Վերջին տարիներին կարծես թե հեշտացել է գիրք տպագրելը: Զանազան գրքեր են ծնվում, սակայն դրանց մեծ մասը այսպես ասած` քաղաքացիություն չի ստանում: Չկա գրաշուկա, գրքերը տպագրվում են 400-500 օրինակով, և նույնքան ընթերցող անգամ չեն ունենում:
Այս խայտաբղետությանը մասնակից են նաև երիտասարդ գրողները, ովքեր գրադաշտում փորձում են ինքնուրույնանալ, երևում են գրական մամուլում, ինտերնետային կայքերում և հրատարակում գրքեր ու մասնակից դառնում արդի հայ գրական ընթացքին:
2009-2010 թթ. Հայաստանի երիտասարդ գրողները հրատարակել են շուրջ մեկ տասնյակ գիրք:
Նրանք մամուլային երևումներով ինչ-ինչ ճանապարհ են անցել, և հայտնվել գրական ասպարեզում: Անշուշտ, բոլորը չեն, որ մամուլային սկզբնափուլը հաղթահարել են: Այս առումով առանձնանում են Թոնդրակը, Կարեն Անտաշյանը, Լիլիթ Կարապետյանը, Անուշ Ասլիբեկյանը, որոնց ստեղծագործությունները ստեպ-ստեպ երևում են հայ գրական մամուլում:
Այնուամենայնիվ, կարիք կա անդրադառնալ երիտասարդ գրողների գրքերին, որոնց հեղինակները, ճիշտ է, գրական մեծ փորձ չունեն, բայց իբրև գրականության ճամփորդ համառորեն հավատավոր են:
Կարեն Անտաշյանի «անտաշատ. պոեզիա 78% »
բանաստեղծական ժողովածուն աչքի է ընկնում պոետական նոր մոտեցումներով, կառուցումներով: Բանաստեղծը ստեղծել է մի տարածք, որի գեղարվեստական հիմքը հակադրամիասնություններն են. «Ես Քեզնից փախչում եմ Քեզ մոտ / ու Քեզ օրհնելով քֆրտում եմ Քեզ» (72): Այս գրակերպը Կարենի համար խաղ է, ուր միշտ ինքն է պարտվում: Սակայն այս խաղը, ինչպես բանաստեղծը կասեր` «Երեխաները խաղում են, որովհետև մեզ այդպես է թվում» (38), թվացյալ է և թաքցնում է բանաստեղծության իրական դրամատիզմը: Ցավը հաղթահարվում է այն թաքցնելու միջոցով.
Ինչու ես ասում ինձ արջուկ, երբ մրսած ես լինում…
Ի՞նչ կուտես: Լուսնին պակասող մա՞սը.
հաճելի՞ է… ինչ տաք է… տաք է…
մի ցավեցրու: (41)
Հակադրությունները Կարեն Անտաշյանի պոեզիայում առկա են նաև լեզվաշերտում: Քացով խփեց, կուտը չկերար, շան հոտ, ներվայնացիր, եսիմինչ, հավես չկա, քֆրտել, չոլ և նման` մեղմ ասած ոչ բանաստեղծական բառերն ու արտահայտությունները սինթեզվում են համրաքայլ, եղյամ, երկնաքեր, ամոթխածություն, սրտաճմլիկ, գոլորշի, մեղսավոր ծանրություն, կապտամոխրագույն Մոլորակ և այլ գեղարվեստական լայն շրջանառություն ունեցող բառաշերտերի ու մետաֆորների հետ` երկու խմբի բառերին էլ հաղորդելով նորիմաստ բովանդակային շերտեր:
Կարեն Անտաշյանի բանաստեղծությանը բնորոշ է նաև նորագույն հասարակական-քաղաքական երևույթները: Թռչնի գրիպը, չաթը, կրիզիսը և այլն, հեղինակի համար միջոց են դառնում կյանքի տարբեր շերտերը ի ցույց դնելու և իր վերաբերմունքը բանաստեղծությամբ արտահայտելու համար: Մյուս կողմից` Կարենն այս ամենին զուգահեռ օգտագործում է նորօրյա հեքիաթը, հնագույն առասպելը, էպոսը և աստվածաշնչյան մազանոթները, ներբեռնելու իր բանաստեղծությունը կենսականությամբ և ավյունով:
Ի վերջո, Կարեն Անտաշյանի «անտաշատ. պոեզիա 78%» գրքի հիմքը կորցրած սերն է, դրա որոնումը և մարդկային մեղքի հավիտենականությունը: Գրողը ստեղծում է մի վիրտուալ աշխարհ, որը լիցքաթափված է ժամանակակից աշխարհի վակուումից, ուր կարող է ընթերցողը իր հոգևոր աշխարհը ստեղծել: Կարենի պոեզիան տալիս է «ֆինանսատնտեսական» միջոցներ` ստեղծելու այդ աշխարհը:
Միայն մեկ մտավախություն ունեմ. Կարեն Անտաշյանի լեզվում մեծ չափաբաժին են կազմում չպատճառաբանված կենցաղաբանությունները, ինչը երբեմն-երբեմն տարածվում է բովանդակության վրա` նսեմացնելով նախընթաց խաղն ու դրամատիզմը: Հույս ունեմ, որ գրողի լաբորատորիան հետագա ստեղծագործություններում ավելի ֆիլտրացված կգործի և այսպիսի «պերեդոզիրովկա»-ն դուրս կմղվի Անտաշյանի պոեզիայից:
Թոնդրակի «Երկրորդ նավարկություն»
բանաստեղծական ժողովածուն նորոգում է Նոր բանաստեղծության կառուցվածքային սահմանները: Բառը կորցնում է իր նախնական նշանակությունը, այն է` իմաստ արտահայտելը և դառնում է միջոց` անբառելին ասելու: Նման միտումն առկա է նաև ժամանակակից եվրոպական պոեզիայում: Գյունտեր Գրասսը, Անա Իմայան, Անիզ Կոլցը և շատ ուրիշներ բանաստեղծությունից դուրս են թողել պատկերայնությունը, խոհը, նկարագրականությունը, պատումը, և ձգտում են ստեղծել խոսքային խտանյութ, որն առանձին միավոր է` համարժեք մեկ բառին, մետաֆորին, բանաստեղծությանը, պոեմին, վեպին…
Թոնդրակը բանստեղծության մեջ կարևորում է Ձայնի նշանակությունը: Ձայնը աստվածաշնչյան մարգարեի լսածն է` բառերից անդին, և անիմաստ է դառնում խոսքը, անունը, քանզի այն հորինվել է, որ Ձայնը հնչի.
Իմ շուրթերին քո Անունն է,
բայց քո Անունը Դու չես,
ուրիշն է,
օտարը.
մեզ բաժանում է ընդամենը
մի լեզու,
մի բառ,
որ ղողանջում է ծաղկի կենտրոնում
և Անուն չունի… (29)
Բառի ընդերքը ձայնն է, որին ուղեկից է շարժումը: Այն ընկած է կրքի հիմքում և մարդկային գոյության հավիտենականության կոդի փիլիսոփայական իմաստակիրն է: Մարդը ծնվում է շարժման (մերձեցման ցնցումը), և ձայնի (հառաչանք-շշունջ-ճիչ) սկզբնաղբյուրից: Ի սկզբանե ոչ թե սերմն է, այլ ժեստն ու ձայնը: Թոնդրակի պոեզիան հենց ժեստի ու ձայնի պոեզիա է: Բառային հագուստ են հագնում հառաչանքը` Ոչինչ չի մնացել ասելու, / որն ինձ պահի ոտքի վրա, / ոչինչ չի մնացել, / բացի իմ ձայնից, / իմ չարտասանված բառից, / որ թպրտում է, / Քո շուրթերին (32), շշունջը` Աստղերի մեջ, / աստղերի տակ / ու քո կողքին… // Օ~, ինչ խաղաղ է շշունջը Ոգու` / մայրամուտ կանչող (42), ճիչը` Եվ քնելուց առաջ / քո մեջ արթնացող վայրենուն / չմոռանաս օրորել / աղմկոտ քաղաքի հեքիաթով (40):
Մարմին է առնում ակնթարթն իբրև շարժման փոքրագույն միավոր` ակնթարթ / սառցալուլայից պոկված մի կաթիլ (52), սրտի բաբախյունը` հանց ափ նետված ձկներ (54), վերուվարը` մենության մեջ աճած ծառը / խմում է ջրվեժի լռությունը (55):
Անշուշտ, երբեմն հեղինակին չի հաջողում ամբողջացնել բանաձևումը մեկ առանցքում` ստանալով իր նախընտրած բանական ապրումը, ինչի արդյունքում ավելի շոշափելի է դառնում զգայական ապրումը.
Մեր միջև
կույր երջանկությունն է
Իմ տխրությունը
կնճիռներիցս պոկված ճակատագիրն է,
որ թառել է պատուհանիդ գոգին… (28)
Կույր երջանկություն, իմ տխրությունը, կնճիռներս` այս բառերն իրենց վրա զգայական կաղապարներ են կրում, և բանաստեղծություններն ավելի շուտ հուզական շերտեր են պարունակում և տեռորի ենթարկում ականջները:
Ընդհանուր առմամբ` Թոնդրակի փորձը հետաքրքիր է: Նրա բանաստեղծությունը բազմաթիվ մշակութաբանական խաչաձևումների միջով է անցնում: Յուրաքանչյուր ընթերցող դրանցում կգտնի իր մասնաբաժինը:
Հասմիկ Սիմոնյանի «թափթփված սենյակներ»
բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է և խիստ տարբերվում է նախորդ` «Լուսնոտ բառեր» ժողովածուից: Հասմիկի բնագիրը օրագրային գրառումների և նոթագրումների կառուցվածքային ձևերով է շարադրված: Հեղինակն իր առօրյան է բացում և այն, իրոք, պետք է նման լինի օրագրության.
առավոտ 07:20 անկողին
սիրային ոտանավոր (14)
Օրագրությանը զուգահետ Հասմիկը ստեղծում է իր միրաժը, որը լի է մահերով, դագաղներող, մեղսավորությամբ… Նա ձգտում է ճանաչել անճանաչելին, որը մահն է ու մեղքը: Քնարական եսը կռվում է կենսաբանական մարդու հետ, ով ձգտում է մեղքի, ու այս պատճառով էլ մեղքը դառնում է միրաժ. փակում եմ աչքերս ու լսում կաթկթոցքը / ուրիշի արցունքների / ուրիշի արյան / ուրիշի սերմնահեղուկի / ուրիշի հուսահատության:
Հասմիկյան միրաժի դեպքում ակնհայտ է մի բան: Եթե անապատում տոչոր մարդը տեսնում է աղբյուրի միրաժը, ապա այն հարաբերվում է իր հիշողության մեջ առկա կենսական հիմքի հետ և միրաժը միաձուլվում է իրականությանը: Հասմիկի պարագայում միրաժը սոսկ արտաքին երևում է և կենսական արմատներ չի ձգում հողում: Ուստի չկա միրաժի և հերոսի մերձեցում:
Անի Հարությունյանի «Ութերորդ երկինք»
բանաստեղծական ժողովածուն պատանու հասունացման ճանապարհին ստեղծված բնագիր է. «Անիծում եմ մեծ հետույքով կանանց, / աղոթում նիհար հրեշտակների համար», կամ` «Ես քո մանկությունից չեմ ու ոչ էլ / կնճիռներիդ ներկան»: Գիրքը ընդհանուրի մեջ հեղինակի կամակորությունների ու իրեն պարտադրված իրականության միջև, որտեղ երշիկ են տալիս ու հաց, բողոքի ձայն է:
Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ»
գիրքը մենախոսություն է մեկ հանդիսականի համար: Անուշն իր համար ցնորք է հորինում ու հավատում դրան: Ցնորքը կոչում է հեքիաթ, որը դասական հեքիաթի հետ ոչ մի կապ չունի: Ամեն հորինում չէ, որ պետք է հեքիաթ համարել: Այստեղ տեղին է նշել վերնագրում առկա իմ ձևակերպման կարևորությունը: Այդ ցնորքը Անուշինն է, որտեղ գույները բաց են ու խամրած: Սա թերևս հեղինակի խառնվածքի արդյունքն է. «Դեղին երկնքի ու կանաչ երկրի մեջտեղում եմ ձգված ես ու նրանց ստվերների միաձուլումից դարձել եմ կապու՜յտ, կապո՜ւյտ» (6): Ստվերի ներկայությունը պատկերի վրա խունացնում է այդ աշխարհը, ուր հերոսը սիրում է «թափառել գերեզմանատան նոճիների ստվերում»:
Ժողովածուի ամենահեքիաթային բաղադրիչը սպասումն է: Սպասումը նոր երազի, նոր եզերքի, կյանքի նոր ընթացքի: Հերոսը ինքնաորոնման մեջ իր սպասումն է կենդանացնում մենությունից խուսափելու համար: Սպասումը դառնում է այն միակ հանդիսատեսը, որը տարբեր կերպարների հանրագումարն է: Այս գրքում միակ կենսականը սպասման հերոսն է. «… ես կարծում եմ` ամեն ինչ քո մասին է այս աշխարհում` առագաստները, թարմ մրգահյութը… Պղպջակների պատմությունը բոլորդ լսել եք, երևի: Դրանք միշտ սպասում են պատրաստակամ, երբ հոգնած ես» (63):
Տևական սպասումը հոգնած հերոսի համար ստեղծում է վակուումային մթնոլորտ, որը հետապնդում է նրան, հասցնում հոգևոր կատարսիսի: Պատումը դադարում է, մնում է ներաշխարհի արձագանքը: Ընդհանրապես, Անուշ Ասլիբեկյանի գրվածքներում պատումը հաճախ դադար վիճակում է գտնվում, որը վակուումի է վերածում ապրումը. «Այն կյանքը, որի մասին չեմ երազել և որն անցնում է մեխանիկորեն` իմ կյանքի հետագծում թողնելով անհամար հաղորդագրություններ, մի վիրտուալ սեր, հեռակա գրկախառնումներ ու օդում տարրալուծվող կիսատ մնացած ցավագին ապրումներ» (65):
Գրողը ճիգ է գործադրում հաղթահարելու «ցավագին ապրումները»: Ետընթաց ճանապահը հաղթահարվում է միանգամից, բայց այդ ճանապարհը տանում է դեպի սկիզբ: Հերոսը նորից վերադառնում է իր հեքիաթին, սպասմանը, որը նոր տեսիլք է ենթադրում, բայց միևնույն ավարտով. «Մեկ էլ մեկը ոռնաց ներսումս, ցնցվեցի, պատյանս փշրվեց, փլվեցի: Մեկը նժույգ դարձած ինձ թևերին առավ, պտույտի մեջ նետեց, ու պարելով քաղաքների ու տների վրայով` սուրացինք վեր: Անրջո՞ւմ էի… Քաղաքամերձ տունը տեսիլք էր…» (93):
Ընդհանուր առմամբ` Անուշ Ասլիբեկյանի արձակին բնորոշ են տագնապներն ու անկումային տրամադրությունները: Հեղինակի հեքիաթը սոսկ հեղինակինն է և անձնական ապրումն ու ցնորք-տեսիլքը հողն ու ջուրն են այդ հեքիաթ-աշխարհի:
Լիլիթ Կարապետյանի «Ասֆալտի և երկնքի միջև»
պատմվածքների ժողովածուն հեղինակի հետաքրքիր հայտնությունն է: Գյուտերի հեղինակ է Լիլիթը: Կյանքի աներևույթ կողմերը վերածվում են պատմվածքների, գույներն ավելի են ընդգծվում, և սկսվում է երևակայության խաղը: Գրողն ինչպես ուզում, այնպես էլ վարվում է իրերի հետ. նա կարող է տանը փակված ընկնել մեքենայի տակ, ձեռքն ու աչքերը թաղել ինչպես մարդու, արևածաղիկի սերմակեղևից ծով ստեղծել ու այրել, տուն կառուցել մարդու ուսերին, կնոջը վերածել պատառաքաղի և հակառակը, մասերի բաժանվել և այլն: Ու սրանք դառնում են փոքրիկ պատմություններ, որոնց պատումը թեթև է, առանց ավելորդ սեթևեթումների, ինչը չի ծանրացնում բնագիրը. «Պատառաքաղը ցնցվեց, երբ կինը նրան անփութորեն դրեց շամպայնի բաժակի մեջ: Նա թրջվեց մինչև կրծքավանդակը» (35):
Լիլիթ Կարապետյանի պատմվածքներին հատուկ է նաև անակնկալ ու մի փոքր տարօրինակ ավարտը: Սովորական պատումը հանկարծ ընդհատվում է և իմաստավորվում միանգամից. «-Ա~խ, սիրելիս,- դիմում է ինձ մորաքույրս, երբ համբուրելու հերթն իրեն էր հասել,- տեսնում եմ, որ դժբախտ ես,- թեթևակի կրծքին է սեղմում ինձ,- որ ասում էի` բազկաթոռի հետ ամուսնացիր…» (59):
Լիլիթ Կարապետյանի պատմվածքներին հատուկ է լակոնիկ ոճը, պատկերային արագ անցումները: Սրանք, անշուշտ, արձակագրի համար կարևոր հանգամանքներ են, մնում է բովանդակային շերտն ու տեսադաշտը լայնացնել, ինչը իրագործելի է Լիլիթի ապագայում: Երիտասարդ արձակագրի աշխարհայացքը հիշեցնում է մի տեսակ մանկական զվարճություն: Սակայն, կարծում եմ, ժամանակն է անցում կատարել ավելի լուրջ ու խորունկ արձակի: Սա, անշուշտ, հեղինակի գեղարվեստական զինանոցին չի վերաբերում, այլ աշխարհի հետ բազմակողմանիորեն հարաբերակցվելուն և կենսականորեն առավել կարևոր երևույթների ընդգրկմանը:
Նառա Վարդանյանի «Կանաչ տետր»-ը,
ըստ էության, երկու գիրք է ներառում: Նառա Վարդանյանը պատմելու շնորհք ունի: Նա արձակի երկու բնագիր է ստեղծում, ինչը սկսնակ արձակագրի համար սովորական է: Նառան լրջմիտ ու խորունկ տեսադաշտ ունի և երբեմն կարողանում է որսալ երևույթի, կամ մարդկային հարաբերությունների միջուկը. «Հորքուրներիս հետ հորս համար կին գտանք: Երկուսս էլ լուռ ու անտարբեր, այդ կնոջը քծնելով ու շողոքորթելով, հասկացանք, որ նա մեզ պետք է» (28): Սա նրա բնագրի խորքային մակարդակն է: Հերոսները կենսական են, ապրում են ընթերցողից առաջ, ընթերցողի հետ ու հետո:
Կերպարները բազմազան են ու տարբեր խառնվածքների: Նառա Վարդանյանին հաջողվում է հայեցման միջոցով կերպարակերտման այնպիսի մակարդակի հասնել, որ առարկայանան արտաքինը, բնավորությունը և հոգեբանական հատկանիշները:
Նառա Վարդանյանի արձակի երկրորդ բնագիրը դեռևս կայացման ընթացքում է: Այստեղ առկա է մի վտանգ: Հոգեվթարայնությունը, հնարավոր է, բնագրի այս շերտը տանի դեպի փակուղի: Անձնական կրքերն ու որոշակի ցուցանքը Նառա Վարդանյանի տեքստում ուղեկցվում են հակագեղագիտական տարրերի ներմուծումով: Հնարավոր է` հեղինակը միտում ունի զարմացնել ընթերցողին, սակայն սեռի անողոք նկարագրությունները, կյանքի աղտեղությունների շեշտված պատկերումները սոսկ տհաճության զգացում են առաջացնում: Այստեղ, իմ կարծիքով, միտում կա նաև շոկի միջոցով հասնել հոգեբանական-զգայական ցունամիի: Սակայն ցունամին ավերածություններից զատ ոչ մի հետևանք չի թողնում:
Սիրանույշ Օհանյանի «Խորքում»
գիրքը հեղինակի մարտահրավերն է ժամանակին: Գրքի սկզբում գրված «խոհափիլիսոփայական պատմվածքներ» բնորոշումը, կարծում եմ, ավելորդ մեկնաբանություն է, և ավելի է նեղացնում Սիրանույշ Օհանյանի տարօրինակ, ընդգծված երևակայությամբ հագեցած, ինչ-որ տեղ պարականոն ստեղծագործական աշխարհը: Պատումի կարծրությունը Սիրանույշի ամենակարևոր առավելություններից մեկն է: Լեզուն արձակի է, տեքստը խիտ, աշխարհը տեսնել կարողանում է. «Ես խխունջ եմ` թերևս վերջին նմուշը հնագույն, ազնվական խխունջների, որոնք երբևիցե սողացել են այս հողի վրայով: Աշխարհի բոլոր մասերի հողը համտեսել եմ ես: Անվերջանալի թափառումներն ինձ հասցրեցին այստեղ` գոյությանս վերջին կայարանին: Ցավս չէր թողնում հանգրվանել որևէ ճահճում կամ լճափոսում, բայց պատահմունքը զորեղ դուրս եկավ ցավից» (105): Երբեմն անփույթ է այդ նույն աշխարհի նկատմամբ: Սա վրդովեցնում է առաջին հայացքից, սակայն խորքում հեղինակի դիտավորությունը կա:
Սիրանույշ Օհանյանի արձակը ողողված է խղճի զգացումով: Գրողի բողոքը ժամանակի դեմ խղճի գերակայության մեջ է կայանում: Այս պատճառով արտաքին աշխարհը դուրս է մղված բնագրից և իբրև կենտրոն ընտրված է աննշանն ու անարժեքը. «Եթե երբևէ ձեզ հանդիպի ուշադրության ու ջերմության կարոտից թախծող շուն, մի՛ ցուցադրեք ձեր համակրանքը: Հատկապես եթե շունն անտեր է, կամ կորցրել է տիրոջը, կամ տերը վատն է: Ձեզ պատկերացրեք շան կաշվում և կհասկանաք, թե ինչ է նշանակում գտնելն ու կորցնելը, ինչ են նշանակում հավերժական որոնումներն ու շարունակական հիասթափությունները» (136):
Սիրանույշ Օհանյանի արձակը կյանքի հակառակ երեսն է պատկերում, և այս առումով միալար զարգացող բնագիր է: Ճիշտ է, հեղինակը կարողանում է խորքային որակումներ արձանագրել, բայց այս դեպքում կենսականորեն անհրաժեշտ խինդն ու բերկրանքը, վայելքն ու խաղը ստվերված, հաճախ նաև անտեսված են: Կարծում եմ` Սիրանույշը հնարավորություն ունի ներկայացնել կյանքն իր բազմակողմանիությամբ` խութերով, պատռվածքներով, սրընթաց վայրիվերումներով և անընդհատական ընթացքով:
Հայ երիտասարդ գրողները ինքնակայացման ճանապարհին հետաքրքիր գիր են ստեղծում` ունեն իրենց ընթերցողը, և ինչ-որ տեղ մարտահրավեր են նետում ավագ սերնդի հեղինակներին: Անշուշտ, այդ մարտահրավերը դեռևս բացահայտ չէ, թաքնված է բնագրի խորքում, սակայն, վստահ եմ, մի օր ջրի երես դուրս կգա:
- Վերնագրային փոքրատառը` հեղինակի: