թելադրում էին ժամանակի ծիսական սովորությունները, Էֆենդին նույնիսկ համազգեստավոր դիակիրների էր վարձել որդու դագաղը տանելու համար: Ամեն ինչ ըստ անհրաժեշտության արել էր Էֆենդին, երբ միտը եկավ՝ բա տերտե՞րը, բա հոգեհանգստի կարգը, բա քրիստոնյային վայել հուղարկավորությունը…
Տերտերին բերին Էֆենդիի տղուն տնից դուրս հանելուց որոշ ժամանակ առաջ: Փարաջայավորը համատարած հեծկլտուքի մեջ, որ վաղուց հարազատ էր իրեն, մի քիչ մլուլ տվեց, ապա փորձեց մխիթարանքի բառեր փնտրել: Գտավ, մի քանիսն արտաբերեց, մի քանիսը կոկորդափողի ոլորաններում կորցրեց ու վախվխելով վերջապես անդրադարձավ հարցի արծարծմանը, որի համար Աստվածաշունչը ձեռից խլել՝ գլխին էին տվել, փարաջայի փեշերը խաշի լավաշի պես փրթիկ- փրթիկ արել՝ բուռն էին տվել ու նույնիսկ պինցետով պռճոկել էին ալեհեր միրուքի հատկապես ճերմակ մազերը:
«Տերը ողորմա, հանգուցյալի մահը պատահաբար հո ինքնասպանության հետևա՞նք չի»,- վախվխելով հարցրեց տերտերն Էֆենդուն: Պատասխանը հարցի, որ տրվեց տերտերին, Էֆենդին գիտեր, գիտեր, որ ինքն իր վրա ձեռք բարձրացրած մարդուն եկեղեցին մերժում է հոգեհանգստի կարգը, որովհետև ինքնասպանված մարդը մերժում է աստծո մեծագույն նվերը՝ կյանքը, որովհետև էդ նվերի մերժմամբ նա անվերադարձ զրկվում է հնարավորությունից մեղքերի թողություն խնդրելու և մահվանից հետո խաղաղություն ձեռք բերելու: Էս սաղ գիտեր Էֆենդին, համա չէր հասկանում. մարդը սիրտը գոց, մերժում է աստծո տված երջանկության ներթափանցումը ներս, մեկ որ իր ներսում մերժեց երջանկությունը, մերժո՞ւմ է երջանկությունը դրսում՝ առնվազն իր նման մեկի սրտում, ուրեմն մերժում է: Կամ մարդը զավակ է լույս աշխարհ բերում, բայց հանում փողոց է շպրտում ու մերժում նրան մանկության անխռովությունը, մեկ որ երեխային մերժեց անամպ երկինքը, ապագայում հասարակությանը մերժո՞ւմ է իր անդամների անչարությունը, ուրեմն մերժում է: Մարդը ասպազենը հագնում, թուրութվանքն առնում, ձին հեծնում, անունը ասպատակություն, Հող Հայրենիի պաշտպանություն է դնում, բայց ինչ անուն էլ դնի, հո՞ մերժում է աստծո քարոզի մեխը՝ սերն ու խաղաղությունը: Ինչ է ուրեմն երջանկությունը, մնացած-մնացածներն աստծո նվեր չե՞ն, աստծու էս նվերների մերժումն ուրեմն մարդուն ներվո՞ւմ է, իսկ կյանքի մերժումը՝ ո՞չ, առաջին նվերները մերժողներին աստծո ողորմությունը վերապահվո՞ւմ է, իսկ երկրորդը մերժողին՝ ո՞չ: Եվ վերջապես, էդ որ եկեղեցին մտավախություն ունի, թե ինքնասպաններին հոգեհանգստյան կարգ մատուցելով կխթանի ինքնասպանությունների աճը, տե՛ր-ախպեր, արի անկեղծ, էսքան ժամանակ աստծուց օրհնված չլինելու սպառնալիքը ո՞ր ինքնասպանին է հետ պահել էդ քայլից: Էֆենդիի հարցերի տեղատարափին ի պատասխան տերտերն ուսերը թոթվեց միայն, կարգն է էդպիսին, որդյա՛կ, ինքը ոչինչ անել չի կարող:
Տասը օր շարունակ Էֆենդիի տան ողջ երկայնքով վառվում էին լույսերը, ընդ որում դրանք վառվում էին ցերեկ թե գիշեր: Էֆենդին միամիտ չէր՝ գիտեր, իր տան մուխը մարել է, բայց համառորեն շարունակում էր լույսերը վառել՝ անցնող- դարձողին ակնարկելով, որ իր օջախի լույսը դեռ վառ է, բայց անցնող-դարձողն էլ միամիտ չի, ամեն ինչ լավ հասկանում է: Տասը օր անց բոլոր լույսերը մի զարկով հանգան, բացառությամբ շեմագլխի վրայի լույսի ու դրանից տասը օր էլ անց շեմագլխի լույսով լուսավորվող «Նիվայից» իջավ սղալած մազերը գրպանի սանրով ճակատից կախ տված մեկ ուրիշը կամ… միգուցե էլի էն նո՞ւյնը: Դրանք բոլորը արտաքինով իրարից չէին տարբերվում՝ արձանագրեց Էֆենդին:
— Քո տղեն մեզ երեսուն հազար պարտք ա,- ասաց «Նիվայի» վարորդը մտամոլոր Էֆենդիին,- էկել եմ ստանամ էդ փողը:
Էֆենդին նայեց սրա մեքենային, հետո նայեց ճակատից կախ չոլկին, հիշեց առանց օրհնության մնացած որդու գերեզմանն ու ասաց.
— Աչքիս վրա, ախպերս, հիմա տղիս հասցեն տամ, գնա իրանից ստացի: — Ասաց ու մի փոքր դադարից հետո ծաղրանքով հավելեց,- Հա բայց կարա՞ս…