Ընթերցել Բրունո Շուլց` նշանակում է առանց մտածելու թռչել բաց պատուհանից, վերապրել ու վերաբնակվել, ներարկվել, քարանալ նախադասությունների ստվերներում, ֆանտասմագորիական զգացողությունների աննկարագրելի շտրիխներում, շունչդ պահած թափառել «Կոկորդիլոսների փողոցով»… հետո ծխախոտ վառել կամ անձայն մտնել խոհանոց` սուրճ պատրաստել կամ թեյ` տաք, պինդ թեյ և հաշվել սենյակում մենակության մեջ արձագանքվող նրա տխուր քայլերը…  Ահա սեղանի առջև նստած` դանդաղ, չափազանց դանդաղ նա թարգմանում է (հանճարները դանդաղ են թարգմանում) Կաֆկայի «Դատավարությունը» և սղագրում` սեփական մահը… «Կհասնի՞ արդյոք պատմվածքս Թոմաս Մանին»… ընկճված սպասումով նա վերցնում է ածուխն ու թուղթը և պատկերում հոր հայացքում թռչնի երազանքը…

Բրունո Շուլցի խորհրդավոր գրում երազները  դառնում են փաստեր` անկրկնելի, անհավանական տևողությամբ… «Հանճարեղ երեխան»` հուզված երևակայության սպազմի արդյունքում` կրպակներն ու սենյակները վերածում է միֆերի` ապշեցուցիչ հիշողություններով, իսկ թավշյա մետաֆորները` դիպուկ գծանկարների, որոնք ստեղծում են իրենց սեփական լեզուն. լեզու, որը ամիջականորեն կապված է ոգու հետ, առանց միջնորդների, առանց պայմանականությունների, որտեղ ժամանակը ապրում է հավերժության ներսում, իսկ ապագայի բացակայությունը փոխարինում է տարածությանը…

Ընթերցանությունը երբեք չի ավարտվում, կրկին թերթում ես էջերը` զարմանահրաշ ապրումներից կարկամած փորձում կիսել երջանկությունդ, սակայն միակ ելքը վերադարձն է` վերադարձ Բրունոյի տիեզերական անվերջություն` մելամաղձոտ, բայց և ցավեցնելու չափ հաճելի…

«Ես մարդկայնորեն վախենում եմ մենակությունից», գրում է իր նամակներից մեկում Շուլցը, սակայն մինչև վերջ ապրում է այդ մարդկային հիվանդության ողջ փուլերը… «Շուլցը իմ Աստվածն է», ասել է Դանիլո Կիշը Ջոն Ափդայքին…  Պետք չէր լինել Աստված, չէ՞ որ մարդիկ սուր հոտառություն ունեն. նրանք միշտ սպանում են Աստվածներին, չնայած Աստվածներ չեն ընտրվում, նրանց ընտրում են…

Բրունոյի պատմությունները կարդալուց հետո դժվար է որևէ բան գրել. այսպիսի գրականությունն անքննելի է, քանի որ այն պարզապես անբացատրելի է և փակելով գիրքը դու միշտ տեսնում ես փողոցը, նացիստ-մարդասպանի ատրճանակից արձակված երկու փամփուշտները, անկման ակնթարթը, այտի և ասֆալտի հանդիպումը…մնում է բառը. բառը` ոչ մի կերպ չառնչվող եղեռնագործության, դիկտատուրայի, բռնության հետ, այն ուղղակի ընթերցողի շնորհակալության խոնարհումն է, ով ասում է.
— Ներողություն, Բրունո…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն