Կյանքին անառնչելիության խելագարացնող զգացում, որի նախադրյալները եղել են վաղուց, բայց որն ուժգնացել է տառապանքով կլանվածությունից: Տառապանքը (որ տեղ-տեղ վիշտ է, տեղ-տեղ վշտի բացակայություն) կարծես ապակե պատնեշով է ստեղծում: Տառապանք-ապակի նշանակում է կյանքը տեսնել տառապանքի միջով, նշանակում է նաև տեսնել, բայց չառնչվել:

Սա է Մարգարեթ Աթվուդի «արթնացում» վեպի մեջ խնդրականացված հոգեվիճակը: Եվ ինչպե՞ս սրա մասին խոսել մի ամբողջ վեպ:

Գեղարվեստական ստեղծագործության հեղինակը չի կարող ամեն բան պատմել, մեծամասամբ պետք է ցույց տա՝ ուղղորդի ընթերցողին ինքնուրույն տեսնելու ասելիքը: Կերպարների փորձառությունները, հարաբերությունները, վեպի տեքստուրան, ռիթմը, բառերի ընտրությունը, նախադասությունների կազմությունը և բազմաթիվ այլ որոշումներ և հնարքներ հեղինակին օգնում են ցույց տալ ասելիքը: «արթնացում» վեպում Մարգարեթ Աթվուդն օգտագործել է բազմաթիվ  գրական հնարքներ՝ ընթերցողի առջև բացահայտելու կյանքին անառնչելիության ցավագին զգացումը: Նկատելը, բայց երկար չնայելը այդ հնարքներից մեկն է:

Նախ նկատելու մասին: Նկատել ի՞նչ: Նկատել ընգրկուն և մեծ մի բա՞ն՝ օրինակ՝ օրինաչափություն, փիլիսոփայություն, օվկիանոս, լանդշաֆտ, դարաշրջան, թե՞ մանրուք՝ մժեղ, ձկան աչք, մարմնի վրա առաջացած բշտիկներ: «արթնացում» վեպը լի է մանրուքներով, որոնք պատմողը, նույն ինքը հիմնական կերպարը, նկատում է, բայց որոնք ոչ մի կարևորություն չեն ստանում:

«Մի քանի մժղուկ է վրա պրծնում. հուլիսն է, պարսավորման պահն անցել է, բայց սովորականի պես մի քանիսը մնացել են»:

«…աչքերս լարված զննում են գետինը, ապացույց որոնում, ցանկացած մարդկային հետք, կոճակ, պարկուճ, դեն նետված թղթակտոր»:

«Կտրում եմ [ձկան- իմ լրացումն է] գլուխն ու պոչը, փորը պատռում, մարմինը երկու կես արած բացում: Ստամոքսում կիսամարս տզրուկ է, խեցգետնի ծվեններ:»

«արթնացում»-ն ընթերցելիս սկսեցի մտածել, որ մանրուքի վրա մանրակրկիտ կենտրոնացումը (սևեռում բառը գուցե ևս տեղին է) հետ է պահում կյանքի ամբողջական (հոլիստիկ) ընկալումը կամ հուշում է նման ընկալման բացակայության մասին՝ այսպիսով ցուցադրելով անհաղորդությունը «մեծին», «ամբողջին»: Այս առումով կարևոր դեր է խաղում նաև նկարագրության հակիրճությունը՝ մարնրակրկիտ, խորաթափանց, բայց կարճ:

«­ Ինչի՞ վերաբերյալ,ասացի: Մատույցի մոտ ջրասարդեր էին, մակերեսի լարման շնորհիվ չէին սուզվում, տոտիկների գոյացրած փոսիկները փխրուն ստվեր էին գցում ջրի տակ՝ ավազին, և սահում ջրասարդերին զուգահեռ»:

Նկատելը, բայց երկար չնայելը, վերաբերմունք չձևավորելը, տեսածի մասին չմտածելը, ընթերցողին ոչ միայն տեսանելի են դարձնում, այլ նույնիսկ ձևավորում են այն փորձառությունը, որ այնտեղ՝ ոչ շատ հեռու, կա տեսարժան (գուցե անգամ արժեքավոր) մի բան, բայց ընթերցողը չի հասցնում այն տեսնել, առնչվել. նկարագրությունն ավարտվում է: Խորաթափանց նկարագրությունը կարծես հուշում է կյանքի հարուստ ու թանկագին (precious) լինելը, իսկ  հակիրճությունն ու անցողիկությունն այս վեպում նպաստում է այդ թանկագին բանին հաղորդակցվելու դժվարության ընկալմանը՝ այսպիսով է՛լ ավելի խտացնելով ու դրամատիզացնելով անառնչելիությունը:

 

Հարցեր որոնց մասին դեռ կմտածեմ

Արդյո՞ք Մարգարեթ Աթվուդի այլ գործերում ևս շատ են մանրուքների նկարագրությունները: Եվ եթե այո, ապա հետաքրքիր է հետևել, թե ինչ գրական խնդիրներ են դրանք լուծում:

Էյդա Լիմոնն իր «Մեռած աստղեր» բանաստեղծության մեջ աշխարհին նայում է հեռադիտակով, մինչդեռ Մարգարեթ Աթվուդը «արթնացում» վեպի մեջ աշխարհին նայում է մանրադիտակով: Այլ գրականություն ընթերցելիս հետաքրքիր է հետևել՝ արդյո՞ք նայելու այս երկու ձևերը պայմանավորում են ստեղծագործության թեման, էմոցիոնալ ֆոնը կամ այլ ասպեկտներ:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն