Բարի ու կատակասեր մարդ էր քեռիս: Սկզբում նրա ընտանիքում չորս հոգի էին` ինքը, կինը, աղջիկը և տատս: Պապս զոհվել էր Մեծ Հայրենականի ժամանակ: Քեռին միշտ հպարտությամբ էր հիշում հորը, իրեն համարելով հոր արժանի զավակը, ինքն էլ մասնակցել էր Արցախյան ազատամարտին: Քեռին մի թութակ ուներ, որի անունը չգիտես ինչու դրել էր Նատալի: Նատալիի հետ խաղալու համար հաճախ էի գնում նրանց տուն: Թութակը կրկնում էր յուրաքանչյուր բառս: Քեռին նրան նույնիսկ հայհոյել էր սովորեցրել: Թութակը հաճախ էր հայհոյում քեռուս կնոջը, և դա էր պատճառը գուցե, որ նա թութակին տանել չէր կարողանում: Եթե քեռիս կամ աղջիկը տանը չէին լինում, այդ օրը թութակը սոված էր մնում, կինը երբեք չէր կերակրում նրան: Նրանց վեճը սկսվում էր այն պահից, երբ քեռիս մոտենում էր թութակի վանդակին և ասում.
-Նատալի, կյանքս, արի մոտս,- բացում էր վանդակի դուռը և գիրկն առնելով` համբուրում թութակին:
-Քսան տարվա մարդ ու կին ենք, մի օր ինձ տենց չասեցիր,-վրդովվում էր կինը: — Ես գիտեմ, էդ Նատալին էլ խոպանից մնաց, ուշք ու միտքդ էդ Նատալիներն են:
Չնայած կնոջ անընդմեջ փնթփնթոցին քեռին հանգիստ լսում էր և քիչ դեպքերում էր պատասխանում.
-Պրծա՞ր, կոֆե դիր խմեմ, դու խոսելուց հեչ չե՞ս հոգնում:
Իսկ կինը խոսում էր անգամ սուրճ կամ հաց պատրաստելիս: Տատս չէր խառնվում նրանց վեճերին: Օրվա մեծ մասը իր սենյակում էր լինում, հեռուստացույց էր դիտում կամ գիրք կարդում: Տատս Մուշից էր: Փախեփախի ժամանակ եղբոր հետ հասել էր Հայաստան, ճանապարհին կորցրել մորն ու քրոջը: Տարիներ անց քույրը գտել էր տատիս, սակայն այդպես էլ նրանք չհանդիպեցին: Քույրն ու մայրը հասել էին Ամերիկա, որտեղ երեք տարի անց մայրը մահացել էր: Նրանք միմյանց հետ խոսում էին հեռախոսով, և ամեն անգամ մի քանի բառ փոխանակելուց հետո երկուսն էլ արտասվում էին: Նրանց զրույցը մնում էր կիսատ, ինչպես սեփական հայրենիքում ընտանեկան խաղաղ կյանքը, որն այդպես էլ երազ մնաց միլիոնավոր հայերի համար: Հաճախ տատին ձայն էր տալիս սենյակից.
-Եկեք մեկդ են դիսկը դրեք, էլի: -Մեզանից մեկը գնում և միացնում էր Արևմտյան Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմը: Տատին մոտենում էր հեռուստացույցին ու արցունքների միջից փարվում հայրենի հողին: Հաճախ էր պատմում, թե ինչպես էին փախել, թե ինչպես էին թուրքերը սպանել իր հորը, հորեղբորը: Նա պահում էր տեղանքի քարտեզ, որտեղ մայրը թաղել էր իրենց ոսկիները: Տատին հավատում էր, որ կբացվեն ճամփաները և ինքը կբերի այդ ոսկիները ու կբաժանի թոռներին: Նա այդպես էլ չհասկացավ, որ այսօրվա աշխարհում արդարությունը պահվում է մեծ ամբիոններում և հանվում է այն ժամանակ միայն, երբ հզորները ուզում են միմյանց մեջ կիսել ինչ-որ բան… Դեմոկրատիան երևաց մեզ սպիտակ ձեռնոցներով, ու ոչ ոք չկարողացավ տեսնել նրա ձեռքերի արյունը:
Տասը տարեկան էի, երբ քեռուս ընտանիքը երեք դարձավ: Նստում էինք, զրուցում, սենյակից այլևս մեզ կանչող չկար: Մարդիկ աշխարհ են գալիս, որ նորից գնան: Յուրաքանչյուրն իր հետ տանում է անավարտ մնացած ինչ-որ երազանք: Այդ առավոտ տատին երազում ամուսնուն էր տեսել: Պատմեց երազը: Պապը կանչել էր իրեն…
Վիրահատությունից հետո քեռին այլևս խոպան չգնաց: Տաքսի էր վարում: Չնայած ցածր աշխատավարձին, նա թութակին երբեք չէր մոռանում, ինչը կնոջն ավելի էր բարկացնում.
-Դրան ավելի լավ ես նայում, քան մեզ, ծախիր թող գնա էլի,-երբ քեռին տուն էր մտնում թութակի կերը ձեռքին, կինը նրան այս խոսքերով էր դիմավորում:
Մի երեկո խաղում էի թութակի հետ: Լսվեց դռան զանգը: Քեռին վեր կացավ, բացեց դուռը: Ներս մտավ էլեկտրիկը, որը քեռուս հարևանն էր.
-Բարի երեկո Աշոտ:
-Բարև Ավագ ջան, ես վաղը կամ մյուս օրը կհանդիպեմ քեզ,-պարզ էր Ավագի գալու պատճառը:
-Չէ՜, անջատում եմ լույսը, ամեն օր նույն բանն ես ասում:
-Երկու օր էլ համբերի, կտամ:
-Չէ մի նեղացիր, անջատում եմ:
-Անջատի՜ր:
-Բարի գիշեր:
-Բարի գիշեր:
Էլեկտրիկի գնալուց մի քանի րոպե հետո բնակարանի լույսն անջատվեց: Քեռուս աղջիկը, որ պատրաստվում էր ընդունելության քննություններին, դուրս եկավ իր սենյակից:
-Մամ, գոնե մոմ ունե՞նք:
-Հա,-քեռակինս երկու մոմ բերեց, վառեց մեկը դրեց սեղանին, մյուսը Անին տարավ իր սենյակը: -Մութ տեղը մի կարդա, աչքերին լավ չի:
-Օ՛ֆ, մամ, բա ի՞նչ անեմ, մի շաբաթ ա մնացել:
Քեռին ծխախոտ վառեց ու սկսեց բարձր-բարձր հայհոյել Ավագին:
-Սպասիր Ավագ տղա, գործդ կընկնի ինձ, ես քեզ մարդ ասողի տիրոջ մերը, մարդ չդարձար էլի:
-Ավագն ի՞նչ անի, էդ էլ իր գործն ա: Լույսի փող չունենք, դու թութակ ես պահում, դրան կեր առնելու փոխարեն փողը կտայիր, լուսերը չէին անջատի,-վրդովված խոսեց քեռակինս:
-Ավագն ի՞նչ անի, էդ էլ իր գործն ա: Լուսի փող չունենք դու թութակ ես պահում,-վանդակի միջից խոսեց թութակը:
-Սուս մնա, Նատալի ջան,-ժպտաց քեռին:
-Սուս մնա Նատալի ջան,-կրկնեց թութակը:
-Սրա ձայնը կտրի, էն երեխին խանգարում ա,-քեռակինս դիմեց քեռուս:
-Սրա ձենը կտրի են երեխին խանգարում ա,-թութակը վանդակում անհանգիստ շարժումներ էր անում:
Քեռակինս չդիմացավ, վեր կացավ, շորը գցեց թութակի վրա: Դա միակ միջոցն էր, որ կարողանում էր կտրել թութակի ձայնը:
Տատիս մահվանից հետո, քեռուս տանը հյուրընկալվելիս, ես նրա սենյակում էի քնում, որը կպած էր քեռուս սենյակին: Այդ օրը լսեցի նրանց վեճը: Կինը բարձր-բարձր խոսում էր, երբեմն թվում էր, թե արտասվում է.
-Սուս մնա, քնենք, առավոտյան լույսը կմիացնեն:
-Նենց անեիր, չկտրեին, դիպլոմն առել, տաքսի ես քշում:
-Ի՞նչ անեմ:
-Ի՞նձ ես հարցնում: Ոչ մի բան էլ մի արա, անողն արել ա արդեն: Մարդիկ իրենց ամեն տեղ գցելով փող են աշխատում, իսկ դու լույսի փողն էլ չես կարողանում տալ:
-Ո՞նց են աշխատում էդ փողը:
-Չգիտեմ: Մեր շենքից քանի հոգի կան, սրա նրա հետ գործ բռնելով մարդիկ միլիոնատեր դարձան…
-Սրան, նրան քծնելով դարձան:
-Պահ, դու սուրբ ես, դե գնա թութակ պահիր, թող աղջիկդ մոմի լույսի տակ կարդա, աչք կուրացնի:
-Քո լեզուն մեխանիկական ա, չի հոգնում,-քեռին դուրս եկավ սենյակից, պառկեց հյուրասրահում` բազմոցին: Կինը ինքն իրեն երկար շարունակեց խոսել: Քունը չթողեց, որ մինչև վերջ լսեի նրան:
Անին բոլոր քննությունները գերազանց հանձնեց: Ընդունվեց համալսարան: Սովորելու էր անվճար համակարգում: Տատիս մահվանից հետո դա քեռուս ընտանիքում միակ ուրախությունն էր: Քեռին որոշեց նշել այդ օրը: Հրավիրված էինք մենք, մորաքույրս իր ընտանիքով, հարևանները, որոնց մեջ էր նաև Ավագը,և Անիի համադասարանցիները: Բոլորն ուրախ էին, խմում էին, պարում, շնորհավորում Անիին: Միակ օրն էր, որ քեռակինս նույնպես ուրախ էր, չէր վիճում ոչ ոքի հետ, չէր դժգոհում ոչ ոքից, պարում էր, ուրախանում: Քեռին վեր կացավ բաժակը ձեռքին.
-Էս բաժակով էլ խմում եմ հարևաններիս կենացը, Սոս ջան, Արսեն ջան, Ավագ ջան, ողջ լինեք,-քեռին դեռ չէր ավարտել, հանկարծ լսվեց մի ձայն, թվաց, թե մարդ մտավ տուն, բոլորը նայեցին միջանցքի կողմը:
-Սպասիր Ավագ տղա, գործդ կընկնի ինձ, ես քեզ մարդ ասողի տիրոջ մերը, մարդ չդարձար էլի,- բոլորը ապշած իրար նայեցին: Քեռին կախեց գլուխը, Ավագը նայեց թութակին: Թութակը կշարունակեր, բայց քեռակինս շորը գցեց վրան և տարավ խոհանոց:
Լռությունը ցրեց Ավագը.
-Իմացա իմ մասին ինչ եք մտածում, թութակը լավ կենդանի ա,-կատակեց նա:
Քեռին ոչինչ չասաց: Հյուրերը գնացին: Մնացինք հարազատներով:
-Էդ թաղածը մեզ խայտառակ արեց,-լսվեց խոհանոցում սուրճ պատրաստող քեռակնոջս ձայնը:
Քեռին երկար ժամանակ չէր խոսում, թվում էր, թե չի կարողանում հասկանալ կատարվածը…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն